ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Պարզից էլ պարզ ու հասկանալի է, որ որեւէ պարագայում իշխանություն կրողների խոսքն ու գործը մանրադիտակային ուշադրության է արժանանում: Այն նաեւ պարտադրում է առավել բծախնդիր գտնվել ասվողի ու արվելիքի հանդեպ, քանզի հանրությունները կամ դրա որոշ թե որոշակի հատվածը ակնկալիքների է տրվում, իր անելիքը նախատեսում:
Գրեթե այսպիսի առօրյայով է ապրում մերօրյա Հայաստանի հանրապետությունը, իր բազմաճյուղ միջավայրով, որի կիզակետերից մեկն էլ երկրի կառավարության նիստերն են, որոնք սովորաբար կայանում ու հեռարձակվում են հինգշաբթի օրերին: Դրանցում քննարկվող հարցերն իրենց հանրային նշանակությամբ, բնական է, հանրության գնահատականներին են արժանանում: ՀՀ քաղաքացուս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում հատկապես երկրի պարենային ապահովության ու անվտանգության առումներում, հերթական անգամ մտահոգեց անցած նիստում արված այն հայտարարությունը, թե պարենային հարցում որոշակի դեր ունեցող ՀՀ մոտ 1 մլն հեկտար արոտավայրերի 80 տոկոսը ճանապարհային ցանցի բացակայության պատճառով լիարժեք չի օգտագործվում: Առաջին հայացքից մտահոգություն է ուրվագծվում, որի լուծումը ֆինանսական միջոցների ծախսում է պահանջում: Եթե մտահոգություն ասվածով առաջնորդվենք, կարիք է առաջանում նաեւ այդ արոտավայրերը պարարտացնել, որոշ դեպքերում էլ քիմիական մշակման ենթարկվել, որոնց վերաբերյալ մեզանում ընդհանրապես չի խոսվում: Կարծես նույնիսկ լավ է արվում, քանզի ՀՀ-ն ֆինանսական այն վիճակում չէ, որ հավելյալ արժեքի ստեղծման դեռեւս չհաշվարկված նման ձեռնարկումների գնա: Ի դեպ, ՀՀ արոտավայրերը 700 հազար հեկտար են:
Փոխարենը հարկ է ազատվել գյուղատնտեսության անասնապահական ոլորտում դեռեւս արմատավորված ավանդական մոտեցումից, որն է` տնտեսության մի հսկայական ճյուղ անգամ նվազագույն արդյունք չերաշխավորող տարածքում տեսնելու գայթակղությունից: Մի բան է անասնագլխաքանակները հասցնել մոտակա ծաղկած կանաչ տարածքներ, որոնք մեզանում 8-10 շաբաթ են հյութալի կերեր երաշխավորում, բացարձակապես այլ բան, այդ խոսել չկարողացող կենդանիներին քշել-հասցնել տասնյակ կիլոմետրեր հեռուներում գտնվող չոր ու չորացող խոտով ծածկված տարածքներ, որոճալու պարտադրանքով: Արդյունքը տեսանելի է` օրվա միջին կաթնատվությունը 6-8 լիտր, այլոց 25-35 լիտրերի դիմաց, քաշաճը 200-250 գրամ, դարձյալ այլոց 800-1000 գրամների դիմաց: Արդյունքում` աշխատանքի ցածր արդյունավետություն, այն բարձր գնով փոխհատուցելու ցանկություն, գնաճի շղթա, որը հաղթահարելու համար հարկ է զանցառուականից մինչեւ հանցառուական քայլերի գնալ: Փոխարենը ծանոթացեք, թե մսի ինչ գին են առաջարկում Գերմանիայի սուպերմարկետներն իրենց այցելուներին: Մեզանում վաճառվողը նվազագույնը եռապատիկ թանկ է: Այնպես որ, մեղմ նկատենք, տեղին չէ վարչապետի այն մոտեցումը, ըստ որի ամբողջ աշխարհում է գնաճ եւ Հայաստանը բացառություն չէ: Հայաստանում պարզապես գերգնաճ է, քանզի մենք սնվում, հագնվում, լոգանք ենք ընդունում, խոհանոց ու բնակարան կահավորում որտեղից ինչ պատահի ներմուծելով, չխոսելով այլ առաջնահերթություններից, որոնք ընդամենը պարզ անհրաժեշտություններ են: Ահա այսպիսի Հայաստան:
Որ ան-ասուն կենդանիները լավագույնս պետք է կերակրվեն իրենց բնակատեղիներում, որոնք մեզանում վերջին 1-2 տարիներին խելացի անասնագոմեր են հայտարարվել, անառարկելի է: Ավաղ, լիարժեք անասնակեր համարվող կերատեսակի շուրջ որեւէ պետական մոտեցում պարզապես գոյություն չունի, որը փոխարինվում է չոր խոտով ու ծղոտով: Արդյունքում` հակատնտեսավարում, նորահայտ անվանումով սննդամթեքների արտադրություն, դրանց վերաբերյալ սպառողների վերաբերմունքի ձեւավորում ու անառողջ միջավայր:
Ծանոթացեք, թե ինչ արեցին այսօրինակ խնդիրներ ունեցող չինացիները 1980-ականերից հետո, երբ արգելել էին անգամ 2-րդ երեխայի ծնունդը: Անասունների ցածր մթերատվության արդյուքում ապահովում էր հազիվ 10-12 տոկոս ցուցանիշ, լիարժեք կերերի հումք հանդիսացող հատիկեղենի արտադրությունը 300 մլն տոննա էր: Վերջինիս արտադրությունը տարեց-տարի խթանելու արդյունքում հիմա ունեն 600 մլն տոննա ցուցանիշ, 80 մլն տոննա խոզի, խոշորի ու հավի մսի տարեկան արտադրություն: 1 բնակչի հաշվով հացահատիկային մշակաբույսերի տարեկան արտադրությունը 450 կգ է, մսինը 60 կգ, որպիսի ցուցանիշներ չունի անգամ® ԱՄՆ-ը: Եվ սա այն պարագայում, երբ 1 բնակչի հաշվով հիմնական գյուղնշանակության վարելահողը Չինաստանում 800 քառակուսի մետր է, ՀՀ-ում` 1500 քմ, ԱՄՆ-ում` 3000քմ:
Թող այսքանը տնտեսության հանդեպ սիրողական մոտեցում համարվի, ակնալելով տնտեսագիտական առումով առավել մասնագիտական կողմնորոշումներ: Թե ի՞նչպիսիք, պետական կառավարման խնդիրն է, քանզի այստեղ են կենտրոնացած հիմնական իրավասու եւ պատասխանատու կադրերը եւ ուժերը, որոնցից է հանրությունն ակնկալում իր մտահոգությունների ու անհանգստությունների պատասխանը: Դրանցից թերեւս հիմնականը հետեւյալն է. հարեւանների հետ հարաբերությունների վերանայման պարագայում ՀՀ տնտեսությունն արդյո՞ք կդիմակայի ի հայտ եկող իրողություններին: Արդյոք չափից դուրս լավատեսություն չի՞ պարունակում մեզանում հանրությանը ներարկվող այն մոտեցումը, թե ՀՀ-ին թուրքական էքսպանսիա չի սպառնում, երբ արդեն իսկ այն կա, ընդգծված տեսանելի է փակ սահմանների, կիրառված ներկրումային արգելանքի պայմաններում:
Հայաստանյան հանրությունն այսօրինակ մտահոգությունների պարզաբանման ակնկալիք ունի ՀՀ իշխանություններից, որն առայժմ տարօրինակ որակելով փոխարինվում է ասենք` ԱԺ պատգամավորներին, ՀՀ դեսպաններին ինչ-ինչ հավելավճարներ հատկացնելով, ինչ է թե հայաստանյան արտադրության բարետես կոստյումների բացակայության պատճառով մեր երեւելիքները պետք է հարյուր հազարավոր դրամներ գնահատվող բրենդային համարվող կոստյումներ կրեն, բայց սա այլ ասելիքի թեմա է, թողնենք առաջիկային:
Սպասումի տրվելով ապրենք:
25.01.2022թ.