Բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 75-ամյակը
2022-ը հոբելյանական է բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի համար: Իր ապրած յոթանասունհինգ տարիներից առնվազն հիսունհինգը նա նվիրել է բանաստեղծությանը: Սյունյաց Դավիթ-Բեկ աննկուն բնակավայրի ծնունդ բանաստեղծն իր գրական անդրանիկ գործերը ներկայացրել է Պարույր Սեւակին եւ վերջինիս գովասանքի ոգեւորիչ խոսքն ու խորհուրդն ունեցել՝ որպես իր ողջ պոետական ճանապարհի ուղենիշ: Առաջին գիրքը՝ «Մենախոսությունը», լույս է տեսել 1980-ին, հաջորդը՝ «Վերադարձ» խորագրով՝ յոթ տարի անց: Պահ թվացել է, թե լրագրողի ու խմբագրի աշխատանքը (1996-ին հիմնադրել եւ խմբագրել է «Սյունիք» տպագիր պարբերականը) հեռացրել են իրեն գրական բուռն ընթացքից: Սակայն թվացյալ «պարապուրդին» հաջորդել է գրական բեղուն գործունեությունը, որոնց արգասիքն են իր «Անվերջ սկիզբ», «Անհնարին զրույց», «Որպես լույս ու խիղճ» ժողովածուները, «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի» պոեմը, նաեւ ֆրանսերենով, ռուսերենով («Ժամանակների ժամադրություն»), վրացերենով («Բաց նամակ»), լեհերենով («Աստանդական սիրտը»), բուլղարերենով («Հոգու շառավիղներով») գրքերը: Ընդհանուր առմամբ, Գագիկ Դավթյանի ստեղծագործությունները թարգմանվել են տասներեք լեզուներով՝ ներառյալ սերբերենը, պարսկերենը, անգլերենը, գերմաներենը, ղազախերենը, չինարենը… Ինքն էլ հեղինակն է հրաշալի թարգմանությունների, որոնք լույս են տեսել առանձին գրքերով կամ անթոլոգիաներում՝ Տասոս Լիվադիտիս, Մաղվալա Գոնաշվիլի, Ռաբինդրանաթ Թագոր, Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Բլոկ, Ցիպրիան Կամիլ Նորվիդ, եւս մի քանի տասնյակ անուններ… ՀԳՄ անդամությանն իր ստեղծագործության եւ թարգմանական արվեստի շնորհիվ գումարվել են անդամությունը Վրաստանի գրողների ստեղծագործական միությանը, Բուլղարիայի Անկախ գրողների միությանը, Աշխարհի բանաստեղծների շարժմանը: Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր (2014), պարգեւատրվել է Պոեզիայի եւ արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալով եւ այլն: Բայց իր համար, թերեւս, ամենից թանկը Կապան քաղաքի պատվավոր քաղաքացիությունն է. Գ. Դավթյանի տողերով է գրվել Սյունյաց հիմներգը:
Բանաստեղծի հոբելյանն, ինչ-որ տեղ, նրա ստեղծագործական ուղին ամբողջացնող հերթական հանգրվան է, իրեն նորովի բացահայտելու միջոց, իր անձի ու գործի արժեւորման արար: Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ընտրանին վերընթեռնելով՝ գտա այն աղոթարար տողերը, որ ինքնարժեւորման հետ պարունակում են ինքնանվիրման, ինքնակեղեքման միջոցով կատարելության հասնելու ձգտման գաղափարները: Մեջբերեմ դրանք՝ իբրեւ նրա պոեզիայի Հայր մեր…
…Ա՛ռ ինձ,
ինչ-որ մի հրաշքով քար դարձրու,
անտաշ մի քար հսկայական աչքից հեռու,
ինչ-որ դաշտի եզրին ընկած,
եւ թող,
որ ես իմ դեմ ծնկած
քավեմ մեղքերն այս ծվատող
եւ հոլովեմ իմ այս ճամփան
լուռ ու հլու,
սրբագործված ոտքից-գլուխ
եւ մաքրված հոգով-սրտով
ոխ ու քենից…
այժմ եւ միշտ,
հավիտյանս հավիտենից…
Իր անձի ներքին մաքրագործման ճանապարհը հասցեագրված է մարդկությանը, ոգեղենության հորդոր է, աղերս: Սա իր հորդոր-աղերսների շարքից է՝ «Թողության աղերսը»: Բնության պատկերներին միահյուս մի աղերսն էլ ներմանն է, թախծության նվագ է՝ ափսոսանքներով: Իր «մեղա»-ներն աստղաշշուկ են, արահետներին, թփերին փռված…
Ի՞նչ են շշնջում
արդյոք թփերն այս արահետներին,
անվերծանելի
այս ի՞նչ բառեր են փսփսում անվերջ,
ինչ-որ թախիծ է
աստղոտ երկինքը
մաղում իր վերից
արահետներին,
թփերի վրա
եւ իմ սրտի մեջ…
Սիրուն հրաժեշտին հաջորդում են աղերսներ՝ ցանկալիին հասնելու ըղձանք – օրհնության («Ախ, եթե գայիր եւ մոխրի տեսքով, օրհնության տեսքով իջնեիր վրաս»), նաեւ բարի կամքի ու հավատի՝
«Կամեցեք բարին, բարեկամներս,
եւ բարի կամոք
դուք այս լեռներին պարգեւեք թեւեր,
որ երբ ուզենան,
գոնե մի անգամ կյանքում վեր թեւեն,
պարգեւեք թեւեր, բարեկամներս,
եւ հավատացեք
ձեր բարի կամքի զորավոր ուժին,
պարմանու համար առավոտները
իրենց բացվելու ժամն են մոռացել…»:
Լինի սիրո երգ թե հայրենիքի, բնությանը ձոն թե իմաստնախոսություն,- պարունակում են հեղինակի խորհրդածություններն ու հորդորները, ուստի խոհականությունն է ամենից ավելի բնորոշիչ նրա բանաստեղծական արվեստին: Նրա խռովքները, խորհրդածություններն ընդմիջվում են բնության հանգստավետ պատկերներով, որ քնարական պոեզիայի չքնաղ նմուշներ են: Նրանցում արձանագրված են արշալույսների պաղն ու ծովի նվագները.
«Քնկոտ աչքերով արշալույսը պաղ
թափանցիկ, աննյութ մառախուղներից
պսակ է հյուսում լեռնապարերին…
Օդը հավատի փառաբանության
մեղեդիներ է նվագում նորից
ճառագայթների շեկլիկ լարերին…
Թպրտում էին ողջ գիշերն ի լույս
ծովի խորքերում աստղերը սուզված,
եւ հիմա պառկած
օրորոցի մեջ լեռնապարերի
անքուն աչքերով ծովն ալեհուզված
թելում է դանդաղ իր ալիքներին
ճառագայթների շեկլիկ լարերը…»:
Բնության նման վերակենդանացումներ, գեղապատկերներ Գ. Դավթյանն ունի թե՛ առանձին բանաստեղծություններում, թե՛ խոշոր կտավի այնպիսի գործում, որն է «Վարք Բաբիկի» պոեմը:
Թեեւ կարծիք կա, թե ասքերի արարման ժամանակները վաղուց անցել են, սակայն Գ. Դավթյանը «Վարք Բաբիկի» ասք-ավանդավեպով ստեղծել է պատմական բանաստեղծության մի նմուշ, որ պատկանում է վիպերգական ժանրին՝ իրենում հարակցելով իրական դեմքերի ու դեպքերի նկարագիրն ու առասպելը: Բանաստեղծը զգացել է մեր ժամանակներում ծագած անհրաժեշտությունը՝ հերոսականության եւ հայրենիքին նվիրվածության նոր օրինակներ տալու: Տասնվեցդարյա վաղեմության պատմական դրվագները գեղարվեստական խոսքի ուժով եւ լայն ծավալով ու խորությամբ լուսաբանելով՝ կենդանի կերպով ներկայացրել է այն հերոսներին, որոնք, չնայած դժնի դարերի բերած աղետներին, ավերումներին ու օտարների արշավանքների խորշակից բնակավայրերի դատարկվելուն, հուսաբեկ չեղան, չհաշտվեցին օտար տերությունում փափուկ ու ապահով կյանք վարելու հեռանկարի հետ, պարտքի ու պարտականության զգացումի դրդմամբ ընտրեցին սեփական անձը վտանգելու գնով հայրենի արժեքները վերադարձնելու, ամոթի ու ծաղրի խարանը վերացնելու, մայր հողի վրա կյանքի եւ արարելու իրավունք ձեռք բերելու ուղին: Ահա սրա մասին է Գագիկ Դավթյանի պոեմը: Հեղինակը հայրենի բնության եւ բնակավայրերի գեղեցկության, փառքի ու պանծանքի երգիչն է, ինչով շարունակում, զարգացնում է Սյունաց աշխարհին ձոնված իր այլ բանաստեղծական տողերի տրամաբանությունը: Բնությունն ու Սյունաց աշխարհի բնակավայրերը շնչավորված հերոսներ են, որ մղում են գործողությունների եւ բախտորոշ որոշումներ կայացնելու:
Նա մեզ մտովի տեղափոխում է դեպի Բաղաց «պնձե խոշոր» լեռների կիրճեր, «անզորությունից վրեժխնդրության» «ափապուրծ եղած» Ձորքի գետեր, Կովսականի «գիշերվա խորքում մեղմիկ հառաչող» Սոսյաց անտառներ, «աստանդական հողմերի լալյաց երգերի» շառաչյունով Սոդք, «Սիսական տոհմի հեղած արյամբ բարբառող» Երնջակ, դեպի Կապճյուղ եւ Խուստուփ լեռներ., այլուր…
Խոսելով բանաստեղծ Գ. Դավթյանի մասին՝ չեմ կարող շրջանցել իր թարգմանական արվեստը, քանի որ դրանք իր պարագայում , իմ տպավորությամբ, միահյուս են: Երբեմն դժվարանում եմ նրա թարգմանություններում տարանջատել հեղինակին թարգմանչից, այնքա՜ն են օտարալեզու գրողների գործերը ներքնապես ապրված եւ հայոց լեզվի կանոնականությանը հարազատ թարգմանված:
Հայ ընթերցողին Գ. Դավթյանը ներկայացնում է օտարազգի բանաստեղծներին բարձրարվեստ թարգմանությամբ, որոնցում պահպանվում են հեղինակային տեքստերի զգայականության շերտավորումը, գտնվում են բառին ու տողին համահունչ հոմանիշներն ու տոնայնությունը:
Գ. Դավթյան գրողի հետ իմ հեռակա ծանոթությունը կայացել է 2014-ին՝ իր թարգմանած գրքերից մեկի ընթերցմամբ: Սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի «Ներիր հրեշտակ» գիրքն էր. թարգմանության մեջ՝ ոչ մի արհեստականություն, ոչ մի կեղծ սարքված բառ, հանգ ստանալու համար շրջասույթի կամ այլ հնարքի որոնման ջանքի հետք: Ամեն ինչ այնքան սահուն էր, չեմ սխալվի, եթե ասեմ՝ հայեցի (հայերենի բառապաշարի դիպուկ, տեղին գործածության իմաստով): Հզո՛ր աշխատանք է դավթյանական թարգմանությամբ Թագորի գիրքը: Գրական անծայրածիր անդաստանից քաղված այլալեզու հեղինակների գործերի թարգմանիչն իր բանաստեղծական բարձունքին է՝ դրանք հայալեզու դարձնելիս, ու նրա արվեստի որակի մասին կարելի է դատել նաեւ, եւ հատկապե՛ս, իր թարգմանություններով:
«…Աշխարհ գալով ինչ-որ մի մեծ բան ենք շահել…»,- գրում է Գ. Դավթյանն իր բանաստեղծություններից մեկում: Վերաձեւակերպելով այս միտքը՝ ասեմ, որ հանրությունը, մենք շահում ենք՝ արվեստի, գրականության բարձր արտահայտություններին առնչվելով, եւ այդ արտահայտություններից են Գագիկ Դավթյանի շատ քերթվածներ եւ թարգմանությունների բազում էջեր:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ