Վերջերս անցկացված «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակաբաշխության (EMYA) ժյուրին «Ինստիտուցիոնալ խիզախության եւ պրոֆեսիոնալ ուղղամտության» համար 2023 թվականի Քենեթ Հադսոնի անվան մրցանակը շնորհել է Ստամբուլի Օսմանբեյ թաղամասի, «Ակօս» թերթի խմբագրության նախկին Սեբատ շենքում տեղակայված «23,5 Հրանդ Դինքի Հիշատակի կենտրոն-թանգարանին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, հավելելով, որ լրագրող, գրող եւ երաժշտագետ Քենեթ Հադսոնի անվան մրցանակը 1977 թվից սկսած շնորհվում է «Եվրոպական թանգարանային ֆորումի» (EMF) կողմից «որեւէ թանգարանի, աշխատակազմի կամ անհատի, որ խիզախ քայլեր ձեռնարկելով ընդարձակում է թանգարանների դերի ու պատասխանատվության ընկալումը հասարակության մեջ»:
Այս տարի մրցույթին մասնակցելու համար 19 երկրներից 33 հայտ է ներկայացվել, որոնցից տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 6 թանգարաններ: «23,5 Հրանդ Դինքի Հիշատակի կենտրոն-թանգարանը», որի անվան սկզբի թիվը վերցված է Հրանդ Դինքի 1996 թվի ապրիլի 23-ին «Ակօսում» հրատարակված հոդվածի վերնագրից, մրցանակի է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանությանը համապարփակ եւ բազմակողմանի մոտեցման, սոցիալական բարեփոխումներին եւ ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաեւ անցյալի վրա լույս սփռելով հանուն ապագայի գործելու համար»:
Մրցանակակիր թանգարաններն իրենց շնորհակալական հայտարարության մեջ նշել են. «Յուրաքանչյուր մրցանակ տոնակատարության առիթ է, բայց նաեւ մարտահրավեր:
Կցանկանայինք ապրել մի աշխարհում, որտեղ հնարավոր կլիներ կառուցել նորանոր թանգարաններ, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների, տարբեր մտածելակերպի մարդկանց համագործակցության, խաղաղ գոյակեցության եւ համատեղ խիզախումների վրա»:
Դինքի կենտրոնի կողմից ելույթ ունեցողները ընդգծել են այն հանգամանքը, որ «23,5 Հրանդ Դինքի հիշատակի կենտրոնը գործում է որպես մի հարթակ, որը խրախուսում է մարդկանց առնչվել անցյալի հետ, բայց միաժամանակ փորձում է հաղորդակցության, փոխըմբռնման եւ երկխոսության դուռ բացել: 2007-ի հունվարի 19-ից, այսինքն Դինքի սպանությունից սկսած՝ մեր սրտերը վիրավոր են եւ մենք փորձում ենք մեր առաքելության շնորհիվ ապաքինել մեր վերքերը: «23,5-ը եզակի մի անձնավորության, եզակի մի կյանքի պատմությունն է մեզ փոխանցում: Մարդուն սպանելը չի նշանակում, որ այդ մարդը մահացած է: Ինչպես Հրանդ Դինքի այրին է վկայում` յուրաքանչյուր մահ ճանապարհորդություն է դեպի անմահություն, դեպի հավերժություն: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Դինքի մահը հազարավոր սերմեր տալիս: Նրա դավանած արժեքները այսօր էլ գոտեպնդում են բազմաթիվ մարդկանց մտքերն ու սրտերը:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ