47 տարի առաջ շահական Իրանում հաղթանակած հեղափոխությանը տեր կանգնեցին շիա հոգեւորականները: Փեհլեվիների դինաստիան ներկայացնող վերջին միապետը՝ Մոհամմադ Ռեզա շահը, որը երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով որդեգրել էր «Մեծ քաղաքակրթություն» դոկտրինը, լքեց երկիրը եւ ապաստան գտավ Եգիպտոսում:
Տեսակետ կա, որ այդ ժամանակաշրջանում աշխարհը շահագրգռված էր բազմէթնիկ Իրանը տեսնել միատարր: Սակայն շահի որդեգրած «Մեծ քաղաքակրթություն» դոկտրինն այլեւս ի զորու չէր ապահովելու ցանկալի միատարրությունը: Իսկ շիա հոգեւորականները, հաշվի առնելով իսլամի համախմբող գործոնը, ստանձնեցին Իրանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու պարտավորությունը:
Անցած 47 տարիների ընթացքում կրոնապետական սկզբունքներով կառավարվող երկիրը, Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի պարտադրած 8-ամյա պատերազմը հաղթահարելուց հետո, ստիպված եղավ դիմակայել նաեւ ներքաղաքական բազմաթիվ խնդիրների՝ սոցիալ-տնտեսական բնույթի բողոքի ակցիաների ու անկարգությունների տեսքով:
Կարելի է օրինակների մի ամբողջ շարք թվարկել: Հիշենք թեկուզ 1994 թ. Թեհրանի ուսանողական հանրակացարանում իշխանությունների կիրառած բռնությանը հաջորդած երիտասարդական շարժումը, 10-րդ նախագահական ընտրություններից հետո ծավալված «կանաչների շարժում» կոչվող զանգվածային ցույցերը, 2016 թ. Կյուրոս արքայի պատվին կազմակերպված միջոցառումներին հաջորդած իրադարձությունները, 2022 թ. կանանց իրավունքներին նվիրված շարժումը, ինչպես նաեւ դրանց նախորդած կամ հաջորդած բազմաթիվ այլ բողոքի ցույցեր:
Նախորդ բոլոր ցույցերը հիմնականում սոցիալ-տնտեսական պահանջներից բխած, ապա քաղաքական երանգավորում ստացած ակցիաներ էին, որոնց անցկացման ժամանակաշրջանը էականորեն տարբերվում էր ներկայիս՝ աշխարհաքաղաքական ցնցումներով ուղեկցվող եւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակահատվածից:
Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսված եւ գրեթե բոլոր նահանգներն ընդգրկած բողոքի ցույցերի ու զանգվածային անկարգությունների ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: Սակայն դրանց ծավալն ու ընդգրկվածությունը նախորդների համեմատ կարելի է աննախադեպ համարել:
Ներկայիս աշխարհաքաղաքական առանձնահատուկ իրավիճակը նկարագրելու համար բավական է հիշատակել ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված զարգացումները, Մերձավոր Արեւելքում Իրանի աջակցությունը վայելող պրոքսի ուժերի թուլացման փաստը, Իրանի դաշնակից Սիրիայի ղեկավարի արտաքսումը եւ երկրի ներքին գործերին միջամտելու հետեւանքով Թուրքիայի բացահայտ ներգրավմամբ նախկին դաիշականների իշխանության հաստատումը, ինչպես նաեւ Վենեսուելայի նախագահի ձերբակալության նպատակով Վաշինգտոնի իրականացրած ապօրինի ակցիան, որոնց արձագանքելու կամ մտահոգություն հայտնելու հարցում աշխարհը կարծես որոշակի իմունիտետ է ձեռք բերել:
Հունվարի 8-ից հետո Իրանում ինտերնետ կապի բացակայության, իրադարձությունների կիզակետից ստացվող տեղեկատվության սղության, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրների կողմից շռայլորեն ներկայացվող՝ մեծ մասամբ աչառու գնահատականների պատճառով այսօր դժվար է խոսել Իրանում ծավալվող իրադարձությունների իրական պատկերի մասին, առավել եւս՝ կանխատեսել դրանց զարգացման ընթացքը:
Հստակ է, որ Իրանի շուրջ եւ հենց Իրանում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Վաշինգտոնն ու Թել Ավիվը: Ակնհայտ է նաեւ բողոքի ակցիաների մեկնարկի եւ Ֆլորիդայում տեղի ունեցած Թրամփ-Նեթանյահու հանդիպման ժամանակային համընկնումը:
Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը Իրանը ներկայացրեց որպես Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու «գլխավոր խոչընդոտ» եւ, անդրադառնալով 12-օրյա պատերազմին, նշեց, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները հարթել են տարածաշրջանում խաղաղության ճանապարհը: Միաժամանակ նա հայտարարեց, որ Վաշինգտոնը ուշի ուշով հետեւում է Թեհրանի գործողություններին, եւ եթե Իրանն իր ռազմական հզորությունը վերականգնելու փորձեր անի, լուրջ խնդիրների առաջ կկանգնի:
Արձագանքելով Թրամփի հայտարարություններին՝ ԻԻՀ պաշտպանության խորհրդի անդամ Ալի Շամխանին X սոցիալական հարթակում գրեց. «Իրանի հրթիռային եւ պաշտպանական հզորությունը սանձահարելի չէ եւ դրա համար թույլտվություն չի պահանջվում», հավելելով, որեւէ ագրեսիա կունենա կոշտ եւ անհապաղ պատասխան:
Այս սպառնալիքներին ուղեկցել են բազմաթիվ այլ զգուշացումներ եւ սթափեցնող հայտարարություններ: Դժվար է հստակեցնել, թե այս ընթացքում Թրամփը քանի անգամ է խոստացել «պատժել» Թեհրանին՝ բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին ճնշելու փորձերի համար:
ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններից մեկում էլ նշվում էր, որ Իրանը հատել է իր կողմից սահմանված «կարմիր գիծը», եւ ԱՄՆ ղեկավարությունը քննարկում է, թե ինչպիսի հարված կարող է հասցվել Իրանին: Թրամփը նույնիսկ նախատեսում էր խորհրդակցություն անցկացնել ավագ մասնագետների հետ՝ ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով:
Իրանում բնակվող ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձանց երկրից անհապաղ հեռանալու կոչը, թերեւս, կարելի է դիտարկել այդ խորհրդակցությունների արդյունքներից մեկը: Նույն կերպ, դրանց արդյունք կարող է լինել նաեւ Իրանի հետ առեւտուր իրականացնող երկրների նկատմամբ կիրառվելիք սանկցիաների մասին Թրամփի վերջին հայտարարություններից մեկը:
Այս պահին նույնքան դժվար է թվարկել նաեւ ԱՄՆ տարբեր մակարդակներից հնչող սպառնալիքներին ուղղված Իրանի կոշտ հակադարձումները: Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին, օրինակ, արձագանքելով ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, Թրամփին դասել է «աշխարհի ամենաամբարտավան» ղեկավարների շարքին՝ նշելով, որ նա, ինչպես փարավոններն ու Փեհլեվիների դինաստիայի ներկայացուցիչները, կգահավիժի իր իսկ գոռոզամտության հետեւանքով:
Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում Թրամփն ունի իր հիմնավորումները, որոնք հիմնականում համընկնում են Իսրայելի ցանկությունների հետ: Վաշինգտոնը փորձում է Թեհրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ իր առաջարկած օրակարգով: Թրամփի նպատակն է զրկել Իրանին միջուկային ծրագրի շրջանակում ուրանի հարստացումը շարունակելու հնարավորությունից, ինչպես նաեւ վերահսկողության տակ պահել երկրի ռազմականացման ծրագրերը:
Մինչ այս պահը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանում «հեղափոխության» դրոշը ծածանելու պատվին արժանացել է միայն վտարանդիության մեջ գտնվող փեհլեվիների դինաստիայի վերջին ներկայացուցիչ Ռեզա Փեհլեվին: Սակայն նախագահ Թրամփը դեռ չի շտապում 65-ամյա գահաժառանգին շնորհել հեղափոխությունն առաջնորդելու բոլոր դափնիները եւ սպասում է հրապարակում տեսնել նաեւ այլ թեկնածուների՝ տպավորություն ստեղծելով, թե Վաշինգտոնը հետհեղափոխական Իրանի իշխանական հիերարխիայի վերին օղակում իրեն լիովին հավատարմության երդում տված գործչի հարցում առանձնապես շահագրգռված չէ:
Ո՞վ է Ռեզա Փեհլեվին եւ ինչպիսի՞ն են նրա հավակնությունները
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ռեզա Փեհլեվիի անձը. ներկայացվում են նրա կենսագրական տվյալներն ու կյանքի ուշագրավ դրվագները: Սակայն հազվադեպ է շեշտվում այն հանգամանքը, որ 17 տարեկանում՝ Տեխասի ռազմաօդային բազայում ռազմական օդաչուի հմտություններ ձեռք բերելու նպատակով ԱՄՆ մեկնած թագաժառանգը, հեղափոխական իրադարձությունների հետեւանքով այդպես էլ չկարողացավ ավարտել ուսումը եւ վերադառնալ հայրենիք: Նա 20 տարեկանում Կահիրեում թագադրվեց որպես Իրանի շահ:
Ռեզա Փեհլեվիի կենսագիրները անդրադարձել են նաեւ նրա կապերին Իսրայելի հետ, ինչպես նաեւ թագաժառանգի համագործակցությանը ԱՄՆ ԿՀՎ-ի հետ:
Վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել նաեւ 12-օրյա պատերազմի ընթացքում Ռեզա Փեհլեվիի ոգեւորված արձագանքը, երբ Իսրայելը հուժկու հարվածներ էր հասցնում Իրանի տարածքին:
Վերջին շրջանում Ռեզա Փեհլեվին հանդես է գալիս իրանցի ցուցարարներին ուղղված կոչերով՝ խոստանալով «ռեժիմի տապալումից» հետո վերադառնալ հայրենիք, գլխավորել հեղափոխական շարժումը եւ անցումային փուլում՝ մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի անցկացումը, ղեկավարել երկիրը:
Շահական ռեժիմի նկատմամբ կարոտախտ ունեցող իրանցիների մի ստվար զանգված պատրաստակամություն է հայտնում Ռեզա Փեհլեվիին գրկաբաց դիմավորելու: Սակայն Իրանի ազերիաբնակ որոշ շրջաններում նրա նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն տարբերվում է, ինչը պայմանավորված է այդ տարածքներում դրսից թելադրվող անջատողական նկրտումներով եւ երկրի ամբողջականությունը պահպանելու հարցում առկա մտահոգություններով:
Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ տարբեր աղբյուրներից փոխանցվող միակողմանի, չստուգված, հակասական եւ հաճախ կանխակալ տեղեկատվության պայմաններում այսօր դժվար է հստակ կանխատեսումներ անել:
Ակնհայտ է, որ ԻԻՀ ներկայիս իշխանությունների առջեւ ծառացած խնդիրները ծայրաստիճան բարդ են: Չի կարելի բացառել նաեւ ամենաանցանկալի սցենարները, որոնք անխուսափելիորեն կունենան բացասական հետեւանքներ նաեւ Հայաստանի համար:
Առաջիկա օրերին, ինտերնետ կապի հնարավոր վերականգնման եւ առավել հավաստի տեղեկատվության շրջանառության պայմաններում, հնարավորություն կլինի ավելի հիմնավորված գնահատականներ տալ, այդ թվում՝ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





