Հայաստանի հանրապետությունում հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ու գույքի օտարման եւ օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ: Համաձայն հիշյալ օրենքի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով: Օրենքում միաժամանակ նշված է, որ բացառապես անկանխիկ պետք է իրականացվեն նաեւ ֆիզիկական անձանց միջեւ 500.000 դրամը գերազանցող գործարքները, որոնց արդյունքում ձեռք բերվող գույքն էլ ենթակա է պետական գրանցման: Մասնավորապես սա նշանակում է, որ նշված սահմանաչափը գերազանցող բնակարանի եւ ավտոմեքենայի առք ու վաճառքի գործարքները կանխիկ եղանակով հնարավոր չի լինելու իրականացնել:
Տնտեսագետ Կարեն Սարգսյանն այն տեսակետին է, որ օրենքը թափանցիկ կդարձնի առեւտրային գործարքները՝ պարզելով, թե գումարն ինչ աղբյուրից գոյացավ, որտեղ ու ինչ նպատակի ուղղվեց: Ավելին, վերջինս նաեւ արդյունավետ գործիք կլինի «փողերի լվացման» դեմ պայքարում՝ պարզելով եկամուտների ծագման աղբյուրն ու դրա օրինականությունը :
Տնտեսագետը մասամբ է համաձայն այն տեսակետի հետ, թե նոր օրենքը հավելյալ գլխացավանք է ստեղծելու հատկապես մանր ու միջին բիզնեսով զբաղվողների համար: «Անկանխիկ գործարքները, այո, ենթադրում են որոշակի տեխնիկական ապահովման միջոցների կիրառում: Բացի այդ, քաղաքացին պետք է հաշիվ բացի, հաշվի սպասարկման վճարներ կատարի, փոխանցումների համար միջնորդավճար վճարի, քանի որ մի անձից մյուսին փոխանցումն անվճար չի լինում: Իհարկե մեկ գործարքի դեպքում սա մեծ գումար չէ, սակայն, մի քանի գործարքների դեպքում շոշափելի ծախս կլինի փոքր եւ միջին բիզնեսի համար:
Կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ անկանխիկ գործառնությունների համար շեմ սահմանվեր ոչ թե կոնկրետ 300 հազար դրամը, այլ ՀՀ նվազագույն աշխատավարձի որեւէ պատիկ, օրինակ, հնգապատիկը, քանի որ բարձր գնաճի պայմաններում 300 հազար դրամը, հնարավոր է, մի տարում էականորեն արժեզրկվել»,- ասում է տնտեսագետը:
Սարգսյանի կարծիքով՝ այս օրենսդրությունը եւ՛ ընդհանուր վերահսկողությունն է հեշտացնում, ե՛ւ թափանցիկ է դարձնում առեւտրային գործարքները՝ հասկանալու համար, թե գումարն ինչպես առաջացավ, ուր գնաց, ինչ շրջապտույտ գործեց, ե՛ւ, միեւնույն ժամանակ, ֆինանսական համակարգին է ավելի ձեռնտու. «Բանկերի մոտ արդեն ավելի շատ դրամական միջոցներ կլինեն, որոնք կուղղվեն տարբեր վարկային ծրագրերի ֆինանսավորմանը, եւ հնարավոր է՝ հետագայում մատչելի ձեւով վարկային գործարքներ արվեն: Եթե բանկում գումարը շատ է լինում, տոկոսադրույքները նվազեցվում են (իհարկե, այստեղ կա նաեւ ԿԲ-ի՝ տոկոսադրույքների վերաֆինանսավորման դերը)»:
Մեկ այլ տնտեսագետի՝ Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ պետք է կարեւորել տնտեսության մեջ անկանխիկ գործարքների ծավալների ավելացումը, քանի որ դա թույլ է տալիս կրճատել ստվերը, վերահսկել տնտեսական գործընթացները, ինչպես նաեւ ամբողջական տեղեկատվություն ստանալ տնտեսության մասին: Կառավարության այս որոշման համաձայն՝ այն գործարքները, որոնց արժեքը 300.000 դրամը գերազանցում է, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ փոխանցումով, քարտի միջոցով: Բայց ակնհայտ է, որ 300.000 դրամի շեմը շատ հեշտությամբ տնտեսվարողները կարող են շրջանցել, բնականաբար՝ գնորդի հետ համաձայնեցված:
«Հուլիսի 1-ից կտեսնենք, թե ինչ է կատարվելու: Կազմակերպությունները իրենց մոտ քարտով առեւտրի հնարավորություն ունենալու համար ստիպված են լինելու 40-50.000 դրամ գումար ծախսել, որպեսզի հատուկ տերմինալ ձեռք բերեն ու քարտով առեւտուր անելու հնարավորության ունենան: Իսկ դա փոքր բիզնեսի համար բավական մեծ գումար է: Նոր սերնդի ՀԴՄ-ները ունեն այդպիսի հնարավորություն, բայց իրենց մեջ պետք է չիպեր տեղադրվեն, իսկ այդ չիպերը Կենտորանական բանկը մինչեւ հիմա չի ներկրել Հայաստան»,- նշում է Պարսյանը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ