«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը 1999 թվականից լույս է տեսնում Պրահայում: Այն հրատարակում է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ:
Հակոբ Ասատրյանը կնոջ՝ լրագրող Աննա Կարապետյանի հետ Հայաստանում՝ «Թեքեյան» կենտրոնում նշեցին «Օրերի» 25-ամյակը: Ամսագրի հոբելյանը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որտեղ եւս տարբեր ձեւաչափի միջոցառումներով տոնվել է պարբերականի 25-ամյակը:
«Ազգ» շաբաթաթերթը «Օրերին» վերաբերում է որպես չափազանց հարազատ ու կարեւոր առաքելություն ստանձնած ամսագրի: Հակոբ Ասատարյանը երկար տարիներ թղթակցել է «Ազգ»-ին. արխիվում պահպանվում են նրա բազմաթիվ հարցազրույցներն ու հոդվածները, որոնք հիմա էլ աչքի են ընկնում խորքային վերլուծություններով ու նորանկախ Հայաստանի խնդիրները վեր հանելու կարեւորությամբ:
Հատվածաբար ներկայացնում ենք «Ազգ»-ի հարցազրույցը՝ Հակոբ Ասատրյանի հետ. առիթը «Օրերի» հոբելյանն է, թեման՝ մեր անցյալի ու ներկայի կյանքն ու Հակոբ Ասատրյան-Աննա Կարապետյան ամուսինների Երեւան-Պրահա 25-ամյա կապը:
25-րդ տարում լույս կտեսնի «Օրերի» 100-րդ համարը
25 տարի առաջ Երեւանից գնացի Պրահա, որպեսզի մեր ընտանիքը միավորվի. կինս՝ Աննան, 2 տարի էր, ինչ աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում. մենք երեխայի էինք սպասում: Մտքովս չէր անցնում, որ Չեխիայում ամսագիր եմ հրատարակելու: Գաղափարը ծնվեց այնտեղ՝ Պրահայում: Ես Երեւանում, բացի «Ազգ» թերթում աշխատելուց, նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցն էի, մտածում էի, որ Պրահայում՝ ռադիոյում, Աննայի հետ կաշխատենք, բայց ըստ «Ազատության» պահանջների՝ ամուսինները չեն կարող միատեղ աշխատել: Ուսումնասիրեցի ու պարզեցի, որ Եվրոպայում արեւելահայերենով հրատարակվող ոչ մի պարբերական չկա, հիմնեցինք Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը եւ սկսեցինք հրատարակել «Օրեր» ամսագիրը: Ես չեմ կարողանում հավատալ, որ այն արդեն 25 տարեկան է՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ. եղել են տարիներ, երբ ընդամենը 2 համար ենք կարողացել հրատարակել: 25-րդ տարում լույս կտեսնի «Օրերի» 100-րդ համարը:
Մենք որեւէ կուսակցության չենք հարել եւ պահպանել ենք մեր անկախությունը
«Ազգ» թերթում աշխատելով՝ որոշ չափով ճանաչում էի ավանդական Սփյուռքը՝ հատկապես Ռամկավար Ազատական կուսակցությանը եւ Դաշնակցությանը, որովհետեւ լուսաբանում էինք դրսից Հայաստան եկած կուսակցականների գործունեությունը նաեւ: «Ազգ»-ն այդ իմաստով տարբերվում է մյուս պարբերականներից, որովհետեւ չի եղել զուտ կուսակցական հարթակ, բոլորին էլ լուսաբանել է: Բայց քանի որ Չեխիայում չկար ավանդական հայկական Սփյուռք, դա մի կողմից դժվարացրեց, մյուս կողմից հեշտացրեց մեր գործը: Չունեինք մեզ աջակցող որեւէ կառույց. մենք մեր գլխի տերն էինք ու պարտադրված չէինք որեւէ կուսակցության քաղաքական գիծը տանել: Մեր ամսագրի զարգացմանը զուգընթաց՝ Եվրոպայում սկսեցին գործել համաեվրոպական հայկական կառույցներ, որոնցում ներգրավվում էին տարբեր կուսակցություններ, ու ես այդպես սկսեցի ճանաչել եվրոպահայ Սփյուռքը: Այս տարիների ընթացքում բոլորի հետ կապ եմ հաստատել: Նոր ստեղծվող կառույցների գործունեությունը լուսաբանել ենք միշտ: Եվրոպական հայկական կազմակերպությունների դաշտը նույնպես եղել է մեր լուսարձակի տակ: Մենք եղել ենք միակ օրգանը, որը կապ է ունեցել եւ լուսաբանել բոլոր հայկական համաեվրոպական կազմակերպությունների աշխատանքը: Այդ իմաստով, իհարկե, կարեւոր է նշել, որ մենք զերծ ենք մնացել կուսակցական ազդեցություններից: Շատերին թվացել է, որ եթե Հայ դատի համագումար կամ ՀԸԲՄ-ի ժողով ենք լուսաբանում, ուրեմն այս կամ այն կուսակցության ենք հարում: Ո՛չ, մենք մեր անկախությունը պահպանել ենք, միեւնույն ժամանակ մեծ տեղ ենք տվել հայկական, ազգային, համայնքային կառույցների լուսաբանմանը՝ դառնալով եվրոպահայության հայելին:
Վստահությունն առաջացել է աստիճանաբար
Երբ սկսել ենք աշխատել, լուսաբանել, շատերը տեսել են, որ չեզոք ենք. եղել են նաեւ քննադատական հոդվածներ, բայց մենք մտահոգված լինելուց ենք քննադատել: Ձգտել ենք չվերածվել դեղին մամուլի: Քանի որ ես էլ, Աննան էլ պրոֆեսիոնալ լրագրողներ էինք, առաջին հերթին պահպանում էինք մասնագիտական էթիկայի կանոնները, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք ցածրակարգ լրահոս չենք տալու: Կարողացել ենք պահպանել լրագրության բարձր մակարդակ: Դա էին վկայում «Օրերի» 25-ամյակի առիթով տարբեր կողմերից արձագանքները:
Սկզբնական շրջանում «Օրերը» տպագրել ենք 500 օրինակով, հետո դարձրինք՝ 1000: Հատուկ համարներ են եղել, որ 1500 օրինակով են լույս տեսել. տպագրության թիվն աճել է հատկապես երբ չեխական ավիաուղիների՝ դեպի Հայաստան չվերթերի ինքնաթիռներում էին դրվում «Օրերի» համարները:
Բաժանորդագրությունից բացի ամսագիրը տարածել ենք Սփյուռքի տարբեր համայնքներում, միջոցառումների, զանազան ձեռնարկումների ժամանակ:
Անցած տարիների ընթացքում մոտավորապես 70 հազար ամսագիր նվիրել-բաժանել ենք Եվրոպայի հայկական տարբեր համայնքներում: Խմբագրական, կազմակերպչական, գովազդային բոլոր հարցերով ես ու Աննան ենք զբաղվել միայն, այլ աշխատող չենք ունեցել:
Մեզ նաեւ փորձել են խանգարել… Հայաստանից
Որքան էլ զարմանալի է, մեզ փորձել են խանգարել Հայաստանից: 2008 թվականից «Օրերն» ունի նաեւ կայքէջ, որը բավականին անուն էր հանել: Կայքը 4 անգամ հակերային հարձակման է ենթարկվել. ամենաուժգինը 2018 թվականին էր: Հարձակումը Ռուսաստանից էր: Չեխիայում Արցախին նվիրված ցուցահանդես էր բացվել, որի մասին գրել էինք ե՛ւ հայերեն, ե՛ւ չեխերեն: Ենթադրում ենք, որ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներից է եղել հարձակումը կայքի վրա: Մենք մինչ այդ հետեւել ու տեսել էինք, որ ամեն օր Բաքվից 18 մուտք է լինում կայք:
Կայքն ամբողջությամբ շարքից դուրս եկավ: Շատ քիչ բան կարողացանք վերականգնել: 10 տարվա արխիվը գրթե ամբողջությամբ ոչնչացավ: Բայց մինչ այդ հակերային հարձակումը, տարիներ առաջ, Հայաստանում բացեցին Orer.am կայք-էջը. սկզբում նույնիսկ մեր լոգոն էին վերցրել-օգտագործել: Չգիտեմ՝ ինչու էին այդպես արել. միգուցե «Օրեր» անունն էր նրանց դուր եկել կամ ուզում էին խառնաշփոթ ստեղծել: Մենք Հայաստանից բազմաթիվ արձագանքներ ստացանք. մարդիկ տարակուսել էին՝ այս ի՞նչ եք գրում: Մենք էլ ասում էինք, որ դա Հայաստանում ստեղծված կայք-էջ է, որը մեզ հետ բոլորովին կապ չունի: Շատերին թվացել է, որ Պրահայից բացի, «Օրերի» կայք ենք բացել նաեւ Հայաստանում: Համապատասխան մարմիններին տեղեկացրինք, որ սա Սփյուռքի մամուլի դեմ ոտնձգություն եւ իրավունքների խախտում է: Չուզեցինք դատական քաշքշուկների մեջ մտնել: Ստիպված պետռեգիստրում գրանցեցինք «Օրերի» լոգոն, հեղինակային իրավունքը, որպեսզի ծայրահեղ դեպքում կարողանանք մեր իրավունքները պաշտպանել:
Լավ է, բախտներս բերեց, որ «Օրեր» ամսագրի նյութերը կայքում չէինք տեղադրել, այլապես դրանք էլ կկորչեին:
Առցա՞նց, թե տպագիր… այնուամենայնիվ, տպագիր
Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն եմ նախընտրում՝ առցա՞նց տարբերակը, թե՞ տպագիր, պատասխանում եմ՝ այս դեպքը վառ օրինակ է, թե ինչու է պետք ունենալ տպագիր տարբերակը: Եթե 2008-ից «Օրեր» ամսագիրը եւս թողարկեինք առցանց տարբերակով, ապա հակերային հարձակման պատճառով լրահոսի նյութերից բացի կորցրած կլինեինք նաեւ ամսագրի բոլոր համարները, ամբողջ արխիվը: Տպագիրը պատմության եւ ուսումնասիրողների համար ամենակարեւոր փաստաթուղթն է: Մենք մեր տպագիր նյութերի մեծ մասը մեր կայքում չենք տեղադրում, որովհետեւ նախ առանց հղումներ անելու՝ արտատպումներ են լինում, բացի այդ՝ մարդիկ չէին կարողանա կամ չէին ուզենա ամսագրին բաժանորդագրվել:
Մտադիր ենք մեկ այլ տարբերակի վրա աշխատել. փոստային ծախսը Եվրոպայում եռակի թանկացել է: Հեռավոր երկրներում ապրող մարդիկ բաժանորդագրվեն ամսագրի pdf տարբերակին, որն էլեկտրոնային փոստերով կուղարկենք նրանց: Սփյուռքահայ որոշ թերթեր այս տարբերակով աշխատում են, սփռում իրենց համարները: Կարծում եմ՝ դա է նաեւ «Օրեր» ամսագրի ապագան: Տպագրին զուգահեռ՝ կաշխատենք նաեւ այս տարբերակով: Սակայն մտավախություն կա, որ մի հոգի կարող է բաժանորդագրվել pdf տարբերակին, էլեկտրոնային փոստով ստանալ եւ ուղարկել տարբեր մարդկանց: Դա մեզ ծանոթ երեւույթ է. տարիներ առաջ բաժանորդագրվում էին «Օրեր» ամսագրին, կարդում ու փոստով ուղարկում հարեւան երկրներ՝ իրենց բարեկամներին ու ծանոթներին:
Կարող ես բոլորից նեղանալ, բայց Հայրենիքից նեղանալու իրավունք չունես
Տարիներ շարունակ «Օրերը» նաեւ լեզվական կամուրջ է եղել Սփյուռքի արեւմտահայ եւ արեւելահայ համայնքների միջեւ: Մեր բաժանորդների գերակշիռ մասը արեւմտահայեր են, ոչ թե արեւալահայեր, որքան էլ որ ամսագիրը հրատարակվում է արեւելահայերեն:
Հայաստանից գնացածները բաժանորդագրվելու ավանդույթ չունեն, իսկ մենք ունեցել ենք բաժանորդներ, որոնք հայերեն լավ չէին հասկանում, բայց ամսագրին աջակցելու համար բաժանորդագրվում էին:
Նրանք, ովքեր Հայաստանի անկախության առաջին տարիներին տեղափոխվել էին արտերկիր, Հայաստանում էլ առանձնապես թերթ ու ամսագիր կարդացող ու բաժանորդագրվող չէին: Մի մասը Հայաստանից նեղացած ու վրդովված էր հեռացել, մյուսները դժբախտությունների, դժվարությունների պատճառով էին հայրենիքից գնացել: Կարծում եմ՝ կարող ես բոլորից նեղանալ, բայց ոչ՝ Հայրենիքից: Մեր վարած քաղաքականության շնորհիվ «Օրերը» փորձել է Հայաստանից հեռացածների սրտում հայկական մշակույթի, դասական արվեստի, ժողովրդական կերպարվեստի, գրականության, կինոյի, թատրոնի նկատմամբ սեր ներարկել ու նրանց հաշտեցնել Հայրենիքի հետ:
Բազմալեզու ամսագիր հրատարակելու նախագիծն այդպես էլ չիրականացավ
Մեր ֆինանսական ու մարդկային ռեսուրսներն, իհարկե, սուղ էին, հատկապես որ մեր դեմ «Հեյդար Ալիեւ» հիմնադրամն էր իր աննկարագրելի ֆինանսական միջոցներով:
Այդ հիմնադրամը միջազգային մի ամսագիր էր տպագրում, որի հեղինակները եվրոպական տարբեր երկրների գրողներ էին, ու նրանց բոլոր նյութերը հակահայկական տարրեր էին պարունակում: Կարծեմ «Բաքու» էր ամսագրի վերնագիրը: Բարձրորակ տպագրությամբ, գունավոր ամսագիր էր՝ տարբեր ընկերությունների գովազդներով: Ադրբեջանցիներն այդ ամսագիրը թարգմանում էին 15 լեզուներով՝ ճապոներենից, չինարենից մինչեւ չեխերեն, եւ ամբողջ շուկան հեղեղում դրանցով, տարածում այդ լեզուներով երկրների հասարակական, բիզնես, պետական ոլորտներում: Այդպիսով, այդ ամսագրի բազմալեզու տպագրությամբ հակահայ եւ ադրբեջանամետ քարոզչություն էին անում:
Սա այն քաղաքականությունն էր, ինչը ես ժամանակին առաջարկում էի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում լույս տեսնող հայկական ամսագրերի հրատարակիչներին՝ եկեք չորսով համախմբվենք, ամսագրերի կարեւորագույն նյութերը դուք թարգմանեք անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ես՝ հայերեն: Այդպիոսով կհարստացնենք ամսագրերը, նաեւ տպագրված լավագույն հոդվածները կլինեն հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ու լայն տարածում կունենան: Ցավոք, նրանք իմ այս առաջարկի հետ չհամաձայնեցին, եւ 20 տարի առաջվա մտահղացումս այդպես էլ կյանքի չկոչվեց:
Ձեռքներս միշտ դրած Արցախի ու արցախահայության զարկերակին
Ինչ վերաբերում է Արցախի թեմային, բավականին ակտիվ քարոզչական աշխատանք ենք տարել Եվրոպայում ու հատկապես Չեխիայում, բայց դրա մասին չենք գրել: Այդ քարոզչական աշխատանքը եղել է ի պատասխան ադրբեջանցիների, թուրքական դեսպանությունների կատարած հակահայ քաղաքականության ու քարոզչության:
Վերջին դեպքերից մեկը՝ Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման ձախողումն էր, որ տեղի ունեցավ մեր ուղարկած նամակներից հետո:
Հատկապես 2018 թվականից հետո Արցախին նվիրված թեմատիկ համարներ ենք տպագրել: Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված հայ գրականության հատուկ համար ենք պատրաստել: Ուզում էինք տեսնել, թե 44-օրյայից հետո՝ 1 տարվա ընթացքում, պատերազմի թեմայով ի՞նչ գրականություն է ստեղծվել: 2022-ի սկզբին այդ համարը լույս տեսավ: Ի զարմանս ինձ՝ հայտնաբերեցի, որ բավականին գրականություն էր տպագրվել ե՛ւ գրքերի տեսքով, ե՛ւ մամուլում: Արցախում եւ Հայաստանում լույս տեսած հետաքրքրական գրքերի մասին գրեցինք: Մեծ տպավորություն եմ ստացել հենց 44-օրյային մասնակցած զինվորների գրվածքներից: Գրել էին հենց խրամատներում՝ պատերազմի օրերին. հույզեր, ներշնչանք, ապրումներ…
2023-ի մեր վերջին համարն էլ նվիրվեց Արցախին: Ամփոփեցինք շրջափակման ամիսներին Արցախում ապրած մարդկանց պատմությունները, վերլուծեցինք՝ ինչու Արցախը բռնազավթվեց, հայաթափվեց, ներկայացրինք մեր ժողովրդի ծանր հոգեվիճակը, հայրենազրկման, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման իրողությունները: «Օրերի» կայքը ամենօրյա ռեժիմով է անդրադառնում Արցախի խնդրին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը: COP29-ից առաջ օտար պետություններին տեղեկացրել ենք Բաքվի վարած ցեղասպան քաղաքականության, հայ գերիների մասին:
Նախկինում Արցախին անդրադառնում էինք հաղթած երկրի դիրքերից, իսկ հիմա…
Ամենաբարդ թեման է, մանավանդ որ Հայաստանի իշխանությունների կողմից բացի խաղաղության օրակարգից, որեւէ լուրջ գաղափարախոսական աշխատանք տանելու, պետության շահերը պաշտպանելու ծրագիր չենք տեսնում: Մեր թշնամի պետությունների, հարեւան երկրների դիրքորոշումը ցույց է տալիս, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը ռազմավարական կարեւոր հարցերի շուրջ նպատակասլաց քաղաքականության բացակայությունն է, որ մեզ գցել է անելանելի վիճակի մեջ: Հաճախ եմ զրուցում տարբեր երկրների մեր գործընկերների հետ. Բոլորն անորոշության, անելանելիության մեջ են, չգիտեն այսուհետեւ ինչ աշխատանք տանեն:
Քանի որ պետության աջակցությունն այլեւս չես ստանում, աշխատանքդ դրսում ավելի է դժվարանում:
Անցած, ներկա ու ապագա օրերը՝ «Օրերում»
Հայ առաքելական եկեղեցին «Օրերի» էջերում կարեւոր դեր է ունեցել: Ներկայացնում ենք նաեւ հայկական համայնքների պատմությունը: Ամսագրի գրեթե բոլոր համարներում անդրադարձել ենք հայ հոգեւոր ժառանգությանը, Հայ առաքելական եկեղեցու թեմերի, ծխերի գործունեությանը՝ կարեւորելով Եկեղեցու դերը ոչ միայն հայկական սփյուռքի, այլեւ ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում: Դա մեկ անգամ եւս ապացուցվեց Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայ ուխտավորները եկել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու այդ անչափ կարեւոր արարողությանը:
«Օրերի» հաջորդ համարը նվիրված է լինելու գերմանահայությանը: Շարքը շարունակում ենք. Գերմանիան եվրոպական 25-րդ երկիրն է, որին առանձին համարով անդրադառնալու ենք՝ կազմակերպություններ, կառույցներ, համայնքի պատմություն, հայտնի մարդիկ, երաժիշտներ: Սա վաղուց ծրագրված համար է, որի թեման խորությամբ հետազոտել ենք:
Շուտով կհրատարակվի նաեւ «Օրերի» հոբելյանական 100-րդ համարը, որը կամփոփի անցած 25 տարվա ճանապարհը, նաեւ տեղ կգտնեն այս օրերի հայաստանյան անցուդարձը, ինչը Աննան ու ես այստեղ՝ Երեւանում եղած ժամանակ հասցրել ենք արձանագրել, լուսաբանել:
Մեզ համար կարեւոր է բովանդակությունը, ասելիքը, ոչ թե տեսքը
Երբ մեր երեխաները փոքր էին, սեղանի շուրջը մի օր զրույց սկսվեց՝ «Օրերի» հետ ի՞նչ է լինելու: Որդիներս կատակով վիճեցին, թե հետագայում նրանցից ով է լինելու խմբագիրը: Բայց հիմա, տեսնելով նրանց մասնագիտական, աշխատանքային ոլորտները, այդքան մեծ հույսեր չեմ փայփայում, որ մեր գործը կշարունակեն: Չեմ ուզում, որ «Օրերը» «Յառաջի» ճակատագիրն ունենա, երբ Արփիկ Միսաքյանը ցանկացավ, որ իրենից հետո այլեւս ոչ ոք «Յառաջ» չտպագրի, այդ պատճառով էլ ստեղծվեց «Նոր Յառաջը»: Բայց միգուցե «Օրերը» ընտանեկան միջավայրից դուրս գա ու դառնա համահայկական հանդես, ունենա իր տնօրենների խորհուրդը: Բայց փորձը ցույց է տվել, որ ինչքան շատ մարդ է խառնվում մի գործի մեջ, այնքան այդ գործն ավելի է տուժում ու կարող է շատ արագ ավարտվել: Օրինակ՝ Armenian International Magazine (AIM) ԱՄՆ-ում, որ շատ մեծ տպաքանակ ուներ, հոգաբարձուների ու գործադիր տնօրենների բազմություն, մեկ օրվա մեջ փակվեց: Սփյուռքում այդպես շատ ամսագրեր են փակվել:
«Օրերը» սեւ-սպիտակ է տպագրվում. գունավոր տպագրվելու հնարավորություն եղել է, բայց հետ ենք կանգնել այդ մտքից, որովհետեւ այդ հնարավորությունը միշտ չէինք ունենալու, իսկ մեկ-երկու համար տպագրել գունավոր, մյուսները՝ սեւ-սպիտակ, ճիշտ չէր լինի: Դրա համար ընտրեցինք մշտական ոչ գունավոր հրատարակությունը: Մեզ համար կարեւոր է բովանդակությունը, ասելիքը, ոչ թե տեսքը:
25-ամյակի հետ կապված մտադիր եմ հանգանակության արշավ սկսել: Ուզում ենք նոր քայլ անել՝ զարգացնել թե՛ կայք-էջը, թե՛ «Օրեր» ամսագիրն իր դիզայնով, նյութերի բազմազանությամբ:
Զրուցեց՝ ՆԱԻՐ ՅԱՆԸ