Սյունեցին եւ Կեչառեցին՝ Մայքլ Սթոունի թարգմանությամբ

475

“Ազգ”ը հունվարի 14-ի համարում ծանուցել էր իսրայելցի հայագետ Մայքլ Է. Սթոունիՙ անցյալ տարի հրատարակած հերթական հայագիտական հատորի (“Հայոց պարականոնները Ադամից մինչեւ Դանիել”) մասին: Երախտաշատ գիտնականն անցյալ տարի հանդես է եկել հայագիտական այլ աշխատություններով եւս: “Պեետերս” հրատարակչությունը լույս է ընծայել “Ստեփանոս Սյունեցու Գիրք Ծննդոցի մեկնությունը” Մայքլ Սթոունի անգլերեն թարգմանությամբ եւ աշխատասիրությամբ: Այն հրատարակվել է “Արեւելյան քրիստոնեական բնագրեր. հայ գրողներ” (“Corpus Scriptorum Christianorum Orientalium, Scriptores Armeniaci”) մատենաշարով: Գիրքը պարունակում է Գիրք Ծննդոցի վաղ հայկական մեկնաբանության երկու պահպանված հատվածները: Առաջինը հայտնի էր մի քանի տարի, երկրորդը նոր է գտնվել եւ առաջին անգամ հրապարակվել է սույն հատորում: Հայերեն բնագիրը եւ անգլերեն թարգմանությունը լրացված են մեկնաբանություններով եւ նշումներով: Երկը վերագրվում է հայ նշանավոր մշակութային ¨ եկեղեցական գործիչ, քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ եւ երաժիշտ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ Ստեփանոս Սյունեցուն (685-735):

Ավելացնենք, որ անցյալ տարի Մայքլ Սթոունի անգլերեն թարգմանությամբ լույս է տեսել նաեւ միջնադարյան հայ բանաստեղծ, մշակութային գործիչ Խաչատուր Կեչառեցու (1260-1331) բանաստեղծություններից չորսը Երուսաղեմի “Սիոն” հանդեսում (2021, օգոստոս-սեպտեմբեր, էջ 323-328):

Ա. Բ.