Մերօրյա իրադարձությունները վերլուծելիս հստակ երեւում է, որ նոյեմբերի 16-ի մարտերից շատ չանցած, չնայած ցավալի կորուստներին, մեր զինվորներն իրենց հաղթական դրսեւորեցին եւ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տրամաբանության մեջ արագորեն ինչ-որ բան փոխվեց: Կարծում եմ` կարեւոր բան: Պուտինը հայտարարեց, որ պետք է արդեն գնալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի: Դրա մասին հայտարարեցին նաեւ հայ քաղաքական ղեկավարները: Իսկ Ազգային ժողովի Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ այն սկսվելու է զրո կետից: Ակնհայտ է նաեւ, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւս վերջին կռվից հետո նոր միտումներ են նշմարվում: Արդեն խոսվում է երեք կողմերի մասնակցությամբ հանձնաժողովի արագ ստեղծման մասին, որը պետք է զատորոշի սահմանը: Նոյեմբերի 16-ի կռիվը նաեւ ակնհայտ դարձրեց այն իրողությունը, որ ոչ միայն հրապարակներում, այլեւ խորհրդարանում եւս արեւմտամետներն սկսում են ակտիվանալ: Կարծում եմ, այդ ամենի հիմքում զանազան այլ հարցերին զուգընթաց Արցախի հիմնախնդրի հետ կապված ներկա իրողությունների եւ մոտեցումների առկայությունն է:
Բազմատեսակ ու բազմագույն ԶԼՄ-ների, պաշտոնատար անձանց ու մասնագետ-վերլուծաբանների տեղեկատվություն-տեսակետներին ծանոթանալով հանգում ես այն կարծիքին, որ այսօր Արցախի հարցում առկա են երկու իրողություն-մոտեցումներ.
Արցախիՙ ազերիների կողմից բռնի օկուպացիայից զերծ մնացած մասը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության տնօրինության ներքո: Կրեմլին մոտ կանգնած փորձագետներից Կոնստանտին Զատուլինն ազերիներին պատասխան-ապտակ հասցնելով անթաքույց հայտարարում է. «Մեղադրել հայերին, որ նրանք պետականություն են կառուցում օտարապատկան հողերի վրա, անհիմն է: Քանի որ հարկավոր է չմոռանալ այն փաստը, որ 1991 թ. Ադրբեջանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկավ արդեն առանց այդ պահին արդեն Բաքվի վերահսկողությունից դուրս Արցախի եւ որ Ղարաբաղյան կոնֆլիկտն սկսվել էր մինչ այդ 1988թ.` Սումգայիթի եւ Բաքվի ջարդերով: Իսկ Ալիեւի «ռազմական ուժով Ղարաբաղը վերադարձնելու» պլանն ի սկզբանե անհաջողության էր մատված»: Ռուսները, ինչպես ակնհայտ երեւում է այսօրվա նրանց պահվածքից ու որդեգրած քաղաքական եւ նույնիսկ տնտեսական քաղաքականությունից, դեռ շատ երկար են մնալու Արցախում, որեւէ մտադրություն էլ չունեն առհասարակ այնտեղից հեռանալու եւ որեւէ մեկին այն զիջելու: Միանգամայն ենթադրելի է, որ այսօրվա մանր-մունր նվեր-օգնություններին շուտով կհաջորդեն ավելի լուրջ տնտեսական քայլեր եւ նույնիսկ ֆինանսական լուրջ ներդրումներ:
Մյուսը դեռեւս նախագծի մակարդակով այսպես կոչված Արեւմտյան կամ Եվրոպական մոտեցումն է, համաձայն որի Արցախը պետք է հանձնվի Եվրոպայի հոգածությանը եւ այնտեղ տեղակայվի եվրոպական որեւէ երկրի կամ երկրների զինուժ: Ավելի հաճախ շրջանառվում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի անունները (Հիշու՞մ եք, առաջին աշխարհամարտից առաջ էլ գրեթե նույնն էր նախատեսվում արեւմտահայ վեց նահանգներում եվրոպացի կառավարիչներ նշանակելու տեսքով, որոնք, ի դեպ, նույնիսկ ճամփա ելան, սակայն սկսված պատերազմի պատճառով տեղ չհասան): Աստված իմ, արդեն քանի ու քանի անգամ համոզվում ես, որ էս անտեր պատմությունը կրկնվելու հակում ունի:
Հենց այս երկու նախագծերի մասին են վկայում Սոչի-Մոսկվաներում ու Բրյուսելներում տեղի ունեցող հանդիպում-քննարկումները, որոնք իմ կարծիքով, դեռ երկար ու ավելի հաճախակի են լինելու: Հերթական անգամ երազներով ապրել-ոգեւորվելուց բացի այնքան լավ կլիներ, որ երկիրս չպարտված ղեկավար ու դիվանագիտության դարբնոցում թրծված, տարիների փորձ ունեցողները ներկայացնեին, որոնք կարողանային իդեաֆիքսերին գերի չդառնալ: Այլ շրջահայաց, բազմակողմանի մոտեցումներով եւ հայրենիքի շահն ամեն ինչից բարձր դասելով մասնակցեին այդ գործընթացներին ու չմոլորվեին միջազգային խարդավանքների խորխորատներում:
Միաժամանակ պիտի գիտակցվի, որ անհրաժեշտ է բռունցք ցույց տալ եւ հետո անմիջապես բանակցել թշնամու հետ: Մինչեւ ուժ ցույց չտաս` նա չի ընկրկի: Ամենառաջնակարգը սա է: Ալիեւն էլ այդ դեպքում շատ չի աքլորանա ու հոխորտա, որովհետեւ ըստ էության հասկանում է, որ ինքն ընդամենը խամաճիկ է մեծ խաղացողների ձեռքում: Այս ամենի հետնախորքի վրա հետաքրքրական կլիներ իմանալ, թե ինչ ռազմաքաղաքական քայլեր կկատարի ընդդիմությունը, եթե հասնի իշխանության: Թե չէ մեկը մյուսի սխալներն ապացուցելու եւ խելքով փայլելու ցանկություններն արդեն հոգնեցուցիչ են: Անհամեմատ ավելի լավ կլիներ, որ բոլորս կատարվածի համար մեր մեղքն ընդունեինք եւ նստեինք կլոր սեղանի շուրջՙ արագորեն լուրջ ծրագիր մշակելու եւ սթափ գործելու համար: Մեր ժողովուրդն այլեւս համբերություն չունի:
Պատմաբանիս համար ակնհայտ է, որ մեզ մոտ դեռեւս դարերի խորքից եկող եւ հայ քաղաքական մտքի հիմքը կազմող կողմնորոշումները այդպես էլ իրենց չեն սպառում եւ մնում ենք խիստ թերահավատ, որ կսպառվեն: Սակայն պարզաբանենք, որ կողմնորոշոմը ընդհանուր առմամբ ենթադրում է քաղաքական դաշնակցի որոնում, եւ միայն մեր քաղաքական ընկալումներում է ուրիշից փրկության նախատեսում եւ այն էլ այն դեպքում քեզ ձեռք կմեկնեն, երբ քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Կարծում եմ, որ սա է այն հիմնական պատճառը, որ հիմա մենք իրական դաշնակիցներ չունենք: Չունեինք նաեւ պատերազմի ընացքում, քանի որ անիմաստ փնտրտուքներում եւ անորոշության լաբիրինթոսներում դեգերելուց մեր քաղաքական միտքը հիմնովին սպառված է: Հետո էլ, այս վերջին մեկ տարին եւս ընթացավ ներքաղաքական պայքարով, դրան հաջորդած ընտրություններով եւ դեռեւս պատերազմական իրավիճակից դուրս չեկած` պետությանը ոչ հարիր տնտեսական կամ ներդրումային ծրագրերով տարվելով: Անտեսվեց նաեւ բանակի վերակազմության գործընթացը, որը պետք է սկսվեր հենց պատերազմից անմիջապես հետո, հաջորդ իսկ օրվանից եւ ոչ թե ցեղասպանության ձգտող թուրքի դեպքում չհիմնավորված խաղաղության փնտրտուքով: Այո, բանակի հզորացմամբ, որպեսզի շարունակաբար զիջումների գնալու փոխարեն, նոր էսկալացիա սկսելու դեպքում, մեր արդեն դիմադրողականության որոշակի աճով Ադրբեջանին զսպել կարողանանք: Այնինչ, արդեն դարավոր սովորության համաձայն, այսօր եւս ռուսներից ենք դժգոհում եւ այդպես էլ չհոգնելով հին դրամաների կրկնությունիցՙ վաղը նույն կերպ Արեւմուտքից եւ մյուսներից էլ կդժգոհենք:
Համոզված եմ, որ ուժեղանալու հիմքը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է խելացի կազմակերպված եւ ճիշտ ճանապարհի վրա դրված կրթությունը: Այս առիթով հիշեցի Հարավային Աֆրիկայում գտնվող համալսարաններից մեկի մոտ կախված մի ցուցանակի մասին, որի վրա գրված է. «Որեւէ ազգի ոչնչացնելու համար հարկավոր չեն ատոմային ռումբեր կամ հեռահար հրթիռներ: Անհրաժեշտ է միայն նվազեցնել կրթության որակը եւ թույլ տալ ուսանողներին խաբել քննությունների ժամանակ: Հիվանդները մահանում են նման բժիշկների ձեռքով: Նման ինժեներների ձեռքով կառուցված շենքերը քանդվում են: Փողը կորչում է նման տնտեսագետների ձեռքում: Արդարադատությունը անհետանում է նման փաստաբանների եւ դատավորների ձեռքերով: Կրթության փլուզումը ազգի փլուզումն է»: Համաձայնեք, որ իսկապես հանճարեղ է ասված: Իսկ մենք փոխանակ այս դժվարին պահին գոնե սթափվենք ու լուրջ ներդրումներ ուղղենք դեպի գիտության ու կրթության դաշտ, զբաղված ենք չգիտեմ ինչերով: Ավելին, բանակը վարկաբեկելուց ու պարտության հասցնելուց հետո, հիմա էլ ուսուցիչներին ատեստավորել-տեսակավորելովՙ մեր կրթության սուրբ-սրբոց դպրոցն ենք աղավաղում: Լավ, մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ…
Իսկապես դժվար է ըմբռնել, որ երբ ամեն օր պառակտում ես սերմանում, քարոզածդ խաղաղությանը հնարավոր չէ հավատալ: Ժամանակն է վերջապես, որ այդ ամենում շնչակտուր իրար մեղադրելու փոխարեն ըմբռնենք. ստեղծված այս դժվարագույն վիճակի համար մեղավոր ենք բոլորս: Իսկ ամենամեծ մեղքը հանրության գիտակից մասինն է: Նրանք շատ լավ են հասկանում, թե մեզ հետ ինչ է կատարվում, թե ուր են տանում այս գործընթացները, բայց համակերպվում են, հույսներն ինչ-որ հրաշքի վրա դնում: Բայց չէ՞ որ իրապես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որ բորենիանման թշնամին կրկին արյան հոտ է առել եւ հասկանում է` ասպիսի շանս նախկինում չի ունեցել, կձգտի ավելիին ու ավելիին եւ չի էլ հագենա: Մենք էլ, եթե շարունակենք այն հեքիաթներով ինքներս մեզ խաբել, թե էլի ու էլի զիջելով խաղաղություն կունենանք, ապա դա երբեք չի՛ լինի: Մեկ անգամ տվողը էլի կտա, իսկ վերցնողի ախորժակն ամեն անգամ ավելի կմեծանա: Դա թուրքի տրամաբանությունն է, որն իրականությունից այնքան էլ հեռու չէ: Այսօր զիջեցիր ինչ-որ բան, վաղը տասնապատիկն ես տալու ու այդպես շարունակ: Ահա այս շրջապտույտում ենք ու եթե չսթափվենք ու էլի ինչ-որ բան չիջենք` զիջելու բան էլ չենք ունենա այլեւս:
Հստակ է ու պարզ, մեր թշնամուն էլ նոր չենք ճանաչում. նա ոչ մի դեպքում եւ ոչ մի կետում կանգ չի առնելու: Նրան կանգնեցնելու միակ ճանապարհը ազգովին համախմբվելն ու բռունցք ցույց տալն է, իսկ դա մեր բանակը միայն կարող է անել: Ուստի հարկավոր է ձերբազատվել օտարների կողմից մեզ սերմանված թույլ ու անզոր լինելու գաղափարից, որը, վստահ կարող եմ ասել, աղետաբեր ճանապարհ է եւ կործանում կտանի:
Մի բան էլ կա. Արցախյան առաջին պատերազմում, երբ հիմնականում մենք մեր գլխի տերն էինք ու վերեւից հրամանները քիչ էին, հաղթանակներ էինք կռում իրար հետեւից: Իսկ այսօր վերեւները մի տեսակ շատ են խառնվում ու փչացնում են ամեն ինչ: Բարձրաստիճան ո՛ր սպայի մասին ի՛նչ ասես չլսեցինք, ինչքան ասես քրեական գործեր են հարուցվել: Ասել է թե մեզ ոչ այնքան հիմնականում պարկետային ակունքներով ու նահանջի հրամաններ արձակող գեներալներ են պետք, այլ հայրենասեր խենթ ու խելառներ, որոնք ռազմական տեսաբանությունից թեեւ շատ չեն հասկանում, բայց յուրաքանչյուր թշնամու լավ դաս տալ գիտեն: Ինչ արած, սա է մեր տեսակը…
Հասկանանք նաեւ, որ մեծ տերություններն էլ մի տեսակ ձեռ քաշեցին մեզանից, որովհետեւ անբարեհույս միջազգայն սուբյեկտի ու ավելորդ գլխացավանք պատճառողի համարում ունենք: Իսկապես, եթե օտարի աչքով մեզ նայենք, ապա ինքներս էլ կմտածենք, որ եթե մի ժողովուրդ կամք չի դրսեւորում իր սահմաններն ու ինքնասիրությունը պաշտպանելու եւ անընդհատ ինչ-որ բանից վախենալով զիջումներ է կատարում ու խաղաղություն քարոզում, նրան ոչ ոք չի պաշտպանի: Ավելին, չեմ վարանում եւ մեծ ցավով պիտի ասեմ, որ որքան էլ արհեստածին է, հնարված, սակայն այսօր Ադրբեջան պետությունը միջազգային ասպարեզում ավելի բարվոք գործընկեր է համարվում եւ դրանից է նաեւ անթաքույց թեւավորվում:
Մի անչափ կարեւոր հանգամանք էլ կա. Երբ ամեն օր վերեւներից խաղաղության, իսկ այդ նույն ժամանակ երկրի ներսում ատելության ու թշնամանքի քարոզ է արվում, սպասված անդորրը չի՛ լինելու: Պարզից էլ պարզ է, եթե մարդու հոգում փոթորիկ է, ապա որքան էլ ապրելու լավ պայմաններ ապահովես նրա համար, նա երբեք իրեն երջանիկ չի զգա: Այնպես որ, հարկավոր է նախ հոգու, ներքին ալեկոծումները հանդարտեցնել, որպեսզի իրապես խաղաղվելը հնարավոր դառնա: Իսկ ես դրան հավատում եմ: Այո, մի զարմացեք, հենց այսօր, հենց այս բարդ ու դժվարին պահին ես նշմարում եմ լույսի շողքը: Այն շողքը, որ ամենամոտ ապագայում անսպառ լուսավորելու եւ ցրելու է հայոց երկնակամարում կուտակված գորշ ամպերն ու մերօրյա խավարը…
Ես հավատում եմ հայոց պայծառ ապագային:
20-30.11.2021