Լաչինի միջանցքի, Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր տարածքում առաջներում վատ թե լավ թաքցված, երբեմն անթաքույց , երբեմն լավ քողարկվող աշխարհաքաղաքական դիմակայությունն այժմ մտել է հրապարակային եւ առավել սրված փուլ: Տարածքի ազդեցությունների համար պայքարող մեծ խաղացողները, կամա, թե ակամա, հիմա ավելի բաց են խաղում՝ հայերիս համար տարածաշրջանային լարման նոր խնդիրներ ու պատերազմական վտանգ ստեղծելով: Ապացույցը Արցախը Հայաստանին կապող ճանապարհի համարյա քառասնօրյա շրջափակումն է, Եվրոպական կառույցների ակտիվ խառնվելը գործընթացին՝ Հայաստանի սահմաններ Եվրոմիության երկամյա դիտորդական առաքելության ուղարկելու խոստումով, Եվրոխորհրդարանում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների հումանիտար հետեւանքների բավական հայանպաստ քննարկմամբ (անգամ որոշ ելույթներում Հայաստանի ինքնիշխան տարածք մտնելը դատապարտող խոսքեր կային) ու այդ առթիվ բանաձեւի ընդունմամբ: Սա մի կողմից՝ ներառելով նաեւ ԱՄՆ տարբեր պաշտոնյաների ակտիվ դերակատարությունը եւ Լաչինի ապաշրջափակման, եւ Արցախի հարցի լուծման արեւմտյան պատկերացման առաջմղման պարագան, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ կողմերին բանակցությունների վերսկսման հուն եռանդուն ուղղորդմանը:
Մյուս կողմից՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի նյարդային պահվածքով, թե մենք պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստան, բայց դուք Եվրոմիության հետ եք պայմանավորվում դիտորդական առաքելություն բերելու վերաբերյալ, որին Ադրբեջանը չի համաձայնի ու ամեն ինչ ավելի կլարվի (սա համարյա սպառնալիք է): Գումարած՝ ինքնատիրապետումը կորցրած Ադրբեջանի նախագահի՝անվերահսկելի դարձած ամենօրյա սպառնալիքները՝ Արցախի ու Հայաստանի հետ կապված խնդիրները ուժի կիրառմամբ լուծելու:
Եթե դրան գումարենք նաեւ վերջին օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական ցունամին, որն անշուշտ այսպես թե այնպես վերը նշված գործընթացների համատեքստում է, ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանի ու Արցախի համար այս պահին ստեղծվել է ամենավտանգավոր իրավիճակը, երբ ամեն մեկ սխալը կարող է ճակատագրական լինել:
Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանը հինգ պահանջ է ներկայացնում հայկական կողմին՝ սպառնալով էսկալացիայով: Առաջինով պահանջվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը (այդ երկրում ենթադրում են, որ նա Ռուսաստանի դրածոն է Արցախում եւ չեն պատրաստվում նրա հետ բանակցել, այդպիսով փորձ անելով խառնվել Արցախի կառավարմանը): Հետո արդեն գալիս են Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաներ տեղադրելու եւ ադրբեջանական սահմանապահների ներկայության, Կաշենի եւ առհասարակ՝ մյուս հանքերի շահագործման դադարեցման, Արցախի վերջնական զինաթափման պահանջները՝ բոլորն էլ անընդունելի հայկական կողմի համար, եւ Արցախն, ըստ ամենայնի, այդ պահանջներն արդեն մերժել է, քանի որ Լաչինի ճանապարհի շրջափակումն այդ պահանջների մերժման ապացույցն է: Ըստ արտահոսքերի՝ արդյունք չի տվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ադրբեջանական կողմի միջեւ վերջին՝ չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումը, այնպես որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն լավատեսությունը, թե շուտով Լաչինի միջանցքը կբացվի, կարծես թե հեռու է իրականությունից, Արցախը գազ եւ էլեկտրաէներգիա չի ստանում, այստեղ անցնում են մթերքը բաշխելու կտրոնային համակարգին: Այսինքն՝ տպավորություն է, որ Արցախն ինքը պատրաստվում է երկարատեւ պաշարման՝ լավ հասկանալով, որ այդ պահանջներից անգամ մեկ -երկուսի ընդունումը Արցախի հայաթափման սկիզբը կլինի:
Արցախում մեկուկես օր տեւած ներքաղաքական փոքրիկ ցունամիի բուն պատճառի մասին էլ, պաշտոնական տեղեկատվության մնջության պարագայում, ստիպված ենք ենթադրություններ անել՝չբացառելով դրա կրկնությունը: Ռուբեն Վարդանյանին նախ հրաժարականի պահանջի ներկայացումը (ըստ ենթադրութունների՝ Արցախի նախագահի եւ, ինչու չէ, Հայաստանի ղեկավար շրջանակներից ստացվող իմպուլսների ներքո), Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ մի պահ շրջանառված լուրը վտանգավոր նախադեպեր են, քանի որ Արցախում իշխանության առկայությունը հենց ադրբեջանական կողմին զսպող ուժն ունի, իսկ որեւէ արտահերթ ընտրության մասին հայտարարումը կնշանակի էսկալացիայի ուղիղ հրավեր՝ ուղղված Ադրբեջանի իշխանությանը:
Հայաստանի ընդդիմությունն ու նրան մոտ կանգնած փորձագիտական շրջանակները կարծում են, որ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը ոչ միայն Ադրբեջանինն է, այլ հենց Հայաստանի իշխանական շրջանակինը, քանի որ Վարդանյանն ավելի ինքնուրույն գործելակերպ է ցուցադրում, խոսում Արցախի անկախությունից ու Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունից, մինչդեռ ոչ Հայաստանի վարչապետը, ոչ իշանական այլ գործիչներ Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու ձեւակերպումներ չեն անում: Ավելին, որոշ գործիչների (օրինակ՝ Գուրգեն Արսենյանի) բերանով հնչեցնում են, թե հնարավոր է ապրել ադրբեջանցիների հետ: Երեւի Գուրգեն Արսենյանին պետք է ուղարկել անձամբ փորձարկելու այդ թեզը՝ մինչեւ դրա առաջադրումը:
Ավելի հետաքրքական է, որ ընդդիմության շատ ներկայացուցիչներ եւս, ինչպես եւ Հայաստանի իշխանական շրջանակները, խանդով են վերաբերում Վարդանյան-ֆիգուրին, արտահոսքերով վատաբանում նրան, ինչը կարող է նշանակել, որ մինչեւ այժմ առկա երկբեւեռ ընդդիմությունում (գոնե խորհրդարանի մակարդակով) բեւեռ է փոխվում, իսկ թե ով է կանգնած բեւեռի փոխարինման առանցքում՝ դժվար չէ եզրակացնելը: Իշխանության խանդը նույնպես բացատրություն ունի՝ Վարդանյանի նպատակների մեջ իրոք կարող է լինել Արցախը որպես թռիչքահարթակ օգտագործելով անլիդեր մնացած Հայաստանի քաղաքական դաշտի՝ գոնե ընդդիմադիր հատվածը գեներացնողի դերում, ինչու չէ՝ որեւէ իշխանական առանցքային պաշտոնում հայտնվելու հավանականությունը, որքան էլ Վարդանյանը հրապարակավ դա ժխտի:
Բայց այս բոլորում սլաքը բոլորովին ճիշտ տեղում չի շեշտադրված: Մենք չգիտենք, թե ինչ նպատակներ ունի Վարդանյանը, որոնք նրա խոսքի հրապարակային մասում չեն արտացոլվում: Չգիտենք՝ զորաշարժո՞ւմ են արդյոք դրսի ուժերը նրան, կամ ո՞ր ուժերը, ո՞ր մեծ խաղացողներն են զորաշարժում նրան, Արցախի նախագահին, կամ Հայաստանի իշխանություններին, մենք ընդամենը նրանց բոլորի արած գործերից կարող ենք եզրահանգումների գալ, ու մեր եզրահանգումները պետք է հիմնված լինեն մի քանի առանցքային կետի վրա՝ Արցախի սուբյեկտայնության պահպանման, Հայաստանի ինքնիշխանության եւ Հայաստանի շահի գերադասման, Արցախի անվտանգությանը Հայաստանի երաշխավոր լինելու հիմքով: Դրանք եթե չկան՝ դերակատարներն, ուրեմն, հայոց շահ չեն սպասարկում:
Արցախի եւ Հայաստանի դիրքորոշումների տարամետությունը վտանգավոր է
Վերն ասվածից հետո, հետեւելով գլխապտույտ զարգացող իրադարձություններին, որոնք ամեն օր վայրիվերո հերքում կամ հաստատում են նախորդ օրվա իրողությունները, կամ կառավարում մարդկանց զգացմունքները (Արցախ վերադարձող երեխաներին ադրբեջանցիների կողմից ահաբեկելու, Գեղարքունիքի Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական, ցավալի իրադարձությունը եւ այլք), հարկ է նշել այն վտանգավոր իրողությունը, որ Արցախում տեղի ունեցողի, Արցախի խնդիրները լուծելու վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի տեսակետները տրամագծորեն տարբեր են. Արցախի ներկա ղեկավարության վարդանյանական թեւը հստակ հայտարարուում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ու անգամ անկախ է տեսնում, իսկ Ադրբեջանի պահվածքի նպատակը Արցախը հայաթափելն է կամ նվազագույնը՝ սուբյեկտայնությունը ոչնչացնելը (ով իր հետ համաձայն չէ՝ նրա հետ չի աշխատելու):
Հայաստանի ղեկավարությունը թեեւ հստակ որեւէ բան չի հայտարարում, չի ասում այն մասին, թե սեղանին դրված այսպես կոչված ռուսական , թե՞ արեւմտյան պատկերացումների կողմնակիցն է, բայց պրահյան պայմանավորվածություններով կամ Ալմա-Աթիի պայմանագրով խաղաղության հասնելու մասին անընդհատ խոսող վարչապետի խոսքից, Հայաստանի արտգործնախարարի՝ արեւմտյան կողմի հետ ակտիվ շփումներից եզրակացություններ անել դժվար չէ, մանավանդ որ երբեմն նրանց կուսակիցներն ավելի բաց տեքստերով են խոսում:
Իսկ Արցախի նախագահն ու Արցախի պետնախարարն այլ բառապաշարով են խոսում, անգամ երբեմն հակադրվելով իրար:
Նկատելի է նաեւ քաղաքական դիմակայություն կամ քաղաքական խանդ՝ հանդեպ Արցախի պետնախարարը: Անգամ, եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ կոնկրետ Արցախում կատարվողը կարելի է երկիշխանություն բնութագրել, իշխանական տարբեր թեւերի ամբիցիաների դրսեւորում՝ խրախուսված Հայաստանից, թե ոչ՝ դա էլ հարցի մյուս կողմն է:
Ես չգիտեմ, թե ինչ է Ռուբեն Վարդանյանի վերջնական նպատակը, բացի բարձրաձայնվող՝ Արցախը կարգի բերելու նպատակից նաեւ ունի՞ Հայաստանում իշխանության գալու նպատակ, որի մասին բաց տեքստով ակնարկում են նրա ընդդիմախոսները, եւ արդյոք ինքնաբո՞ւխ է եկել Արցախ, թե այստեղ մեծ դեր ունի իր կապիտալը պատժամիջոցներից փրկելու, այդպիսով ռուսական ազդեցության գործիչ լինելու հանգամանքը, ինչպես որ էլի պնդում են նրա ընդդիմախոսները, բայց անգամ Հայաստանի ընդդիմության շատ ներկայացուցիչներ համոզված են ու մասնավոր զրույցներում պնդում են, որ առանց Ռուսաստանի ղեկավարության գիտության նա հազիվ թե Արցախ գար: Ուրիշները համոզված են, որ նա արեւմտյան նախագիծ է, ու անգամ այս մի թեմայով տարամետ կարծիքներով կարելի է ընդգծել հայոց քաղաքական դաշտի ողջ խեղճությունը՝ սխեմատիկ դերակատարությունները խախտելու ուզած քայլի հանդեպ վախը ստիպում է նույն շրջանակի քաղդասի տարբեր ներկայացուցիչների նույն մարդուն վերագրել տրամագծորեն տարբեր ազդեցության գործիչ լինելու հանգամանքը: Այս աստիճանի քոռ-քոռ ու մոտավորապես քաղաքական դաշտ ունենք, ուրեմն, այսօր:
Վերադառնալով իշխանական տեսակետներին՝ վարչապետ
Փաշինյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին այդպես էլ ուղիղ չպատասխանեց իր կուսակից Դավիթ Դանիելյանի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել պատերազմական գործողությունների նոր ծավալմանը (էսկալացիա օտար բառն օգտագործվեց): Ի պատասխան՝ նա նորից խոսեց խաղաղության գործընթացից հետ չկանգնելու մասին: Ու այդպես էլ անհայտ մնաց՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել արտաքին վտանգը: Սա չընդունելի բան է, երբ հարեւան երկիրն անընդհատ պատերազմական սպառնալիքներ է հնչեցնում:
Ամփոփելով Արցախի եւ Հայաստանի մոտեցումների տարբերության թեման նշենք, որ հայկականության շահերից չի բխում տեսակետների այս բաժանվածությունն ու հակադրությունը, թե բա՝ Արցա՛խը պետք է բանակցի, մենք չենք խառնվում. Արցախը կուլ տալով թշնամին անցնելու է նաեւ Հայաստանի ախորժելի հատվածներին: Պետք չէ մեզ Արցախում ներքաղաքական լարվածություն ոչ հրահրել, ոչ սնել, ոչ էլ պստիկ երկրում իշխանական թեւերի բախում թույլատրել, մի՞թե անհասկանալի է:
Եւ Հայաստանի ու Արցախի իշխանությունների տեսակետները պետք է հնարավորինս նույնական լինեն ՝ ե՛ւ լուծման ուղիների, ե՛ւ առօրեական հարցերի շուրջ: Համենայնդեպս՝ հայկական ինքնություն կրող մարդկանց մեծամասնությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում նույնական այն մտածողությունն ունի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե Հայաստանի ղեկավարությունն այլ պատկերացում ունի, ուրեմն ինքը փոքրամասնության մեջ է եւ պետք է հետեւություններ անի:
Մյուս կողմից՝ հենց Հայաստանի ներսում այժմ առկա արտաքին սրված վտանգի առկայությամբ միմյանց ատող խմբերի առկայությունը եւս ընդունելի չէ: Փաշինյանը չպետք է կրկնի անցած իննսունականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալը, որը սփյուռքյան ակտիվ կառույցներ ունեցող ուժին՝ ՀՅԴ-ին հետապնդումների ենթարկեց, չպետք է գնա նույն ճանապարհով, այլ ընդհակառակը, պետք է օգտվի Հայաստանի համար այդպիսի արտերկրյա հնարավորության պատեհությունից: Այդ ուժն արտերկրում կարող է արտաքին դիվանագիտական զորաշարժ անել՝ Կանադայի խորհրդարանում Լաչինի միջանցքի վերաբերյալ սպասվելիք քննարկումները ձեզ օրինակ: Պետք է կյանքի կոչել Արմեն Ռուստամյանի այն առաջարկը, որ ստեղծվի Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի ներուժը համակարգող եւ Արցախին օժանդակող մարմին:
Ու առհասարակ, Հայաստանին այս պահին պետք է դրսի ու ներսի ներուժն ի մի բերող ղեկավարություն, որի հակառակը հայության, Հայաստանի եւ Արցախի պարտությունն է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ