Ֆրանսիայի Սենատի որոշումը հրճվանքով դիմավորվեց Հայաստանում շատերի կողմից, միայն քչերն էին վերապահ, նույնիսկ մտահոգ։ Պատճառը մտահոգության՝ Սենատի որոշման գործադրման մշուշոտ, բազմաթիվ հարցականներով խճողված հեռանկարը։ Մանավանդ որ այդ որոշմանը նախորդել էր Բաքվին ուղղված Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կոչը՝ անհապաղ հետ քաշել իր զորամիավորումները այսպես կոչված վիճելի տարածքներից եւ շփման գծի երկայնքին տեղակայել եվրոպական խաղաղապահ ուժեր՝ առանց բացառելու ֆրանսիական ռազմուժի մասնակցությունը այդ առաքելությանը։
Իսկ ինչ վերաբերում է Սենատի որոշմամբ խանդավառվողներին, մի կողմ թողնելով երդվյալ արեւմտամետներին, Հայաստանում եւ ամբողջ հայ աշխարհում տիրապետող կարծիքն այն է, որ Ռուսաստանը որպես դաշնակից չարեց այն, ինչը ակնկալվում էր, ըստ ոմանց՝ նույնիսկ պարտավո՛ր էր անել 44-օրյա պատերազմի օրերին եւ այնուհետեւ՝ սողացող պատերազմի ողջ ընթացքում, ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի Հանրապետության։ Հետեւաբար, փոխարենը, ֆրանսիական նախաձեռնությունը ողջունելի է։
Վերադառնալով այդ նախաձեռնությամբ մտահոգ շրջանակներին, որոնք, ինչպես ասվեց, մեծ թիվ չեն կազմում, հարկավոր է լսել նաեւ նրանց առարկությունները, քանզի դրանք անմիջականորեն վերաբերում են Անդրկովկասում տիրող ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական բարդ իրավիճակին ու դրա հնարավոր ու վտանգավոր հեռանկարին՝ հատկապես մեր երկրի համար։
Առաջինը, որ մտահոգում է նրանց, Ֆրանսիայի աշխարհաքաղաքական խոշոր դերակատար դառնալու նկրտումներն են մեր տարածաշրջանում, որոնք բախվելու են մի կողմից՝ թուրանականության դրոշակակիր Թուրքիայի նկրտումներին, մյուս կողմից՝ տարածաշրջանում ավանդաբար հեգեմոն դիրք վայելող Ռուսաստանի շահերին։ Արդեն Ֆրանսիան սրված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ միջերկրածովյան արեւելյան տարածաշրջանում, եւ մեկ անգամ չէ, որ Մակրոնն ու Էրդողանը հրապարակավ հայհոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին։
Երկրորդ՝ որոշ փորձագետների համար վախեցնող է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեյք Սալիվանի հայտարարությունն այն մասին, թե «Վիճելի տարածքներ զորքեր ուղարկելը անպատասխանատու քայլ եւ չարդարացված ու գրգռիչ ակտ է»։ Սա նշանակում է, թերեւս ավելորդ է մեկնաբանել, Մ. Նահանգները դեմ են տարածաշրջան զինուժ ուղարկելուն, դա համարելով ռազմական բախումներ հրահրող։ Բացի այդ, մեր կողմից դիտված, նման քայլը առ ոչինչ կդարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետագա գոյությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեզ համար ընդունելի, թերեւս միա՛կ ընդունելի բանակցային հարթակ։
Վստահաբար ԱՄՆ պետքարտուղարության վերոհիշյալ հայտարարությունը սրտովն էր եռանախագահ մյուս երկրի՝ Ռուսաստանի համար, որը ռազմաբազա, սահմանապահ զորք ունի Հայաստանում եւ խաղաղապահ զորախումբ՝ Արցախում։ Անդրկովկասում ավելի քան 200 տարի միանձնյա տիրապետած Ռուսաստանը 44-օրյա պատերազմին փաստորեն խախտել է այդ՝ եթե կարելի է ասել՝ օրինաչափությունը եւ թույլ է տվել թուրքական ռազմաստրատեգիական ներխուժում, որի առկայությունը ներկա պահին, Ուկրաինայի հետ կործանարար պատերազմից թուլացած Մոսկվան ստիպված է հանդուրժել, բայց մինչեւ ե՞րբ։ Ահա սա՛ է առարկողների երրորդ՝ ամենագլխավոր մտահոգությունը, որը փարատելու հնարավորություն ոչ ոք չունի, առայժմ։ Մանավանդ որ ազդեցության համար մրցավազքը դեռեւս շարունակվում ու սաստկանում է տարածաշրջանում՝ հին եւ վերահաս նոր վտանգներով հղի։
Իրերի այս կացության մեջ մեր երկրից պահանջվում է լրջորեն պատրաստվել դիմագրավելու բոլոր փորձությունները, չցատկոտել դիվանագիտական տարբեր բավիղներում եւ ամեն գնով աշխատել վերականգնելու Մինսկի խմբի եռանախագահության գործունեությունը՝ այդ գործում ներգրավելով բարեկամ երկրներն ու միջազգային հարթակները։
Թշնամական, փորձանավոր ներկա պայմաններում շտապողականությունը հակացուցված է։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ