Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումներին, անկախ ներքաղաքական ենթատեքստով ելույթներից եւ մեղադրանքներից, լսելի եղան նաեւ առաջարկներ, որոնք արժե առանձնացնել:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն առաջարկում է Արցախի հարցի կարգավորման համար դիմել միջազգային ատյաններ՝ պատրաստելով համապարփակ փաստաթղթերի փաթեթ: Ըստ նրա՝ այդ փաթեթը իշխանությունները չեն կարող կազմել, դա պետք է անի ոչ կուսակցական մասնագետներից կազմված չեզոք մարմին, որը պետք է ստեղծել: Պետք է հակադարձել Ադրբեջանին առ այն, որ ԼՂ-ն երեբեք չի եղել անկախացած Ադրբեջանի մաս: Հանքերը, բնական ռեսուրսները դեռ ԼՂ ստեղծման դեկրետում հռչակված են որպես Ղարաբաղի ժողովրդի պատկանելություն: Եվրոպան ընդունել է մի քանի փաստաթուղթ, որոնցում ճանաչել է ԼՂ ժողովրդի պայքարի արդարացի լինելը, իսկ ԼՂՀ-ն կայացել է այդ փաստաթղթերի հիմքերով: Դրանք նույն հիմքերն են, որոնց վրա կայացել են Խորհրդային Միությունից անջատված մյուս հանրապետությունները:
Ըստ սահմանադրագետ Ալվինա Գյուլումյանի՝ մեկ օր առաջ արված Լավրովի հայտարարությունն ու նման բոլոր հայտարարությունները /թե՝ յոթ շրջաններն Ադրբեջան են, ու անգամ ակնարկվում էր ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս/ արդեն իսկ ժխտվել են «Չերագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի՝ ՄԻԵԴ վճռով, որի էությունը արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ՀՀ իրավազորության մատնանշումն է, այլ ոչ թե տարածքների օկուպացված լինել-չլինելը: Սա նշանակում է, որ միջազգային փաստաթղթով Հայաստանն արդյունավետ իրավազորություն էր իրականացնում, ոչ թե օկուպացրել էր տարածքներ: Ըստ Գյուլումյանի՝ հայկական կողմը պետք է կարողանա արդյունավետ օգտվել ՄԻԵԴ վճռի, ՄԱԿ-ի բանաձեւերի բովանդակությունից՝ ԼՂ հարցն առաջ տանելիս, անգամ այն, որ ինչ-որ մի տեղ ճանաչել են Լաչինի միջանցքի անհրաժեշտությունն իբրեւ Արցախի եւ Հայաստանի միջեւ անվտանգ կապ:
Ըստ քաղաքագետ Սուրեն Զոլյանի՝ Ալմաթիի պայմանագիրը ամենեւին չի նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: Մեկնաբանելով Պրահայի փաստաթղթի իրավական կողմը՝ նա նշեց, որ դա եւս չպետք է մեկնաբանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տեսանկյունից. այնտեղ դրված են այն իրավական հիմքերը, ըստ որոնց Ղարաբաղն օրինական հիմքով դուրս է եկել ԽՍՀՄ-ից ավելի վաղ, քան Ադրբեջանը, ու այդ փաստաթուղթը կարող է հիմք ընդունել 1991-1992 թվականների մեկնաբանությունները: Այսինքն՝ հիմքն այն է, որ ԼՂԻՄ-ն ավելի շուտ է դուրս եկել ԽՍՀՄ կազմից եւ հռչակել իր անկախությունը, քան ընդունվել է Ալմաթիի փաստաթուղթը, որը, ինչպես շեշտեց մեկ այլ բանախոս՝ Խոսրով Հարությունյանը, ուղղակի արձանագրել է Խորհրդային Միության փլուզումը:
«Մենք պետք է ընդունենք հենց այդ մեկնաբանությունը։ Պիտի հստակեցվի, Հայաստանի ԱԳՆ-ն գոնե հայտարարության ձեւով պետք է վավերացնի այն մեկնաբանությունը, որը կար 1992 թվականին։ Եվ տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որն անընդհատ մեր դեմ է օգտագործվում։ Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ճանաչման հիմքերը: Մենք դրանով ստանում ենք լավ հիմքեր՝ նախկինների սխալն ուղղելու համար եւ ճանաչելու Արցախի Հանրապետությունը», առաջարկում է Սուրեն Զոլյանը:
Ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի՝1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ որեւէ ձեւով անընդունելի է միջազգային իրավական փասատաթղթերում այն նշումը, թե Արցախը Ադրբեջանի մաս է. «Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Արցախը չճանաչված պետություն է, եւ վարչապետի հիմնական հիմնավորումն այն է, որ ամբողջ աշխարհը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ նույն միջազգային հանրությունը աներկբա ընդունել է, որ կա Արցախի հիմնախնդիրը, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Եւ այդ միջազգային իրավունքի սկզբունքները կոնկրետացվել են Մադրիդի փաստաթղթում, էլ ավելի են հստակեցվել բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ, հանգելով նրան, որ հիմնախնդրի լուծման հիմնական սկզբունքներից մեկը նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Եւ այդ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը կոնկրետացում ստացավ 2016 թվականի փաթեթային առաջարկություններում, որտեղ նշվում էր, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Սա եզակի երեւույթ էր միջազգային իրավական պրակտիկայում, երբ ինքնորոշման իրավունքը ճանաչվում էր անջատման միջոցով։ Այդ ժառանգությունը, որն ստացել էին Հայաստանի այսօրվա իշխանությունները, այսօր Հայաստանի կառավարության քաղաքական մեծամասնության ապաշնորհ քաղաքականության պատճառով զրոյացվել են»։
Չգիտենք՝ իշխանությունն ականջալուր կլինի՞ այս առաջարկներին ու մեկնաբանություններին, թե ոչ /հավանաբար՝ երկրորդը/, սակայն անհետաձգելի է դառնում, իրոք, Արցախի խնդրով մասնագիտական մարմնի ստեղծումը, Արցախի հարցով հայեցակարգային- իրավական փաթեթի պատրաստումը եւ առաջնահերթ քայլերի մատնանշումն այդ փաթեթով:
Մ.Խ.