Միտում չունեմ հերթական անգամ տարանջատելու «ղարաբաղցիներին» ու «հայաստանցիներին», չնայած որ վաղուց են բաժանել ու արհեստական անջրպետ են կառուցել մեր միջեւ: Ինչ խոսք, նույն միսուարյունն ունեցող նույն ազգի մեջ դեռ տասնամյակներ առաջ առաջացած ու գնալով խորացած վիհը վերացնելու համար նախ երկիրը կառավարող «մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» կարգախոսն ունեցող իշխանություն, ապա իսկապես ազգային դպրոց ու աշակերտին կրթող մտավորական ուսուցիչներ են պետք: Հուսանք՝ մի օր դա էլ կլինի, ու «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստածին (բայցեւ խիստ վտանգավոր) բաժանումը «լոռեցի-տավուշեցի» բաժանման չի վերածվի:
Այն, ինչի մասին այժմ ցանկանում եմ գրել, արցախահայության մտորումներին ու մեղադրանքներին է վերաբերում՝ ուղղված միմիայն հայաստանյան իշխանություններին, «հայաստանցիներին» (ավելի կոնկրետ՝ երեւանցիներին) ու բոլոր-բոլորին, բայց ոչ երբեք՝ Արցախի իշխանություններին:
Քավ լիցի, որեւէ մեկը չի էլ փորձում արդարացնել Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանին, կամ այդ մասով օրուգիշեր չաղաղակող հայաստանյան իշխանություններին, բայց այս օրերին ի՞նչ են անում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա թիմակիցներն ու, առհասարակ, կառավարող ուժի ներկայացուցիչները: Արցախի շրջափաման առաջին իսկ օրվանից գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում եմ կապ հաստատել Արցախի իշխող ուժի՝ «Ազատ հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից որեւէ մեկի հետ, բայց ապարդյուն: Երկրի կառավարման պատասխանատուները, որ գուցե նաեւ ինձ են մեղադրում Արցախի այսօրվա կարգավիճակի համար, իրենց լիազորություններից բխող պարտավորվածություններից մեկը, այն է՝ շփումը լրատվամիջոցների հետ, չեն կատարում: Առնվազն տարօրինակ է, երբ արցախցիները բավական կոշտ, սուր ու հստակ պատասխաններ ակնկալող հարցեր չեն ուղղում 44-օրյա պատերազմից հետո նախագահի աթոռը պինդ գրկած ու նստած նախագահ Արայիկ Հարությունյանին, որ ՀՀ վարչապետի ու իշխող թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ բավական սերտ կապեր ունի, հայաստանյան իշխանական էլիտայի կողմից արվող որեւէ խնջույքի հրավեր էլ չի մերժում: Արդյոք նրա՝ հաճախակի արտերկիր մեկնող ու սփյուռքի հայ համայնքների հետ հանդիպող, հանգանակություններ կազմակերպող աշխատակից-թիմակիցներն արտերկյա «վոյաժների» ժամանակ ձեռք բերած կապերն օգատգործում ու այժմ նաեւ այդ միջոցով են փորձում Արեւմուտքին Արցախում կատարվողի վերաբերյալ ինչ-որ բան հասցնել: Արդյոք դրանք ի նպաստ Արցախի գործուղումներ են եղել, եւ այլն, եւ այլն: Հարցերի շարքը բավական մեծ է, որոնք արցախցիները նախեւառաջ սեփական իշխանություններին, ապա նոր մյուսներին պետք է ուղղղեն: Այլապես, սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի ծեղը տեսնելը, դասականի ասած, սիրուն չի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ