Միշտ հաճելի եւ ուսանելի է, երբ ընթերցողները թերթում տպված ինչ-որ նյութի վերաբերյալ միմյանց հետ առարկություն-բացատրություն են փոխանակում: Առավել եւս՝ երբ աշխատակիցներն են դա անում, ինչպես ներկա պարագայում:
Ստորեւ՝ հարգալից եւ ուսանելի երկխոսության մի օրինակ՝ «առարկություն-բացատրություն» ձեւաչափով:
Յարգելի Պարոն Գրիգոր Առաքելեան
Ես Ձեր «Իմաստասիրական բառարան»-ներու շարքը հետաքրքրութեամբ կը կարդամ, որովհետեւ անոնց մէջ ուսանելի բաներ կը գտնեմ: Վերջերս «Ի սկզբանէ էր գեներացումը» մի քանի անգամ կարդացի, սակայն լրիւ չկրցայ ըմբռնել: «Գեներացում» բառին արմատը «Գե՞ն» է, թէ ուրիշ բան: Բոլոր լեզուներով LOGOS-ը «խօսք» թարգմանուած է, իսկ հայերէնի մէջ «Բան» եւ «Խօսք» համարեա՛ միեւնոյն իմաստը ունին: Ինչպէս «Բան անել»ը մէջտեղ եկաւ՝ չհասկցայ: Այսինքն «խօ՞սք ընել», թէ՞ ուրիշ բան: Գալով «Ի սկզբանէ էր Բանը…» դուք կը զարմանաք որ երբ տակաւին մարդը չէ ստեղծուած ինչպէ՞ս խօսք կրնայ ըլլալ, պարզ է չէ՞, խօսողը մարդ չէ, Աստուած է. չէ՞ որ Աստուած ըսաւ՝ «Եղիցի լոյս» եւ խաւարը փարատեցաւ. սխալ բան չկայ:
Յարգանքներով՝
ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
Հարգելի պարոն Հակոբ Միքայելյան,
Շնորհակալ եմ գրառմանս մասին կարծիք հայտնելու համար:
Իրոք, Ձեր նշած շարքից իմ վերջին գրառման տրամաբանական շղթան բավականաչափ աղճատված էր, որի համար հայցում եմ Ձեր եւ մյուս ընթերցողներիս ներողամտությունը:
Իրականում ասելիքիս մեջ սարկազմը մի քիչ անհամաչափ էր: Ես ինչ-որ չափով օտարաբանություններին դեմ եմ, եւ վերջին շրջանում ականջս սղոցող «գեներացում» բառի համար շատ էի նեղվում: Նեղվում եմ նաեւ բարձր ամբիոններից հաճախ «բան», «բան անել», «բանի համար», «բան-ման» բառային միավորների անհարկի կիրառության համար: Եվ հանկարծ մտածեցի՝ թե՛ «գեներացումը» եւ թե՛ «բան»-ը, նախադասության մեջ կորսյալ բառերը լրացնելու առումով, շատ նման են միմյանց:
Իմ թերացումն այն էր, որ Ավետարանական ճշմարտության մեջ «LOGOS» բառի հայերեն ճշգրիտ թարգմանությունը պատրվակ դարձնելով, փորձեցի քննադատական խոսքս կառուցել, իմ պատկերացմամբ, թվացյալ «սրամիտ» խոսքերիս վրա:
Ինչ վերաբերում է «Ի սկզբանե գոյություն ունեցող խոսքին», ապա իմ ելակետը եղել է լեզվաբանությունը, համաձայն որի՝ «խոսքը հաղորդակցման համակարգ է», որը ժողովրդական բացատրությամբ նշանակում է՝ «ասողին լսող է պետք»: Ես դժվար եմ պատկերացոնւմ, թե Աստված ո՞ւմ է ասել «Եղիցի լոյս» եւ ո՞վ է կատարել խավարը լույսի վերածելու աստվածային հրահանգը: Իրոք, դժվար եմ պատկերացնում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ հայերը « ճիշտ են թարգմանել «LOGOS» բառը, ընտրելով «ԲԱՆ» հոմանիշը, որը նաեւ նշանակում է «ԲԱՆականություն»: Ուստի, աստվածային ճշմարտությունը, ըստ իս, հայերենով պետք է լինի «Ի սկզբանե էր ԲԱՆականութիւնը եւ ԲԱՆականութիւնը Աստուծոյ մօտ էր, եւ ԲԱՆականութիւնը Աստված էր»:
Հարգանքով՝ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ