Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թափով լծվել է մայրաքաղաքի իշխանությունը նույնպես իր ձեռքում պահելու գործին: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ջանք ու եռանդ չի խնայում այդ աթոռը զբաղեցնելու համար: Փողքաղաքապետի թիկնոցն ուսերին՝ մեծ խանդավառությամբ մասնակցում է Երեւանի հետ անգամ չնչին աղերս ունեցող որեւէ միջոցառման՝ ծառ ու ծաղիկ տնկելուց մինչեւ մշակութային իրադարձության: Նախորդ շաբաթ, օրինակ, Արամ Խարատյանի 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին էր մասնակցում՝ շահելով դասական երաժշտության սիրահարների սիրտը, այս շաբաթ էլ կինոյից էր խոսում՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ:
Դե ֆակտո քաղաքապետը, որ քաղաքի ղեկավարումը նաեւ դե յուրե է ցանկանում ստանձնել, չի բացառվում, որ բնավ էլ մշակութային միջոցառումների սիրահար չլինի (գուցե՝ հակառակը), ակնհայտ է սակայն, որ նա պահը չի կորցնում ու հանուն վաղվա լուսավոր ապագայի հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները գործի է դնում: Ի դեպ, «Ոսկե Ծիրանի» ասուլիսից հետո լրագրողներիս հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, բավական վստահ տոնով հայտարարեց. «Գնահատական տալիս են երեւանցիները, ու նրանք այդ գնահատականը կտան սեպտեմբերի 17-ին՝ ընտրությունների ժամանակ»:
Ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» ու իշխանությունների հետ քուրիկ-մերիկ խաղացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Արտախորհրդարանական դաշտի մյուս ուժերը, որոնց անունները, հավանական մասնակցության առումով, շոշափվում էին, առ այս պահը չեն հստակերցել, թե մտքեներին ինչ կա:
Այլ է պատկերը խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների մոտ. խորը թմբիրի մեջ են: ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահները, որ պատերազմից հետո իշխանափոխություն անելու երկու փորձ արեցին, այժմ ձայն-ծպտուն չեն հանում: Եթե երկու-երեք ամիս առաջ մի քանի անձի անուն շոշափվեց՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, այժմ սակայն՝ ձայն բարբառո հանապատի: Ենթադրել կարելի է, որ Ազգային ժողովի մանդատները պինդ գրկած-նստած ընդդիմադիրները միասնական թեկնածուի հարցում կա՛մ իրար հետ լեզու չեն գտնում, կա՛մ էլ՝ հավես չունեն: Համենայնդեպս, ո՛ր տարբերակն էլ լինի՝ լռությամբ ու ոչինչ չանելով՝ Ավինյանին ու իշխող ՔՊ-ին մե՜ծ նվեր են մատուցում. փոխքաղաքապետն օր օրի ավելի է ամրապնդում իր դիրքերը: Իհարկե, բացառված չէ, որ մասնակցության դեպքում (հատկապես եթե ռեբրենդինգ չարած ցուցակով ու հին դեմքերով ներկայանան) էլ ավելի կօգնեն Փաշինյանի իշխանությանը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ