2022 թվականի մայիսի 20-ին «Ազգ»ում ծանուցել ենք, որ մարտին Բեռլինում լույս է տեսել գերմանացի թուրքագետ, Ադրբեջանի մշակութային ժառանգության անխոնջ քարոզիչ դոկտոր Միշայել Ռայնհարդ Հեսսի (Michael Reinhard Hess) «Շուշիի ժառանգությունը. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի պատմությունն ու զարգացումը» գիրքը։ Հեղինակն անշուշտ նախընտրել է քաղաքի անվանման ադրբեջանական ձեւը։ Հեսսն այս հրատարակությամբ «վկայում է», թե «Շուշին ադրբեջանցի ժողովրդի ժառանգությունն է ոչ միայն միջազգային իրավունքի եւ քաղաքական տեսակետից, այլեւ՝ իր գրական, մշակութային եւ ազգագրական հենքով»։ «Ազերթաջի» հուլիսի 5-ի գերմաներեն տարբերակից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի փախստականների եւ տեղահանվածների հարցերով զբաղվող կոմիտեն գրքի շնորհանդեսն է կազմակերպել Բաքվում։ Հեղինակին պաշտոնական ընդունելության է արժանացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ տարբեր պաշտոնյաներ խրախուսել եւ հանձնարարել են առաջիկայում գիրքը տարբեր լեզուներով հրատարակել, առաքել արտերկրի դիվանագիտական հաստատություններ, գրադարաններ, համալսարաններ։ Հեսսը կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաեւի առաջնորդությամբ հանդիպել է Շուշիից բռնի տեղահանված 80-ամյա գերմանուհի Իրմա Վեբերին, որ հարկադրված է եղել 1992-ին լքել Շուշին, այնուհետ Բաքվում այցելել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Առաջին անգամ է, որ ադրբեջանական պետական գործակալությունը հիշատակում է Բաքվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գոյության փաստը՝ առանց նշելու անշուշտ «սուրբ» եւ «հայկական» բառերը։ Հիշյալ աղբյուրը հրամցնում է մի լուսանկար, որ փաստացի ներկայացնում է դրա գոյության վկայությունը։ Ինչպե՞ս է պատահել, որ ադրբեջանցիները գերմանացի թուրքագետ պրոֆեսորին ուղեկցում են հայկական եկեղեցի եւ դրա մասին հպանցիկ ազդարարում։ Պատահակա՞ն է այս այցելությունը, դրա մասին շեշտադրումը։ Մեր կարծիքով, Բաքուն այնքան մանրակրկիտ է մշակել իր ռազմավարությունը, որ պետական գործակալության մի քանի օրերի՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով լրահոսն ուշադիր վերլուծելով, բնավ դժվար չէ ենթադրել, թե ինչու հենց այս պահին դրա հիշատակումը կարեւոր համարում։
Գերմանացի այս գիտնականի ֆեյբուքյան սոցիալական էջից նկատելի է դառնում, որ նա էլ կարեւորել է Գրիգոր Լուսավորիչ այցը՝ այն փաստական դարձնելով լուսանկարների հավաստմամբ։ Հեսսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ռուսալեզու «Հաքքին.ազ»-ի անդրադարձը նաեւ որն արձանագրում է, թե գերմանացի գիտնականը այցելել է «Բաքվի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի»։ Ինչպես ծանուցում է հիշյալ լրատուն, «եկեղեցու մասին տեղեկությունը հյուրին է փոխանցել նախագահական գրադարանի տնօրեն Մաիլ Ահմեդովը։ Նա հաղորդել է, որ եկեղեցում պահվում է հայկական հազվագյուտ գրականություն եւ ավանդական ֆոնդ»։ Լրատուն հաղորդում է, թե Հեսսն այնուհետ այցելել է Բաքվի գերմանական ավետարանական լյութերական տաճար։
Պաշտոնական Բաքուն միշտ ներկայացրել է, թե հանդուրժողականության օրրան է Ադրբեջանը, տարբեր մշակույթների, դավանանքի հանդեպ սեր եւ հարգանք է տածում, իսկ Բաքվի՝ հայկական եկեղեցու անխախտ գոյության այս ցուցքը ոչ այլ ինչ է, քան Շուշիում, Ադրբեջանի տիրապետությանն անցած Արցախի հայկական ժառանգության ոչնչացման փաստին հակադրող իրողություն։ Կամ՝ հայկական ժառանգության ոչնչացման մասին բարձրաձայնողների հանդեպ կասկած հարուցող։ Կարեւոր է նաեւ ընտրված պահը՝ միջազգային բառեզրով՝ թայմինգը։
Սա հրապարակ նետել այն ժամանակ, երբ ադրբեջանցի 102 մտավորական նամակ է հղում ՅՈՒՆԵՍԿՕ՝ «Արեւմտյան Ադրբեջանում՝ Իրեվանում ադրբեջանական մշակութային ժառանգության մաս հանդիսացող Թափաբաշին» մշակութային ցեղասպանությունից փրկելու խնդրագրով։
Հայաստանի լռության պատն անխոցելի է, ծպտուն չկա, եւ ճեղք չի տվել Արցախը յուրացնելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, Ադրբեջանի ահաբեկչությունը դատապարտելու՝ պաշտոնական Երեւանի, իմա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համերաշխության դաշինքը, որ կնքել են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սեփականից գերադասելու առերեւույթ խոստմամբ։ Ադրբեջանցիները չափազանց են սիրում իրենց լեզուն, մանավանդ, երբ խոսքը աշխարհագրական տեղանուններին է վերաբերում, մեկ անգամ ծանուցում են, որ հայերը Կոնդ են անվանում քաղաքի կենտրոնի թաղամասը, այնուհետ հավատարիմ մնում թե՛ դրա, թե՛ մեր մայրաքաղաքի ադրբեջաներեն տարբերակին, որն անշուշտ մեր որեւէ շարադրանքում չենք կիրառելու, այդու՝ քարոզելու։
Երեւանի՝ 2006 թվականի գլխավոր հատակագծում, ըստ «Ազերթաջի», 6 տարածք կա, որ ադրբեջանական ճարտարապետության նմուշ ունի, որ ներկայացված է իբրեւ պարսկական։ Այդ թվականին այդ տարածքի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է կազմել։ Այսօր պահպանված է 16 հեկտարը (նկատի ունի Կոնդում-Ան.Հ.), շեշտում է գործակալությունը՝ նպատակ հետապնդելով ցույց տալ Հայաստանի՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման փաստը։ Հուլիսի 5-ին Բաքվի «Գյուլիստան» կենտրոնում կայացել է Կոնդի եւ Երեւանի ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ գրքի շնորհանդեսն ու դրա քննարկումը, որին ներկա են եղել նաեւ տարբեր երկրների դիվանագետներ։
Փաստորեն Բաքուն, հայկականը ժխտելով, ինքնապահպանման համար գլխավոր է համարում նաեւ պարսակականի բացառումը։
Այս շեշտադրումն Ադրբեջանն այնքան հոծ գծով է ներկայացնում, որ թվում է, թե այն հատուկ, նոր մարտահրավեր է Հայաստանի իշխանություններին։ Մի երկրի, որի ժողովուրդը չի ծամում իր պարտությունը, ընդհակառակը՝ ճպճպացնելով խժռում է վարչապետի մատուցած խորովածը՝ խաղաղության օրակարգը, որի թեժ կրակը Բաքուն երբեք մարմանդ չի դարձնում, հետեւաբար՝ սնվել այդ օրակարգով նշանակում է ինքնահրկիզվել։ Պաշտոնական Երեւանը հրշեջ չունի, ապավինում է միջազգային հանրության մարդասեր եւ մշակութասեր, արդարադատ վարկին, որ անձրեւ կուղարկի։ Ալիեւն իր հաղթանակից ոգեւորված է այնքան, որ նրա մտքի սահմանն անսահման է դարձնում իր երկրի տարածքը՝ Հայաստանն անվանելով Արեւմտյան Ադրբեջանի տարածք, ինչպես ձեւակերպում է պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը։ Եւ Բաքվից ամեն անգամ հաջորդ արարն են հրամցնում Երեւանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «Շուշին՝ Ղարաբաղի մարգարիտը» եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Շուշին դժբախտ եւ դժգույն» պատկերները ավելին են, քան պահի մեջ ձեւակերպված արտահայտություններ, որ հուզական երանգավորում ունեն։ Դրանք խորհրդանիշներ են, որոնց վերծանումը հատուկ ջանք չի էլ պահանջում։ Առաջինն ամենօրյա աշխուժությամբ լրահոս է ներմուծում այդ քաղաքում կազմակերպվող միջազգային տարաբնույթ միջոցառումների մասին տեղեկույթը, հաստատելով, որ Ադրբեջանն է խեցու՝ Ղարաբաղի տերը, իսկ դրա մեջ զետեղված մարգարտի փայլը կարող են տեսնել միայն իսկական տերերը, որ հոգ են տանում մշակութային «ոչնչացման» եզրին հայտնված այն ժառանգության մասին, որ «օտարողների» կամ «օկուպանտների» բառապաշարում «դժգույն ու դժբախտ» ձեւակերպումն է ստացել։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա