Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Կովկասում քաղաքական նոր կարգուկանոն է ձեւավորվում, Հայաստանը ստիպված կլինի դիմագրավել նոր ռիսկեր եւ նոր հնարավորություններ: Հարցն այն է, թե ինչպե՞ս է Երեւանը հաղթահարելու նոր իրավիճակը աղետալի պատերազմի քայքայիչ հետեւանքները կրելուց հետո:

Հայաստանը շատ ավելի լավ պատրաստված կլիներ նման հնարավորությունները դիմագրավելու` նախքան պատերազմը: Առկա է նաեւ այն լուրջ մտահոգությունը, թե արդյոք երկրի ներկա անփորձ ղեկավարությունը կարողանալո՞ւ է հաջողությամբ նավարկել այս փոթորկալից ջրերում եւ անկորուստ դուրս գալ դրանցից: Գլխավոր զարգացումներից մեկն այն է, որ Թուրքիան կարծես փոխել է իր դիրքորոշումը եւ ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ իր հարաբերություններում:

Մոտ մեկ տարի առաջ, Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում էր, որ Ադրբեջան էր ժամանել իրականացնելու համար «իր նախնիների նպատակները»: Նա ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 3 ճարտարապետներից մեկի` Էնվեր Փաշայի հիշատակը: Այնպես որ, կայսերական Թուրքիայի ցեղասպանական մտադրությունները իր քաղաքական նպատակը դարձրած պետական գործիչը պետք է որ այլ դրդապատճառներ ունենա հանդես գալու խաղաղության նախաձեռնությամբ: Դա այլ բան չի կարող լինել, քան ժամանակավոր տակտիկական շեղում իր նախնական նպատակներից: Նույնիսկ եթե Թուրքիան մտադիր չէ իրագործել մի նոր ցեղասպանություն կամ շարունակել նախորդը, նրա պանթուրանական կայսրություն կառուցելու քաղաքական փառասիրությունները անհրաժեշտ են դարձնում նման փոփոխությունը:

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի աշխատակից, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ Հայաստանը շարունակում է պատնեշ հանդիսանալ Թուրքիայի «Մեծ Թուրանի» մտադրություններում: «Թուրքիան առանձին ռազմա-տեխնիկական համաձայնագրեր է ստորագրում բոլոր թյուրքախոս պետությունների հետ, մատակարարելով նրանց Թուրքիայում արտադրված զինամթերքով: Սա է Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա բանակի որդեգրած ուղին, քաղաքականությունը եւ գաղափարախոսությունը դեպի «Մեծ Թուրանի» կազմավորումը, որ Թուրքիան այլեւս չի թաքցնում ցույց տալ:

Սաֆրաստյանը այնուհետեւ նշում է, որ այդ գաղափարը նախկինում առաջ էր քաշել Մուսթաֆա Քեմալը, որ պահանջում էր խորտակել Հայաստանը` վերացնելու համար «այդ պատնեշը»:

Սաֆրաստյանի նախազգուշացնող խոսքերը ամբողջովին համընկնում են 2020-ի պատերազմում Թուրքիայի նպատակների եւ դերակատարության վերաբերյալ անգլիական «Economist» պարբերականի բնութագրումների հետ: Շաբաթաթերթը գրում էր. «Չնայած երկու պատերազմող երկրների եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված եռակողմ համաձայնության (նոյեմբերի 9-ի 2020 թ.) մեջ չի հիշատակվում, բայց Թուրքիան այդ պատերազմից մեծապես օգտվողների թվում էր: Նա ցանկանում էր Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջանցք ձեռք բերել, որպեսզի Թուրքիան կապ հաստատեր Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ:

Այնպես որ, երբ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը պնդում է Հայաստանի ինքնավար տարածքից «միջանցք» ձեռք բերելու մասին, նա դրանով ցանկանում է Բաքուն միացնել Նախիջեւանին: Էրդողանի մտադրությունները, իհարկե, շատ ավելին են:

Սրանք են այն պարամետրերը, որոնց շուրջ տեղի են ունենում տարածաշրջանային քաղաքական ձեւափոխությունները:

Անզիջում դիրքորոշումից թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ հաշտեցման եզրեր է որոնում հասկացնել տալով, թե իբր խաղաղություն է ցանկանում հաստատել Հայաստանի հետ: Տրամադրությունների փոփոխման գործոններից մեկն այն է, որ այժմ, պատերազմից հետո, թուրքերը կարող են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի մահամերձ տնտեսությունն է, որը մինչ օրս նպաստել է կառուցելու իր ռազմական ներուժը եւ սնուցելու իր կայսերական փառասիրությունները: «Գեյթստոուն ինստիտուտի» (Gatestone Institute) հրատարակած հանդեսում թուրք մեկնաբան Բուրակ Բեքդիլը գրում է. «Էրդողանը արագորեն ցած է գլորվում եւ դառնում է զոհը իր իսկ սխալ հաշվարկների:

Տնտեսության ողբերգականի հասնող վատ կառավարում եւ աշխարհա-ռազմավարական մարտահրավերներ, որոնք գերազանցում են Թուրքիայի քաղաքական եւ ռազմական կարողությունները»:

Իսկապես, Էրդողանի իշխանությունը առաջ բարգավաճում էր բերում Թուրքիային: 2002-ին յուրաքանչյուր շնչի ՀՆԱ-ն 3.668 դոլար էր, որը տասը տարի հետո դարձել էր 11.796 դոլար: Այսօր այն 7.500 դոլար է կազմում, որը բնակչության 50 տոկոսին ավելի ցած է գլորել, քան աղքատության եզրագիծն է նախատեսում: Այս դրամատիկական փոփոխությունները քաղաքական խժդժություններ է առաջացրել երկրի ներսում եւ խոչընդոտել նրա ընդարձակման փառասիրությունները:

Այդ պատճառով է, որ Կովկասում խաղաղության վերահաստատմանն ուղղված Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցման բանակցություններ սկսելու արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու հայտարարությունը զարմանալի չէր: Սակայն Հայաստանը միակ երկիրը չէ, որին ձեռք է մեկնում Թուրքիան: Նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել Թուրքիայի արտաքին քաղաքականության տրանսֆորմացիայի կոնտեքստում: Թուրքիան այդ գործընթացը կարող է շրջել որեւէ ժամանակ, երբ կարողանա վերականգնել իր տնտեսությունը եւ ձեռք բերել բավականաչափ ռեսուրսներ վերադառնալու համար Էրդողանի երազանքների իրագործմանը:

Պարզվում է, Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը, թեեւ տակտիկական նկատառումներով, թելադրված էր Մ. Նահանգների կողմից: Այսպես, հիմնվելով թուրք պաշտոնատար մարդկանց զեկույցների վրա, Բլումբերգը (Bloomberg) տեղեկացնում է. «Թուրքիայի անակնկալ շրջադարձը համահունչ է նախագահ Ջո Բայդենի խնդրանքի հետ: Հռոմում հոկտեմբերին կայացած երկու ղեկավարների հանդիպման ժամանակ Բայդենը Էրդողանից պահանջել էր բացել Հայաստանի հետ իր երկրի սահմանները»: Զեկույցը նաեւ նշում է, որ «Էրդողանը կարողանում է օգուտ քաղել արտաքին քաղաքականության որեւէ շրջադարձային քայլից, որը կկայունացնի տնտեսությունը, քանի որ արագ թափով սլացող երկրի դրամական միավորի արժեզրկումը սպառնում է Էրդողանի ժողովրդականությանը 2023-ի ընտրությունների նախօրյակին»:

Բոլոր տեսակի գործնական նպատակների համար այս նախաձեռնությունը տնտեսական փրկօղակ է Թուրքիայի համար, որպեսզի կասեցվի լիրայի անկումը եւ երկրի 43 տոկոսի հասնող արժեզրկումը:

Թուրքիան սրել էր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, երբ Էրդողանը իրեն հռչակել էր սուննիների աշխարհի սուլթան: Այդ հարաբերությունները է՛լ ավելի էին սրվել Անկարայում սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանության պատճառով: Այս օրերին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Արաբական Էմիրություններում է` վերականգնելու համար խեղված հարաբերությունները: Նրանից առաջ ԱՄԷ-ի ներկայացուցիչն էր այցելել Թուրքիա 10 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ծրագրով: Հաջորդ տարվա փետրվարին նախատեսվում է Էրդողանի այցը Էմիրություններ` ձեռք բերելու համար նյութական նոր օժանդակություն:

Թուրքիան բանակցություններ է սկսել վարել նաեւ մի այլ հակառակորդի` Եգիպտոսի հետ, որը թշնամացել էր, որովհետեւ Թուրքիան պաշտպանել էր «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը, որ Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Անկարան եւ Կահիրեն Լիբիայում, որտեղ երկուսն էլ շահեր ունեն եւ հակառակորդ կողմերին են պաշտպանում, քիչ էր մնում զինված բախումների դիմեին: Ի դեպ, մեզ` հայերիս համար շահավետ էր հարաբերությունների այդ վատթարացումը, քանի որ դրա հետեւանքում Եգիպտոսը բաց արեց իր օսմանյան վայրագությունների արխիվը եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացվեց խորհրդարան: Մյուս կողմից, Թուրքիան դժվարությամբ է հարթում իր հարաբերությունները Իսրայելի հետ, չնայած անցյալում նա միակ մահմեդական երկիրն էր, որ դիվանագիտական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ եւ վերջինիս դուրս էր բերել տարածաշրջանային մեկուսացումից: Բայց երբ Էրդողանը սկսեց պաշտպանել պաղեստինցիների դատը, որն իր արձագանքը գտավ 2016-ին «Մավի Մարմարայի» միջադեպով, եւ Գազայի գոտուց Համասի ղեկավարներին հյուրընկալեց, լարվածությունը երկու պետությունների միջեւ սաստկացավ եւ դեռ չի մեղմացել:

Հայաստանը, ինչպես կարելի է նկատել, Թուրքիայի հետ տարաձայնություններ ունեցող տարածաշրջանային վերոնշյալ բոլոր հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ ունի:

Նախագահ Ալիեւի մերձեցման քայլերը նույնպես Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական դժվարին կացությամբ են թելադրված: Ընդամենը մի քանի ամիս առաջ, Բաքուն ոգեւորված իր հաղթանակով եւ Թուրքիայի պաշտպանությամբ, պատրաստվում էր պատերազմ մղել ընդդեմ Իրանի: Էրդողանն էր, որ զսպեց Ալիեւին, նշելով, որ իր կողմից օգնություն չի ստանա: Այդ պատճառով էլ Ալիեւը հնազանդորեն ներկա գտնվեց նոյեմբերի 26-ին Սոչիում եւ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներին, որոնց ընթացքում չանդրադարձավ «միջանցքի» խնդրին, բայց ոչինչ չփոխեց իր հանրային հռետորաբանության ոլորտում:

Այդ հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց երկաթուղային հաղորդակցության կապ ստեղծելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ քայլը ողջունեցին Մ. Նահանգների պետքարտուղար Էնտոնի Բլինկենը եւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան :

Երեւան վերադարձին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Կովկասում խաղաղության դարաշրջանի զգուշավոր սկզբնավորումը:

Թուրքիան եւ Հայաստանը նշանակել են իրենց համապատասխան ներկայացուցիչներին սկսելու համար տարածաշրջանում ճանապարհների եւ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման բանակցությունները: Չավուշօղլուն նույնիսկ հրապարակավ հույս է հայտնել, որ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ եւս հաստատել: Այդ նպատակի համար Անկարան որպես հատուկ ներկայացուցիչ նշանակել է դիվանագետ Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը` Ռուբեն Ռուբինյանին, խորհրդարանի փոխխոսնակՙ «Իմ քայլը» իշխող կուսակցությունից: Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը կոփված դիվանագետ է, որն ունի չորս տասնամյակների փորձառություն: Որպես դեսպան Վաշինգոտնում նա առաջնային դեր է խաղացել ԱՄՆ-ի օրենսդրական մարմիններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի տապալման մեջ:

Հայաստանի ընդդիմությունը քննադատում է 31-ամյա Ռուբինյանի` որպես անփորձ ներկայացուցչի նշանակումը, եւ մասնավորապես Փաշինյանի քաղաքականությունը, որ խուսափում է օգտվել կոփված դիվանագետների փորձառությունից: Ընդդիմությունը վարչակազմին մեղադրում է Մ. Նահանգներում դեսպան նշանակելու համար մեկին, որ սոսկ անգլերենին է տիրապետում եւ այժմ այս մեկին (Ռուբինյանին)ՙ պարզապես որովհետեւ թուրքերենին է տիրապետում` անտեսելով դիվանագիտական հմտությունները, որ անհրաժեշտ են նման պատասխանատու պաշտոնի համար:

Հայաստանը ճիշտ չի վարվում հայտարարելով, որ ցանկանում է մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների: Փոխարենը նա պետք է սկսեր մերձեցման բանակցությունները առնվազն մի քանի նախապայմաններով, որոնցից ոչ բոլորը կարող են լինել ռեալիստական: Նախապայմաններից մեկը պետք է լիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Էրդողանը վերջին մի քանի տարիներին ապրիլի 24-ին իր ցավակցություններն է հայտնել Ստամբուլի հայոց պատրիարքին: Նա կարող է վերանայել իր դիրքորոշումը եւ առավել ընդունելի ձեւակերպում տալ դրան:

Հայաստանը պետք է պնդի Կարսի 1921 թվի պայմանագրի չեղարկմանը, որով հաստատվել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանները: Նաեւ հետամուտ պետք է լինի, որ Ստամբուլի հայերից, Երուսաղեմի պատրիարքարանից եւ Անթիլիասի կաթողիկոսարանից բռնագրավված ունեցվածքները վերադարձվեն իրենց իսկական տերերին` հայերին, անշուշտ որոշակի պայմաններով: Եթե նույնիսկ Հայաստանը չկարողանա հասնել իր նախապայմանների իրականացմանը, դրանք միջազգային մամուլի էջերում իրենց արձագանքը կգտնեն եւ քննարկման առարկա կդառնան:

Չնայած Էրդողանը քողարկված ակնարկներով է խոսում նախապայմանների մասին, նա ցարդ խորհուրդ է տալիս Հայաստանին «իրեն լավ պահել եւ դասեր քաղել վերջին պատերազմից»` կատարելու համար բանակցությունների նախապայմանները: Անհրաժեշտ է, որ Ցեղասպանության ճանաչման եւ Կարսի պայմանագրի չեղարկման հարցերը լինեն բանակցությունների օրակարգում: Անընդհատ կրկնվող արտահայտություններն այն մասին, որ Անկարան բանակցությունների ընթացքում խորհրդակցելու է Ադրբեջանի հետ, նշանակում է, որ Ալիեւը շարունակելու է պնդել Զանգեզուրի միջանցքը ձեռք բերելու եւ Ղարաբաղից Հայաստանի հրաժարվելու պահանջները, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ:

Հայկական կողմը չպետք է մոռանա, որ Թուրքիան մասնակցելու է բանակցություններին, որովհետեւ դժվարին դրության մեջ է գտնվում: Նա պարտավոր է գործը առաջ տանել, եթե ցանկանում է արժանանալ Բայդենի սիրալիրությանը եւ փրկել իր տնտեսությունը: Հայաստանի նման Անկարան էլ մեծապես կախված է այդ բանակցությունների հաջող կամ անհաջող ելքից:

Սահմանների բացումը, ճիշտ է, խթանելու է Հայաստանի տնտեսությունը, բայց եթե հարկացուցակներն ու տնտեսական վերակազմավորման աշխատանքները պատշաճ մակարդակի չլինեն, թուրքական ապրանքաշրջանառությունը կգերազանցի Հայաստանի տնտեսության թողարկած ապրանքների քանակը: Արդեն իսկ համեմատելու եզրեր չկան երկու երկրների ակտիվ հաշվեկշիռների միջեւ, որոնք շատ ավելի տագնապալի կարող են դառնալ:

Հայկական կողմը բանակցությունների սեղանին պետք է ներկայանա այն հաստատ համոզմամբ, որ Էրդողանը չի բանակցում բարեհաճությունից դրդված, այլ ունի առաջին հերթին իր շահամոլական դրդապատճառները:

Ճանապարհը ականապատված է, բայց հույս ունենք, որ տեւական խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում առաջիկա բանակցություններից հետո:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԸ ՀՈՒՅՍ Է ՈՒՆԵՑԵԼ

Հաջորդ գրառումը

ՀԳՀԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԳՀԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական