Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ. «ՔԱՆԻ ԿԱ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸՙ ԿԼԻՆԻ ԵՎ ԿԻՆՈՆ»

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրույցս կինոգետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի հետ է: Վերջինս կինոաշխարհին նվիրված արժեքավոր գրքեր ունիՙ «Հայերը համաշխարհային կինոյում» (2004), «Հայ կինո-100» (2012, հայերեն, անգլերեն, ռուսերեն), նաեւ կինոյին առնչվող հարյուրավոր հոդվածներ է հրապարակել Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ու զանգվածային մամուլում: 1996-ից որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի (Կինոգետների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցության) հայկական մասնաճյուղի հիմնադիր անդամ եւ փոխնախագահ մասնակցել է ընկերակցության տարեկան հանդիպումներին, իսկ որպես ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի անդամՙ Ստամբուլի, Թրոմսյոյի, Երեւանի, Սալոնիկի միջազգային կինոփառատոներին:

Արծվիի «մտերմությունը» կինոյի հետ սկսվել էր դեռ դպրոցական տարիներից, երբ «Ֆիլմ» թերթին նամակներ եւ փոքրիկ թղթակցություններ էր ուղարկում, ինչը, փաստորեն, պատահական չեղավ նրա կյանքում…Երկար տարիներ Արծվին անդամակցել է հայաստանյան կինոմիություններին (Կինոգետների եւ կինոլրագրողների միջազգային ընկերակցություն, Հայաստանի Ազգային կինոաակադեմիա, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն), սակայն անցյալ տարի հարկ համարեց դուրս գալ դրանցիցՙ չխզելով իր կապը կինոաշխարհից եւ չհրաժարվելով կինոյի մասին գրելուց: Մոտ ապագայում հրատարակվելու է նրա տարիների պրպտումների հանրագումարըՙ նվիրված ամերիկյան կինոյի եւ թատրոնի մեծ բեմադրիչ Ռուբեն Մամուլյանին:

– Արծվի, եւ ո՞րն է լավ կինոն…

– Այն, որը դիտելուց հետո հասկանում ես, որ այդ մեկուկես-երկու ժամն իզուր չանցավ, որ այդ ընթացքում ինչ-որ բան «դիպավ» սրտիդ ու մտքիդ, միգուցե ինչ-որ բան փոխվեց քո մեջ, մի նոր բան հասկացար, ցնցվեցիր, զարմացար, ապրումակցեցիր, լիցքավորվեցիր, ապրեցիր կատարսիս կոչվող զգացողությունը… Ինչո՞ւ ոչ, նաեւ լիցքաթափվեցիր քեզ «թույլ տված» ժամանցից: Եվ գիտես, որ պարբերաբար հիշելու ես այդ «շարժվող պատկերների» թողած տպավորությունը: Մի խոսքով այն, որը տալիս է արվեստի լավ գործն առհասարակ:

– Ի՞նչ է սպասվում կինոյին, որքա՞ն կդիմանա, թե՞ հավերժ է նրա գոյությունը:

– Քանի կա մարդկությունըՙ կլինի եւ կինոն: Դա նրա ստեղծած այն հրաշքներից է, որից ամենաբուռն ցանկության դեպքում էլ անկարելի է հրաժարվել: Մարդ միշտ կախարդանքի, լեգենդի կարիք ունի, իսկ կինոն ունի հենց այդ հատկությունըՙ ստեղծել կախարդանք, լեգենդներ…

– Ամբողջ աշխարհում այլեւս ռեժիսորներն իրենք են նաեւ գրում ֆիլմի սցենարը: Մի՞թե սա ճիշտ եք համարում:

– Անշուշտ, քանի որ այդ կերպ բեմադրիչի ստեղծագործական ազատությունն առավել մեծ է: Հատկապես, այսպես կոչված, հեղինակային կինոն անկարող է ստեղծվել ուրիշ մեկի գրածի հիման վրա: Ժամանակին Տարկովսկին ասել է. «Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ֆիլմ նկարահանել ուրիշի սցենարով: Եթե բեմադրիչը նկարահանում էՙ ամբողջությամբ ընդունելով ուրիշի սցենարը, ապա նա անխուսափելիորեն դառնում է նկարազարդող»:

– Ո՞ւր է գնում 21-րդ դարի կինոն: Ինչպիսի՞ պատկերի մեջ են այսօրվա լավագույն ֆիլմերը:

– Բարեբախտաբար, գլոբալիզացիա կոչվող չարիքը տակավին չի դիպչում կինոյին, այնպես որ ամեն երկիր գնում է իր ճանապարհով: Հոգեպես իրեն կարծես սպառած եւ կինոյի սոսկ ժամանցային կողմին ծառայող Հոլիվուդը գնում է դեպի տեխնիկական է՛լ ավելի մեծ աճպարարություններիՙ մոռանալով մարդուն, մարդկայինը, հավերժական արժեքները, իսկ Բոլիվուդը գնում է հնդկական կինոյի հաստատած ուղիովՙ գերգունագեղությամբ ու գեր-երգուպարով զանգվածներին մի փոքր կտրել այս չար աշխարհիցՙ պատժելով պաթոլոգիկ չարագործներին եւ իրենց մուրազին հասցնելով իդեալական հերոսներին: Եվրոպական եւ կորեա-ճապոնական կինոն այլեւս չգիտիՙ գլուխը ո՛ր պատին տաՙ հանդիսատեսին ցնցելու գերխնդրով, այդ իսկ նպատակով 21-րդ դարում ավելի ուժգին է սեղմում պաթոլոգիայի «ոտնակը»ՙ հաճախ կինոնյութ հայթայթելով ոչ թե մարդու ներաշխարհից, այլ սոսկ «մատից ծծելով»: Ռուսական կինոն, ցավոք, մեծ մասամբ մոռացել է իր լավագույն ավանդույթները եւ տարուբերվում է արեւմտյան ընդօրինակությունների ու սեփական վատ սերտած կինոդասերի միջեւ: Իսկ այսօրվա լավագույն ֆիլմերը նրանք են, որոնք զերծ են նշածս արատներից, որոնցում տակավին հույսը, հավատն ու սերը չեն ընկալվում որպես հնացած հասկացություններ, որոնք դիտելովՙ դեռեւս շարունակում ես հավատալ մարդ էակին…

– Հայտնի է, թե որքան ծախսատար է մեկ ֆիլմ նկարելը: Այսօր Հայաստանում հազվադեպ են նկարահանվում խաղարկային ֆիլմեր: Հնարավո՞ր է փոքր բյուջեով լավ ֆիլմ նկարել: Դա կապ ունի՞ ռեժիսորի տաղանդի հետ:

– Տաղանդավոր բեմադրիչը փոքր բյուջեով կարող է լավ ֆիլմ ստեղծել եւ ընդհակառակըՙ անտաղանդ կինոբեմադրիչին չի կարող փրկել խոշոր դրամագլուխը: Ի դեպ, նույնը վերաբերում է եւ տեխնիկային. երբեմն ձեռքի հեռախոսով կարելի է ստեղծել գլուխգործոց, որը չի ստեղծի գերժամանակակից տեխնիկան: Ամեն ինչ կապ ունի ստեղծողի ձիրքի, կինոմշակույթի, այն երեւույթի հետ, որ կինոգործիչները երբեմն անվանում են «կինոյի բացարձակ զգացողություն» (բացարձակ երաժշտական լսողության նմանությամբ): Ի վերջո, Արտավազդ Փելեշյանի կինոգլուխգործոցները մեծ բյուջեով չեն ստեղծվել:

– Րաֆֆին ասում էր, որ մի լավ վեպը կարող է փոխել կյանքը: Իսկ ֆիլմն ունի՞ այդպիսի ազդեցություն:

– Ունի: Հիշեցի ռիգացի այն կնոջը, որը տանըՙ վզին պարան գցած, պատրաստվել է ինքնասպան լինել, երբ այդ պահին հեռուստացույցով սկսել են ցուցադրել Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ Բաղնիքդ անուշ» կատակերգությունը: Կինը սկսել է դիտել ու փոխել է մտադրությունը: Վստահ եմ, սակայն, որ նույն կինն ավելի ուժեղ կսեղմեր պարանը, եթե հեռուստացույցով սկսեին ցուցադրել Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոս» կամ Վացլավ Մարհոուլի «Ներկված թռչունը» ֆիլմերը…

– Ձեր կարծիքով ինչպիսի՞ ֆիլմ է պետք այսօրվա Հայաստանին:

– Այնպիսին, որը միաժամանակ թե՛ մեզ, թե՛ աշխարհին կկարողանա կինոլեզվով ասելՙ ա՛յս ենք մենք, ա՛յս է մեր տեսակը: Առանց որեւէ բան թանձրացնելու, նվազեցնելու կամ գունազարդելու: Սա ահավոր դժվարին գործ է, որին մեր կինոգործիչները երբեւէ կկարողանա՞ն հասնել…

– Երաժշտության մեջՙ Մոցարտ, կինոյո՞ւմ…

– Չա՛պլին: Ինչպես Մոցարտի երաժշտությունն է թեթեւ, ծորուն, խաղացկուն եւ իր լուսավոր էության մեջՙ հաճախ նաեւ դրամատիկ, այնպես էլ Չարլի Չապլինի արվեստն ավելին է, քան սոսկ կատակերգականը, անտեսանելիորեն խորն է, որը տեղ-տեղ սահմանակցում է դրամատիկականին ու դրանից անդինին:

Ի դեպ, հիշեցի, որ ժամանակին «կինոյի Մոցարտ» են անվանել Սաթյաջիթ Ռեյին: Նման բնորոշումները փոքր-ինչ կամայական են, թեեւ արժե ա՛յդ աչքով վերադիտել հնդիկ այդ ականավոր բեմադրիչի լավագույն գործերը…

– Ռեժիսոր, օպերատոր, դերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր, զգեստավորող, դիմահարդար. կա՞ էլի մեկը, որի մասին ոչ ոք չի հիշում, բայց նա կարեւոր աշխատանք է կատարում ֆիլմի ստեղծման ժամանակ:

– Իհա՛րկե, արտադրի՛չը, որի կարեւոր աշխատանքը սկսվում է, երբ դեռ նշածդ մասնագիտությունների մարդիկ հաճախ որոշված էլ չեն լինում:

– Ձեր կարծիքով ո՞ր երկիրն է այսօր առաջատարը կինեմատոգրաֆիայում:

– Միանշանակ դժվար է ասել: Ես շարունակում եմ մնալ եվրոպական կինոյի հետեւող: Վերջերս ինձ համար հայտնագործել եմ Իսլանդիայի արդի կինոարվեստը, որի «սառցե» կինոաչքըՙ հաճախ կապտականաչ գունաբաժանմամբ, սառը պաստելային երանգներով սկսել է շատ ինքնատիպ հայացքներ ձգել աշխարհինՙ իրենց խստաշունչ բնապատկերների խորքից:

– Որքա՞ն է ինքնուրույն դերասանը կինոյում: Ասում ենՙ նրան ղեկավարում է ռեժիսորը:

– Նայած դերասան եւ նայած բեմադրիչ: Օրինակ, պատմում են, որ էքսցենտրիկ կինոկատակերգության մեծ վարպետ Լեոնիդ Գայդայը դերասաններին միայն ամենահիմնական ուղղություններն էր տալիս աշխատանքում: Նրա յուրաքանչյուր նկարահանմանը դերասանները պետք է գնային լավ պատրաստված, առաջարկեին դերի մեկնաբանման, կերպարաստեղծման իրենց տարբերակները: Այդ իսկ պատճառով Գայդայի ֆիլմերում ավելի հեշտ նկարահանվել են վառ անհատականություն եւ մեծ երեւակայություն ունեցող դերասանները…

– Ո՞վ է ձեր ամենասիրելի ռեժիսորը:

– Չեմ տա քիչ ծանոթ կամ այսօր մոդայիկ ինչ-որ անուն: Ես չեմ դադարում զարմանալ Ֆեդերիկո Ֆելինիի կինոերեւակայությամբ, չեմ դադարում հիանալ, թե ինչպես է նա կարողացել հաճախ արտակենտրոն եւ անհեթեթ պատմություններով էկրան փոխանցել մարդկային գոյության բազում դրսեւորումներ:

Ֆելինին պատմել է, որ մի անգամ ոսկեգույն քթով մի տիկին նրան հանդիմանել է, թե ինչո՞ւ իր ֆիլմերում չկա եւ ո՛չ մի նորմալ մարդ: Իսկ ես չունեմ ոսկեգույն քիթ ու միայն շնորհակալ եմ կինոյի մեծ Մաեստրոյին, որ նրա ֆիլմերում չկա եւ ո՛չ մի նորմալ մարդ: Մեծ հոգեհարազատություն եմ զգում նրա ստեղծած աշխարհների եւ կերպարների հանդեպ: Միգուցե քանի որ ինքս էլ համոզված եմ, որ մեր այս տխուր ու դաժան աշխարհը գեղեցկացնում ու առաջ են մղում «ոչ նորմալ» մարդիկ…

ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵԼԵՍԹ ՆԱԶԵԼԻ ՍՆՈՈՒԲԵՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԵԿՈՐՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՐՀ ՊԱՀԵԼ»

Հաջորդ գրառումը

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՐՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՐՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական