Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմին Կըոմյագի. «Խառը ծագումն ունի իր առավելությունները»

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էստոնացի գրողն իր գրականության եւ հայկական արմատների մասին

Էստոնացի գրող Արմին Կըոմյագին ծնվել է 1969 թվականին, Մոլդովայում: Գրել սկսել է 34 տարեկանից: Նրա առաջին գիրքը՝ «Սիրողականը», հրատարակված 2005 թվականին, ամփոփում է պատմվածքներ: Դրանցից «Անանուն լոգիստիկներն» արժանացել է լավագույն պատմվածքի մրցանակին, իսկ «Սիրողների» հիման վրա ֆիլմ է նկարահանվել 2008-ին: Հրատարակել է նաեւ «Դեմքը, որը մնացել էր» պատմվածքների ժողովածուն (2006), «Փախածները» (2009 ) եւ «Լավ ընկերությունը» (2011) վեպերը: 2012-ին Կըոմյագիի պատմվածքներից մեկն ընդգրկվել է «Լավագույն եվրոպական գեղարվեստական գրականություն – 2012» ժողովածուում: 2015-ին նրա «Լուի Վուտոն» վեպը հաղթել է Էստոնիայի գրողների միության վեպի մրցույթում: Այն օրագիրն է մի երիտասարդի, որը ողջ երկրագնդում մնում է մեն-մենակ…

–Արմի՛ն, քո գործերից ես կարդացել եմ միայն «Լուի Վուտոնը» ռուսերեն թարգմանությամբ: Այն շատ բազմաշերտ է, ներառում է գրեթե ամեն ինչ՝ վառ երեւակայություն, փիլիսոփայություն, էրոտիկա, նատուրալիզմ, կյանքի ու հասարակության մասին ուշագրավ դիտարկումներ: Շատ հարցեր մնում են անպատասխան՝ ինչո՞ւ է ողջ մարդկությունն անհետացել ու միայն երկու հոգի են ողջ մնացել, տղամարդն Էստոնիայում, կինը՝ Կորեայում: Իսկ առկախ մնացած վերջաբանն ինձ է՛լ ավելի շփոթեցրեց: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ կարդացի վեպդ: Անհամբերությունը, որով սպասում ես հաջորդ գլուխներին, անկախ այն բանից՝ փոխհատուցվում է, թե ոչ, խոսում է նաեւ քո գրական հմտության մասին:

-Շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, Արծվի՛: Անկեղծ ասած, երբ ես գրում էի այդ վեպը, ինչ-որ հայեցակարգի չէի հետեւում: Ես որոշեցի գրել այնպես, ինչպես ջազ երաժիշտներն են նվագում իրենց երկար իմպրովիզացիոն մեղեդիները: Այն կարող էր շարունակվել դեռ հարյուրավոր էջեր, բայց ես պարզապես ստիպված էի ինչ-որ կերպ ավարտել այն: Այնպես որ, իմ նպատակը մարդկության անհետացումը պարզաբանելը չէր: Նույնը վերաբերում է նաեւ ավարտին:

–Ինչպե՞ս կբնութագրես վեպիդ ժանրը՝ սոցիալական ֆանտա՞ստիկա, փիլիսոփայական հակաուտո՞պիա…

-Ցավոք սրտի, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Երբ սկսում եմ գրել, չեմ մտածում ժանրի մասին: Ինձ համար գրելն առաջին հերթին խաղ է, որտեղ ինձ համար սահմաններ չկան: Միակ դեպքը, որ ինձ համար սահմանափակումներ դրեց, այն էր, երբ 2020 թվականին գրեցի պատմվածքների իմ վերջին ժողովածուն՝ «Ծայրամասի հերոսները»: Ես գիրքն անվանեցի մինիպատմվածքների ժողովածու, որտեղ յուրաքանչյուր տեքստ բաղկացած է 1000 բառից: Պատմվածքի միջին երկարությունը երեքուկես էջ էր: Դա բավական դժվար էր: Որոշ պատմություններ ներկայացնում են ինչ-որ մեկի կյանքը սկզբից մինչեւ վերջ, կամ նույնիսկ դարերի ընթացքում հասած պատմություններ: Այն պահանջում էր հստակ որոշում՝ ի՛նչը պատմել եւ ի՛նչը բաց թողնել: Մնացածը թանձր էր օշարակի պես: Չնայած պատմվածքների կարճությանը, ես խորհուրդ եմ տալիս մեկ պատմվածքից ավելի չկարդալ: Անհնար է ծարավը հագեցնել օշարակով:

-«Լուի Վուտոնը» հրատարակել ես 2015 թվականին, երբ դեռ համավարակի եւ Ուկրաինայում պատերազմի մղձավանջ չկար: Ինչո՞վ բացատրել այդ ժամանակաշրջանում նման ապոկալիպտիկ եւ վախճանաբանական տրամադրությունները:

-Վեպը սկսել եմ գրել 2013 թվականին, ինձ ներշնչեց տղաս, որն այն ժամանակ տասներկու տարեկան էր: Արդեն որոշ ժամանակ է, ինչ նկատել էի, թե ինչպես էր նա սուզվել համացանցի ընդարձակ աշխարհը, որից դուրս էր գալիս միայն սառնարանին կարճատեւ այցելություն տալու համար: Այնուհետեւ ես հարցրի՝ ի՞նչ կաներ, երբ հասկանար, որ մենք այլեւս այնտեղ չենք: Ես հարցրի նրա մոր, քրոջ եւ իմ մասին: Նա պատասխանեց, որ խնդիր չի լինի, քանի որ տանն ունի անհրաժեշտ ամեն ինչ: Հետո ես հարցրի, թե ինչ կանի, երբ մեր բացակայությամբ սառնարանը մի օր ի վերջո դատարկվի: Տղաս պատասխանեց, որ հեծանիվով կգնա մոտակա առեւտրի կենտրոնը, որտեղ ամեն ինչ կա: Երիտասարդի կարծիքն այն մասին, թե ինչն է կարեւոր կյանքում, ինձ զարմացրեց: Աշխարհում մնացած միայնակ մարդու թեման նորություն չէ, բայց ես մտածեցի, որ այն կարող է հետաքրքրական լինել, եթե գրվի բարեկեցիկ հանրության շատ «խակ» անդամի տեսանկյունից: Բայց մենք 2013-ին ապրում էինք միանգամայն այլ աշխարհում: Նույնիսկ մարդկանց մեծամասնությանը հասու չէին կլիմայի փոփոխության եւ մարդկային գործունեության հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրները: Ավելացնենք նաեւ արդեն մի քանի տարի տեւող համավարակը, Եվրոպայում շարունակվող պատերազմը՝ իր տասնյակ հազարավոր զոհերով, ամբողջ էներգետիկ եւ միգրացիոն ճգնաժամը:

Եթե  այսօր գրեի «Լուի Վուտոնը», ապա դժվար թե ստացվեր աշխարհում միայնակ մնացած մի երիտասարդի մի թեթեւ արկածային պատմություն՝ սրամիտ կարգախոսներով: Աշխարհում երեւի այլեւս տեղ չի մնացել նման «թուլության» համար:

Արմին Կըոմյագին մոր՝ ծնյալ Աննա Փափազյանի հետ

–Քո հերոսն ասում է. «Աշխարհում երեք բանի չի կարելի վստահել՝ գովազդին, երաժշտությանը, պատմությանը»: Կարող եմ համաձայնել առաջինին եւ երրորդին, բայց նաեւ երաժշտությա՞նը:

-Այո՛, գլխավոր հերոսի կարծիքն է, որ պոետիկ ամեն բան, ներառյալ երաժշտությունը, իրոք շքեղ հիմարություն է՝ մարդու վրա հուզականորեն ազդելու համար: Էֆեկտը նա դիտարկում է հիմնականում որպես մանիպուլյացիա: Նա, որպես մարքեթինգով զբաղվող, շատ լավ գիտի, թե ինչպես է երաժշտությունն օգտագործվել գովազդներում, ֆիլմերում, առեւտրի կենտրոններում եւ այլուր: Թեեւ նա նաեւ ունակ է վայելել երաժշտությունը եւ հեռանալ ռացիոնալությունից եւ միաժամանակ նետվել դրա խաբուսիկ ալիքների մեջ, սակայն նրա ուղեղը դեռ հաշվարկում է այդ երաժշտության իրական նպատակը:

–Բայց ես միանգամայն համաձայն եմ վեպում հնչող այն մտքին, որ «Մարդն ամենավտանգավոր արարածն է ողջ աշխարհում: Նրա վրա հույս դնել չի կարելի, նրա տրամադրությունները փոփոխական են, ցանկություններն՝ անկանխատեսելի, հիմարությունը չի զիջում խելքին»: Դու ընդհանրապես թերահավա՞տ ես մարդկության նկատմամբ:

-Չափազանց հեշտ կլիներ այո կամ ոչ պատասխանել եւ հարցը փակել: Կարծում եմ, որ անհիմն մեծ բեռ է դրվել մարդկանց ուսերին: Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք ենթադրում, որ այնքան շատ բան է կախված կաթնասունների մի տեսակից մի փոքր մոլորակի վրա, հսկայական գալակտիկայի հեռավոր մի ծայրում, ու հետեւաբար մարդկանցից ակնկալում ենք առնվազն լավ հոգ տանել իր հայրենի մոլորակի մասին: .Չնայած որ հազարավոր տարիներ մարդիկ ապրել են ցամաքի գրեթե բոլոր հնարավոր վայրերում, նրանք դեռ առաջին քայլերն են անում ամբողջ մոլորակը որպես իրենց տուն ճանաչելու համար: Միավորված ազգերի կազմակերպությունը, որը պետք է լինի աշխարհի բոլոր ազգերի հանրագումարը, իրականում տեղական ազգային շահերի շուկա է: Մենք դեռեւս արյունալի պատերազմներ ենք ունենում տարածքների եւ շահերի համար: Որոշ ժամանակ հույս կար, որ միջազգային տնտեսությունն ու առեւտուրը ներուժ ունեն մարդկանց լիովին համախմբելու համար, բայց հիմա այն չկա: Անվստահությունն ու թշնամանքը շատ ակնհայտ են: Ցեղային մտածելակերպը մեր գենետիկ կոդի մեջ է: Մենք չափազանց էգոիստ ենք եւ բարոյապես փոքր: Եվ չնայած մենք ունենք ինքնաթիռներ եւ հրթիռներ, որոնք մեզ կտանեն տիեզերական բարձունքներ, մենք դեռ աչքներս հառել ենք մեր ոտքերի մատներին: Անգամ երբ վերեւ ենք նայում, Աստծուց առաջնորդություն ենք ակնկալում: Բայց Աստված նման է երաժշտության… ամեն մեկն ունի իր սիրելին: Ժամանակը ցույց կտա, թե մենք կկարողանա՞նք ավելի հասունանալ: Եվ ի՛նչ գնով դա կլինի:

–Մեկ այլ ուշագրավ մեջբերում «Լուի Վուտոն»-ից. «Բնական կինը չի կարող հենց սկզբից կատարյալ լինել, քանի որ բնությունն ինքնին անկատար է»: Ես սիրում եմ բնությունը եւ երբեմն մտածում եմ, որ մարդն արժանի չէ այդպիսի գանձ ունենալու: Սակայն երբեմն նաեւ կարծում եմ, որ բնությունն անկատար է՝ հաշվի առնելով բնական աղետները եւ գործընթացների անշրջելիությունը, հատկապես ծերացումը եւ մահը:

-Դա դարձյալ գլխավոր հերոսի պատկերացումն է կատարյալ գեղեցկության մասին: Հայացքն այլանդակված է: Այն ծագել է մանգաներից եւ ֆոտոշոփից, որոնց մեջ մաքրվել է ամեն անհանգստացնող եւ անկանոն բան: Այնտեղ նույնիսկ հրեշներն են ծրագրված կատարյալ լինել: Բայց բնությունը միշտ ավելին է, քան մաքրությունը: Օրինակ, վերցրեք մաքուր ջուրը՝ H2O-ն: Իրականում նման բան չկա, միշտ ավելին կա: Մաքուր H2O-ն ջրի ֆոտոշոփ տարբերակն է: Դա հնարավոր է միայն լաբորատորիաներում: Կյանքի հիմքն անկատարությունն է, թերությունների հնարավորությունը, քայլը դեպի փոփոխություն: Կատակլիզմները, ծերությունն ու մահը կյանքի անհրաժեշտ բաղադրիչներն են: Առանց դրանց կյանքը երբեք չէր լինի: Մենք պետք է երախտապարտ լինենք մահվանը, բայց դա այլ թեմա է:

–Դու գրել ես. «Գեղարվեստական գրականությունը մարսելն անառողջ բան է»: Այդպե՞ս է: Քոնը նո՞ւյնպես:

-Լուին իր գրքերի հետ մեկտեղ մի քանի շիշ լավ կոնյակ ուներ, եթե ճիշտ եմ հիշում: Նա դառնությամբ ընդունում է, որ գրողները, բացառելով մանկական գրականությունը, հակված են բավական սադիստորեն վարվել իրենց հերոսների հետ: Լուին, հուսահատության եզրին, համակրում է այդ հորինված կերպարներին: Գուցե խորքում իրեն համարում է նրանցից մեկը, ինչ-որ խելագար հեղինակի գյուտ: Այդ պահին գեղարվեստական գրականությունը Լուիի համար ներկայանում է որպես հովանավորվող չարագործություն, որտեղ գրողը կատարում է դաժան Աստծո դերը: Սա նրան հիվանդացնում է:

–Ենթադրում եմ, որ դու էրոտոման ես, թեեւ քո Ռոբինզոն Կրուզոյի համար մի իգական սեռի Ուրբաթ ուղարկելու ակնկալիքներս չարդարացան. փոխարենը կար Քինքի Քիմ սեքս-տիկնիկը Քիմ Քարդաշյանի տեսքով: Այնուամենայնիվ, անձրեւի տակ առեւտրի կենտրոնի տանիքում հերոսի պահվածքի նկարագրությունն իմ երբեւէ կարդացած ամենահրաշալի էրոտիկ տեսարաններից մեկն է: Ինձ համար դա վայրի է եւ սադրիչ՝ լավ իմաստով: Անկախությունից հետո շատ հայ գրողներ սկսեցին իրենց գրվածքներում առատորեն ներմուծել էրոտիկա եւ ոչ նորմատիվ բառապաշար: Ենթադրում եմ, նույնը եղավ նաեւ էստոնական գրականության մեջ:

-Էստոնացի գրաքննադատները այս հարցին պատասխան կունենան: 1990-ականներին, մեր տարածաշրջանի ազատագրումից հետո գրականությունը նույնպես ազատագրվեց, եւ սեքսի թեման, որպես կյանքի մի մաս, նույնպես «պայթեց»: Այս հարցով այլեւս ամոթ գոյություն չունի: Թե՛ իգական, թե՛ արական սեռի հեղինակներն էլ համարձակ եւ հետաքրքրաշարժ են գրում: Եվ իսկապես, սեռական էներգիան կարեւոր դեր է խաղում մարդկության բոլոր գործողությունների մեջ: Համաձայն եմ, որ «Լուի Վուտոնը» մեծապես «լիցքավորված է» սեռականապես: Էստոնիայում հարցում կատարեցին երիտասարդների շրջանում պոռնկագրության գործածման վերաբերյալ: Պարզվեց, որ շատ տղաներ եւ աղջիկներ ինտիմ կյանքի եւ էրոտիկայի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները ստանում են պոռնկագրությունից: Եթե նրանց ծնողներն ու դպրոցը ոչ մի ազդեցություն չունեն այդ հարցի վրա, մենք կունենանք մի սերունդ, որը ոչ մի տարբերություն չի տեսնում պոռնոյի եւ սիրո միջեւ:

–Ենթադրում եմ, որ դու նաեւ մեծ համադամասեր ես, քո վեպում այնքա՛ն շատ խորտիկներ են թվարկվում:

-Ընդհակառակը: Ես ճաշարանը նախընտրում եմ ռեստորանից: Ինձ դուր են գալիս պարզ, մաքուր համերը եւ սնունդը: Սուպերմարկետում գտնվող ապրանքների խելահեղ բազմազանությունը, որին Լուին բախվում է, ազնիվ մարդուն կստիպի կարմրել: Մի քանի օրը մեկ մենք քայլում ենք Դրախտի դռան մոտ, որտեղ կան տասնյակ հազարավոր մթերային ապրանքներ: Տասնյակ հազարավո՛ր:

Անցյալ շաբաթ Էստոնիայում երկու ռեստորան առաջին անգամ արժանացան երկու Միշելինի աստղի: Արդյունքում, դրանցում ամիսներով հերթ են կանգնում, գներն աճում են, հեղինակությունը՝ նույնպես: Հյուրանոցներն իրենց հյուրերին խորհուրդ են տալիս գնալ այնտեղ: Դա հասարակության ողջ սպառողական մշակույթի մի մասն է: Ես երեք անգամ եղել եմ Միշելինի աստղ ունեցող ռեստորաններում եւ դրանցից ոչ մեկը դրականորեն չի զարմացրել ինձ: Այնտեղ միայն տեսել եմ ավելորդ խաղեր սննդի հետ եւ ինքնավստահ գոհունակություն:

–Ըստ վեպիդ՝ «Բոլոր նորույթները, որոնք ժամանակին ամեն առավոտ մարդկությանը փայլել էին տալիս երջանկությունից, այժմ քարացած են հավերժության մեջ»: Այնուամենայնիվ, ի՞նչն է ամեն անգամ երջանկությամբ փայլել տալիս:

-Միգուցե առավոտը: Բարեբախտաբար, կյանքն այնպես է, որ յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում մեզ տրվում է նոր հնարավորություն: Դու կարող ես ազատվել երեկվա թերություններից եւ նորից սկսել:

–Դու նաեւ գրել ես. «Մեր խնդիրն է տիեզերքը լցնել զգացմունքներով»: Իսկ ո՞րն է գրողի խնդիրը:

-Գրողի խնդիրն է մատնանշել այն հարցերը, որոնք ընթերցողը կարող է չնկատել: Դա կարող է լինել հաճելի կամ տհաճ, մեծ կամ փոքր, լուրջ կամ զվարճալի: Գրողը դա պիտի անի ընթերցողին հետաքրքրաշարժ ձեւով: Եվ ընթերցողին պիտի տա մի բան, որի մասին նա կմտածի անգամ գիրքը կարդալուց հետո:

–Ի՞նչ ուղղությամբ է այսօր ընթանում Էստոնիայի գրականությունը:

-Այժմ էստոնական գրականության մեջ պատմվածքներ գրելու մի տեսակ բում է: Մասամբ՝ շնորհիվ «Էստոնական պատմվածքներ» մատենաշարի, որն ամեն տարի հրատարակում է նախորդ տարվա լավագույն պատմվածքները մեկ ժողովածուով: Հինգերորդ ժողովածուն տպագրվեց անցած գարնանը: Կարճ ասած, պատմվածքի ժանրն ավելի ու ավելի է տարածվում գրողների եւ ընթերցողների շրջանում: Տեղի են ունենում մրցանակաբաշխություններ, լույս են ընծայվում ժողովածուներ: Հատկանշական է կին հեղինակների աճող թիվը: Սա հարստացնում եւ տարբեր երանգներ է ավելացնում էստոնական գրականությանը, ընդլայնում է մտահորիզոնը:

–Քո կենսագրության մեջ գրված է, որ ծնվել ես հայ մոր եւ էստոնացի հոր ընտանիքում: Հայ-ռուսական ծագմամբ ռուս գրող Նինա Բերբերովան գրել է, որ ինքը վաղ է գիտակցել երկու արյունների առկայությունը: Իսկ դո՞ւ:

– Ես ծնվել եմ Մոլդովայում, որտեղ մինչեւ Էստոնիա տեղափոխվելն ապրել է մայրս՝ Աննա Փափազյանը, այժմ՝ Աննա Կըոմյագին: Երկու ամսականում ինձ բերեցին Էստոնիա, եւ ես դարձա էստոնացի: Ծնողներս այդպես էին որոշել: Ես նույնպես շատ վաղ տարիքում եմ գիտակցել իմ խառը ծագումը: Հաճախ էի ամառներն անցկացնում Քիշնեւում, ազգականներիս հետ: Նրանք բավական բազմազան էթնիկ ծագում ունեին: Պապս հայ էր, տատիկս՝ լեհական հրեա, իմ մի զարմիկը հունական արմատներ ուներ: Բոլորը, սակայն, խոսում էին ռուսերեն: Հիշում եմ, մի կարճ ժամանակահատվածում ես նույնիսկ ամաչում էի դրա համար: 1980-ականներին, երբ էստոնացիների շրջանում խորհրդային զավթումից ազատագրվելու զգացումը կար, շատ կարեւոր դարձավ «իսկական» էստոնացի լինելը: Եվ ես դա զգացի, քանի որ մաքուր էստոնացի չեմ: Բայց այդ զգացողությունը շուտով անցավ՝ ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական առումով: Այսօր կարծում եմ, որ խառը ծագումն ունի իր առավելությունները: Ընդհանրապես, այստեղ մարդիկ հանդուրժող են օտարազգիների հանդեպ, մանավանդ երբ նրանք խոսում են էստոներեն: Բայց այս տարվա փետրվարին ռուսական ներխուժումը Ուկրաինա փոխեց ամեն ինչ: Նույնիսկ ուկրաինացի տաքսիստն Էստոնիայում ինձնից ներողություն է խնդրում ռուսերեն խոսելու համար՝ ասելով, որ ինքն ուկրաինացի է եւ դատապարտում է ռուսական բանակին:

–Քո Արմին անունը կապ ունի՞ քո մոր ազգության հետ, թե՞ դա գերմանական անուն է:

-Գերմանական անուն է, որը գործածվում է Էստոնիայում: Բայց թվում է, որ ծնողներս ինչ-որ կերպ ցանկացել են կարեւորել իրենց տարբեր ազգությունները, քանի որ քրոջս անունն էլ Էստա է:

–Մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ ընտանիքիդ հայկական կողմի մասին: Որտեղի՞ց են նախնիներդ եւ որեւէ բան ժառանգե՞լ ես նրանցից: Գիտե՞ս որոշ չափով հայերեն ու երբեւէ եղե՞լ ես Հայաստանում:

-Մայրս ինձ պատմել է, որ մեր հայ ընտանիքը Տրապիզոն նավահանգստային քաղաքից էր, այժմ Թուրքիայում: 18-րդ դարում նրանք գաղթել են Աբխազիա, որտեղ էլ ծնվել է մայրս: Նրանք երբեք չեն ապրել Հայաստանում: Պապս՝ Մխիթար Փափազյանը, ծխախոտի արդյունաբերության բարձր գնահատված մասնագետ է եղել, աշխատել է շատ երկրներում՝ Վրաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Մոլդովա: Եվ, իհարկե, նրա ընտանիքը նրա հետ ճանապարհորդել է այդ երկրներում: Մայրս ասում է, որ իր առաջին լեզուն հայկական Համշենի բարբառն էր: Ժամանակի ընթացքում նա սովորել է ռուսերեն, էստոներեն եւ անգլերեն:

Ես շատ դժվարանում եմ հայկական, լեհական կամ մեկ այլ բան հայտնաբերել իմ մեջ: Հայաստանում եղել եմ մեկ անգամ, 2013-ին, մշակութային դիվանագիտական ծրագրով: Երկու անգամ եղել եմ Վրաստանում եւ պիտի խոստովանեմ, որ այնտեղ ինձ ավելի շատ էի զգում՝ ինչպես տանը: Միգուցե ծովն էր պատճառը: Նույնիսկ իմ նախնիներն ապրել են ծովի ափին՝ Տրապիզոնում եւ Գուդաուտայում:

Հիշում եմ, որ Հայաստանում շատ շոգ էր, օդն անշարժ կանգնած էր պատի պես, ինչն ազդում էր մարդկանց վրա: Ես զգացի մի տեսակ հանգստություն եւ անշարժություն: Մարդիկ ոգեւորված կամ լավատեսորեն չէին տրամադրված: Վարորդը, որը մեծ հաճոյակատարությամբ մի քանի օր ծառայում էր մեզ, արցունքն աչքերին խնդրեց, որ իրեն հրավիրենք Էստոնիա, որտեղ նա կկարողանար գտնել ավելի լավ աշխատանք եւ ավելի լավ կյանք:

Ես հիշում եմ նաեւ թանգարանի մեր ուղեվարին՝ տարեց մի տիկնոջ, որը հպարտությամբ ասաց, թե իր կարծիքով, հայերն են ստեղծել աշխարհի առարկաների մեծ մասը, նույնիսկ դահուկները: Ես ծիծաղեցի նրա ասածի վրա:*

Մի բան էլ: Մի օր ճաշում էինք ինչ-որ լեռներում: Շրջակա բնապատկերներից մարդու շունչ էր կտրվում, հատկապես մեզ համար, որ եկել էինք գրեթե հարթ երկրից: Մենք լողացանք սառցի պես սառը ջուր ունեցող լեռնային գետում եւ կերանք թառափի ապուր: Դա լավագույնն էր, որ ես երբեւէ ճաշակել էի…

* Իրականում դահուկների առաջին հիշատակումներից մեկը գտնում ենք 9-10-րդ դարերի պատմիչ Թովմա Արծրունու «Պատմություն տանն Արծրունյաց» երկում, որտեղ նա հիշատակել է, որ Սասունի բնակիչները լեռներում ձյան վրա երթեւեկում էին՝ ոտքերի տակ հատուկ տախտակներ կապած:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն իր մեջ արտիստը. Ժիրայր Փափազյան

Հաջորդ գրառումը

«Արեւմուտքը ներում է Ադրբեջանի, Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ինչպես նաեւ՝ Փաշինյանի ներքաղաքական բռնաճնշումները»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Արեւմուտքը ներում է Ադրբեջանի, Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ինչպես նաեւ՝ Փաշինյանի ներքաղաքական բռնաճնշումները»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական