2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա: Հանձնաժողովն էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով թանկացել է նաեւ ջրի սակագինը: Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխՙ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ:
2018-ին, երբ ջրի սակագինը թանկացավ մոտ 11 դրամով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ այն մինչեւ 2024 թվականը չի ավելանա, սակայն այս դեպքում եւս, ինչպես շատ հարցերում, վարչապետի խոստումը արագ մոռացության տրվեց, եւ ներկայումս մենք ունենք ավելի քան 11% թանկացում:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը ասում էՙ ջրի սակագնի թանկացումն էապես կհարվածի սոցիալապես խոցելի խավերի գրպանին, հարուստները եւ միջին խավի մարդիկ գուցե այնքան էլ ուշադրություն չդարձնեն դրան, բայց մի կերպ ծայրը ծայրին հասցնողները ստիպված կլինեն մյուս ծախսերը կրճատել, քանի որ չլողանալ կամ ասենքՙ ափսեները չլվանալ չեն կարող: Իսկ խնայողություններն իրենց հերթին կբերեն համապատասխան սոցիալական հետեւանքների:
Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը եւս ապրիլի 1-ից նախատեսվում է բարձրացնել: “Գազպրոմ Արմենիան” արդեն դիմել է ՀԾԿՀ-ին` առաջարկելով բարձրացնել այն 6 %:
Գազի հնարավոր թանկացումը էական բեռ է դառնալու տնտեսվարողների, արտադրողների ու ջերմոցային տնտեսությունների համար: Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը: Թանկացումներից տուժում են հատկապես այն բիզնեսները, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազն ու էլեկտրաէներգիան էական տեսակարար կշիռ ունեն:
“2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ թոշակների բարձրացում, նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը: Հիշեցնեմ, որ նաեւ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 տոկոսանոց գնաճ: Հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը: Հետեւաբար պետք է կանխատեսենք, որ մեր գնաճը էլ ավելի բարձր է լինելու”,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, շեշտելով,որ իրար հաջորդող այս թանկացումներն ու սննդամթերքի ավելի քան 17 % գնաճը շատ արագ կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա:
“Բերքառատ ջերմոց” ՍՊԸ-ի տնօրեն Խոդեդանյանը շեշտում է, որ եթե գազը թանկանում է 10%-ով, դրան գումարվում է էլեկտրաէներգիայի ու ջրի թանկացումը, ապա հատկապես փոքր ու միջին ջերմոցների համար ծախսերի մոտ 30% աճ է սպասվում: Եվ դրանից հետեւություն հայկականը կդառնա ոչ մրցունակ թե՛ ներքին շուկայում, թե՛ արտաքին”:
Ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած նախընտրական ու հեղափոխական հայտարարություններն այն մասին, որ ջրի, էլեկտրաէներգիայի ու գազի սակագներն առաջիկա տարիների ընթացքում չեն փոխվելու, այդքան էլ իրատեսական չէին: Իշխանությունը խոստացավ թռիչքաձեւ աճ, փոխարենը մենք ունենք թռիչքաձեւ գնաճ:
ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ