Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության միջոցով հանգանակված միջոցները շարունակվում են հատկացվել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածներին: Ծրագիրը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից:
Արցախի իննամսյա շրջափակման պարտադրված ամբողջական մեկուսացումը հերոսաբար դիմադրելուց հետո Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ու անհավասար ուժի կիրառման հետեւանքով արցախահայությունը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց:
Հայաստանում ապաստան գտած արցախցիները կորցրեցին ամեն ինչ՝ տուն, աշխատանք, իրենց որդիների, եղբայրների, հայրերի եւ ամուսինների արյամբ ներծծված սուրբ հող:
Եկել էր օգնելու, հոգ տանելու ժամանակը՝ անտուններին, հիվանդներին, ծերերին ու երեխաներին:
Թեքեյանցիների դրամական օգնությունները նախ ուղղվեցին Արցախի Ասկերանի շրջանի վառելիքի պահեստի հրդեհից այրվածքներ ստացածներին, ուսանողներին, ուսուցիչներին, Արցախի լրատվական գործակալությունների աշխատակիցներին, բազմանդամ ու սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող այն ընտանիքներին, որոնցում կան բուժման կարիք ունեցողներ:
Թեքեյան մշակութային միությունը իր գործունեության ողջ ընթացքում ՝ սկսած 1947 թվականից, շուրջ 77 տարի շարունակ նպաստել է Մայր Հայաստանում մշակութապահպանությանը, կարեւորել աջակցությունը հայկական դպրոցների ուսուցիչներին, որոնք անգնահատելի ու կարեւոր գործ են անում՝ կրթելով ու դաստիարակելով ապագայի հայ մարդուն, հայրենիքի պաշտպանին, երկրի քաղաքացուն:
Թեքեյան մշակութային միության անդամները Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի հիմնական, Մեծ Շենի միջնակարգ եւ Լիսագորի միջնակարգ դպրոցների, Մարտունու շրջանի Մաճկալաշենի միջնակարգ դպրոցի, Եղցահողի միջնակարգ դպրոցի, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչները եւս ներառվեցին դրամական աջակցության ծրագրում:
Արցախի նշված համայնքներում գործող դպրոցներում՝ նորոգ ու հարմարավետ դասարաններում 33 տարիների ընթացքում սովորել ու կյանքի իրենց ճանապարհն են բռնել հազարավոր աշակերտներ: Նրանք պատվախնդրորեն ներգրավվել եւ ակտիվ գործունեություն են իրականացրել ամենուր:
Դպրոցների ուսուցչական կազմը ջանք, գիտելիք ու հայրենասիրական կարեւոր դասեր է տվել, նպաստել նրանց մասնագիտության ընտրության հարցում, սովորեցրել սիրել ու պաշտպանել հայրենին: Ուսուցիչներից շատերն արդեն իսկ համալրել են Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի կրթօջախների նվիրյալ ուսուցիչների շարքերը՝ շարունակելով հավատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանն ու առաքելությանը:
Նրանք այսօր էլ շատ դժվարություններ ունեն, հիշում ու կարոտում են իրենց դպրոցը, տունը, հողը, սակայն դեռեւս թարմ են պատերազմի ու երեք օր տեւած գաղթի ճանապարհի հիշողությունները. դրանք նրանց մտքում հավերժ կմնան:
Արցախահայության նպատակը այսօր եւ միշտ մեկն է լինելու՝ ապրել Արցախը կրկին ազատագրված տեսնելու համար:
ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյան ներկայացուցչություն
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Ասքերանի Դահրավի միջ. դպրոց