Թե ինչու օրեր առաջ պահանջ առաջացավ հանրայնացնել ՀՀ վարչապետի՝ «հայաստանաբնակներն սկսել են ավելի լավ ապրել» մոտեցումը, որը նկատենք նաեւ՝ երկակի գնահատականի արժանացավ: Միայն այն, որ 40 աստիճանի շոգը մեր հայրենակիցների որոշ մասին դեպի Սեւանա լճափեր էր տարել, ինչքան էլ ցանկանք դժվարությամբ է տեղավորվում լավ ապրելու սպասված ու ցանկալի չափանիշի միջակայքում: Այն պարզ պատճառով, որ հայաստանաբնակի առօրյան ամբողջապես լցված է շուրջբոլոր թանկացումներով, շատ հաճախ՝ անբացատրելի ու անհասկանալի, անգամ տրամաբանությունից դուրս, որպիսին է ասենք աղբի գնի թանկացումը բնատկարածության հետ կապելը: Անգամներով բարձրացավ գույքահարկը, եռապատկվեց տրոլեյբուսով երթեւեկի վճարը, թանկացավ առաջին անհրաժեշտության հաց-հացամթերքը: Չհիշել չենք կարող տաքսի ծառայությունների վճարների բարձրացումը, համայնքային ծառայությունների դեպի վեր փոփոխությունները, կարճ ասած… ամենաթողության աստիճանի մի իրավիճակի ստեղծում ու հաստատում: Եվ այս ամենը՝ պետական կառույցների ակտիվ ջանքերի շնորհիվ, երբ մարդկանց մղում են յուրօրինակ գործարար միջավայր, որն ըստ վարչապետական դիտարկման, կարող է նաեւ կազմակերպված հանցագործության տարրեր պարունակել: Դրանք արդեն կան տնտեսության գյուղատնտեսական ոլորտի այգեգործական ճյուղում, որտեղ պետական բյուջեից համաֆինանսավորում է իրականացվում, անասնապահությունում, որի ձեւերից մեկն է պատգամավորական միջամտությամբ ու միջնորդությամբ մանր եղջերավորի ներմուծում-արտահանում գործերում մութ ու շղարշված իրավիճակների դրսեւորումը, մի խոսքով՝ այն միջավայրի ստեղծումն ու հաստատումը, որում գտնվում է հայաստանյան հանրությունը:
Մերօրյա խոսույթում անտեղի չի հարց հնչեցվում, թե Երկիր մոլորակի 200-ից ավելի պետությունների շարքում բնակչությամբ 136-րդը, տարածքով 139-րդը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում ի՛նչ կարգի հարաբերությունների հաստատում ենք ցանկանում ունենալ: Պատասխանը հատկապես բարդ է այն առումով, որ մեր քույրերի ու եղբայրների երեք քառորդը, հիմնականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդներ, բնակվում են բնօրրանից դուրս, երբեւէ իրենց հայրենիքից դուրս չհամարելով: Նրանց մեծամասնությունը ոչ վաղ անցյալի հայաստանցիներ են, որոնք իրենց պատկերացումներն ունեն «լավ ապրել» բնորոշման առումով, որտեղ, ուզենք թե ոչ, նախընտրելին սոցիալական խնդիրն է, բնակարանի հարմարավետությունը, սկսած սենյակների ու խոհանոցի կահավորումից մինչեւ բակի ծաղկապատումն ու ավտոտնակի ու լողավազանի առկայությունը: Ավաղ, մեր չափորոշիչների չիմացությունն այն աստիճանի հասավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը երկրի պարենային ապահովության ու անվտանգության թիվ 1 պատասխանատու պաշտոնյան է, հայտարարեց, որ հողա-ջրա-ջերմային ու աշխատուժի առկայության պայմաններում ՀՀ-ում կարիք չկա… հացահատիկ ցորեն մշակել, երբ մոտ 3 մլն բնակչության պահանջարկի մինչեւ 80 տոկոսը ներմուծվում է: Արդյունքում 10-20 տոկոսով թանկացան հաց-հացամթերքները, թխվածքներն ու հրուշակեղենը, ալրային ամեն ինչը, որպիսի երեւույթը դժվար է պետականակերտ որակել, ինչպիսի խոսույթ փորձում է շրջանառել վարչապետը: Այգեգործական պետություն դառնալու մեր կառավարիչների գործողությունները ՀՀ-ն տանում են այսպես կոչված բանանային երկրների շարքը, որոնք ցավոք հեռու են զարգացման ցանկալի աստիճաններից: Մի պարզ պատճառով. բանանայիններում գերակայում է ձեռքի աշխատանքը, այնտեղ հավելյալ ցանկալի արժեք չի ստեղծվում:
ՀՀ տնտեսության պատկերն այս վիճակի հաստատումն է. տասնյակ հազարավոր այսպես կոչված աշխատանք ունեցողներ ընդամենը զբաղված են ծիրան ու դեղձ տեսակավորելով, կեռաս ու ելակ հավաքելով, դրանց դիմաց ինչ-որ վարձ ստանալով, որը գրեթե փոշիանում է ընտանիքի միայն սննդի հոգսերը լուծելու ընթացքում: Մինչեւ 35 տոկոս աշխատուժի գյուղոլորտում ընդգրկվածության պարագայում, որպիսի ցուցանիշ կա մերօրյա ՀՀ-ում, պարզապես հնարավոր չէ նկատել մեր ակնկալած երկրի տեսլականը: Ապացո՞ւյց եք ուզում, խնդրեմ. Իսրայելի գյուղոլորտում ընդգրկված է երկրի աշխատունակ բնակչության 0.9 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 1 տոկոսը, ԱՄՆ-ում՝ 1.7 տոկոսը, Հոլանդիայում՝ 2.3 տոկոսը, Ավստրիայում՝ 3.5 տոկոսը… Քիչ հավանական է, որ ՀՀ վարչա-կառավարչական վերնախավը տեղյակ չէ այս ամենում, գործընթացները իրականացնում են պահի ազդեցության տակ: Ասենք, արդեն հիշատակված ՀՀ էկոնոմիկայի նախարարը արդեն հիշատակված իր հայտարարությունից օրեր անց Շիրակի մարզում մասնակցում էր հացահատիկի բերքահավաքի, ուր ինչ-որ անորոշ արտահայտություն արեց լավ բերքի առումով: Ի՞նչ էր դա, չհասկացվեց:
Ինչպես շատ բան չի հասկացվում մեզանում: Ասենք՝ սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակարանաշինության խթանումը, որի բնակիչների վաղվա օրն անհայտ է: Գեղարքունիքի մարզից մեզ կաթնամթերքով ապահովող ծանոթս ասաց, որ նախորդ տարվա 4 կովերի փոխարեն հիմա 3-ն է պահում. երբեմնի արոտատեղերում հիմա արեւային էլեկտրաարտադրություն է իրականացվում: Ուր որ է կլրանա մեկ տարին, ինչ աշխատանքից ազատվեց տարածքային կառավարման եւ ենթակառույցների նախարարի էներգետիկ հարցերը համակարգող փոխնախարարը: Որերորդ ամիսն է մարզպետ չկա Լոռիում: Պարզ չէ ՀՀ կառավարությունում կա՞ արդյոք վարչապետի գլխավոր տնտեսական խորհրդական, ում հետ հանդիպելու ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս խնդրանքն արդեն 3-րդ տարին չի բավարարվում: Եվ հարցը. արդյո՞ք այսօրինակ վիճակը չի խոչընդոտում գործարար միջավայրի կայացմանը, հնչում է ինքնաբերաբար, քանզի մեկ բնակչի հաշվով տարեկան 8.000 դոլար համախառն ներքին արդյունքով առաջիկա տասնամյակներին գոհացուցիչ միջավայր չենք ապահովի, ինչպիսին է, ասենք, մեր երբեմնի բախտակից Էստոնիան իր ներկայիս մոտ 50.000 դոլար ՀՆԱ-ով:
Հաստատ է, որ շատ բան չկա անելու, աշխարհի փորձը վկա… Եթե իշխանությունն ուզում է հայի ու Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել, թերեւս սկսի, ասենք, տրամվայի համակարգը վերականգնել տրամաբանված ուղեվարձով, քաղաքաբնակներին, եվրոպական օրինակով, ապահովել մինչեւ 150 քառակուսի մետր այգեգործական հողակտորներով, ուր մեր մարդիկ միլիարդավոր դրամների հասնող գյուղմթերքներ կարտադրեն, հարկային օրենքները մարդավայել տեսքի բերեն.. տեսար վերհիշեցին, բոլոր խնդիրներն ու շահերը համատեղելով, վրացա-հայկական կոնֆեդերացիայի մասին, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Փոխարենը 08.08.2025-ի հայտնի «խոհարարները» մի փքաբլիթ են պատրաստել՝ առանց միջուկի: Ինչ համի կլինի այն, ցույց կտա ժամանակը:
Ավաղ, նորօրյաներն առայժմ ոգեւորվել են երկիրը միջանցք դարձնելու գաղափարով, որի արդյունքում իմա՝ ՀՀ միլիարդներ թե տրիլիոններ են հոսելու, խաչմերուկը հարստություն է բերելու ու լցնելու, աշխատելը որն է, երբ մարդիկ «ապագա կա» կարգախոսը հիշելով լավ են ապրելու: Իսկ ահա նրանցից մեկը հիշեցնում է.
Առուն չթռած հոպ լա չեն ասում:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ