Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՈՆԻԿ ՏԱՄԱՉՈ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ ԷՐ ՄԵՐ ՏԱՆԸ»

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իտալական եւ հայկական արմատներով շվեյցարաբնակ պարուհի եւ պարուսույց Վերոնիկ Տամաչոն ծնվել է 1982 թվականին, Մարսելում: Ութ տարեկանում աչքի է ընկել Մոնպելյեի եւ Փարիզի պարային մրցույթներում, ուսանել է Կոլետ Արմանի բալետի ստուդիայում եւ Մարսելի պարարվեստի բարձրագույն դպրոցում: 1998 թվականին արժանացել է Լոզանի բալետի կրթաթոշակին: 1999-2000 թվականներին հանդես է եկել Անգլիայի ազգային բալետի («Կոպելիա», «Ռայմոնդա») եւ «Ֆրանսիայի երիտասարդական բալետ» խմբի հետ (Միլեդիՙ «Երեք հրացանակիրները», պա-դե-դյոՙ «Դիանա եւ Ակտեոն»): 2001 թվականից Տամաչոն աշխատել է Բիրմինգհեմի թագավորական բալետի խմբում, մասնակցել «Կարապի լիճը», «Մարդուկ-Ջարդուկը», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Ֆասադ», «Քնած գեղեցկուհին», «Ապոլլոն» եւ այլ ներկայացումներում: Հետագայում Տամաչոն աշխատել է Հոլանդիայի եւ Ցյուրիխի բալետի խմբերի հետ: Այժմ բնակվում է Ցյուրիխումՙ ամուսնու եւ երկու երեխաների հետ, ղեկավարում է «Բալետ բոլորի համար» պարային կենտրոնը, որտեղ երեխաներին եւ մեծահասակներին դասավանդում է տարբեր առարկաներ (Մեծահասակների բալետ սկսնակների համար, Մարզումներ փայտի մոտ, Խորեոգրաֆիա, Ձգումների պարապմունքներ, Փոքրիկ պարուհիների պարապմունքներ, Բալետի միասնական պարապմունքներ եւ այլն): Իր դասավանդման մեջ Տամաչոն համատեղում է բալետը, պիլատեսը եւ ձգումները, որպեսզի առավելագույն հնարավորություն տրվի բարելավելու կեցվածքը եւ ճկունությունը:

– Սիրելի՛ Վերոնիկ, դու պարել ես երեք տարեկանից, ուրեմն կարո՞ղ ենք քեզ ի ծնե պարող անվանել: Չնայած Ֆրեդ Ասթերն ասել է. «Ոմանց թվում է, թե լավ պարող ծնվում են, բայց իմ ճանաչած բոլոր լավ պարողներին էլ սովորեցրել կամ մարզել են»:

– Ես կասեի, որ ես պարել եմ նախքան քայլելը: Պարելն ինձ համար միշտ շատ բնական է եղել: Մայրս պատմում էր, որ երբ ես երեք տարեկան էի, իմ պարուսույցին ասել եմ, թե ես ծնվել եմ բալետային առաջին դիրքով: Փոքր ժամանակ ես պարում էի ամենուրՙ փողոցներում, ծովում, Մարսելի ծովափին, լողավազանում, մեր տանըՙ ամենուր եւ ամեն օր: Դա իմ կյանքում մեծ տեղ էր գրավում: Ես մեծացել եմ դասական երաժշտության մթնոլորտում: Մորեղբայրսՙ Ժակ Սեմիզյանը, իր գեղեցիկ դաշնամուրով միշտ նվագում էր Շոպենի նոկտյուրնները, եւ ես ամենից շատ սիրում էի պարել նրա նվագի տակ: Ժան Տեր-Մերկերյանը եւ այլ հայտնի հայ ջութակահարներ հաճախ գալիս էին նրա տուն, իսկ ես պարում էի, մինչ նրանք փորձեր էին անում իրենց առաջիկա համերգների համար: Ես փայփայում եմ մանկությանս այդ թանկ եւ առանձնահատուկ պահերը:

– Դու պարել ես եվրոպական խոշոր բալետի խմբերում: Թվում էՙ դասական պարը պետք է նույնը լինի ամենուր, հատկապես Եվրոպայում, սակայն յուրաքանչյուր երկրում կարող ենք տեսնել որոշ առանձնահատկություններ: Ի՞նչ տարբերություններ ես նկատել քո աշխատած տարբեր երկրների բալետի ասպարեզներում:

– Այո, այդպես է, յուրաքանչյուր բալետային ընկերություն ունի իր առանձնահատկություններն ու ազդեցությունները: Յուրաքանչյուր երկիր ազդում է իր մշակույթի, հասարակության եւ սովորույթների վրա: Օրինակ, երբ ես պարում էի Անգլիայի ազգային բալետի եւ Բիրմինգհեմի թագավորական բալետի խմբերում, շատ ուժեղ էր անգլիացի այնպիսի հայտնի պարուսույցների ազդեցությունը, ինչպիսիք են Ֆրեդերիկ Էշթոնը եւ սըր Քենեթ ՄաքՄիլանը: Բացի այդ, մենք պարում էինք հիանալի սըր Փիթեր Ռայթի դասական գլուխգործոցների բալետային բեմադրություններում, որոնք լավագույնս պահում են դասական բալետի էությունն ու գեղեցկությունը:

Երբ Նիդեռլանդներում պարում էի Հոլանդիայի ազգային բալետում, այնտեղի երկացանկը նույնպես շատ դասական էր, եւ մենք կատարում էինք բոլոր հրաշալի դասական բալետներըՙ «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Մարդուկ-Ջարդուկը» եւ այլն: Բացի այդ, մենք արտոնյալ էինքՙ մեր մեջ ունենալով հոլանդացի պարաստեղծ Հանս Վան Մանենին, եւ նրա հրաշալի աշխատանքն ու ազդեցությունը շոշափելի էր ընկերության մեջ:

Ցյուրիխի բալետի խումբը հաջողությամբ ղեկավարել է շվեյցարացի հայտնի պարուսույց Հայնց Շփյոռլին, որը նաեւ հիանալի պարադիր է: Պարոն Շփյոռլին դասական երաժշտության նուրբ ճաշակ ունի, նա մի քանի գեղեցիկ բալետի հեղինակ է, որոնց թվում են Բախիՙ Գոլդբերգի վարիացիաների իր հայտնի ստեղծագործություններըՙ շատ մաքուր եւ դասական գծերով: Նա նաեւ վերաիմաստավորել է դասական բալետներից մի քանիսը, ինչպիսիք են «Կարապի լիճը» եւ «Մարդուկ-Ջարդուկը» ժամանակակից, շատ ճաշակավոր եւ հարուստ հպումներով:

– Ի՞նչն է քեզ ավելի շատ դուր գալիս քո գեղարվեստական կարիերայում:

– Պրոֆեսիոնալ պարուհի լինելը, Եվրոպայի խոշոր ընկերությունների հետ աշխատելը նշանակում էր աշխատել զարմանալի եւ շատ տաղանդավոր պարողների, պարաստեղծների եւ պարուսույցների հետ ամբողջ աշխարհից: Այնքան հարուստ փորձառություն էրՙ սովորել տարբեր ոճերից եւ տարբեր դպրոցներից ու մշակույթներից:

– 1995 թվականին նկարահանվել ես Միշել Ֆավարտի «Պար կյանքի հետ» կինոֆիլմում: Ինչպե՞ս էր այս փորձառությունը:

– Դա շա՜տ հաճելի փորձառություն էր: Հատկապես որ ֆիլմում ես հրաշալի Պատրիկ Դյուպոնի աշակերտն էի, որն այն ժամանակ բալետի աշխարհի ամենամեծ աստղերից էր: Ես գեղեցիկ հիշողություն ունեմ այս փորձառությունից եւ շատ երախտապարտ եմ, որ մաս եմ կազմել դրան:

– Այժմ դու ունես քո սեփական պարի դպրոցըՙ «Բալետ բոլորի համար»: Պրոֆեսիոնալների հետ աշխատելուց հետո դժվար չէ՞ գործ ունենալ միայն պարի սիրահարների եւ խանդավառների հետ:

– Ամենեւի՛ն: Իմ նպատակն էՙ հնարավորինս շատ մարդկանց հետ փոխանակել իմ կիրքն ու գիտելիքները: «Բալետ բոլորի համարը» ես սկսեցի 2012 թվականին, երբ դադարեցրի կարիերաս որպես պրոֆեսիոնալ պարուհի: Իմ նպատակն էր բալետը հասանելի դարձնել բոլորին եւ ցույց տալ մարդկանց, թե որքան հրաշալի է այն եւ որքան հիանալի է մարդ զգում իրեն այդ զբաղմունքով: Ես սիրում եմ տեսնել, թե ինչպես են իմ ուսանողներն առաջադիմում, ավելի լավ են զգում իրենց: Շատ հպարտ եմ նրանցով: Նրանցից ոմանք նախկինում բալետով չեն զբաղվել կամ մանուկ հասակից չեն զբաղվել. նրանք գալով իմ դպրոցՙ զգում են բալետի մեծ առավելությունները: Դա հրաշալի է:

– Ամերիկացի պարող եւ պարուսույց Էլվին Էյլին մի անգամ ասել է. «Պարը բոլորի համար է: Ես հավատում եմ, որ պարը եկել է ժողովրդից, եւ այն միշտ պետք է վերադարձնել ժողովրդին»: Այնուամենայնիվ, տաս տարի առաջ, որոշ ժամանակով գտնվելով ամերիկյան մի փոքրիկ քաղաքում, որոշեցի հաճախել սիրողական բալետի դասընթացների: Բայց հրաժարվեցի այդ մտքից, երբ դահլիճ մտնելովՙ տեսա միայն կանանց (մեծ մասամբՙ ավելորդ քաշով) եւ ոչ մի տղամարդու: Ձեր ուսանողները նույնպես հիմնականում կանայք են:

– Ես իսկապես հավատում եմ, որ պարը բոլորի համար է, այդ իսկ պատճառով իմ դպրոցն անվանեցի «Բալետ բոլորի համար»: Սակայն փաստ է, որ իմ ուսանողների 95 տոկոսը կանայք են: Դեռեւս կա այն նախապաշարմունքը, թե բալետն աղջկական գործ է: Անցյալ շաբաթ ես մի փոքրիկ տղա ունեի, որը դադարեց դասերի գալ, քանի որ դպրոցի ընկերները ծաղրում էին նրան: Այնքան ամոթ է, որ 2021 թվականին մենք դեռ գտնվում ենք այդ մակարդակում: Մեր օրերում, անշուշտ, վիճակն ավելի լավ է, բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

– 1998-ին դու շահեցիր Լոզանի պարի մրցույթի հեղինակավոր մրցանակը: Այդ տարի նույն մրցույթում մրցանակակիր դարձավ նաեւ երեւանցի երիտասարդ պարող Տիգրան Միքայելյանը: Այդ ժամանակ հանդիպե՞լ ես Տիգրանին:

– Այո՛, ինչպես նաեւՙ Արսեն Մեհրաբյանին: Իմ ընտանիքը շատ ուրախ էրՙ տեսնելով երեք հայ պարողների Լոզանի մրցույթի եզրափակիչ փուլում: Դա մեծ հպարտություն էր:

Ի դեպ, նույն 1998 թվականին մորեղբայրսՙ Ժակ Սեմիզյանը, Երեւանից Մարսել հրավիրեց ջութակահար Աստղիկ Վարդանյանին, որն այդ ժամանակ 15 տարեկան էր: Մենք միասին հանդես եկանք մի քանի համերգով Մարսելի հայկական եկեղեցում եւ մի քանի հայկական միություններում, որոնց ընթացքում նա ջութակ էր նվագում, իսկ ես պարում էի: Աստղիկը շա՛տ տաղանդավոր է:

– Վերոնի՛կ, դու Բեատրիս Քելեշյանի դուստրն ես: Այս փաստն ազդո՞ւմ է քեզ վրաՙ որպես արվեստագետի եւ մարդու:

– Այո, միանգամա՛յն: Հանգուցյալ մայրս մեծացել էՙ իր ծնողների հետ միայն հայերեն խոսելով. նա եւ իր քույրերը ֆրանսերեն խոսել սովորեցին միայն դպրոցում: Հաշվի առնելով այդ հանգամանքըՙ հայկական ազդեցությունը չափազանց ուժեղ էր մեր տանը, երբ ես փոքր աղջիկ էի: Ես մկրտվել, ամուսնացել եւ իմ երկու երեխաներն էլ մկրտվել են Մարսելի Հայ Առաքելական եկեղեցում: Մայրս մեզ սովորեցրել է ընտանիքի կարեւորությունը, մենք շատ մտերիմ ենք իմ բոլոր զարմիկների, մորաքույրերի եւ մորեղբայրների հետ եւ սիրում ենք հավաքվել լավ հայկական ճաշի (բյորեկ, լահմաջուն…) եւ նարդիի սեղանների շուրջ:

– Երբեւէ եղե՞լ ես Հայաստանում: Եթե ոչ, ապա այս տարվանից մենք Երեւանում ժամանակակից պարի փառատոն ունենք: Միգուցե սա լավ առի՞թ է Հայաստան գալու համար:

– Ո՛չ, ես դեռ երբեք չեմ եղել Երեւանում: Եվ դու իրավացի ես, լավ կլինի գնալՙ այդ փառատոնին մասնակցելու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ԵՐԱՆԳ ՈՒՆԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ ՔԱՂՑՐ ԿՅԱՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական