Մեր ողջ կյանքում, դպրոցական նստարանից սկսած, մեր գիտակցությունը պղտորել են հայ բոլշեւիկների մասին պատմող փառաբանություններով, մեզ պարտադրել են նրանց սրբացված կերպարները եւ առանձնակի փայլեցված հորինյալ, կեղծ կենսագրությունները:
Մեր «պատմաբանները» մրցակցում էին միմյանց հետ բոլշեւիկյան զանազան մանրումեծ դեմքերին գովաբանելու եւ երկինք հանելու գործում: Նրանց գրած գրքերն ու հոդվածները իրականության հետ դույզն-ինչ կապ չունեին. նրանք հորինում էին ըստ օրվա գաղափարական պահանջի: Ակադեմիկոս,- ակադեմի, ուրեմն, կոս,- Գեւորգ Ղարիբջանյանը, օրինակ, ասպարեզը հեղեղել էր հայ բոլշեւիկներին նվիրված հատորներով, հոդվածներով եւ զանազան այլ գրություններով:
Ես շատ լավ եմ հիշում «Գրական թերթ»ում տպագրված իր հիացական ու հրճվալից ծավալուն հոդվածը իր ընտանիքը լքած եւ բոլշեւիկյան մի ամբողջ խմբի սիրելին դարձած «հայ ժողովրդի պանծալի դուստր» Ոսկի Հովհաննիսյանի մասին: Այդ վայ-պատմաբաններից որեւէ մեկը մի օր չմտածեց՝ իսկ եթե…: Իսկ եթե գա, հասնի մեկ այլ օր, ապա այդ դեպքում՝ ի՞նչ…
Ի դեպ, հայ բոլշեւիկները բոլորն էլ մեծարվում էին «պանծալի» մակդիրով: Այդ «պանծալի»ներից մեկն էլ Կարսի մարզի Կաղզվան քաղաքում ծնված Սուրեն Մարտիրոսյանն է (1884-1930), որ առավել հայտնի է Վառլամ Ավանեսով անունով: Ես պետք չունեմ իր կենսագրությունը ներկայացնելու: «Հայկական սովետական հանրագիտարան»ը դա արել է յուրահատուկ գեղգեղանքով եւ փառաբանությամբ: Այդ կենսագրությունից ինձ համար այսօր կարեւոր է երկու-երեք փաստ:
Առաջին. Վառլամ Ավանեսովը «1918-ի հունվարին նշանակվել է ազգությունների գործերի ժողկոմատի կոլեգիայի անդամ եւ նրան առընթեր Հայկական գործերի կոմիսար:
Ինձ, օրինակ, անհայտ է, թե ի՞նչ է արել «Հայկական գործերի կոմիսարը» հատկապես Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որ մենք այսօր իր անունը տանք երախտագիտությամբ: Ի՞նչ մեծ բան է արել մեզ համար: Ցավոք սրտի՝ ոչինչ:
Երկրորդ. Վառլամ Ավանեսովը «ակտիվորեն մասնակցել է սովետական տնտեսական ապարատի ստեղծմանը, առաջին սահմանադրության (1918) մշակմանը, ձախ էսեռների խռովության (1918) ճնշմանը»: Վերջին կետը լավ մտապահեց. Շվեյցարիայում բժշկություն ուսանած այս թոքախտավոր ուսանողը դաժան եւ արյունարբու անձ է եղել: Էսեռների ժամանակը հայտնի իրադարձություն է եւ հայտնի ժամանակ՝ 1918 թվականի հուլիսի 4-ը, հուլիսի 6-ը եւ հուլիսի 19-ը…
Երրորդ. «1920-24-ին Ավանեսովը եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) կոլեգիայի անդամ…»:
Հրեական կործանարար գաղափարներով տարված, Ռուսաստանի օրինական իշխանությունը բռնությամբ տապալած հրեական ավազակախմբին հարած այս պանծալի՜ հայը շատ բարձր պաշտոններ է ունեցել, բայց, կրկնում եմ, ինձ համար կարեւորը այդ երեք փաստն է, որ շատ բան է ասում իր մասին: Եվ, այնուամենայնիվ, դրանք նշանավոր բոլշեւիկի կենսագրության հայտնի ու քանիցս հրապարակած փաստերն են:
Պարզվում է, որ իր կենսագրությունն ունի նաեւ այլ, մութ, մեզ մինչեւ հիմա անհայտ կողմեր:
2012 թվականին Մոսկվայի «Վեչե» հրատարակչությունը, «Լիտերատուրնայա գազետա»յի հովանավորությամբ հրատարակել է մի գիրք, որի հեղինակը Նիկոլայ Նեպոմնյաշչին է (ծՌՍՏսՈռ ծպտՏՎվÿքՌռ) եւ գիրքն էլ կոչվում է «Ռուսաստանի պատմության հանելուկները» («Загадки истории России »): Այդ ծավալուն գրքի վերջին բաժինը կոչվում է «Անծանոթ Ձերժինսկին» («Неизвестный Дзержинский »): Կարելի է թարգմանել նաեւ «Անհայտ Ձերժինսկին»: Այդ գլխում շատ հետաքրքրական բաներ է պատմվում «Հայկական գործերի կոմիսար»ի իսկական գործունեության մասին: Արժե կարդալ եւ իմանալ:
Ստորեւ ներկայացնում եմ մի հատված այդ գրքից:
Եվ, հետաքրքրական է, ո՞վ է մի օր գրելու «Հայ ժողովրդի այս պանծալի զավակների» իսկական կենսագրությունը:
Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իլյիչի «վստահագրով»
Իրավ է, որ Ֆելիքս Ձերժինսկու ընդդիմադրական արարքները նրան չեն զրկում Լենինի վստահությունից: 1918 թվականի վերջերին, Խորհրդային Հանրապետության ծանր օրերին, Լենինը նրան վստահում է հատուկ կարեւորության առաջադրանք` ֆինանսական միջոցներով ապահովել հեղափոխական շարժումները եւ ելույթները Եվրոպայում, ինչպես նաեւ արեւմտյան բանկերում բոլշեւիկյան առաջնորդների անվանական հաշիվներով խոշոր գումարներ դնել այն պարագայի համար, եթե Ռուսաստանում հեղափոխությունը պարտություն կրի: Այս հույժ գաղտնի գործողության կենտրոն է ընտրվում Շվեյցարիան, որտեղ 1918 թվականի սեպտեմբերին արդեն բացվել էր սովետական դիվանագիտական ներկայացուցչություն:
Ձերժինսկու հետ Շվեյցարիա է ուղեւորվում Համառուսաստանյան արտակարգ կոմիտեի (ՎՉԿ) կոլեգիայի անդամ եւ Համառուսաստանյան Կենտգործկոմի քարտուղար Վառլամ Ավանեսովը: Նրանց առաքելությունը եղել է հույժ գաղտնի, այդ մասին փաստորեն ոչ ոք չի իմացել: Ըստ ամենայնի, նրանք մեկնել են գաղտնի, քանի որ Արտասահմանյան գործերի ժողովրդական կոմիսարիատը նրանց անունով վիզա կամ որեւէ փաստաթուղթ չի ձեւակերպել: Հոկտեմբերին Ձերժինսկին հասնում է Շվեյցարիա, առնում է կնոջը, որ սովետական ներկայացուցչությունում աշխատում էր իբրեւ քարտուղարուհի, նրա հետ նաեւ որդուն եւ ուղեւորվում է Լուգանո առողջավայրը: Հավանաբար հենց այս հանգամանքն էլ առիթ եւ հնարավորություն է տվել սովետական պատմաբաններին պնդելու, թե Ձերժինսկին Շվեյցարիա է մեկնել խաթարված առողջությունը վերականգնելու նպատակով:
Լուգանոյում Ձերժինսկին, իհարկե, չէր բուժվում: Եվրոպայյում Ձերժինսկու շրջագայության արդյունքները երեւացին շատ շուտով` 1918 թվականի նոյեմբերի 9-ին գահից հրաժարվեց Վիլհելմ Երկրորդը, իսկ նոյեմբերի 11-ին Ավստրո-Հունգարիայում հեղափոխությունը տապալեց Հարսբուրգների միապետությունը: Ձերժինսկին եւ Վառլամ Ավանեսովը իրագործեցին Լենինի հանձնարարության երկրորդ մասը նույնպես եւ շուտով Եվրոպայի եւ Ամերիկայի բանկերում հայտնվեցին բոլշեւիկյան առաջնորդների բանկային հաշիվները` Տրոցկու անունով՝ 1 միլիոն դոլար եւ 90 միլիոն շվեյցարական ֆրանկ, Լենինի անունով՝ 75 միլիոն շվեյցարական ֆրանկ, Զինովեւի անունով՝ 80 միլիոն շվեյցարական ֆրանկ, Գանեցկու անունով՝ 60 միլիոն շվեյցարական ֆրանկ եւ 10 միլիոն դոլար, Ձերժինսկու անունով՝ 80 միլիոն շվեյցարական ֆրանկ:
Հ.Գ.-Ռուս համբավավոր գրող Յուրի Գերմանը մի գիրք ունի, որ կոչվում է «Պատմվածքներ Ձերժինսկու մասին»: Այդ գիրքը հայերեն թարգմանվել եւ լույս է տեսել,- չէր կարող լույս չտեսնել,- 1952 թվականին: Պատմվածքներից մեկում («Հայրը») Յուրի Գերմանը գրում է. «Երբեմն խոհրդակցությունից հետո Ձերժինսկին իր սեղանի վրա ծխախոտի թղթի մեջ փաթաթած երկու կտոր շաքար էր գտնում կամ ծրարով ծխախոտ, կամ թղթի մեջ մի կտոր սեւ հաց:
Երկրում սով էր, եւ Ձերժինսկին էլ բոլորի նման պակաս էր սնվում»:
Դե հիմա ձեր այս կարդացածը համեմատեք վերը կարդացածին ու համադրեք: Ռուս գրողները այսպես էին պատկերում ռուս բոլշեւիկներին, գովաբանում, փառաբանում ու երկինք էին հանում, հայ գրողներն էլ՝ հայ բոլշեւիկներին, որոնց թվում՝ նաեւ արյունարբու դահիճներ Ավիս Նուրիջանյանին եւ Գեւորգ Աթարբեկյանին: Այդպես էին խաբում եւ հիմարացնում ժողովրդին, այդպես՝ հրեշավոր ստի ու նենգավոր կեղծիքի, անպատմելի խաբեության ու խարդախության ամուր հիմքերի վրա ստեղծվեց կեղծիքի ու խաբեության, չարիքի ու բռնության անմեռ ու անմահ, համառորեն տեւող եւ շարունակվող կայսրությունը: