Եթե փորձենք Հայաստանում տեղի ունեցողը դիտարկել աշխարհում տեղի ունեցողի, հատկապես Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս առճակատման համատեքստում, ապա կարելի է պատճառահետեւանքային ինչ-որ հետք գտնել անգամ տեսանելի մակարդակում, չնայած իրական գործըթացներն, այնուամենայնիվ, անտեսանելի են: ՆԱՏՕ-ն զորքը կտրուկ մեծացնում է Արեւելյան Եվրոպայում ներկայությունը, Ռուսաստանիՙ Ուկրաինա հնարավոր ներխուժմանը դիմակա, Բայդենը նաեւ սպառնում Ռուսաստանին նոր պատժամիջոցներով: Սակայն եթե պետք էՙ Ռուսաստանն ու Արեւմուտքը կուլիսներում պայմանավորվում են այս ու այն հարցում, ինչպես Արցախի դեպքում եղավ: Այս բոլորի մեջ դժվար է հասկանալՙ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ական Արեւմուտքի առճակատման մեջ ո՞ր մասն է իրականՙ հանուն նոր աշխարահաբաժանման, ո՞րըՙ բեմադրված, էլի հանուն նոր աշխարհաբաժանման:

Բեմադրված, թե իրականՙ աշխարհը նոր բախումների շեմին է, անգամ վերլուծաբանները հնարավոր բախման ամսաթվեր են նշումՙ փետրվարի վերջին, դա պայմանավորելով Պեկինում ձմեռային օլիմպիադայի ավարտով:
Հայաստանում, Արդրբեջանին փոխանցված հայկական առաջարկների փաթեթի պատասխանին սպասելու եւ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը արագացնելու ռուսական պահանջների ֆոնինՙ միջազգային առճակատման շոշափուկները կարող են ոչ միանշանակ հետեւանքների բերել: Մի կողմիցՙ մի երկու ամիս հայկական կողմին վրա հավանաբար արտաքին պարտադրանքի հնարավորությունն է նվազում, բայց եւՙ բախման (կամ դրա բեմադրության) պայմաններում կարող են արձակվել թուրք-ադրբեջանական եղբայրության ձեռքերըՙ Հայաստանի հանդեպ նոր արկածախնդրության համար:
Սպասումն այս իմաստով անամպ չէ, ու մանավանդՙ այդ ընթացքում հայ հանրույթը թամաշայի մի նոր նյութ է ստացելՙ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի նոր թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը, որով էլ կզբաղվի մեր ողջ քաղաքական դաշտն անմնացորդ:
Մի պահ միայն կանգ առնելով Հայաստանի նախագահի հրաժարականի պատճառներիՙ մամուլում շրջանառվող վարկածներին, նախ անդրադառնանք էպիստոլյար ժանրով արված հրաժարականի ձեւին. ես, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, վիրավորված եմ, որ իմ երկրի նախագահը հարկ չի համարել անձամբ բացատրել այն պատճառները, որոնց հետեւանքով ինքը ստիպված է եղել հենց հիմա հրաժարական տալՙ հեռվից էլեկտրոնային եղանակով նեղացած նամակ ուղղելով չգիտես ում: Սա երկի՞ր է, պետությո՞ւն է, թե “բեսեդկա”, որտեղ մեկը նարդիում պարտվելով եւ խաղակիցներին մեղադրելով քարը բռնելու մեջ, կարող է շրխկացնել “բեսեդկի” դուռն ու հեռանալ:
Պատճառների վարկածները ըստ մամուլի տարբեր ենՙ ա/ որ ամեն ինչ սցենարի մեջ է, ուղղակի միգուցե մի փոքր հրաժարականի ժամկետն է տեղաշարժվել (սա նաեւ մեր վարկածն է), բ/ որ հնարավոր էՙ չի ուզեցել պատասխանատվություն վերցնել առաջիկայում ստորագրվելիք աղետաբեր փաստաթղթերի տակ, եւ, ինչու չէ, սա էլ կարող է գոյության իրավունքն ունենալ, գ/ որ սահմանադրական փոփոխություններից հետո նա կարող է հավակնել նոր լիազորություններով նախագահի պաշտոնին, համենայն դեպսՙ ընտրություններին մասնակցելու հավակնություն կարող է ունենալ: Վերջին վարկածի հեղինակներին հիշեցնենք, որ ներկա Սահմանադրությամբ անձը Հայաստանի նախագահ կարող է ընտրվել մեկ անգամ, չնայած քաղաքական ուժ ստեղծել ու այդպես վերադառնալ նա ցանկության դեպքում կարող էՙ ներկա խորհրդարանը վկա:
Բոլոր դեպքերում մենք չենք նկատել, որ լիազորությունների պակասից, անձնական թիրախավորումից եւ Հայաստանում առկա ճգնաժամից բողոքող եւ մինչեւ հրաժարականի պահը արտերկրում ակտիվ հանդիպումներ անցկացնող նախագահը հրապարակայնորեն դիմակայության մեջ մտներ իշխանության այս կամ այն որոշման առիթով կամ մի փոքր կոշտ տոնով հայտներ իր անհամաձայնությունը:
Համաձայնեցվա՞ծ է արդյոք նրա հրաժարականը վարչապետի հետ, չնայած վարչապետի ժխտմանը. Կարծում ենք, որ այո՛, երկու պատճառով.
Առաջինՙ որ ինչպես գրել էինք հարժարականից անմիջապես հետոՙ մեր տիպի երկրում, որտեղ ղեկավար պոստերի հավակնորդներին երկար ժամանակ որոնում, ապա որոշակի նախապայմաններով նախապատրաստում են այս կամ այն պաշտոնի համար, առանց ազդեցության կենտրոնների համարյա ոչինչ չի կատարվում, ուրեմն եւ կարելի է ենթադրել, որ Ա. Սարգսյանի հրաժարականը եւս նախապատրաստվել է եւ մեր երկրի շուրջ ամենակեզ զարգացումների պահին հրամցվելՙ տարբեր նպատակներով, այդ թվումՙ քաղաքական ուժերին օրակարգի թեժ թեմա տալու, ինչպես նաեւ ներքին ինքնուրույն գեներացումներից առայժմ գոնե խուսափելու համար:
Եւ երկրորդՙ հավանաբար իշխանությունում նույնպես հասկացել են, որ տարբերՙ իրականությունից հեռու ասուլիսներով եւ արհեստավարժության հետ շատ դեպքերում աղերս չունեցող պաշտոնյաներով, ոչ հայանպաստ գաղափարներով երկար չեն ձգի, ու իրենք իրենց ներսում փորձում են փոփոխությունների իմիտացիա ստեղծելՙ նոր փոխատեղումներով, նոր նախագահով ժամանակ շահելով, լուծելով նախ ամենահավատարիմներով իշխանության կարեւոր պոստերը լցոնելու խնդիրը:
Վերջին տարբերակի օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում այդպես էլ չի ձեւավորվում հանրային տրամադրությունները գեներացնող նոր ուժՙ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով (էն, որ ընդդիմությունն ասում էՙ այսպես եք գրումՙ դրանից է, ծիծաղելի է, մեր գրելո՞վ պիտի ձեւավորվի՞): Օբյեկտիվ պատճառն այն է, որ պատերազմը կոտրել է մեր ժողովրդի մեջքը. պատերազմի զոհերի, վիրավորների, գերեվարվածների ընտանիքների անդամներից եւ մերձ հարազատներից կազմված բավական մեծ թվով հանրույթի անտարբեր դարձնելով առհասարակ տեղի ունեցող ամեն բանի հանդեպ: Մյուս պատճառն առկա քաղաքական ուժերիՙ անցյալի խորհրդանիշ-դեմքերով ներկայացված լինելն է, երրորդ պատճառըՙ Հայաստանին մոտեցող վտանգների իրական չափը ժողովրդի կողմից չպատկերացնելն է կրթության եւ գիտելիքների պակասի, ազգային նպատակներից օտարվելու-դեգրադացվելու պատճառով, քաղաքականությունն ու պատմությունը կենցաղային մակարդակով ընկալելը: Այս վերջինն, իրոք, ողբերգություն է, որի մեղավորներին պետք է փնտրել Հայաստանի բոլոր իշխանությունների շրջանում:
Իսկ Արմեն Սարգսյանի հրաժարականն, իրոք, այս պահին ընդդիմությանն ու իշխանությանը կտրում է ցածրորակ սյուրռեալիստական տեսարանների բեմադրությունից ու ստիպում “լուրջ” գործով զբաղվելՙ ընդդիմությունը կփնտրի միասնական, հասարակության մեջ հարգանք վայելող, միջազգային կապեր ունեցող եւ այդ պաշտոնին սահմանադրորեն ներկայացվող այլ չափանիշների կրող (որտեղից է գտնելուՙ չգիտենք) նախագահի թեկնածու, իսկ իշխանությունըՙ վարչապետի ասած “քաղաքական ներդաշնակություն” կրողի, ասել է թեՙ սեփական թիմակցի (առաջարկում ենք Հակոբ Սիմիդյանին առաջադրել), իսկ դե լրագրողներն էլ կզբաղվեն այդ թեմայով-օր կմթնեցնեն: Ու կգնա էսպես… մի յոթ օր կսպասեն Արմեն Սարգսյանի դիմումի հետ վերցնել-չվերցնելուն, մյուս ժամկետները տեղը-տեղին լմնցնելով, ու մի երկու ամիս էս կարգի “լուրջ” գործով կզբաղվեն:
Ասենք, որ արդեն շրջանառվող անունների մեծ մասը հասցրել է հանրության ականջին ոչ հաճո դառնալ վերջին տարիների գործունեության արդյունքում, ու անգամ դժվար է հիմա տալ այնպիսի անուն, որը հանրության հակակարանքին չի արժանացել տարբեր առիթներով: Թեկուզ որ այս Ազգային ժողովում ընտրվող նախագահը ժամանակավոր ֆիգուր է լինելու, ու սահմանադրական փոփոխություններից հետո նոր կարելի է հասկանալ, թե ում հագով է կարվելու նոր Սահմանադրությունը: Եւ ընդհանրապեսՙ բարձր պրոֆեսիոնալներով որոշիչ պաշտոնները համալրելու բոլոր կոչերն իշխանությանըՙ մնացել են ձայն բարբառոյ յանապատի, այնպես որ այս անգամ իշխանությանը կոչ ենք անում առաջադրել ամենաանբանին, քանի որ մեր խորհուրդները, մեկ է, նրան չեն հասնում:
Ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվում, իշխանությանը մերձ հատվածները գեներացնում են Արայիկ Հարությունյանի, Արամ Զավենի Սարգսյանի ու էլ եսիմինչ անուններ: Նկատի ուեցեք, այս պաշտոնում ով էլ լինիՙ պիտի իր ստորագրությունը դնի այն աննպաստ փաստաթղթերի տակ, որոնք պարտադրվելու են Հայաստանին: Լավ կլիներ ընդդիմությունն առհասարակ չթաթախվեր այս խաղի մեջ, բայց դեՙ ո՞ւմ ենք ասում:
Չնայած անցած օրերին նախագահի նոր ընտրության ժամկետների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղելՙ մենք եւս կարճ նշենք կարգը հատուկ “Ազգ”ի ընթերցողի համար. հրաժարականի դիմումը հետ չվերցնելու ժամկետի ավարտից հետո նախագահի լիազորություններն ավատրվում են (հինգ օր), ըստ այդմ, քանի որ արտահերթ ընտրություն է ՙ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո նոր ընտրություն է նշանակվում: Մամուլում նշված մեկ այլ ժամկետՙ ոչ շուտ քան 40, ոչ ուշ , քան 30 օր առաջ, վերաբերում է նախագահի հաջորդ բնականոն ընտրությանը:
Ներկա սահմանադրությամբ նախագահ ընտրում է Հայաստանի խորհրդարանըՙ ապաքաղաքական, հանրության եւ քաղաքական ուժերի վստահություն վայելող եւ հայերենին լիարժեք տիրապետող (այ քեզ խոչընդոտՙ հայերենին ներկա պաշտոնյաների մեծ մասը լիարժեք չի տիրապետում) թեկնածու առաջադրելով, նախագահ պետք է ընտրվի պատգամավորների 3/4 քվեով, իսկ թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/3-ը: Երեւի նկատեցիք, որ նախագահ ընտրելիս հարկավոր են լինելու ընդդիմության ձայներըՙ ընդհանուր թվով 81 ձայն, եւ ընդդիմությունն այստեղ լիովին հնարավորություն է ստանում առաջին անգամ ընտրելիս մեծամասնության թեկնածուին քվե չտալՙ գոնե այդպես հանելով վրեժը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու գործընթացի ձգձգման համար: Սակայն արդեն երկրորդ փուլով նախագահի թեկնածու առաջադրելիս մեծամասնության “քաղաքական ներդաշնակ” թեկնածուն կընտրվի սոսկ մեծամասնության քվեովՙ պատգամավորների երեք/հինգերորդով, այդպիսով դառնալով սոսկ իշխող մեծամասնության նախագահը, այսինքնՙ լեգիտիմության առումով նրա ընտրությունը կկաղա կոմպրոմիսի բացակայության պատճառով, ինչպես որ ԱԺ մեծամասնության կողմից նոր ՄԻՊ ընտրված Քրիստինե Գրիգորյանի դեպքում է: Չենք կարծում, որ հարցը մնա նախագահի ընտրության երրորդ փուլին, որը նույնպես նախատեսված էՙ երրորդ փուլ անցած թեկնածուներից առավել ձայներ ստացածի ընտրությամբ:
Դե իսկ այդ ընթացքում պատգամավորների գործունեության այլ կիզակետ փնտրելն անիմաստ է, ու, առհասարակ, նայելով մեր քաղաքական ու լրագրողական դաշտիՙ միմյանց հայելային արտացոլմանը, հասկանում ես, որ Հայաստանին ներկայացված բոլոր մարտահրավերների խորքային ըմբռնումը բացակա է, միտումով, թե՞ ինքնաբերաբար: Ապացույցՙ ԱԺ ճեպարույցներում իմ կենտ հարցը ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագրերի լրանալու, այդ համատեքստում Նախիջեւանի խնդրիՙ քննարկումների սեղանին լինել-չլինելու մասին, որին իշխող խմբակցության կիսապատասխանը հեռուստաընկերությունների մեծ մասը հարկ չէր համարել լուսաբանել. դե ի՞նչ է հազարավոր հայ զինվորների մահվան պատճառ պատերազմի ու դրա առիթ դարձած հարյուրամյա պայմանագրերի թեմանՙ լիազորություն չունեցող նախագահի պաշտոնի նոր թեկնածուների մասին թեմայի համեմատ, որ մերոնք լուսանբանեն, մերոնք մի թեմա են սիրում, բոլորն էլՙ ում են հանում-դնում այս կամ այն պաշտոնին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ