Պիտի չզարմանանք, որ ամեն բան այսպես եղավ: Մենք ստացանք այն, ինչ ցանել էինք. չէինք ցանել սեր կամ կարեկցանք, առատորեն շաղ էինք տվել անտարբերություն, քամահրանք, նախանձ. դրանից քաղաքի մթնոլորտը չարագուշակ ծանրացել էր մեր գլխավերում:
Հիմա էլ չենք տրտմում, տրտնջում, սովորեցինք, ընտելացանք թերեւս:
Սակայն արթուն գիտակցությամբ մարդիկ կան, եւ կա թթվածնային սով:
Հիմա, երբ մեր արածների պատասխանը վերլուծում ենքՙ իբր դասեր քաղելու, անտեսում ) շրջանցում ենք պատճառը, թե ինչո՞ւ են մարդիկ այս աստիճանի անտարբերացել: Արդյոք ոչ այն պատճառով, որ ճշմարտությունը, ուղղամտությունն արտաքսված էին մեր կյանքից:
Հիմա քաղաքը մի տեսակ լքված, ասես անմարդաբնակ տարածք լինի, փողոցներում շփոթված, մոլորված դեմքերՙ որքան ուզես: Հայացք չկա, բացակա է: Դատարկ տարածություն: Մի փորձեք ակնախոռոչներից այն կողմ ինչ – որ բան կարդալ: Ոչինչ չկա:
Որովհետեւ խաբված են:
Հուսահատված են:
Մոլորված են:
Իսկ ինչո՞ւ:
Որովհետեւ սիրում են խաբվե՞լ, այդպես հե՞շտ է ապրել: Նրանք անտարբերացել են երկրի հանդեպ, որովհետեւ այստեղ նրանց անվերջ անտեսել են, նրանք գնում են, որովհետեւ հոգնել են խաբված լինելուց: Շատերը մռայլվում են, երբ օգտագործվում է «այս երկիրը» արտահայտությունը, այսպես ասում են, որովհետեւ օտարված են, օտարել են նրանց այստեղից: Երբ մարդկային արժանապատվությունն ապահովող, մարդու իրավունքների, ազատության բավարար պայմաններ կլինեն այստեղ, այդ ժամանակ վստահ կասենՙ մեր երկիրը:
Նրանց չեն սովորեցրել զատել ցորենը որոմից, կեղծիքը ճշմարտությունից մարդու բնույթն է այսպիսինՙ ծույլ է, չի փորձում ինքնուրույն բուժել մտքի կուրությունը: Ու քանի որ բավական երկար վարժեցվել են կեղծիքի, ճշմարտությունը դառնում է անհասկանալի, նաեւՙ խորթ:
Պատկերացնենք, եթե մեր տեսողությունը վարժված լիներ միայն մթին, մի՞թե երբ հայտնվեր լույսը, ավելի լավ կթվա այն միանգամից: Բնավ. չէ՞ որ սկզբից աչքերը ցավեցնում, ծակծկում է լույսը, ուզում ես արագ մարել: Ժամանակ է պետք, որ վարժվես, ընտելանաս, հետո տարբերակես լավն ու վատը: Երբ միշտ մութ է, դու այլ բան չգիտես, չես տեսնում, երբ քեզ մշտապես կերակրում են կեղծիքով, բթանում են այդ զգայարանները սնող անոթները:
Մի տեղ` մանկուրթ տհասներ, աջուձախ` ընչաքաղց վաշխառուներ, ճարպիկ լարախաղացներ, կակղամորթ, գծուծ փոքրոգիներ, քրիստոնյայի պատմուճան առած ինքնահավան մեծամիտներ, ժողովրդավարության փետուրներով քողարկված դիկտատորներՙ անհաշտ իրենց ստվերի հետ անգամ, պատմության ավերակների միջից սուր ճոճող ազատականներ, սեթեւեթող դրամատիկներ, պատվազուրկ բարոյախոսներ մթնոլորտը հիմա էլ սրանք են պղտորումՙ օրուգիշեր եթերի մրցավազքում: Կար ժամանակՙ մի կարծր նոտայի վրա էին մարդկանց պահում, ուղեղները նախապես մաքրելով, որ սպիտակ թղթի վրա հետո ինչ ուզենանՙ գրեն: Նախորդ շրջանի կեղծ հայրենասիրության քարոզի դառը պտուղները պիտի վայելեին, որ հասկանային, թե որքան շինծու էր դա: Ինչ հեշտությամբ, չէ՞, երեկվա ոչմիթիզականներն այսօր վերածվեցին ամենթիզականների, թե, օրինակ, սահմանը երկրի այնտեղ է, որտեղ մեր զինվորն է կանգնած զինվորը հո անառիկ ամրոց չի՞, նա շարժական է, հրամանի ենթարկվող, որտեղ ուզենանՙ կկանգնեցնեն:
Ահավասիկ, հայտնվել ենք մի տարածքում, որտեղ ամեն ինչի համար տեղ կա, միայն ճշմարտությունն է անտեր: Խեղդվում էինք կեղծիքից, հիմա էլ լպրծուն կիսաճշմարտությունն է մեջտեղ եկել, մի նենգ սարդոստայն, որտեղ կեղծիքն ու ճշմարտությունը խառնել են այնպես, որ գլուխ չհանես, ձեռքդ թափ տաս ու հեռանաս, կամ մեկուսանաս:
Հայկ Մարտիրոսյանն ասում է. «Մեզ ծայրահեղական են համարում, որովհետեւ մենք ծայրահեղորեն դեմ ենք կեղծիքին»:
Ու ես մտածում եմ, թե ո՞նց ենք ճեղքելու մեր կյանքը թունավորող, մեզ քամող, ուժասպառ անող այս տիղմը, կեղծիքի այս հաստ, կարծրացած պատը:
Մարդիկ ամենից շատ վախենում են խաբվելուցՙ արժանապատվությունը ամենից հարվածող, տրորող, ցավոք, շատ տարածված այս երեւույթից: (Մարդիկ էլ կան, որ հպարտանում են սրանով): Շատերը նորից են փորձում հավատալ, որպեսզի կարողանան ապրել ու նորից են խաբվում: Եվ հոգեբանորեն արդարացվում է, երբ դառնում են անտարբեր: Մի՞թե ճարպիկ այս մանիպուլյատորները հանցագործներ չեն սրանք հոգեպես են սպանում մարդկանց:
Այս պատճառով է, որ Երեւանում մարդիկ չեն ժպտում, միմյանց դեմքին չեն նայում, եթե նայում ենՙ մութ կասկածներով, անվստահությամբ: Այս պատճառով է, որ կարեկցանքն իսպառ վերացված է այստեղ, փոխարենը ատելություն ու անտարբերությունՙ որքան ուզեք:
Սրտերը քարացրել, ինքնակենտրոնացած հիվանդների են վերածվել: Գուցե պատահական չէ, որ ազգային շարժմանՙ մեզ վստահությամբ ամենից շատ վարակող առաջնորդը բժիշկ է, սրտաբան: Մեր սրտերը բուժման կարոտ են, բժի՛շկ:
Այնպիսի զգացողություն ունեմ, թե այն ինչ կատարվում է մեզ հետ, ազգային) քաղաքական, անգամ գոյաբանական խնդիր չէ միայն, այլ մարդաբանական, խորը բարոյական, հոգեբանական: Ջրբաժանը նետված է: Սահմանազատում կոչվածը տարածքային) աշխարհագրական նշանակությամբ չէ զուտ, այլ հոգեւոր ինքնության փորձություն է լուրջՙ թե որ կողմում ես դու, ի՞նչն ես ընտրում:
Կան արժեքներՙ կեղծ ու ճշմարիտ, կա լույս, կա մութ…