19 նոյեմբեր 2021թ.
2021 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելեց Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակՙ Կենտրոնական վարչության անդամների հետ հանդիպելու եւ բաց ֆորումի շրջանակներում Մեծ Նյու Յորքի հայ համայնքի երիտասարդ արհեստավարժների հետ շփվելու համար: Տասնամյակներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպությունում զարգացման եւ անվտանգության ուղղություններով աշխատած հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ Բեգլարյանը ժամանել էր ներկայացնելու Արցախի պատմության հաջորդ փուլի ռազմավարությունը:
Բեգլարյանի ուղեւորությունը համընկավ հրադադարի տարելիցի հետ, որով վերջ դրվեց 2020-ին Արցախի դեմ սանձազերծված դաժան եւ անհամաչափ պատերազմին: Քանի որ աշխարհասփյուռ հայությունն անցած տարվա ընթացքում անորոշության եւ ցնցումների ժամանակներ է վերապրել, նա խոստովանեց, որ եկել է թոթափելու տագնապները, որ առկա են Արցախի բնիկ հայության չափազանց խոցելի դրության առնչությամբ:
Նախքան բաց ֆորումը, Բեգլարյանը եւ Հակոբյանը հանդիպեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Արդա Հարաթունյանի, Նազարեթ Ֆեստեկջյանի եւ Անի Մանուկյանի, ինչպես նաեւ ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Անձամբ հանդիսանալով ՀԲԸՄ կրթաթոշակառուՙ Բեգլարյանն իր երախտագիտությունը հայտնեց տարածաշրջանում կրթական, մշակութային, մարդասիրական օգնության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզներում ՀԲԸՄ-ի իրականացրած գործունեության համար: Հաշվի առնելով այն փոփոխվող իրողությունները, որոնց այսօր առերեսվում է Արցախըՙ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր ծրագրերի ընդլայնմանն ու տարածաշրջանում Միության վարչական ներկայությունն ավելացնելուն առընչվող հարցեր:
«ՀԲԸՄ-ն Արցախի զարգացման գործում ներգրավված ամենատեւական եւ վճռորոշ դերակատարներից է եղել», – ասաց պարոն Բեգլարյանը: «ՀԲԸՄ-ի ծրագրերը օրինակ են ծառայել բազմաթիվ այլ կազմակերպությունների համար, հատկապեսՙ կարողությունների զարգացման առումով»: Համաձայնություն ձեռք բերվեց, որ այս քննարկումները շարունակական կլինենՙ միտված նորաներ նախաձեռնությունների մշակմանը, որոնք կօգնեն առերեսվել տարածաշրջանի ներկա իրավիճակին եւ ծառայել սեփական կյանքը ինքնուրույն վերակառուցող բազմաթիվ արցախցիներին:
Երիտասարդ արհեստավարժների հետ ֆորումի ընթացքում Բեգլարյանը պատասխանեց բազում հարցերի: ՀԲԸՄ այցից առաջ նա հարյուրից ավելի հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ ողջ տարածքում, եւ նրա խոսքը լավատեսական էրՙ միաժամանակ ընդունելով այն դժվարությունները, որոնց Արցախը առերեսվում է այսօր, ինչպես նաեւ մատնանշելով համագործակցության եւ ներդրումների հնարավորությունները: Հոկտեմբերի 20-ին մեկնարկած իր շրջագայության ընթացքում նա հանդիպել է ավելի քան 1,500 մարդուՙ այցելելով Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն (D.C.), Նյու Ջերսի եւ Նյու Յորք: Կապեր հաստատելով կոնգրեսի անդամների եւ հայ համայնքի առաջնորդների հետՙ նրա առաքելությունն էրՙ նոր էջ բացել Արցախի դիվանագիտության մեջ: «Մեր առաջնային նպատակն էՙ ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը, մեր ներկա տեսլականները եւ ապագայի հետ կապված նպատակները, ինչպես նաեւ լսել, թե ինչ են ասում մեր համայնքները», – պարզաբանեց նա: «Մենք ուզում ենք լսել եւ իմանալ, թե ինչպես կարող ենք Սփյուռքի ներուժն առավել արդյունավետ ներգրավել եւ համատեղ ուժերով զարգացնել Արցախը»:
Ֆորումի վարող Նանա Շախնազարյանը երեկոն բնութագրեցՙ որպես Արցախը տեղաբնակի աչքերով տեսնելու հնարավորություն եւ լսարանին հորդորեց օգտվել այս բաց ֆորումի մտերմիկ մթնոլորտի ընձեռած հնարավորությունից: «Նախարար Բեգլարյանը մեզ հիշեցնում է, որ մենք նվաճված ժողովուրդ չենք, եւ որ նա մեզ մոտ եկել է ապագայի տեսլականով եւ Արցախը միասին շենացնելու կոչով», – ասաց նա:
Ֆորումն սկսվեց ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ նրանց իրավասությունների վերաբերյալ հարցովՙ կապված վերջին օրերին հայ անզեն քաղաքացիական անձանց սպանությունների հետ: «Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կայունության աղբյուր է: Քանի որ Ադրբեջանը դժգոհ էր տարածաշրջանում առկա ժողովրդագրական պատկերիցՙ ակնկալելով, որ իր ռազմական արշավի հետեւանքով մեծ թվով հայեր կարտագաղթեն, ադրբեջանցի զինծառայողները ակտիվորեն խաթարում եւ վարկաբեկում են ռուսական խաղաղապահ ջանքերըՙ հրահրելով արձագանք վերջիններիս կողմից», – պարզաբանեց Բեգլարյանը: «Մենք կառուցողական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ, բայց քանի որ նրանք չունեն հրադադարի խախտումների դեպքերով քննություն վարելու պաշտոնական կարգավորումներ եւ իրավասություն, նրանք հաճախ փակուղում են հայտնվում»:
Նախքան Պետական նախարարի պաշտոնը ստանձնելը Բեգլարյանը ճանաչում էր ձեռք բերել որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան: Որպես Օմբուդսմեն, նա անդադար արձանագրել է պատերազմի ընթացքում եւ հրադադարին հաջորդած անկայուն ժամանակներում բնիկ հայերի դեմ գործադրված բազմաթիվ բռնաճնշումները: Շարունակելով մնալ որպես շահերի նվիրյալ պաշտպանՙ նա հստակ պատասխանեց հարցերիՙ կապված միջազգային հարթակներում արդարադատության հասնելու միջոցների եւ մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կարեւորագույն խնդրի հետ: «Մենք թղթին ենք հանձնել այդ բռնաճնշումների մանրամասները, սակայն չենք կարողացել քննել կամ արձանագրել ադրբեջանական կողմի կատարած, մեր հաշվարկներով, հազարավոր հանցագործություններ», – նշեց նա: «Քաղաքական գործիչների եւ մարդու իրավունքների ակտիվիստների կողմից բազմաթիվ հայտարարություններ են տարածվել, սակայն Ադրբեջանի վարքագծում որեւէ փոփոխություն չի նկատվել, եւ ակնկալում ենք, որ այդ հայտարարությունները կունենան իրենց ներգործությունը»: Բեգլարյանը նաեւ նկարագրեց, թե Ադրբեջանի բռնապետական հայատյաց քաղաքականությունը ինչպես է ստեղծել մի իրավիճակ, որ անցումային արդարադատության կամ հաշտության որեւէ փորձ անհնար է դարձել: Նա լսարանին կոչ արեց գործի դնել իրենց կապերըՙ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների մասին իրազեկելու համարՙ վերահաստատելով, որ թեեւ այս գործերին ընթացք տալու հարցում Արցախի կառավարությունը մեծապես հենվում է Հայաստանի աջակցության վրա, Սփյուռքի աջակցությունը, ամեն դեպքում, ողջունելի է:
Հարցին, թե Սփյուռքը ինչպես կարող է լավագույնս օգնել Արցախին, նա նշեց, թե ազգաստեղծ գործունեության մեջ որքան կարեւոր է կարողությունների զարգացումը, եւ թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է ներդնել իր յուրօրինակ մասնագիտական փորձըՙ գիտելիքները տարածելու հնարավորություններ ընձեռելու գործում: «Ապրելով մեկուսացման մեջ եւ անվտանգային բնույթի շարունակական սպառնալիքների պայմաններում, դժվար է բաց մտածողություն դրսեւորել եւ օգտվել ամենատարբեր հեռանկարներից», – ասաց նա: «Իրավիճակի հետ հաշվի նստելու մշակույթ ձեւավորելու համար սփյուռքահայերը կարող են ներկայացնել իրենց տեսլականն ու աշխարհայացքը»: Նա առաջարկեց, որ Արցախում ցանկացած ոլորտ կարող է օգտվել դրանից, եւ որ կարողությունների զարգացումը առաջնահերթություն է երկրի համար, քանի որ այն կարող է անորոշությամբ լի տարածաշրջանին բերել կայուն զարգացում:
Ի լրումն ազատ առեւտրի, տնտեսական հեռանկարների եւ բիզնեսի զարգացման վրա անվտանգային անցակետերի ազդեցության վերաբերյալ խնդրի, ինչպես նաեւ նրա, թե ինչ է արվում Արցախի պաշտպանության եւ անվտանգության համակարգերի ամրապնդման ուղղությամբ, Բեգլարյանը նաեւ պատասխանեց հարցերիՙ կապված Արցախ այցելության համար սահմանված անցագրային պահանջներին: Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները պետք է անձամբ հայտ ներկայացնեն Երեւանում Արցախի դեսպանատուն, եւ, կարծեք թե, քչերին է հաջողվել առաջին փորձից ստանալ անցագիրը: Նա բացատրեց, որ շուտով կգործարկվի ավելի պարզ առցանց գործընթաց, որը ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Սփյուռքի այն ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են այցելել տարածաշրջան եւ ներդրումներ կատարել:
Լսարանի հետ աշխույժ շփումների ժամանակ, որոնց ընթացքում անդրադարձ արվեց մեծ թվով հարցերի, սկսած արտագաղթից մինչեւ հակամարտության լրատվական լուսաբանում, Բեգլարյանը ներկայացրեց իր պատկերացմամբ Արցախի ապագայի հինգ հենասյուները. անվտանգություն, կայուն տնտեսական զարգացում, աճող ժողովրդագրական պատկեր, կրթություն եւ լավ կառավարում: «Մենք կարճաժամկետ լուծումներ չունենք», – վերահաստատեց նա: «Այդ հինգ հենասյուները կարող են ամուր հիմք ունենալՙ հինգ հավասարապես կուռ մոտեցումների պայմաններում. ինքնավերլուծում, միասնություն, համառություն, ռազմավարական մտածողություն եւ ծառայելու պատրաստակամություն»:
Վերջին կետի հետ կապված նա պարզաբանեց հետեւյալ կերպ. «Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ազգ, եւ հատկապես մեր հայ ազգը, ունի մարդկությանը ծառայելու իր առաքելությունը: Մենք միայնակ չենք աշխարհում: Մենք արդեն իսկ շատ բան ենք տվել մարդկությանը, սակայն դեռ շատ բան կա, որ ոչ միայն պետք է ստանանք, այլեւ տանք: Մենք պետք է ձեւավորենք այնպիսի ազգ, որը բոլորին հայտնի կլինի աշխարհին մատուցած ծառայություններով»: