Հունահայ գործարար եւ հետազոտող Աքիս (Սարգիս) Տակազյանը (լատինատառ տառադարձությամբ՝ Դագազյան) հայ-հունական համագործակցության ամենաաշխույժ դերակատարներից է: Ծնվել է 1975 թվականին, Հունաստանի հյուսիս-արեւելյան Կոմոտինի քաղաքում: Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ է ուսանել Աթենքի Պանթեոն համալսարանում, մագիստրոսի աստիճանի արժանացել Մակեդոնիա համալսարանում: Հեղինակ է մի շարք ուսումնասիրական հոդվածների՝ նվիրված միջազգային հարաբերություններին, միջազգային օրենքին, քաղաքական պատմությանը եւ ֆինանսներին, Էգեյան ծովին, պաղեստինյան շարժմանը, արաբ-իսրայելական հիմնախնդրին, Կասպից ծովին, գին-շահույթ հարաբերությանը, վճարման քաղաքականությանը, կանաչ գոտիների զարգացման տնտեսական հարթակին, արտադրանքի որակի վերահսկմանը, զբոսաշրջությանը, ինչպես նաեւ Արեւմտյան Թրակիայի՝ Հունաստանին միավորման գործում հայոց դերակատարությանը, Աթենքի եւ Հայաստանի Հանրապետութեան արժույթի շուկաներին, Հայկական հարցին, ԽՍՀՄ-ի՝ Հայկական հարցի հանդեպ դիրքորոշմանը, հունահայությանը, արցախյան հակամարտությանը եւ այլն: Մի քանի ընկերություններում պաշտոնավարել է որպես դրամատնային եւ ֆինանսական ավագ խորհրդական: Այժմ «Dagazian Fine Jewellery and Maron Energy Group» ընկերության վարիչ տնօրենն է, իսկ 2017-ից՝ Հույն-հայկական առեւտրաարդյունաբերության պալատի Հունաստանի բաժնի ատենապետը:
-Աքի՛ս, մի հարցազրույցում ասել ես, որ ձեր ընկերությունը զարդերի արտադրությամբ եւ մեծածախ վաճառքով զբաղվում է 1957 թվականից՝ պահպանելով գրեթե կեսդարյա ավանդույթը:
-Ամեն ինչ սկսվել է 1955 թվականին, երբ հանգուցյալ հայրս՝ Թագվոր Տակազյանը, մեր հայրենի Կոմոտինիից տեղափոխվեց Սալոնիկ՝ ժամանակի լեգենդար ադամանդագործ Օննիկ Խաչերյանի մոտ ուսանելու հայ ոսկերչության դարավոր արվեստը: Պարոն Խաչերյանի արհեստանոցում հայրս հաղորդակցվեց ադամանդագործության եւ ոսկերչության արվեստներին: Հյուսիսային Հունաստանում ապրող հայերը պնդում են, որ իրենց ծագումը հիմնականում Փոքր Ասիայի տարածաշրջանից է, որտեղ դարեր շարունակ գոյակցել են հայերը, հույները, թուրքերը եւ հրեաները: Հենց այս աշխարհագրական տարածքներից են նրանք Հունաստան բերել իրենց արհեստագործությունն ու տեխնիկան:
-Իսկ ինչո՞վ է եզակի ձեր ընտանեկան բիզնեսը հունական ոսկերչական շուկայում:
-Անուն կրելը ծանր պարտականություն է հասարակության բոլոր ոլորտներում եւ հատկապես բիզնեսում: Մեր պարագայում Տակազյանը սոսկ հայկական ազգանուն չէ: Դա նաեւ ֆիրմային անուն է: Հավատարիմ լինելով մեր նախնիների ժառանգությանը` մենք պահպանում ենք ավանդույթը` ողջ երկրում ապահովելով բարձրակարգ զարդեր մեր հաճախորդների համար: Մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ տատիկներն ու պապիկները, ծնողները եւ նրանց զավակները, երեք հաջորդական սերունդներ, իրենց հարսանեկան զարդերը գնել են մեր խանութներից: 1957 թվականից այս ժառանգությունը շարունակվում է մեր ընկերության ընդլայնմամբ՝ արտադրությունից մինչեւ մեծածախ եւ մանրածախ վաճառք, ինչպես նաեւ արտահանում: Ներկայումս մենք Հունաստանում ոսկերչական իրերի հիմնական մատակարարներից ենք եւ դրանք արտահանում ենք 14 երկիր: Որակը, քրտնաջան աշխատանքը, հետեւողականությունը, աշխատանքի թափանցիկությունը, ազնվությունը եւ հաճախորդների հանդեպ հոգատարությունը մեր ընկերության հաջողության հիմնական գործոններն են: Ավելացրե՛ք նաեւ այն բարի համբավը, որ հայ ոսկերիչները Հունաստանում վայելում են արդեն մեկ դարից ավելի, եւ դուք կունենաք այն բաղադրատոմսը, որն առանձնահատուկ է դարձնում մեր բիզնեսը:
-Հայ ոսկերիչները հայտնի էին Օսմանյան կայսրությունում: Նրանց ավանդույթները դեռեւս կենդանի են նրանց ժառանգորդների շրջանում Ստամբուլում եւ Մերձավոր Արեւելքում: Նույնը, փաստորեն վերաբերում է նաեւ Հունաստանին…
-Եթե բացառենք վերջին 40-50 տարիներին Հունաստանում հաստատված հայ եկվորներին, որոնք եկել են Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքից՝ ավելի լավ կենսապայմաններ որոնելու, կարող եմ նշել մի քանի հայ ոսկերիչների, որոնք շատ հաջողակ են եղել Հունաստանում: Սալոնիկում՝ Գասպարյանները, Ջանիկյանները եւ Դանելյանները, Աթենքում՝ Գնունիները, որոնք աշխարհահռչակ ադամանդագործներ են: Արտադրողներից կարող եմ առանձնացնել Աթենքի Գոլանյաններին, որոնք համաքայլ են տեխնոլոգիական վերջին զարգացումներին: Պետք է նկատի ունենալ, որ բացի որոշ ընտանիքներից՝ հիմնականում Հյուսիսային Հունաստանում եւ Կրետեում, Հունաստանի ներկայիս հայ համայնքը համեմատաբար նոր է, ունի ընդամենը 100 տարվա պատմություն եւ բաղկացած է փոքրասիական աղետից հետո այստեղ հաստատված փախստականներից: Այդ ժամանակ Հունաստանում ապաստան են գտել գրեթե 80,000 հայ գաղթականներ, որոնց թվում՝ ոսկերիչներ, որոնք, ինչպես նշվեց, իրենց հետ բերել են հայկական դարավոր գեղարվեստական առանձնահատկությունները, ոճն ու տեխնիկան: Այսպիսով, նրանց ավանդույթների մեծ մասը Կոստանդնուպոլսից է եւ արեւմտյան Փոքր Ասիայից:
-2009 թվականին պատվիրակությամբ այցելեցիք Հայաստան՝ նպատակ ունենալով կապեր հաստատել տեղական ոսկերիչների հետ: Հաջողվե՞ց համագործակցությունը:
-Մենք մի քանի հանդիպումներ ունեցանք բազմաթիվ տեղական արտադրողների հետ, բայց առաջին հերթին մեր նպատակը հիմնականում մանրածախ վաճառքի կետ բացելն ու շահագործելն էր: Չնայած Հայաստանում դեռեւս շատ հմուտ ոսկերիչներ կան, սակայն երկրի արտադրության մեծ մասն ուղղորդված է դեպի նախկին խորհրդային շուկաները: Այսպիսով, ներկայումս մենք աշխատում ենք բազմաթիվ հայ ոսկերիչների հետ ամբողջ աշխարհից (Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Բուլղարիա, Իտալիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ), բայց ո՛չ Հայաստանից: Սրա հիմնական պատճառը մեր հաճախորդների բազմազան նախասիրություններն են, փոխադրամիջոցների, ապահովագրության, ինչպես նաեւ մաքսազերծման հետ կապված դժվարությունները եւ, վերջապես, Հայաստանի եւ արեւմտյան աշխարհի ձեռներեցների «բիզնես էթիկայի» միջեւ եղած որոշ տարբերությունները: Ցավոք, այս երկու աշխարհների հակադրությունն ակնհայտ է նաեւ վերջին տասնամյակում Հայ ոսկերիչների միության վարչական մարմիններում: Ի վերջո, մենք որոշեցինք հրաժարվել Երեւանում խանութ բացելու գաղափարից՝ հաշվի առնելով այն բացը, որ առկա է պահանջվող ներդրումների, ինչպես նաեւ սպասվող շրջանառության եւ շահույթի հետ կապված ծախսերի միջեւ:
-Ո՞վ է նախաձեռնել Հույն-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը եւ որքանո՞վ է արդյունավետ դրա գործունեությունը:
-Հունաստանում գործող Հույն-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը հիմնադրվել է 1992 թվականին՝ Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո, տեղացի մի խումբ գործարարների միջոցով, որոնք հետեւում էին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման տեսլականին: Նախաձեռնությունը պատկանում էր հունահայ հայտնի ոսկերիչ եւ գործարար Խրիստոս Դանելյանին, որն իր ֆինանսական միջոցներով աջակցել է պալատի գործունեությանը 1992-ից մինչեւ 2010 թվականը եւ մինչ օրս այդ պալատի պատվավոր նախագահն է: Պալատը լիովին ինքնավար, շահույթ չհետապնդող կազմակերպություն է եւ չունի պետական ֆինանսավորում:
Իր գոյության կարճ ժամանակահատվածում Հույն-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը կազմակերպել է մի շարք նախագծեր եւ ներգրավվել է բազմաթիվ հաջողված ծրագրերում՝ ի նպաստ հույն-հայկական տնտեսական համագործակցության: Հիշեմ մասնակցությունը Սալոնիկի միջազգային տոնավաճառին (1994-2021), Հունաստանի Հանրապետության նախագահներ Կոստիս Ստեֆանոպուլոսի եւ Կարոլոս Պապուլիասի պաշտոնական այցերը Հայաստան՝ 1999, 2007 եւ 2014 թթ., ավանդական ապրանքների ցուցահանդես-փառատոնը (2010), Հունաստան-Հայաստան գործարար ֆորումները (2011, 2014, 2019), Զարգացման հայկական գործակալության հետ փոխըմբռնման հուշագիրը (2014), երկկողմանի պալատների համագործակցությունը (2015), «Ֆիլոքսենիա» զբոսաշրջական ցուցահանդեսը (2018, 2019, 2021), ինչպես նաեւ բազմաթիվ հանդիպումներ երկու երկրների գործարարների, նախարարների եւ վարչապետների հետ: Պալատը նաեւ աջակցում է կրթության, մշակույթի եւ բարեգործության ոլորտներում իրականացվող մի շարք ծրագրերի: Հարկ է նշել, որ Հույն-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի շնորհիվ 2011 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանում հայերենը սկսեցին դասավանդել որպես օտար լեզու: Թեեւ երկկողմ առեւտուրը համեմատաբար ցածր է մնում մի քանի պատճառներով, որոնք վերլուծելու համար հատուկ հարցազրույցի կարիք կլինի, մենք խորապես հավատում ենք, որ մեր ջանքերի շնորհիվ երկու երկրների գործարարների միջեւ փոխադարձ թերահավատության սկզբնական ժամանակաշրջանն իր տեղը զիջել է զուսպ լավատեսությանը: Ներկայումս Պալատի նախաձեռնությունների շնորհիվ սննդամթերքի եւ խմիչքի հայաստանյան բոլոր խոշոր ընկերությունները եւ հայկական ժամացույցների ապրանքանիշերը ներկայացված են ողջ Հունաստանում, եւ վերջին շրջանում երկու երկրներում ականատես ենք լինում նաեւ զբոսաշրջիկների աստիճանական աճի:
-Աքի՛ս, մենք հանդիպեցինք 2019 թվականին Բեյրութում, Հայկազյան համալսարանի կազմակերպած Հունաստանի եւ Կիպրոսի հայ համայնքներին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ դու հանդես եկար «Պատմություն, վերածնունդ եւ ապագա մարտահրավերներ. Կոմոտինիի հայ համայնքը 17-րդ դարից ի վեր» զեկուցմամբ: Դու նաեւ ելույթներ եւ դասախոսություններ ես կարդում ողջ Հունաստանում հայոց պատմության եւ տարածաշրջանում հայկական պատմական ներկայության վերաբերյալ:
-Հունաստանում հայկական ներկայության պատմությամբ հետաքրքրվել եմ վաղ մանկությանս տարիներից: Երեք դար առաջ Հունաստանում հաստատված մեր գերդաստանը եւ մինչ օրս մեր ազգային ինքնության, մշակույթի եւ առաքինությունների պահպանումը շատ կարեւոր դեր են խաղացել իմ բնավորության ձեւավորման գործում: Ավելին, քանի որ հանգուցյալ պապս՝ Սարգիս Տակազյանը, երկու աշխարհամարտերի միջեւ ընկած դժվարին տարիներին եղել է Կոմոտինիի հայ համայնքի խորհրդի նախագահը, ես բախտ եմ ունեցել ժառանգելու կարեւոր ընտանեկան արխիվ եւ, հետեւաբար, առաջնային հետազոտության նյութ: Աթենքի հանրահայտ Պանթեոն համալսարանում քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ սովորելն ինձ հնարավորություն տվեց բարելավելու գիտական հմտություններս եւ գրել Հունաստանի հայերի պատմությանն առնչվող մի շարք ակնարկներ: Հետազոտություններս դեռ ընթացքի մեջ են, եւ նպատակ ունեմ հետագայում այլ գիտնականների հետ համագործակցել ու, Աստծո կամոք, ավելի շատ աշխատություններ հրապարակել:
-Ասում ես, որ ձեր գերդաստանը Հունաստանում արդեն երեք դար է ապրում: Կմանրամասնե՞ս:
-Տարածաշրջանում նրանք հայտնվել են գրեթե 250 տարի առաջ, թերեւս նույնիսկ ավելի շուտ, հավանաբար՝ մոտ 17-րդ դարում, դեպի Բալկաններ հետբյուզանդական առաջին արտագաղթի ալիքի ժամանակ՝ Հայաստանից, նաեւ Ղրիմից: Իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ երբ ենք մենք եկել, բայց այն պետք է որ լինի 17-րդ դարի առաջին տարիներին, մասնավորապես 1606-1610 թվականներին՝ հայրենիքում սովի եւ համաճարակների պատճառով: Ես ունեմ իմ տոհմածառը, որ սկսվում է 18-րդ դարից: Առհասարակ, մենք համարվում ենք Հունաստանի ամենահին հայկական ընտանիքը: Հայկական բոլոր մատչելի արխիվներում մեր ազգանունը եղել է Տանկազյան, որ հետագայում դարձել է Տակազյան:
-Այժմ ապրում ես ոչ միայն Հունաստանում, այլեւ Էստոնիայում: Այդ ինչպե՞ս: Սփյուռքահայերի համար անսովոր է բալթյան երկրներում ապրելն ու աշխատելը…
-Շնորհիվ իմ բիզնես գործունեության, որը ոլորտների լայն շրջանակ է ընդգրկում (ոչ միայն ոսկերչական առեւտուրը), ինչպիսիք են ֆինանսները, կապիտալի շուկաները եւ վերականգնվող էներգիայի աղբյուրները, ես առաջին անգամ Մերձբալթյան երկրներ այցելել եմ դեռեւս 1999 թվականին: Բոլոր երեք երկրներն էլ ունեին աճի ներուժ՝ պայմանավորված մերձեցման գործընթացով եւ իրենց տնտեսությունների՝ դեպի Եվրոմիություն ընդլայնման շնորհիվ:
Հատկապես Էստոնիան եղել եւ մնում է թվայնացված կառավարման գլոբալ առաջամարտիկը եւ պահպանում է կորպորատիվ միջավայրի ամենաբարեհաճ միջավայրը: Օտարերկրացիները կարող են ստանալ էլեկտրոնային կացության կարգավիճակ եւ իրենց ընկերությունները բառացիորեն հեռակա կարգով աշխատեցնել: Էստոնիայում գործարարը կարող է ընկերություն հիմնել 18 րոպեի ընթացքում՝ ներառյալ բաժնետիրական կապիտալի փոխանցման համար անհրաժեշտ ժամանակը: Այս պահին միակ բանը, ինչն անհատը չի կարող անել Էստոնիայում, ամուսնանալն է կամ ամուսնալուծվելը: Նրանք նույնիսկ առցանց են քվեարկում, 2007 թվականից: Այս բոլոր պատճառներով մենք նախընտրեցինք գնալ եւ ներդրումներ կատարել Էստոնիայում:
-Շփվո՞ւմ ես Տալլինի հայերի հետ:
-Լինելով գլոբալ ազգի ակտիվ մաս՝ մենք էստոնահայերի հետ արդեն շփվել ու բարեկամացել ենք դեռեւս երկրում մեր գործունեությունը սկսելուց առաջ: Այնպես որ մենք պահպանեցինք եւ նույնիսկ ընդլայնեցինք մեր շփումները երկրում հաստատվելուց հետո: Ի տարբերություն Հունաստանի, Էստոնիայի բոլոր հայերն այդ երկրում հաստատվել են խորհրդային տարիներին:
-Ինչպե՞ս ես տեսնում Հայաստանի եւ Հունաստանի հետագա համագործակցությունը:
-Չնայած ընդհանուր պատմական խորապատկերին եւ մշակութային նմանություններին, մի քանի պատճառներով երկու ժողովուրդները դեռ չեն գիտակցել իրենց համագործակցության ողջ ներուժը կամ նույնիսկ անհրաժեշտությունը: Մենք պետք է աշխատենք երկու երկրների միջեւ երկարաժամկետ գլխավոր ծրագրի վրա, որպեսզի ընդլայնենք մեր երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:
Հ. Գ. – Ապրիլի 12-ին Աքիս Տակազյանը Երեւանում նշանակվեց ՀՀ պատվո հյուպատոս Սալոնիկում: Պատվո հյուպատոսության գրասենյակի բացումը տեղի է ունենալու այս տարվա ընթացքում եւ առավելապես ուղղված է լինելու հայ-հունական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ