Դիլիջանի միջազգային դպրոցը կբացվի 2014թ. սեպտեմբերին: Այնտեղ ուսանելու համար անհրաժեշտ է տարեկան վճարել 30 000 ԱՄՆ դոլար, սակայն ինչպես տեղեկացրեց այս նախագծի հիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը , ընդունակ երիտասարդներին հասանելի կլինի միջազգային կրթություն ստանալ, եթե նույնիսկ նրանց ծնողներն ի վիճակի չեն վճարելու ուսման վարձը` կրթաթոշակների ու դրամաշնորհների միջոցով: Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտության միայն 10 տոկոսը կարող է լինել Հայաստանի քաղաքացի, մնացածը` արտերկրից:
Ինչպես լրագրողներին հաղորդեց Ռուբեն Վարդանյանը, շինարարության համար առայժմ 20 միլիոն դոլար է ներդրվել, պատրաստվում են ներդնել եւս 150 միլիոն դոլար:
Ըստ Ռ. Վարդանյանիՙ կենտրոնը հավակնում է դառնալ միակը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում. «Մեր նպատակն է, որ մեր երեխաները հնարավորություն ունենան սովորելու ոչ միայն Թաիլանդում, Անգլիայում, այլեւ Հայաստանում»:
Դիլիջանի միջազգային դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով` բարձր որակավորում ունեցող արտերկրացի մասնագետների կողմից:
«Ազգ»-ի հետ զրույցում Ռ. Վարդանյանն ընդգծեց նաեւ, որ հայ երիտասարդների համար պարտադիր առարկաներ կլինեն հայոց լեզուն ու գրականությունը, հայ ժողովրդի ու հայ մշակույթի պատմությունը, իսկ օտարազգիների համար այդ առարկաները կլինեն ընտրովի:
Այս դպրոցը հնարավորություն է տալիս երիտասարդներին շարունակելու կրթությունը աշխարհի առաջատար համալսարաններում: Ակնկալվում է, որ հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges հանրույթի լիիրավ անդամ, որը թույլ կտա սաներին համախմբել ավելի քան 100 երկրներում, այդ թվում` Եվրոպայում: Նախատեսվում է, որ առաջին ուսումնական տարում UWC Dilijan-ը կհյուրընկալի երիտասարդների 30 երկրներից: Ի դեպ, United World Colleges համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է UWC-ի միջազգային գրասենյակը Լոնդոնում: Այս տարի UWC-ի քոլեջների 100 շրջանավարտներ ստանում են կրթաթոշակ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ուսումը շարունակելու ԱՄՆ-ի լավագույն բուհերում:
Դպրոցական համալիրը բացի ուսումնական մասնաշենքից ու կացարաններից, ներառում է նաեւ փակ լողավազան, մարզահրապարակներ, թատրոն եւ բեմական արվեստների կենտրոն, գիտափորձարարական մաս եւ բժշկական կենտրոն: Դպրոցը նախատեսված է 650 աշակերտների եւ 60 ուսուցիչների համար:
Դիլիջանի միջազգային դպրոցի շենքի ճարտարապետը բրիտանացի Թիմ Ֆլինն է, որը վերջին 20 տարիներին կառուցել է ավելի քան 40 դպրոց` համաշխարհային բարձրագույն չափանիշների ու տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ինչպես ներկայացվում է, Թիմ Ֆլինը փորձում է Դիլիջանի շինությունների ավանդական ոճին համադրել ժամանակակից ճարտարապետական միտումները. թե ինչ կստացվի, դժվար է ասել, սպասենք վերջնական տեսքին:
Ռուբեն Վարդանյանը նաեւ ցանկանում է ապագայում աշակերտների թիվը կրկնապատկել. «Դիլիջանը բարձր էկոլոգիա ունեցող քաղաք է, որը կհրապուրի արտասահմանցիներին: Միջազային դպրոցի ծրագիրը կունենա 3 մակարդակ` նախադպրոցական (13-14 տարեկան), Քեմբրիջի հավաստագրի (14-16 տարեկան), եւ IB Diploma ծրագրի (16-19 տարեկան)»:
Միջազգային դպրոցի ստեղծումը խթանում է նաեւ աշխատատեղերի ստեղծումը, ինչպես այժմ շինարարարության, այնպես էլ ուսուցիչների կազմի առումով, եւ ոչ միայն: Ի դեպ, այժմ շինհրապարակում աշխատում է 500 շինարար, որոնցից 100 Դիլիջանից եւ հարակից տարածքներից են:
Tim Flynn Architectors ընկերության ճարտարապետ Լալա Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ նախագծում հիմնական շեշտադրությունը դրվում է դպրոցաշենքը համահունչ լինի դիլիջանյան կանաչ մթնոլորտին, ինչպես նաեւ չվնասի շրջակա միջավայրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այց էր կատարել Դիլիջան անձամբ տեսնելու, թե ինչեպես են ընթանում դպրոցի շինարարական աշխատանքները:
Հ. Գ. Լրագրողների այցը Դիլիջանի միջազգային դպրոց տեւեց ընդամենը 15 րոպե: Արդյոք ճիշտ էր այդքան լրատվամիջոցների տանել Դիլիջան 15 րոպե տեւողության հարցազրույցի համար, երբ դեռեւս դիտարժան շատ բան չկար: Այդ ամենը կարելի էր անել նաեւ Երեւանում: