2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա թիմակիցներին մերժում էին այսօրվա «հեղափոխականները», ամեն քայլափոխի դագաղ, ծաղկպսակ ու սեւ ժապավեն էին փակցնում՝ երիտասարդ քաղգործիչներին մահ ցանկանալով: Այդ օրերին, ցավոք, իմ շրջապատի, ինչպես նաեւ մեր հասարակության զգալի հատվածն ուրախանում էր նկարագրված պատկերով: Սրտնեղում էի, բարձրաձայնում էի, թե մարդու կյանքը բարձրագույն արժեք է, նրան ոչ թե Փաշինյանի համար «մատաղ լինելու պատրաստակամ» մարդիկ, այլ Աստված է կյանք տվել, հետեւաբար հորդորում էի՝ որեւէ մեկին մահ չցանկանալ, բայց… Արդեն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ» ասող իշխանավորները սկսեցին մատ թափ տալ ու ահաբեկել, թե բոլոր նրանց, որ կհանդգնեն «հեղափոխականներին» ասել՝ աչքիդ վերեւն ունք կա, «ասֆալտին կփռեն», «պատերին կծեփեն»: Փաստորեն՝ ասել էին, այժմ էլ անում են: Վաղը, մյուս օրը, չի բացառվում, իմ՝ որպես ազգի դավաճան լրագրողի, «թաթիկներս կտրեն». Դրա մասին էլ են բարձրաձայնել:
Այս օրերին, երբ հասարակության գիտակից, մտածող ու դատող հատվածն անհանգստանում ու դատափետում է երիտասարդ հղի կնոջ՝ վարչապետին սպասարկող ավտոշարասյան զոհ դառնալու ողբերգական միջադեպը, Նիկոլ Փաշինյանին աստվածացնող հատվածը, որ հիմնականում միջինից էլ ցածր կրթական մակարդակ ունի, կոկորդ է պատռում, թե «շատ էլ լավ է եղել, որ կնոջը «մեքենայի տակ են գցել, սպանել»: Այս տողերը, ցավոք, չափազանցված չեն, դրանք Facebook-յան գրառումներից են վերցված: Մեկնաբանություն գրողները հիմնականում 60-ն անց կանայք են՝ մայրեր, տատիկներ: Նրանցից մեկն էլ, օրինակ, զայրացել էր, թե «ի՞նչ գործ ունի հղի կինը փողոցում»: Հանուն Նիկոլ Փաշինյանի անձի ֆետիշացման՝ նրա սիրուց կուրացած մարդիկ մեղադրում են վթարի զոհ դարձած ու մայրանալ պատրաստվող կնոջը: Սա վկայումն է այն բանի, որ մեր հասարակությունը, որին մենք հնամյա ազգ որկումներ ենք տալիս, հիվանդ է: Իսկ հիվանդ օրգանիզմը կա՛մ պետք է մեռնի, կա՛մ ապրելու շանս ունենա վիրահատական չափազանց բարդ միջամտությունից հետո:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ