Երկար ժաանակ մեզանում տարածված էր այն թյուր տեսակետը, թե իբր 1920-21 թվականներին Հայաստանի անկախ պետականությունը ոչնչացվեց, իսկ հայկական տարածքներն էլ կիսվեցին, որովհետեւ Քեմալը խաբեց Լենինին: Այսինքն` «Աթաթուրքը խոստացավ Լենինին, որ իր մոտ էլ խորհրդային կարգեր կհաստատի, բայց խաբեց, չհաստատեց»: Սակայն այդ նույն ժամանակ Ադրբեջանը եւս խորհրդայնացվեց եւ դրանից անմիջապես հետո ու ԽՍՀՄ-ի գոյության ամբողջ ընթացքում Կրեմլը կանոնավոր կերպով Խորհրդային Հայաստանից տարածքներ էր նվիրում Ադրբեջանին: Իսկ բոցաշունչ լենինյան, Բաքվի կոմունայի արդարադատության նախարար Արտաշես Կարինյանը 1926թ. գրում էր. «Պետք է վերջ տալ հայության Հայաստանում հավաքման գաղափարին, մի գաղափարի, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ: Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ ու անկախ Հայաստանի գաղափարը»: Եվ առաջարկում էր նախ` ա) վերջ դնել Հայաստանի մեջ հայության հավաքման գաղափարին եւ ապա` բ) երկրում եղած 300.000 գաղթականներին ցրել լայնածավալ Ռուսաստանում: Ասել է թե` արեւմտահայության նկատմամբ իրականացնել եւս մեկ հայրենազրկում` զրկելով նրան նաեւ Խորհրդային Հայաստանում ապրելու հնարավորությունից:
Մեր օրերում կրկին տարածվում է այն ակնհայտ սուտը, թե իբր այս անգամ էլ խորամանկ թուրք Էրդողանը խաբեց միամիտ ռուս ցար Պուտինին: Այսինքն, ինչ կարող ենք անել, որ հայերի պաշտպանն ու բարեկամը նորից խաբվեց հայերի թշնամու կողմից եւ այլ բան չի մնում անելու, քան սուսուփուս ստորագրել ինչ առաջարկեն, թե չէ ավելի վատ կլինի…Բայց պարզից էլ պարզ է, որ ստորագրելու պարագայում շատ ավելի վատ կլինի եւ Հայաստանը կվճարի մարդկային ու տարածքային նոր կորուստներով: Իրականում պատմության նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռուսն ու թուրքն իրար դեմ պատերազմել են (միայն XIX դարում չորս անգամ, երկու համաշխարհայիններում), բայց միմյանց երբեք չեն խաբել եւ չեն խաբում եւ որ միշտ խաբված կողմը եղել ու մնում են Հայաստանն ու հայությունը: Մենք էլ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր ազգային-պետական շահերով, եզի համառությամբ դասեր չենք քաղում պատմությունից ու սեփական սխալներից, ամեն անգամ մեր օրերի նման ելք ենք որոնում, չենք գտնում, խեղճանում ենք եւ հլու հնազանդ դառնում:
Երբ կարդում եմ վերջերս տարածված այն գաղափարը, թե աղջիկները դպրոցից պիտի սովորեն մեքենա վարել, որ տարհանման ժամանակ տղամարդիկ դրանով չզբաղվեն, թե ողջ մնալը իբր արվեստ է, ուզում եմ հարցնել` հնարավոր չի՞ ուժեղ լինելն ու գեղեցիկ, ապահոված ու բարգավաճ ապրելն արվեստ լինի: Ի՞նչ ողջ մնալու արվեստ, ինչո6ւ չի ասվում կռվելու, պայքարելու, վրեժ լուծելու արվեստ, հնարավոր չի՞ տարհանման գաղափարով մեքենա չվարենք, էս ինչ հայաթափման, խեղճացման մոտեցումներ են, ինչ կնաբարո մտածողություն է, ինչ փոքրոգի գաղափարներ են…: Աստված իմ, իսկապես, էս ինչ խեղճացման մոտեցումներ են մեզ ներարկվում: Ակամա մտածում ես, որ եթե գիտես, թե տեղի է ունենալու հերթական խայտառակ խաղաղություն-ֆարսը ու չես բարձրաձայնում, ապա ինքդ այդտեսակ փաստաթղթեր ստորագրողներից լավը չես:
Ցավով պիտի արձանագրեմ, որ մեր համար կարծես անկախությունը տանուլ տված պատերազմ է եւ տարածքային կորուստներ: XX դարի սկզբին շատ էինք ձգտում անկախանալ եւ ինչ ստացվեց. ցեղասպանվեցինք, Արեւմտյան Հայաստանը կորցրեցինք, վերջում էլՙ անկախությունը: Իսկ աշխարհի հզորները, հատկապես Ամերիկան ու մնացյալը, 100 տարի է պաչպչվում ու քնում են ցեղասպան Թուրքիայի հետ եւ խիստ կարեւոր հարցերում սատարում նրան: Սովետից հետո էլ անկախացանք ու 30 տարի է պատերազմի մեջ ենք, արյան գնով հետ բերած Արցախը կրկին կորցրեցինք, ապագան էլ խիստ անորոշ է: Այս տխուր իրողության մեջ սփոփիչն այն է, որ Սովետից հետո անկախացած բոլոր երկրները եւս թանկ վճարեցինՙ Վրաստանը ձեզ օրինակ: Հիմա էլ որոշ «ազգային» ուժեր ու ՀՀ-ի գլխին քար գցելու պատրաստ իմաստնախոսներ պահանջում են, թե եկեք Ռուսաստանին փոխենք Ամերիկայով: Զարմանում ես, դեռ Ռուսաստանի բարեկամությունն ու եվրոթավիշը չմարսած, ինչով են մտածում, որ այդպիսի փոփոխությունից են ճամարտակում: Չգիտեմ, կարո՞ղ է հիմա էլ Զանգեզուրն է ծանր բեռ է դարձել, որ օր առաջ ուզում են ազատվել նրանից: Իսկ զարմանալին ու ամենացավալին այն է, որ այդ տաքգլուխներից շատերի ընտանիքի անդամները վաղուց նույնիսկ Հայաստանում չեն բնակվում: Նրանք կարծես խոսքները մեկ արած մոռանում են, որ մարտավարական, ռազմավարական, դժվար շտկվող այդ սխալների հետեւանքներն արդեն առկա են բոլոր ոլորտներումՙ տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական, քաղաքական եւ այլն:
Ինձ երբեմն թվում է, թե մեր հասարակությանը հասցված ամենաուժգին հարվածը քաղաքացի լինելու զգացումիՙ ազգային օրգանիզմի հիմնական իմունային մեխանիզմի կորուստն է: Պատասխանատվություն, որն անհնար է դնել ուրիշի ուսերին: Պատասխանատվություն, որը չի կարելի վաճառել, ինչպես ձայն են վաճառում ընտրությունների ժամանակ կամ այլ համանման դեպքերում: Օրինակ 80-ականների վերջերին եւ հատկապես Ղարաբաղի համար մղվող պատերազմի ժամանակ մեզ հպարտ, վճռական, քաջ քաղաքացիներ դարձրեց ու մեզ միավորեց ոչ այնքան ազգային պատկանելությունը, առանձնահատուկ լեզուն, եզակի այբուբեն ունենալը, ընդհանուր պատմությունը, «Ջերմուկ» հանքային ջուրը, ազգային ինքնության գիտակցումը, եկեղեցին, սերը տոլմայի ու խաշի նկատմամբ, որոնք անկասկած մեզ հայ են դարձնում, որքան պատասխանատվության զգացումը, որը մեզ Հայաստանի քաղաքացի էր դարձնում: Այն վեհ զգացումը, որ այսօր, մեղմ ասած, երերում է, դառնում մի կերպ ձեռք բերված ինքնաթիռի տոմս ու պայուսակ եւ «Զվարթնոցով» գնում եսիմ ուր: Քանի որ իսկապես դժվար է մնալ մի երկրում, որտեղ ամեն անկյունից ներարկում են գոյություն քարշ տալու եւ ոչ թե ուժեղանալու եւ հայրենիք փրկելու գաղափարները:
Պատմությունն իսկապես կրկնվելու բնույթ ու սովորություն ունի: Այս առիթով ստիպված եմ հիշեցնել, որ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցությանՙ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախը բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին: Վերջինս էլ պարտավորվել էր Լեռնային Ղարաբաղին (ԼՂ) տալ ինքնավարություն, սակայն չարեց դա երկու նպատակովՙ
1. մարտավարականՙ որպեսզի մոռացության մատներ խնդիրը,
2. ռազմավարականՙ ԼՂ-ն աստիճանաբար տարալուծել Ադրբեջանի վարչական բաժանումների սարդոստայնում եւ վերջնականապես հայաթափել:
Ստացվում էր, որ 1921 թ. Հայաստանը, տանուլ տալով ԼՂ-ի համար պայքարը, 1922-1923 թթ. պայքարում էր ընդամենը դրա ինքնավարության համար: Երբ նույնիսկ 1922 թ. դեկտեմբերի 14-ին Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ Բաքվում կայացած Անդրերկոմի նիստում ընդունվեցին որոշումներ, որոնց մեխը «ԼՂ-ի ինքնավարության անցկացման մասին» որոշումն էր, նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը չէր շտապում ինքնավարություն տալ ԼՂ-ին: Եվ միայն 1923 թ. հուլիսի 4-ին, ԼՂ-ին տիրանալուց երկու տարի անց, Ադրբեջանի կենտգործկոմը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ) կազմավորելու մասին»: Այս անգամ էլ ադրբեջանցիները նոր ծուղակ սարքեցին եւ ինքնավարություն տվեցին միայն ԼՂ-իՙ հայերով բնակեցված տարածքներին: Այսինքնՙ 1921 թ. ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշման ընդունման պահին ԼՂ-ի տարածքը կազմում էր շուրջ 8000 քառ.կմ (աղբյուրըՙ Կ. Խաչատրյան, Հ. Սուքիասյան, Գ. Բադալյան «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային եւ խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին»): Իսկ արդեն 1923-1924 թթ.-ին ԼՂ-ից առանձնացվեցին տարածքներ, որոնց վրա ձեւավորեցին Աղդամի, Ջաբրայիլի եւ Քրդստանի գավառները: ԼՂԻՄ-ը ձեւավորվեց շուրջ 5000 քառ.կմ-ի վրաՙ ներառելով նաեւ Հադրութն ու Շուշին: Հետագա տարիներին ԼՂԻՄ-ից անջատեցին եւս շուրջ 600 քառ. կմ տարածքՙ զրկելով Հայաստանի հետ ցամաքային անմիջական կապից: Այդպես էլ մնաց ԼՂԻՄ-ը մինչեւ 1988 թ.ՙ մինչեւ արցախյան գոյապայքարի սկիզբը:
Այսինքնՙ 1921 թ. Արցախի կորուստը անմիջականորեն հետեւանք էր 1920 թ. թուրք-հայկական պատերազմում մեր պարտության, որից հետո մեզ ուղղակի բզկտեցին: Հայաստանի շուրջ 43-44.000 քառ. կմ տարածքից մնաց 29.000-ը, իսկ Արցախի 8000 քառ. կմ-ից մնաց 4400-ը: Հաստատվեց յուրահատուկ ստատուս քվոՙ ԽՍՀՄ կազմում, որը խախտվեց 1988-ինՙ պատմական արդարության վերականգնման ձեւով:
2020-2021 թթ. Արցախի մեծ մասի կորուստը կրկին հետեւանք էր պարտության: Մեր տարածքները բզկտում են նաեւ այսօր: Բայց այն տարբերությամբ, որ մենք 1988-ի ԼՂԻՄ-ից ներկա պահին չունենք Հադրութն ու Շուշին: Փոխարենը ունենք աշխարհաքաղաքական ու ժամանակային առումով հեղեղուկ ստատուս քվո, որը, վաղ թե ուշ, կրկին պայթելու է (իրականում ամեն օր էլ պայթում է եւ նոր զոհեր ու գերեվարվածներ ենք ունենում): Ուզենք թե չուզենք, դարերի խորքից եկող պայքարը շարունակվելու է եւ, ի վերջո, մեզանից (Հայաստան եւ Ադրբեջան) մնալու է միայն մեկը: Հաղթողը մնալու է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իսկ պարտվողըՙ միայն պատմության դասագրքերում:
Իսկ մենք սթափվելու, ինքնակազմակերպվելու եւ հզորանալու փոխարեն ինչ որ խաղաղության դարաշրջանից ենք խոսում: Եղբայր, խաղաղությունը պարտադրում են եւ ոչ թե` մուրում: Մենք ինքներս մեզ չենք պաշտպանում, այլ մեղադրում ենք ուրիշներին, չհասկանալով, որ սեփական ինքնասիրությանը տեր չկանգնողին ոչ մեկն էլ չի պաշտպանի: «Հայաստանում գոռում են` «Ռուսաստան, արի մեզ փրկի», իսկ իշխանությունները տարածում են հիստերիա: Լավ, ես մի բան չեմ կարողանում հասկանալ. Թշնամին մտել է քո տարածք, դու գերագույն գլխավոր հրամանատար ես, թե՞… Դու ունես բանակ, ունես զորք, թշնամին գրավել է բարձրունքներ: Բանակը ծավալիր, գրոհիչները օդ հանիր` կռիվ տուր թշնամուն քո տարածքում: Միաժամանակ, դիմիր ՌԴ-ին այն կարգով, ինչպես նախատեսված է պայմանագրով: Այլ ոչ թե` բանավոր կամ ֆեյսբուքով: Անկեղծ` շատ զարմացած եմ»: Եվ այս խոսքերը խիստ զարմացած ու զայրացած ասում է օտարը` այս դեպքում հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը :
«Լավ, եթե Ռուսաստանն է հայերի հույսը եւ Ռուսաստանը պետք է փրկի հայ ժողովրդին, ապա հարց է առաջանում` քանի՞ կոպեկ արժի Հայաստանի անկախությունը: Չէ՞ որ Հայաստանը անկախ երկիր է եւ մինչեւ վերջերս հաջողությամբ կարողանում էր պաշտպանվել նույն թշնամուց, ումից պաշտպանվելու համար` հիմա սպասում են Ռուսաստանին, որ գա ու պաշտպանի: Իսկ չե՞ք կարծում, որ բոլոր խնդիրները ձեր երկրի ներսում են եւ ավելի խորքային են: Նույն ժողովուրդը, որը Ղարաբաղյան 1-ին պատերազմին կռվել գիտեր, հիմա կարծես մոռացել է, թե ինչպես են կռվում: Նույն երկիրը, որը սրանից 10 տարի առաջ հաջող պաշտպանում էր սեփական սահմանները, հիմա հույսը դրել է միայն ՌԴ-ի վրա: Տարօրինակ բան չե՞ք տեսնում սրանում: Իմ կարծիքով` ամեն ինչ այստեղ տարօրինակ է»: Եվ սա էլ է հնչում օտարի շուրթերից, որն այս դեպքում էլ քաղաքական գործիչ, «За Правду» կուսակցության նախագահ Զախար Պրիլեպինն է:
Ավելին, նույնիսկ պարզ էլ չդարձավ ի վերջո, մենք դիմեցի՞նք մեր դաշնակիցներին, թե՞ ոչ: ՀԱՊԿ-ին դիմելն անիմաստ է, քանի որ ինչպես ՌԴ առաջատար արեւելագետ Եվգենի Սատանովսկին է ասում. «ՀԱՊԿ-ը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը: Ո՞ւմ է պետք ՀԱՊԿ-ը, եթե իր անդամներից Ղրղզստանը եւ Ղազախստանը Ստամբուլյան ժողովում հայտարարությամբ աջակցել են ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Սա ՌԴ-ի մեծագույն պարտությունն է: Սա ՌԴ-ին հասցված ուժեղ ապտակ է: Այսքանից հետո` թե ինչ է մտածում կամ ցանկանում ՌԴ ղեկավարությունը, մնում է անհայտ»:
Իսկապե՞ս Ե. Սատանովսկին չգիտի, թե թե ինչ է մտածում կամ ցանկանում ՌԴ ղեկավարությունը: Խիստ կասկածում եմ: Իհարկե գիտի, նա մտածում է նախ եւ առաջ սեփական ազգային ու պետական շահը պաշտպանելու մասին: Իսկ թե այդ ընթացքում ով կօգտվի կամ կնեղանա, դա այլ խնդիր է: Բայց նաեւ ուզում եմ ավելացնել, որ անկախ ամեն ինչից, անկախ մեզ լավ ու վատ կամեցողների ցանկություններից, մենք առաքելություն ունեցող ժողովուրդ ենք եւ քանի որ դեռ անելիքներ ունենք, մնալու ենք, շատ ենք մնալու ու երկար-երկար ժամանակ: Վստահ եմ, քանի որ մեր պատմության ամենադժվարին պահին անգամ օտարը, գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում որպես սանիտարական ծառայության սպա ծառայած, Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգները 100 տարի առաջ նշում էր. «…Ինչպիսի՜ զարմանահրաշ, անընկճելի ուժ կա գրեթե արմատախիլ եղած այս ժողովրդի մեջ: Ձյուն, տապ, մահ, ցավ ու աղքատություն թափվել են այս երկրի գլխին, բայց նա անթախիծ վերընձյուղվում է նորից նոր փլատակների միջից, ինչպես վարդը մոխրակույտից, որ դալուկ շուրթերով, զսպված համառությամբ կարծես ասելիս լինի. «որքա՜ն գեղեցիկ, որքան տառապա՜լից է այս կյանքը, բայց տեսե՛ք նա կրկին ժպտում է ինձ, եւ ես դեռ կվերափոխեմ այն…»:
Այ հենց այստեսակ դեպքերում են ասում, որ բառերն ավելորդ են…
15-22.11.2021