Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն որոշել են՝ մայրաքաղաքում համայնքապետի ընտրությունների ժամանակ ո՞վ է լինելու Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Ընտրությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա է կանգ առել, որ հիմիկվանից սկսած՝ ծածուկ քարոզչություն է տանում: Մեր օրերում, երբ Հայաստանի ու Արցախի պետականության հարցն է թիվ մեկ օրակարգը, Ավինյանը քաղաքապետի ընտրությունների անունը լսել, հրապարակ է նետվել:
Նա, հիշեցնենք, մի որոշ ժամանակահատված ընդահատակ էր անցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախկին թիմակիցների հետ շփումները դադարեցրել ու որոշել էր բիզնես գործունեություն ծավալալել: Իշխանությունը սակայն քաղցր բան է, ու դրա համն առած երբեմնի փոխվարչապետը, ըստ երեւույթին, առանց պաշտոնի չի պատկերացնում իր կյանքը: Եթե ուշադիր հետեւենք իշխող ՔՊ-ի գործունեությանն ու, օրինակ, կուսակցության վարչության անդամների հանդիպումներին, ապա կնկատենք, որ վերջին շրջանում Ավինյանն ակտիվ հանդիպումների մեջ է: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրությունների՝ ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած Ավինյանը շաբաթական կտրվածքով հանդիպում է Երեւանի տարբեր վարչական շրջանների կուսակցական ակտիվի հետ: Օրեր առաջ, օրինակ, Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Երեկ ԱԺ պատգամավորների եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հանդիպել ենք ՔՊ կուսակցության Էրեբունու ակտիվի հետ: Քննարկել ենք վարչական շրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել Երեւան քաղաքի զարգացման ծրագրերին»: Հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ կուսակցական ակտիվի (գուցե պարզապես էրեբունցիների հետ) Ավինյանը ոչ թե ներկուսակցական, այլ Երեւանի համայնքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր է քննարկել: Նախկին փոխվարչապետը, ի դեպ, դեռեւս չմեկնարկած ընտրությունների ընդհատակյա քարոզչությունը բավական նուրբ ու լավ փաթեթավորված ձեւով է իրականացնում: ՔՊ-ի ձեւավորման ժամանակ կուսակցության, այնուհետ այն ժամանակ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականություննները կատարող Ավինյանը լավ գիտի՝ ինչպես եւ ինչ մեթոդներով է պետք սկսել քարոզչական արշավը:
«Ազգ»ի տեղեկություններով, Ավինյանն ու ՔՊ-ական նրա մտերիմներն այժմ Երեւանի թաղամասերում փնտրում ու փորձում են ծանոթանալ ակտիվ, խոսք ու դիրք ունեցող մարդկանց, որ առաջիկա ընտրություններին կկարողանան աջակցել ու «ձայն բերել» իրենց:
ՔՊ-ականներից որոշների ու Ազգային ժողովի համանուն խմբակցության պատգամավորներից շատերի համար սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե ընտրություններից հետո ի՞նչ մեղու էր կծել Ավինյանին, որ որոշել էր լքել քաղաքականությունը: Ըստ ՔՊ-ամերձ աղբյուրների՝ Ավինյան-Փաշյան հարաբերությունները որոշ ժամանակ խիստ լարված են եղել: «Այդ լարվածության պատճառով Ավինյանը որոշել էր աջը քաշել: Ավելին՝ եթե կհիշեք, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետի աթոռից զրկելուց հետո իշխանությունները՝ որպես Երեւանի քաղաքապետ, հենց Ավինյանի թեկնածությունն էին առաջ քաշում: Ասում էին՝ անմիջապես ընտրություն անեն ու քաղաքապետ Ավինյանին դարձնեն: Բայց դեպքերի զարգացումները ցույց տվեցին, որ իրենց երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» պաշտոնանկ անելուց հետո, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձավ: Իշխանամերձ աղբյուրները Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո մի որոշ ժամանակ անց ասում էին, թե քաղաքապետի տեղակալներից մեկն էլ Ավինյանն է լինելու: Բայց նա, ըստ երեւույթին, չցանկանալով ինչ-որ մեկի ստորադասը լինել եւ առաջարկին չէր համաձայնել»,- ասաց «Ազգ»ի մերձիշխանական աղբյուրը՝ ընդգծելով, որ Երեւանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իշխող թիմն ամեն բան անելու է, որ քաղաքապետի թիկնոցն այժմ էլ նախկին փոխվարչապետ Ավինյանի ուսերին գցի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ