Յուրաքանչյուր պետության կառավարություն իր կառավարման տարիներին որդեգրում է որոշակի ռազմավարություն, որով պետք է ապահովի պետության ազգային անվտանգությունը, առաջընթացը, հզորացումը, դիմակայելով առկա եւ հնարավոր մարտահրավերներին: ՀՀ-ն եւս ունի այսպես կոչված ազգային անվտանգության ռազմավարական ծրագիր, որը հրապարակվեց 2020 թվականի հուլիս ամսին: Սակայն ակներեւ է , որ այն կրում է ձեւական բնույթ: Սրա ապացույցն այն է, որ պլանից ոչ միայն բացակայում են մի շարք կարեւորագույն անվտանգային ծրագրեր, այլեւ պատշաճ կերպով չեն իրականացվում տեղ գտած ծրագրերը: Բարդ է նաեւ պատասխանել, թե ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նկատառումներից ելնելով է գրվել այսպես կոչված ռազմավարական պլանը: Փաստն այն է, որ ՀՀ քաղաքական էլիտան, կամ ավելի ճիշտ՝ իշխող վերնախավը, իր արտաքին ու ներքին քաղաքականությունը վարում է շեղվելով ռազմավարական ծրագրում հրապարակած կետերից: Սրա լավագույն ապացույցը այսօր ՀՀ ի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն խնդիրներն են, որոնք չեզոքանալու փոխարեն օրեցօր ավելանում են:
Անվտանգային բացթողումներից թերեւս առաջինը պետք է նշել ուղեղային կենտրոնների բացակայությունը ՀՀ-ում: Յուրաքանչյուր զարգացած պետության ներսում առկա է ուղեղային կենտրոն կամ կենտրոններ, որոնք օգնում են տվյալ պետության կառավարող էլիտային իրականացնել ճկուն, անվտանգ եւ ռեալ քաղաքականություն, համապատասխան տվյալ ժամանակների աշխարհաքաղաքական զարգացումներին: Հենց ուղեղային կենտրոնում պետք է աշխատի տվյալ երկրի ռազմավարական էլիտան, որում ընդգրված մարդիկ, մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները, միահամուռ ուժերով գիտական, ակադեմիական մոտեցումով վերլուծություններ կատարելով կփորձեն մշակել իրական ռազավարական նախագիծ, զբաղվելով ապագայաբանական խնդիրների լուծմամբ: Ուղեղային կենտրոնը, չնայած պետության կողմից ֆինանսավորվելուն, պետք է անկախ լինի այդ ժամանակահատվածում տվյալ երկրում ղեկավարող քաղաքական լիդերից եւ էլիտայից, սակայն միեւնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով պետք է համագործակցի եւ բանավիճի վերջիններիս հետ: Միայն այսպես հնարավոր կլինի մշակել օբյեկտիվ եւ իրատեսական անվտնագային ռազմավարական պլան:
2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո ակներեւ դարձավ, որ Հայաստանի հանրապետությունում տարիների ընթացքում աճեցին թմրամոլության ծավալները եւ դրանց առք ու վաճառքով զբաղվող մարդկանց թվերը: Սա ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Ցավոք ՀՀ ուժային կառույցները դեռեւս չեն կարողանում կանխարգելել թմրանյութերի տարածումը եւ չեն վարում արդյունավետ պայքար այս արատավոր երեւույթի դեմ: Միանշանակ է, որ բոլոր ժամանակերում էլ եղել են թմրամիջոցներ տարածողներ եւ դրանցից օգտվողներ, սակայն այսօր այս ամենը բացայհայտորեն քարոզվում է՝հասարակական վայրերում, բակերում, փողոցներում, շքամուտքերում, համացանցում հասանելի դառնալով դեռահասների եւ երիտասարդների համար: Այս անվերահսկելի դարձած երեւույթը, որը առավել տարածված է երիտասարդության շրջանում, զրկում է վերջիններիս առողջ բանականությունից եւ հարկ եղած դեպքում պայքարելու իմունիտետից: Դեգրադացված երիտասարդությունը կկոտրի պետության ողնաշարը եւ այդ ժամանակ անգամ ամենաիդեալական ռազմավարական մշակված պլանները չեն կարող օգնել երկրին պահպանելու իր անվտանգությունը:
Թմրամիջոցների տարածման հետ մեկտեղ սնկի պես ավելանում են նաեւ աղանդավորական շարժումները եւ կազմակերպությունները: Սա էլ իր հերթին հարված է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն եւ մեր քրիստոնեական արժեքներին ու գաղափարախոսությանը: Սա ինքնին ազգային անվտանգության սպառնալիք է, քանզի կրոնը պետականության համար բացարձակ արժեք է: Նմանատիպ կառույցները տարբեր հարթակներով, մանիպուլացնելով հասարակությանը՝ փորձում են ազդել ազգի հոգեւոր անվտանգության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ թշնամական գործունեության, որը ոչ միայն չի արգելվում, այլեւ բացահայտ կերպով պրոպագանդվում է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների միջոցով:
Խոսելով արդի անվտանգային խնդիրներից չի կարելի չընդգծել խոսքի պատասխանատվության ինստիտուտի բացակայությունը եւ դրանով պայմանավորված՝ ինֆորմացիոն հոսքերի անվերահսկելի վիճակները: Այսօր համացանցում տիրող անարխիան, մասնավորապես պատերազմական արտակարգ իրավիճակներում, ուղիղ սպառնալիք է հանդիսանում պետության համար: Շատ են նաեւ անհատները որոնք տեղեկատվական հարթակների միջոցով, ունենալով որոշակի լսարան, անպատասխանատու խոսույթով բթացնելով հասարակությանը, ստեղծում են երկրի ներսում քաոսային վիճակներ, ապակայունացնելով քաղաքական-հասարակական կյանքը: Վերջիններս իրենց գործունեության շրջանակներում չեն ենթարկվում քրեական պատասխանատվության եւ հասարակական պարսավանքի, ինչը էլ ավելի է մեծացնում անպատասխանատու խոսքի տարածումը: Սրա հետ մեկտեղ շատ են լրատվականները, որոնք սենսացիա ապահովելու եւ դիտումներ հավաքելու նպատակով տարածում են վերոնշյալ անպատասխանատու խոսքն ու խոսողներին: Այս ամենը եւս ազգային անտանգության համար սպառնալիք է եւ դրա դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները ամենեւին չեն նշանակում խոսքի ազատության ճնշում: Անսահմանափակ խոսքի ազատությունը չպետք է խախտի ազգային անվտանգության սահմանները:
Խոսելով հասարակության համար չարիք հանդիսացող երեւույթներից, հարկ է անդրադառնալ նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչներին , որոնք արդեն պաշտոնապես գրասենյակ ունեն Հայաստանի Հանրապետությունում: Սա խոսում է այն մասին որ սեռական փոքրամասնությունները ստացել են բացարձակ ազատություն: Արվամոլները եւ տրանսգենդերները իրենց տրված ազատություններով վատ օրինակ են ծառայում նոր սերունդներին: Շատերը կասեն, որ այս ամենը ժողովրդավարության դրսեւորում է, սակայն ռազմական կոնֆլիկտի մեջ ներգրավված պետության համար սա ներքին սպառնալիք է, քանզի հասարակության այս զանգվածը, հայնտվելով պետական բարձրաստիճան ամբիոններում, իրականցնում է պրոպագանդա, որը միմիայն դեմ է հայ ազգային դիմագծին եւ արժեքներին: Նմանօրինակ միջոցներով է փորձ արվում թուլացնելու պետության ազգային կերպարը, ինչը թուլացնում է ազգի դիմադրողականությունը: Եթե տարիներ առաջ ունեինք նմանօրինակ հատուկ դեպքեր, կամ էլ վերջիններս իրենց կյանքը վարում էին ոչ հրապարակային, ապա այսօր նրանք իրականացնում են բացահայտ քարոզչություն:
Ազգային անվտանգության ապահովումը իրականացվում է նաեւ միջազգային մեխանիզմներով՝դաշնակից պետությունների հետ ամուր ռազմաքաղաքական հարաբերություններ վարելու միջոցով: 2018 թվականից մինչ օրս Հայաստանում մուտք է գործել նմանը չունեցող հակառուսական ալիք: Հաշվի առնելով , որ Ռուսաստանը մշտապես եղել է ՀՀ առաջնային գործընկերներից մեկը եւ պաշտոնապես միակ դաշնակիցը, այս փաստը բավականաչափ վտանգավոր է: Հայ-ռուսական հարաբերությունների անկումը ընգծվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի փոխհարաբերություններում: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հետընթացը ակնառու է դառնում նաեւ ՀԱՊԿ-ի ներսում համագործակցության մշակույթի իսպառ բացակայությամբ: 2018-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանում շատացան արեւմտամետ հոսանքները, որոնք ամենօրյա օրակարգով իրենց ունեցած տեղեկատվական լծակներով տարածում են հակառուսական տրամադրություններ: Այս ամենը իհարկե չի կարող աննկատ մնալ ռուս գործընկերների աչքերից: Հայաստանի իշխանությունները եւս մինչ օրս չեն կողմնորոշվել կամ էլ չեն ուզում կողմնորոշվել, թե ովքե՞ր են յուրայինները, ովքե՞ր՝ թշնամիները: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրից Հայաստանը իշխանությունների մակարդակով ոչ մի քաղաքական աջակցություն չի ցուցաբերել Ռուսաստանին, փորձելով ամեն կերպ պահպանել չեզոքություն: Սակայն հակառակ այս ամենի, Հայաստանի քաղաքական վերնախավը չի թաքցնում իր ակնկալիքները Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում աջակցություն ստանալու հարցում: Հարկ է նշել, որ միջազգային համագործակցության մեխանիզմները եւ գործընկեր պետւթյունների հետ արդարացի ու խելամիտ ռազմավարական հարաբերությունների ստեղծումը եւ պահպանումը միայն կարող են միջազգային անվտանգության երաշխիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, ինչը հարկ եղած դեպքում կօգնի ապահովել ՀՀ ազգային անվտանգությունը թշնամի պետությունների հետ բախումների ժամանակ: Ուստի, պետականորեն պետք է վերահսկել այն անհատների եւ կազմակերպությունների գործունեությունը, որոնք ամեն կերպ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջեւ, քանզի այն բխում է միմիայն թշնամու հետաքրքրություններից:
Հայաստանի համար անվտանգային լրջագույն խնդիրը շարունակում է մնալ արտաքին աշխարհից եկող սպառնալիքը: Մասնավորապես վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ ավելի հաճախ ենք հանդիպում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեզին, որը պրոպագանդվում է ամենաբարձր մակարդակով: Փոխարենը Հայաստանից դեռեւս չկան այս պսեւդոգաղափարախոսությանը հակադրվող պաշտոնական հայտարարություններ կամ գործողություններ: Թշնամու առաջ քաշած «Արեւմտյան Ադրբեջանի» նախագիծը եւ դրանով պայմանավորված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ տարածքային նկրտումները, կարելի է որակել ոչ այլ ինչ, քան ՀՀ ինքնիշանության եւ տարածքային ամբողջականության համար ուղիղ սպառնալիք: Հակահայկական պրոպագանդան չի սահմանափակվում լոկ խոսակցական մակարդակում: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հրահրում է սահմանային բախումներ եւ պարբերաբար զորք ու զինտեխնիկա է կուտակում ՀՀ-ի հետ սահմանի ողջ երկայնքով: Մինչ Հայասատանում կառավարող դասի շրջանակներում իրատեսական են համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, մինչեռ Բաքուն չշեղվելով նախկինում որդեգրած իր օրակարգից՝ գնալով ավելի մեծ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին եւ սպառնում անմիջական պատերազմով: Սա է թերեւս ամենից անհանգստացնող սպառնալիքը, որի դեմ համարժեք գործիքակազմով չպայքարելը կարող է նոր աղետի առաջ կանգնեցնել Հայոց պետականությանը:
Նմանօրինակ խնդիրները, որոնք ամեն վայրկյան ավելի մեծ թափ են ստանում մեր երկրում, վնասում են ՀՀ ազգային անվտնագությանը: Սրանք արհեստածին երեւույթներ են, որոնք ունեն միայն մեկ նպատակ՝ ներսից թուլացնել եւ կազմաքանդել պետությունը:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական պլանը առաջին հերթին պետք է ուղղված լինի նմանօրինակ երեւույթները արմատախիլ անելուն եւ առողջ հասարակությամբ պետություն ձեւավորելուն:
Անվտանգություն եւ անվտանգություն. սա՛ է մեր ազգային գլխավոր առաջադրանքը:
ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ
Ուսանող՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիա