Վերջերս այցելեցի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Զրուցում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ: Ծանոթանում եմ ակադեմիայի ինստիտուտների աշխատակիցների կատարած աշխատանքներին: Ստորեւ ներկայացնում եմ կատարված գիտական որոշ աշխատանքներ:
2020 թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, հիմնականում առցանց, կազմակերպել են 21 միջազգային եւ 27 հանրապետական գիտաժողովներ: 2020թ. ՀՀ ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունները իրականացրել են գիտական եւ գիտահետազոտական աշխատանքներ 5 նպատակային, 42 բազային, 152 թեմատիկ եւ 105 տնտեսական պայմանագրային ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են 140 մենագրություն եւ ժողովածու (11-ն արտասահմանում), 15 ուսումնական ձեռնարկ եւ դասագիրք (2-ն արտասահմանում), 1893 հոդված (839-ն արտասահմանում), 155 թեզիս (92-ն արտասահմանում):
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններՙ գնահատելու համար ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադիՙ Սպանդարյանի, Տաթեւի եւ Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը: Աշխատանքներն իրականցվել են “Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում եւ սեյսմիկ վտանգների գնահատում” ծրագրի շրջանակներումՙ “Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն” ՓԲԸ-ի եւ “Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիա”-ի հետ համատեղ, “Քոնթուր Գլոբալ” ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Մ. Գեւորգյանը:
Առանձնացվել եւ ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմո-տեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը: Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվՙ Փամբակ-Սեւան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, եւ որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարեւոր եւ արդիական: Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ:
Ակադեմիայի գիտնականների կողմից մշակվել է նաեւ թոքերի արհեստական օդափոխման նոր տիպի համակարգ, որի գլխավոր յուրահատկությունը շնչառական պրոցեսի բնական հաճախականության համադրումն է ներշնչվող ու արտաշնչվող օդի բարձր հաճախությամբ տատա-նումների հետ: Նախագծվել եւ պատրաստվել է բազմահաճախային տատանումներ ստեղծող սարքավորման լաբորատոր փորձանմուշ (ղեկավար` ֆ.-մ.գ.թ. Հ. Խաչատրյան):
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու