-Պատկերացրեք մի երեխայի, որն ապրում է Հայաստանի գյուղերից մեկում, եւ իր հովանավորին չճանաչելով՝ ամիսը մեկ անգամ ստանում է սննդօգնության փաթեթ: Երբ ունենում է ատամի ցավ, կարողանում է դիմել եւ ստանալ ատամնաբուժական աջակցություն, երբ ունենում է հոգեբանական խնդիրներ, հոգեբանը նրան օգնում է,- այսպես խոսեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը, կազմակերպության գործունեության մասին, ապա հավելեց, որ այդ ամենն անհնար կլիներ առանց իրենց գործընկերների:
Դեկտեմբերի 6-ին «Երիտասարդ լրագրողները հանուն ժողովրդավարության» դասընթացի մասնակիցները այցելեցին «Հույսի ավան» թաղամասում գտնվող «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ, տեղում ծանոթացան կազմակերպության ծրագրերին, խոսեցին շահառուներից մի քանիսի հետ, ապա շրջեցին թաղամասում եւ տնայցերի միջոցով ծանոթացան նաեւ բնակիչների հետ:
Հակոբ Ջամբազյանի հիմնած այս հիմնադրամը, որ պաշտոնապես գործում է 2001 թվականից, իր բարեգործական ծրագրերի շրջանակներում կանոնավոր օգնություն է տրամադրում շուրջ 4000 մարդու: Նույն թվականին, կառավարության աջակցությամբ հիմնադրամը կառուցել է «Հույսի ավան» թաղամասը, որտեղ 16 հա հողատարածքի վրա կառուցված 79 տներում շուրջ 500 մարդ է ապրում:

Երկարաժամկետ աջակցության ծրագրերում առավել կարեւորվում են ծերերն ու մանուկները: Ծրագիրը իրենից ներկայացնում է սննդօգնություն, բժշկական աջակցություն, դեղորայքի, կենցաղային իրերի ու հագուստի տրամադրում, նվերներ:
-Հիմնադրամի շահառու 10-ամյա Աիդան, որ տառապում է մանկական ուղեղային կաթվածով, մեր աջակցությամբ բազմաթիվ ֆիզիոթերապիաների է մասնակցել, նախքան այդ էլ վիրահատվել է Ռուսաստանում,- ասաց Աննա Ջամբազյանը:
-Մինչ այստեղ գալը Աիդան, իսկապես, ոչինչ չէր կարողանում անել, իսկ այսօր նա քայլում է, հեծանիվ վարում, երգում,- արցունքները հազիվ զսպելով` ներկաներին պատմեց Աիդայի մայրը` Գոհարը:
Փոքրիկ Աննան, չնայած խոսելու դժվարություններին, բեմ բարձրացավ եւ քրոջ` Էմիլիի հետ երգեց աշնան մասին մի երգ: Բոլորը, հիացած նրա լավատեսությամբ ու կամքի ուժով, հուզմունքը թաքցնելով ծափահարում էին:
Հումանիտար օգնությունից զատ «Դիակոնիան» նաեւ զարգացման ծրագրերով է զբաղվում, որոնց շրջանակներում շահառուները հնարավորություն են ստանում նոր մասնագիտություններ ձեռք բերել` բացառապես անվճար հիմունքներով:
Դանիելը, որ տարիներ առաջ հիմնադրամի կազմակերպած դասընթացներին մասնակցելով հացաբուլկեղենի մասնագետ է դարձել, այսօր արդեն սեփական արտադրամասն ունի.
-Մեր ընտանիքը բաղկացած է 12 անդամից, եւ ես 7-րդ դասարանում արդեն գումար էի վաստակում` փայտի գործ անելով: Երբեք չէի մտածել, որ մի օր հացթուխ կդառնամ, բայց հիմա փոքր արտադրամաս ունեմ եւ աշխատողներ, եւ այդ ամենը` շնորհիվ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի,- ասաց նա:
Այցի ընթացքում մասնակիցները ներկա գտնվեցին նաեւ կարի հերթական դասընթացին, ապա դերձակը ուղեկցեց նրանց «Նազէ» արտադրամաս, որտեղ էլ ուսանողներից շատերը սկսում են աշխատել դասընթացի ավարտից հետո: Աշխատակիցները գրեթե ավարտին էին հասցրել սահմանամերձ գյուղերի երեխաների համար նախատեսված ձմեռային վերարկուների կարումը:
Օրվա վերջում երիտասարդ լրագրողներին հյուրընկալեց Թորոսյանների բազմանդամ ընտանիքը, որտեղ ընտանիքի մայրը` Նունե Թորոսյանը, պատմեց 2006 թվականին «Հույսի ավան» թաղամաս տեղափոխվելու, բարեգործական հիմնադրամի ծրագրերից օգտվելու իրենց պատմությունը:
ՄԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ