Լեւոնը ծնվել է 2000թ-ի օգոստոսի 13-ին Սեւան քաղաքում: Մանկուց զբաղվել է կարատե մարտարվեստով, որոշ ժամանակ անց դադարել է հաճախել՝ մրցույթներից մեկի ժամանակ իր հարվածից մրցակցի վնասվածք ստանալուց հիասթափվելով: Սովորել է Սեւանի թիվ 6-րդ դպրոցում, ապա ընդունվել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, ապագա ռազմական քննիչ էր:
2020-ին Լեւոնը կիսատ թողնելով ուսման երրորդ տարին՝ մեկնել է պարտադիր զինծառայության, ծառայել է ԱՀ-ում, Մարտունի 3-րդ զորամասում: Զրույցում պատմեց Լեւոնի մայրիկը` տիկին Անժելան.
-2000 թ-ի օգոստոսի 13-ին դարձա աշխարհի ամենաերջանիկ մայրիկը: Լեւոնիս սիրահարվեցի հենց առաջին հայացքից: Մանկաբարձուհին ասաց` Անժելա ջան, տես ի՜նչ սիրուն շեկ տղա ունես: Առաջին հարցս եղել է աչքերն ի՞նչ գույն են: Լեւոնիս աչքերը կանաչ էին, բայց կապույտ հագուստ հագնելիս կարծես կապտավուն էին դառնում:
Փոքր ժամանակ շատ ժիր, չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրած կենդանին առյուծն էր, սիրելի մուլտֆիլմը, որ գրեթե ամեն օր դիտում էր” ԽՏՐՏսՖ խպՉ” ն էր: Երեւի նաեւ իր անվան հետ էր ասոցացնում: Փոքր ժամանակ շատ համարձակ էր, հաճախ իրեն առյուծ կամ արծիվ էին ասում: Չէր սիրում նկարվել, բայց մեկ-մեկ կասեր` «Մամ, մի հատ սելֆի չանե՞նք»:
Ամբողջ պատերազմի ընթացքում մի անգամ ձայնը չի դողացել մեզ հետ խոսելիս: Ես հիմա մտածում եմ, նա իրոք առյուծ տղա էր: Նա էր մեզ հույս տալիս, հավատում էր հաղթանակին: Պատերազմի ժամանակ նրա կողմից միշտ հնչող խոսքերը եղել են` Մամ ջան, չվախենաք, մենք մեր գործը լավ ենք անում: Գաղտնի է պահել, թե ինքը ապահով տեղում է, միայն վերջին յոթ օրը զանգահարում էր կես րոպե, ես միշտ արկերի պայթյունների ձայներ էի լսում: Ես ստիպեցի,որ ճիշտն ասի , որտեղ է, նոր միայն իմացա, որ Կարմիր շուկայում է: Իր եւ իր դասակի սխրանքների մասին պատմել են ծառայակիցները, դասակի հրամանատարը: Նրանցից ոչ մեկը չի լքել դիրքը, կռվել են քաջաբար: Ես միշտ իմացել եմ, թե ինչպիսի որդի ունեմ, նա արդեն իմ կյանքի հերոսն է, ինձ ապացույց պետք չէ, միայն թե ողջ առողջ վերադառնա: Ընդամենը 38 օրվա զինծառայող էր տղաս, 34 օր կռիվ է տվել, զոհվել հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից, մինչ այդ հասցրել են խոցել թշնամական զրահաշարասյունը, որը շարժվում էր Դժոխքի ձորով դեպի Շուշի:
Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մի օր էլ արդեն զոհված որդուս մի անծանոթ բժշկուհի պիտի ճանաչի որպես շեկ սիրուն տղա, կանաչ աչքերով: Ասել էր`ինչ էլ սիրուն զինվոր է… Սիրում էր իր Սեւանը, Սեւանա լիճը: Հնարավորություն ունենալով արտերկրում ապրելու, հրաժարվեց, շատ էր սիրում իր հայրենիքը:
Իր կատարած բացառիկ սխրանքների համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Լեւոն Կարենի Լեւոնյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալին:
Նրա մարմինը ամփոփված է հայրենի Գոմաձոր գյուղում, ընտանեկան գերեզմանատանը: Լեւոնը Գոմաձորի միակ հերոսն է:
Հերոսները կապրեն այնքան, որքան մենք կհիշենք եւ կփառաբանենք նրանց:
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ