ՌԴ արտգործնախարարությունը դա անտեսում եւ փոխարինում է «hամատեղ նախադրյալ» ստեղծելու արտահայտությամբ
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Դրանով փաստորեն մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հանդիպմանը հայկական կողմին ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը , իսկ թուրքականինՙ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը : Հայկական լրատվամիջոցները մանրամասն լուսաբանել են հանդիպումը: Դա եղել է նաեւ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են:
Թուրքական լրատվամիջոցները հանդիպումը բնութագրեցին «առանցքային», իսկ դրա անցկացումը Մոսկվայում բացատրեցին ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությամբ, թե Մոսկվան հայկական կողմի խնդրանքով է ընտրվել որպես հանդիպման վայր, առանց իհարկե բացատրելու, թե այդ խնդրանքն ո՞ւմ հորդորներով է եղել:
Համենայնդեպս հանդիպման ավարտին CNN-Turk-ը նշեց, որ դա անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, կողմերը որոշել են գործընթացը շարունակել առանց նախապայմանի եւ հաջորդ հանդիպումները բացառապես անցկացնել միայն Անկարայում ու Երեւանում: Որոշումներն արձանագրվել են հանդիպման ավարտին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ հանդիպման նախորդ օրը, հունվարի 13-ին, Սերդար Քըլըչը CNN-Turk-ի էկրանից «տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, հայ-թուրքական հարաբերությունների «ճանապարհային նոր քարտեզի» մասին արտահայտվելիս, 1915-ի իրադարձությունները պատմաբանների հայեցողությոնը թողնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու եւ «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջներ էր ներկայացրել հայկական կողմին եւ մատնանշել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը իրականացվելու է Ադրբեջանի հետ համակարգման պայմաններում:
Դա ենթադրում էր Ադրբեջանի ներգրավվածությունը հայ-թուրքական երկկողմ գորընթացին: Դա դեռ ոչինչ, Մարիա Զախարովան էլ հայկական կողմին հորդորել էր «սահմանազատել» հողերը հայ-ադրբեջանական սահմանին, հավաստելով, ըստ ռուս բլոգերների, որ այդ դեպքում իսկույն կդադարեն Ադրբեջանի կողմից հայ զինվորների վրա արձագվող կրակոցները շփման գծում: Քանի որ Զախարովան ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն է, այլ ոչ թե Ադրբեջանի, եթե կարողանում է սահմանին ադրբեջանական կողմից կրակոցների դադարեցման հստակ հավաստիացում տալ Հայաստանին, ապա մենք էլ նրա հավաստիացումը պետք է ընդունենք որպես խոստվանություն, որ շփման գծում հայ զինվոր սպանելիսՙ ադրբեջանցի հրոսակն առաջնորդվում է Մոսկվայի պատվերով:
Առհասարակ նախորդ օրվա նորությունները առավոտյան նույնությամբ կրկնում են նաեւ թուրքական հեռուստատեսությունները: CNN-Turk-ը, սակայն, Սերդար Քըլըչի պարագայում խախտեց այդ բարի ավանդույթը, հունվարի 14-ի առավոտյան վերջինի հայտարարություններն արդեն էկրանին ոչ թե ներկայացրեց ինքը, ինչպես նախորդ օրն էր, այլ հաղորդավարը, ընդ որում խմբագրված տարբերակով: Մինչդեռ նախորդ օրվանըՙ միանգամայն հեռանկարային էր Թուրքիայի տեսանկյունից, քանի որ այդ տարբերակում շրջանառվում էր «Զանգեզուրի միջանցքը» բացելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու, հայ-թուրքական նորմալացման գործընթացին Ադրբեջանի ներգրավվածությունն ապահովելու հարցեր: Հետեւաբար դա միանգամայն համընկնում էր նաեւ Մոսկվայի աշխարհաքաղաքական ծրագրերով պայմանավորված մոտեցումներին: Դա նշանակում է, որ գործընթացի հիմքում այդ տարբերակը դնելու դեպքում Թուրքիան ստանալու էր Կրեմլի անվերապահ աջակցությունը: Ինչպե՞ս:
Մինչ հարցին պատասխանելը պետք է անդրադարնալ Ռուբինյան-Քըլըչ մոսկովյան հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարությունների հրապարակած համատեղ հայտարարությանը, որը հունվարի 14-ին կայքէջում թուրքական թերթերի հետ լուսաբանել է նաեւ Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ըստ «Ակօս»-ի, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ նշել է. «Դրական եւ կառուցողական մթնոլորտում իրականացված առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության ճանապարհով իրականացվող նորմալացման գործընթացի շուրջը: Կողմերը համաձայնության են եկել լիարժեք նորմալացման առաջադրանքով ծավալվող բանակցությունները առանց որեւէ նախապայմանի շարունակելու հարցում: Հանդիպման երկրորդ վայրն ու ժամանակը կճշտվի առաջիկայում»:
«Ակօս»-ի վկայությամբ, Եվրոպական միությունը գոհունակությամբ է արձագանքել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպմանը եւ հայտարարել է, որ աջակցում է հարաբերությունների նորմալացմանն ու հաղորդակցության ուղիների բացմանը միտված գործընթացները: Հանդիպման առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՌԴ արտգործնախարարությունը, որտեղ, «Sputnik»-ի վկայությամբ, հայտարարվում է. «Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել, որ շարունակեն «hամատեղ նախադրյալ» ստեղծելու որոնումները»: Հաղորդագրության մեջ միաժամանակ նշվում է, որ ՌԴ արտգործնախարարի օգնական Անդրեյ Ռուդենկոն առանձին հանդիպում է ունեցել Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Այդ հադիպման մանրամասները հայտնի չեն: Կարեւորը, սակայն, ոչ այնքան մանրամասներն են, որքան Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացն «առանց որեւէ նախապայմանի» ծավալելու պայմանավորվածությունը, որն արձանագրված պայմանավորվող կողմերի համատեղ հայտարարության մեջ, անտեսելու եւ դա «hամատեղ նախադրյալ ստեղծելու որոնումներով» փոխարինելու ՌԴ արտգործնախարարության հակահայ նկրտումը, որքան էլ վերոհիշյալ պայմանավորվածության առթիվ ԵՄ-ը, ԱՄՆ-ը, հետեւաբար միջազգային հանրությունն ողջունեն պայմանավորվող կողմերին, զգալով, որ անհնար է նախապայմաններով սկզբնավորված գործընթացի զարգացումը:
Թեեւ համատեղ հայտարարությունը, ինչպես նաեւ դրանում վերոհիշյալ պայմանավորվածության արձանագրումը Թուրքիային չի կարող հետ պահել առիթի դեպքում Հայաստանին նախապայմաններ առաջադրելու գայթակղությունից, սակայն առաջադրելու դեպքում հայկական կողմը դուրս կգա գործընթացից, ընդ որում առանց որեւէ հակազդեցության, եւ դրա ձախողման ողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա եւ ինքն էլ կդառնա միջազգային հակազդեցության թիրախը:
Գալով կողմերի միջեւ ձեռք բերված գործընթացն «առանց որեւէ նախապայմանի» ծավալելու պայմանավորվածությունն անտեսելու, այսպես կոչված, դաշնակից Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա նախապայմանների բացակայությունը միանգամայն հակասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նորմալացման գործընթացով պայմանավորված աշխարհաքաղաքական հաշվարկների տրամաբանությանը:
Մինչ Պուտինը ձգտում է գործընթացը ծառայեցնել «Զանգեզուրի միջանցքի» բացման նպատակին, որ կանխի 44-օրյա պատերազմի արդյունքում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից, հետեւաբար եւ Հարավային Կովկասից դուրս մղված Մինսկի խնբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը տարածաշրջան, փոխարինելու համար վերջիններիս Իրանով եւ Թուրքիայով, հանկարծ Հայաստան-Թուրքիա հարաբերորությունների նորմալացման գործընթացի նախաձեռնությունն անցնում է Վաշինգտոնին:
Խնդիրը, սակայն, սոսկ Պուտինի հաշվարկները չեն, այլ Ուկրաինայում հետզհետե սրվող լարվածության, առավել եւս Ուկրաինայի հետ նաեւ Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու Արեւմուտքի պատրաստակամության պայմաններում ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը: Դրանք թուլանում են նաեւ Հայաստանում, եւ Ռուսաստանը հետզհետե գիտակցում է գերազդեցության այս տարածքից վտարվելու անխուսափելիությունը:
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման կազմակերպումը Մոսկվայում եւ դրա պայմանավորումը հայկական կողմի խնդրանքով եւ դրա մասին ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը, յուրատեսակ ազդանշաններ էին, ցույց տալու միջազգային հանրությանը, թե Ռուսաստանը դեռ դուրս չի մղվել Հայաստան-Թուրքիան նորմալացման գործընթացից: Գալով Զախարովայի հայ-ադրբեջանական շփման գծում հողերը սահմանազատելու հայտարարությանը եւ նրա հավաստիացմանը, թե այդ դեպքում կդադարեն կրակոցները հայ զինծառայողների վրա, խնդիրն այստեղ կրակոցների դադարեցումը չէ, այլ նորմալացման գործընթացը Մոսկվայի նախաձեռնությամբ ծավալելու Պուտինի մտադրությունը: