Անցյալ ամիս լույս է տեսել ֆրանսիացի գրող, լրագրող Անտուան Բորդյեի «Արթուրը՝ Հայաստանի փոքրիկ իշխանը. ֆրանսիացի երիտասարդ լրագրողի արկածները Հայաստանում» վեպը: Թեեւ Անտուան Բորդյեն գրում է վաղ տարիքից (բանաստեղծություններ, հոդվածներ, փիլիսոփայական ակնարկներ), սա նրա առաջին վեպն է: Բորդյեն մոտ 30 տարի գործել է բիզնեսի եւ ֆինանսների աշխարհում, զբաղեցրել աուդիտորի եւ տարբեր ղեկավար պաշտոններ, այնուհետեւ զբաղվել ձեռներեցությամբ եւ հիմնել խորհրդատվական ու հաղորդակցական ընկերություն՝ նախքան գրական աշխատանքին վերադառնալը:
Երեք մասից բաղկացած «Արթուրը՝ Հայաստանի փոքրիկ իշխանը» վեպի գլխավոր հերոս Արթուր դը լա Մադրիերը 20-ամյա որբ է, որը նոր է կորցրել ծնողներին ծանր ավտովթարի հետեւանքով: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա հայտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որը ռմբակոծվում է ազերի հրոսակների կողմից: Որոշ ժամանակ անց նա անցնում է զուգահեռ մի աշխարհ, որտեղ դառնում է կյանքեր փրկող անտեսանելի մի հերոս, իսկ որպես լրագրող իր առաջին խոշոր ռեպորտաժն ունենում է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:
Անտուան Բորդյեն երեք անգամ եղել է Հայաստանում եւ ինչպես խոստովանել է՝ «կարծես սիրահարվել եմ այս քաղաքակրթությանը, այս երկրին, նրա ժողովրդին ու պատմությանը»: «Սալոն բեժ» բլոգին տված հարցազրույցում նա ասել է. «Ինձ հատկապես ցնցեց այն փաստը, որ այս փոքրիկ երկիրը, որին ես անվանում եմ կոնֆետտի, ելավ Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմի, որը նա պարտվեց ողջ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո: Արցախն այս պատերազմի խաղադրույքն էր: Աշխարհագրորեն այս ինքնահռչակ հանրապետությունը գտնվում է Ադրբեջանում: Բայց դրանք պապենական հայկական հողեր են, որոնք, ի դեպ, թալանվել են Ստալինի կողմից: 1921 թվականին նա դրանք տվել է Ադրբեջանին՝ «բաժանիր եւ տիրիր» սկզբունքով: Այսօր տագնապալի է դարձել հայկական քաղաքակրթությունը սեփական հողերից անհետանալու վտանգը»: Իսկ զրուցավարի՝ «Ի՞նչ գրական ժանրին է պատկանում ձեր գիրքը» հարցին Բորդյեն պատասխանել է. «Թերեւս՝ լրագրողական վեպ է: Բայց ավելի շուտ գրական եռերգություն է: Առաջին մասը քիչ թե շատ գեղարվեստականացված լրագրողական շարադրանք է, որտեղ Արթուր դը լա Մադրիերը ներկայացնում է բազմաթիվ ռեպորտաժներ: Երկրորդն այլաբանական պատկեր է, որտեղ Արթուրը հանդիպում է Նոյին եւ Աբրահամին, իսկ երրորդ պատկերը ֆանտաստիկ է»:
Ա. Բ.