«Ղարաբաղ (Աղդամ Qarabag Agdam )» – «Բայեր Լեւերքուզեն» ֆուտբոլային խաղից առաջ հանրահավաքի մասնակիցների պահանջը
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին ժամը 19-20.30-ին Եվրոպայի լիգայի՝ ադրբեջանական «Ղարաբաղ (Աղդամ Qarabag Agdam )» – «Բայեր Լեւերքուզեն» ժամը 21-ին սկսվող խաղից առաջ, Լեւերքուզենում BayArena մարզադաշտից ոչ հեռու բողոքի հանրահավաք էին հրավիրել հանրահայտ երգիծական “DIE PARTEI” կուսակցությունը՝ տեղական ձախակողմյան քաղաքական գործիչների, հայ համայնքի հետ՝ ուշադրության առանցքում պահելով ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումը:
«Համերաշխություն Լեռնային Ղարաբաղի հետ» վերտառությամբ հանրահավաքը ոստիկանների հսկողությամբ էր անցկացվում, ինչը ենթադրել է տալիս, որ ադրբեջանցի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները ձեռնպահ կմնան վայրագ գործողություններից:
Գերմանական WDR-ը հանրահավաքի առիթով անդրադարձել էր Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանը, 120 000 հայերի բռնագաղթին՝ ծանուցելով, որ հանրահավաքին ակնկալվում է 500 մասնակցի ներկայություն: Լրատվամիջոցը իրազեկել էր, որ Լեւերքուզենին մերձակա Քյոլնում ամենամեծ՝ 6000 հայ անդամ ընդգրկող համայնքն է, հետեւաբար նրանք ներկա են լինելու՝ դատապարտելու ադրբեջանական հարձակումը: Մանուշակ Նարիմանյանը, որ 1990- ականներին ընտանիքի հետ փախել է ԼՂ-ից, 2011 թվականից Քյոլնում է ապրում և ատամնաբույժ աշխատում, համաշխարհային հանրությանը մեղադրում է անտարբերության համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ղարաբաղ» ակումբը նույնպես պաշտպանում է ադրբեջանական ռեժիմի շահերը, հանրահավաքի կազմակերպիչները մեղադրում են քաղաքին, որ չի ապրումակցվում Հայաստանին, այդ երկրին պատերազմի հասցրած տառապանքին անհաղորդ է: Նույնը չէ Իսրայելի կամ Ուկրաինայի պարագայում, մեկնաբանում է WDR-ը՝ հաղորդելով, որ Եւրախորհրդարանը շաբաթներ առաջ դատապարտել էր Ադրբեջանին՝ ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու համար, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել ոճրագործ պետության դեմ: Նույն պահանջն է ներկայացնում նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, ինչպես նաեւ հանրահավաքին մասնակից բոլոր խմբերը: ԳԿԽ-ի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը պահանջում է «պատժել կատարողներին: Բանաձեւի փոխարեն պատժամիջոցներ, քանզի Ադրբեջանը զավթել է հայկական տարածքները»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ