Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան լուրը պաշտոնապես հաստատվել է:
ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո ձեւավորված լարված ժամանակաշրջանում՝ փետրվարի 28-ից մինչեւ Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր առաջնորդ ընտրվելը, Լարիջանիի դերը Իրանի իշխանական համակարգի միասնականության պահպանման գործում գնահատվում է որպես բացառիկ:
Իրանի իսլամական հեղափոխության ավանդույթներին հավատարիմ քաղաքական գործիչ Ալի Լարիջանին 2026 թ. մարտի 17-ին, իր որդու՝ Մորթեզայի հետ միասին, զոհ դարձավ Իսրայելի իրականացրած հարձակմանը:
Լարիջանին իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1981 թվականին՝ որպես Կենտրոնական լրատվական բաժնի ղեկավար, իսկ մեկ տարի անց միացել է Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսին: 1980-ականների վերջում նա զբաղեցրել է իրավական եւ խորհրդարանական բարձր պաշտոններ:
1994-2004 թվականներին Լարիջանին ղեկավարել է Իրանի պետական ռադիո-հեռուստատեսությունը՝ զգալի ազդեցություն ունենալով երկրի մեդիա դաշտի ձեւավորման վրա:
Այնուհետեւ նա միացել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին եւ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին ստանձնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների պատասխանատվությունը:
Հետագայում Լարիջանին ընտրվել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ղոմ քաղաքից եւ 2008-ից մինչեւ 2020 թվականը երեք անընդմեջ ժամկետով զբաղեցրել խորհրդարանի նախագահի պաշտոնը:
Թեեւ նա մոտ էր պահպանողական շրջանակներին, սակայն հայտնի էր նաեւ իր չափավոր մոտեցումներով եւ կարեւոր դեր է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի ընդունման գործընթացում:
Հատկապես կյանքի վերջին տարիներին Ալի Լարիջանին Իսլամական Հանրապետության բարձրաստիճան գործիչների շրջանում հայտնի էր իր «պրագմատիզմով»: Սակայն այդ պրագմատիզմն առավելապես դրսեւորվում էր երկրի գաղափարախոսության ձեւավորման եւ պետական քարոզչության ոլորտում:
Նրա ազդեցիկ դերը նկատելի էր ռազմավարական մի շարք ուղղություններում՝ Իրանի միջուկային ծրագրից մինչեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում Իրանի աջակցությամբ գործող զինված խմբերի կառավարման հարցերից մինչեւ օրենսդրական գործընթացներ:
Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:
Մեջլիսի նախագահի պաշտոնում Լարիջանին 2010 թ. հոկտեմբերին այցելել է Հայաստան եւ նշանակալի ներդրում ունեցել երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Երեւան այցի ընթացքում, ԵՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, հայ-իրանական տնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար նրան շնորհվել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Լարիջանին խորհրդարանի նախագահի պաշտոնում հանդիպումներ է ունեցել Հայաստանից Իրան այցելած բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Որպես Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ նա հանդիպել է նաեւ Թեհրան այցելած իր հայ գործընկերոջը՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: ՀՀ ԱԽ գրասենյակի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում գործընկերության եւ անվտանգության զարգացման հարցեր:
Հայկական կողմի հետ Լարիջանիի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել այս պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Թեհրան կատարած այցի շրջանակում:
Իր վերջին հանրային ելույթում նա մասնակցել է Երուսաղեմի համաշխարհային օրվա երթին եւ կոշտ դիրքորոշում արտահայտել ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների վերաբերյալ:
Իր հայտարարություններից մեկում Լարիջանին նշել էր, որ Իրանը վրեժխնդիր կլինի իր առաջնորդի արյան համար: Նա նաեւ պաշտոնապես պաշտպանել է Իրանի հարձակումները ամերիկյան բազաների վրա՝ ընդգծելով, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն պարտադրված պատերազմի դեպքում չի նահանջի:
Տարածաշրջանում լարվածության սրման պայմաններում Լարիջանիի սպանությունը, որպես Իրանի նոր առաջնորդի մերձավոր շրջապատի առանցքային դեմքերից մեկի, զգալի վակուում է առաջացրել երկրի որոշումների կայացման համակարգում:
Կյանքի վերջին շաբաթներին՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ սրված ճգնաժամի պայմաններում, նա շարունակել է նախկին առաջնորդի քաղաքական գիծը՝ մեղադրելով այդ երկրներին Իրանը «թալանելու եւ քայքայելու» փորձերի մեջ եւ հայտարարելով, որ Թեհրանը չի բանակցելու Վաշինգտոնի հետ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, իրանում ՀՀ նախկին դեսպան





