Վահագն Դավթյանը, որի հարյուրամյակը լրացավ 2022-ին, ցավոք՝ մեր մինչ օրս ըստ արժանվույն չգնահատված բանաստեղծներից է: Ճիշտ է, պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում կազմակերպվեցին հիշատակի բազմաթիվ ուշագրավ միջոցառումներ, սակայն երկրում տիրող ռազմաքաղաքական լարվածությունը դրանք որոշ առումով ստվերեց: Մինչդեռ Դավթյանը համամարդկային ընդգրկման գործերի հեղինակ է (հիշենք թեկուզ «Անանձնությունը» կամ անզուգական պոեմները), որոնք պատիվ կբերեին որեւէ բանաստեղծի, բայց եւ խորապես դավթյանական են՝ ողողված նրա գրչին հատուկ նրբին քնարական շնչով եւ կենսափիլիսոփայությամբ: Այլ հարց է, որ իր իսկ՝ Դավթյանի խոսքերով՝ «բանաստեղծի մահից առնվազն 50 տարի պիտի անցնի, որպեսզի ճշտվի նրա իրական մեծությունը»:
Քաջածանոթ լինելով ռուս եւ եվրոպական բանաստեղծության նորամուծություններին՝ նա արդիական մոտեցմամբ մեկտեղեց հայ միջնադարյան, արեւմտահայ եւ արեւելահայ գրական ավանդույթները, հանդես եկավ լեզվի, պատկերների ի՛ր գեղագիտությամբ:
Եվ, ինչը պակաս կարեւոր չէ, դատելով Դավթյանի հարցազրույցներից, հրապարակախոսական հոդվածներից՝ նա իր ժամանակների ամենախոհուն ու հեռատես մտավորականներից էր, որ հավատարիմ մնաց ոսկե հատման օրենքին. Հրանտ Մաթեւոսյանի բնութագրմամբ՝ «ամենագիտնականից գիտնական, ամենահամարձակից համարձակ, ամենահորդից հորդ՝ նա երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չավիրեց իր ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ ափը»:
Դեկտեմբերի 16 -ին Երեւանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ գրական ցերեկույթ՝ նվիրված Դավթյանի 100-ամյակին, եւ Համազգայինի Երեւանի գրասենյակի հրատարակած դավթյանական 100 բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը («Արմավ» հրատարակչություն, 2022, 208 էջ): Գիրքը խնամքով եւ մեծ ճաշակով կազմել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, որի անձնական արխիվի լուսանկարներով էլ զարդարված է գիրքը:
Ցերեկույթի սկզբում բանաստեղծի գրական վաստակի բովանդակալից վերլուծությամբ հանդես եկավ Արտաշես Շահբազյանը: Դավթյան բանաստեղծի, արձակագրի, թարգմանչի, հրապարակախոսի, հայ մարդու կերպարի տարբեր կողմերին անդրադարձան Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, գրականագետ Սուրեն Դանիելյանը, ՀՀ Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը եւ Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը: Բանաստեղծ, ժողովածուի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Դավթյանը շռայլ հարստություն է թողել սերունդներին, աշխարհին, իր պոեզիայով հայրենիքի զինվորներին հաղթականություն է հաղորդել, հաստատել է՝ մենք գոյություն ունենք որպես ազգ. «Դավթյանը չի շրջանցել կենսական տարածքները, իր երկիրը, իր պատմությունը, նա ամեն ինչի տերն է մնացել եւ որպես տեր՝ շռայլորեն ժառանգել է մեզ»: Վերհիշելով դավթյանական հայտնի տողերը՝ «Հոտոտելով քեզ կգտնեմ, Հայրենական փոքրիկ իմ տուն», նա շեշտեց, որ «այս կարոտը, սերը սոսկ բառեր չեն», այլ խորապես ապրված կենսական վիճակներ:
Դավթյանի ինքնակենսագրական արձակից ու բանաստեղծություններից բաղկացած ամբողջական ոգեշունչ ծրագրով (այստեղ թերեւս առավել հարիր է մենաներկայացում եզրույթը) հանդես եկավ Սիլվա Յուզբաշյանը՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին: Նա խոստովանեց, որ դժվարությամբ է ընտրել գրքում ընդգրկվելիք բանաստեղծությունները, քանզի դրանք գրեթե նույն ստեղծագործական հզորությամբ են գրված, եւ բացի այդ՝ Դավթյանը հաճախ մտածել է ամբողջական բանաստեղծական շարքերով:
Ելույթներն ընդմիջվում էին երգերի կատարումներով, տեղի ունեցավ նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի՝ Դավթյանի բառերով գրված «Աշուն» փոքր-ինչ թախծոտ, հոգեհմա երգի առաջնաելույթը՝ Անդրանիկ Մալխասյանի կատարմամբ:
Դավթյանի՝ հայրենիքով բուրող եւ սիրով օծված պոեզիան ասես այսօր գրված լինի: Բացում եմ շքեղակազմ ժողովածուն, ու մի անհավատալի զուգադիպությամբ առաջին տողերը, որ աչքի են զարնում, սրանք են.
Իսկ դու դեռ զա՛րկ, Արցա՛խ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ,
Չկա ուրիշ հնար եւ ուրիշ ճար չկա,
Զա՛րկ դեռ ու հավատա՛, որ արշալույսն այդ մեծ
Սրի ծայրին է քո,
Իսկ քո հողը մի բուռ
Քո քարակոփ ու կուռ բռունցքի մեջ…
Արդարեւ, ինչպես ժողովածուի առաջաբանում Խաչիկ Մանուկյանն է ձեւակերպել՝ «մեծերի ընթացքը կանգ չի առնում, եւ քարին թվակտտածը չէ, որ ամփոփում է իրենց բաժին ժամանակը»…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ