ՀՀ վարչապետի աղմկահարույց ասուլիսին անդրադառնում է նաեւ թուրքական մամուլը

474

“Հուրիյեթը” Փաշինյանի հայտարարությունները գնահատում է որպես “հաճելի անակնկալ”

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ

Մինչ հայ հասարակության մեջ ակտիվորեն վերարծարծվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ դրա նախաձեռնության շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ ծավալվում էր բավականին լուրջ մրցապայքար, ահա հունվարի 24-ին մամուի ասուլիս է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարություններով ոչ միայն ընդառաջում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, էությամբ հակահայ աշխարհաքաղաքական ծրագրերում, այլեւ անտեսելու գնով հայ ժողովրդի ազգալին շահերը, միաժամանակ բավարարում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հայատյացությամբ պայմանավորված, միջազգային նորմերին անհարիր նախապայմանները:

Այդ ընթացքում Պուտինին հաճոյանալու համար ոտնահարվում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ Եվրոպական միության անվերապահ աջակցությունը, անտեսելով դեռեւս 44-օրյա պատերազմի օրերին արված հավաստիացումներըՙ ընդհուպՙ ռազմական օգնության: Ինչպես երեւում է, նախագահ Պուտինին հաճոյանալն ու հաճոյանալու համար նախապայմաններում հայատյաց Պուտինի “լավագույն ընկերոջ”ՙ Էրդողանին եւ ռազմավարական դաշնակից Ալիեւին ընդառաջելը ՀՀ վարչապետի համար շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի ապագան: Համենայնդեպս ասուլիսում, ինչպես հունվարի 25-ին նշել են լրատվամիջոցները, Փաշինյանը խոսել է Հայ դատի, հայ-թուրքական սահմանի, ռուսական զորանոցի վերածված Արցախի պատկանելիության, հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի եւ թշնամական այս կառույցի հանդեպ մեր պարտականությունների մասին:

Ասուլիսում Փաշինյանը Թուրքիայի հետ սահմանը ճանաչելու հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանում երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարվել եւ սահմանը կասկածի տակ չի դրվել, որ նախկիններն էլ Արցախը ճանաչում էին ոչ հայկական տարածք, եւ դա չի փոխվելու: ՀՀ վարչապետե հայ-ռուսական հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ի առնչությամբ էլ ասել է, որ Հայաստանը անկախ ամեն ինչից շարունակում է կատարել պայմանագրային պարտականությունները եւ դա չի փոխվելու:

Քանի որ ամեն մի պետության համար նախագահի եւ արտգործնախարարի հայտարության հետ պարտավորեցնող են նաեւ վարչապետի հայտարարությունը, ուստի Փաշինյանը մեկ ասուլիսով Հայաստանին դնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման  համար դեռեւս 1991-ին մեզ առաջադրված թուրքական հետեւյալ նախապայմանները կատարելու պարտադրանքի տակ. “Չհիշատակել 1915-մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությությունը եւ ճնշում գործադրել սփյուռքահայության վրա, որպեսզի դադարեցնի Թուրքիայի դեմ ուղղված գործունեությունը”:

Այլ կերպՙ Թուրքիան այլեւս նախապայմաններ չի առաջադրի Հայաստանին, այլ կհիշեցնի ՀՀ վարչապետի հունվարի 24-ի ասուլիսում արած հայտարարությունները: Թեեւ Փաշինյանն այնտեղ շրջանցել է “Զանգեզուրի” միջանցքի հարցը: Բայց հոգ չէ, դրա բացման մասին հավանաբար նա կհայտարարի Ալիեւի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու ժամանակ, որքան էլ դրա իրավասությունը չունենա:   Այն առումով, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը Մինսկի խնբի համանախագներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին հանձնարարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով: Հետեւաբար Փաշինյան-Ալիեւ հաշտության պայմանագիրն էլ պետք է ստորագրվի ոչ թե Պուտինի, այլեւ համանախահների նախաձեռնությամբ:

Քանի որ Մինսկի խմբի փաստաթղթերում չկա որեւէ նշում միջանցքի մասին, դեռ ավելինՙ նախագահ Բայդենն էլ դեռ հայտարարել է, որ Մեղրիի միջանցք չի լինելու, ուստի Պուտինը, ԱԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը եւ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը չհակադրվելու համար “Զանգեզուրի” միջանցքի եւ Փաշինյան-Ալիեւ հաշտության պայմանագրի հարցերը, Արցախի հայկական հատվածից հետո նաեւ Սյունիքը ռուսական զորանոցի վերածելու, իսկ դա նշված պայմանագրով ամրագրելու իր չարանենգ նկրտումները փորձում է իրականացնել Հայաստանի իշխանությունների միջոցով:

Հատկանշական է, որ Պուտինի “լավագույն ընկեր” Էրդողանն ու ռազմավարական դաշնակից Ալիեւն էլ իրենց նպատակներին հասնելու հարցում օգտագործում են Պուտինին: Այդ ընթացքում  աստիճանաբար ի չիք են դառնում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ ԵՄ-ի Հայաստանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու բոլոր ձեռնարկումները: Այսպիսով  իրականանում է Պուտինի Հայաստանն արտաքին աջակցությունից զուրկ, միջազգայնորեն մեկուսացված եւ տնտեսապես քայքայված տեսնելու անզուսպ ցանկությունը:

ՀՀ վարչապետի հունվարի 24-ի ասուլիսը, ինչ խոսք, հետաքրքրել է նաեւ թուրքական մամուլին: Ասուլիսին հունվարի 26-ի համարում անդրադարձել է “Հյուրիյեթ”-ը, որից արտատպել է “Timeturk” կայքէջը: Թուրքական թերթը վարչապետի Թուրքիային վերաբերող հայտարարությունները բնութագրել է “հաճելի անկնկալ”: Ահա թե ինչ է գրել.

“Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով որ իրենք վերին աստիճանի լուրջ եւ անկեղծ մոտեցում ցույց տալով Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին, ասաց, թե բանակցությունների ներկա ընթացքի պահպանման դեպքում ինքը կընդունի Թուրքիայի հրավերն ու կմասնակցի մարտի 11-13-ին նախատեսվող Անթալիայի դիվանագիտության ֆորումի աշխատանքներին: Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Փաշինյանը նշեց, որ մտադիր են մինչեւ վերջ տանել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկզբնավորված նորմալացման գործընթացը: Ապա ներկա գործընթացը տարբերեց 2009-ի գործընթացից եւ ավելացրեց. “Մենք Թուրքիայի հետ նորմալացման բանակցություններին ամենայն լրջությամբ ենք վերաբերում: Ելնելով նախորդ գործընթացի անհաջող փորձից, նպատակադրվել ենք մեր հարեւանի հետ առանց նախապայմանի ապահովել նորմալացումը: Սակայն ամեն ինչ մեզնից կախված չէ: Այնուամենայնիվ մտածում եմ, որ բանակցությունները, ի վերջո, հանգեցնելու են մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը”:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ երկու կողմերի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան  առաջին հանդիպմանը, նշել է դրա դրական մթնոլորտում անցկացումը եւ ընդգծել Թուրքիայի հետ սկզբնավորված նորմալացման գործընթացին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների պես մեծ տերությունների աջակցությունը:

“Եթե օրը գա, ապա կհաշտվենք նաեւ Ադրբեջանի հետ”

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասի համար Թուրքիայի առաջարկած 3+3 ձեւաչափը կյանքի կոչելու հարցին եւս ադրադառնալիս, Փաշինյանը դրա համար անհրաժեշտ է համարել, որ այդ հարցում Ադրբեջանը համաձայնության գա Երեւանի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիան 3+3 ձեւաչափն առաջ էր քաշել տարածաշրջանի բարգավաճման , տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը խթանելու նկատառումով: