Նոյեմբերի 16-ի ներխուժումը մեր երկրի ինքնիշխան տարածք, որին զոհ գնացած մեր զինվորների թիվը դեռ ճշտված չէ, 13 գերի եւ 24 անհայտ կորած ունենք, եկեք խոստովանենք, 44-օրյա պատերազմից հետո ամեն օր էր սպասվում: Անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց օդում առկա էր սպասումը, որ ինչ-որ փաստաթղթի կամ համաձայնագրի ստորագրում է նախատեսված, որ Փաշինյանը մեկնելու է Մոսկվաՙ ստորագրելու այդ փաստաթուղթը: Այդպիսի բան տեղի չունեցավ, դրա մեջ վերջին տեղում չէ հավանաբար հայ հանրության, այդ թվումՙ ընդդիմության բարձրացրած աղմուկըՙ ինչ-որ անհայտ դրույթներով վտանգավոր փաստաթղթի մասին, որին ի վերջո արձագանքեց Նիկոլ Փաշինյանը ՙ ինչ-որ պահի հայտարարելով , որ հայկական կողմը միջանցքային տրամաբանությամբ որեւէ բանակցություն չի վարում: Հաջորդեց ադրբեջանական ներխուժումը, դրան նախորդել էր հայ խաղաղ բնակչի գնդակահարումը, հետո արդեն նռնակի պայթյունը ադրբեջանական անցակետում, որի իրագործողի շարժառիթն այդպես էլ չպարզվեց գոնե հայ հանրության համար (պատերազմական վիճակում գտնվող երկրի համար այդպիսի միջադեպերը կարող են ճակատագրական լինել): Ներխուժումից երկու օր առաջ Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրի վրա ադրբեջանական մաքսակետեր տեղակայվեցին:Նոյեմբերի 16-ի ներխուժումը մայիսի 12-ին Հայաստանի տարածք անցած ու մնացած ադրբեջանական զինվորների համապատկերում երկրորդն էր, որին ի վերջո Հայաստանը համարժեք պատասխան տվեց ու դուրս շպրտեցՙ ադրբեջանական կողմին զգալի կորուստ պատճառելով:Բայց անհասկանալի բաներ մնացին: Համացանցում տարածված հայ զինվորներին գերեվարելու տեսանյութերից երեւում է, որ նրանք դիրքեր անգամ չունեին եւ չեն կրակել, ըստ որոշ լուրերիՙ հրաման չեն ունեցել: ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ Բաքվից Երեւան ինքնաթիռով վերադարձած գեներալ Մուրադովի բերած հայ գերիներից մեկիՙ ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինն ահավոր խոշտանգված է, մինչդեռ նա այն զինվորականն էր, որը ադրբեջանցի գերիներ է վերցրել իր զինվորներով, ու հրաման ստանալով վերադարձնել գերիներին, հենց ինքն է գերվել:Որպես ի՞նչ են հրաման տվել ադրբեջանցի գերիներին վերադարձնելու, երբ նրանք մերոնց գերի են վերցնում, ինչ է սաՙ անմտությո՞ւն, թե դավաճանություն, դեռ ոչ ոք չի պարզաբանում:Այս եւ այլ անհասկանալի պահերը վկայում են ողջ տեղի ունեցողի ծայրերն իրար չկպնելու մասին, ու երբ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ասում է, թե պետք է հետաքննել գերի ընկածների յուրաքանչյուր դեպք, չկրակելու հրաման չի եղել, չկրակելը դավաճանություն է, սա բոլորովին համոզիչ չի հնչում այս փաստերի ֆոնին: Ու գերի ընկած զինվորների վրա մեղք բարդելը պարզապես անընդունելի ու տգեղ է: Մանավանդՙ հենց հաջորդ օրը կառավարության նիստին Փաշինյանը կրկնեց Ազգային ժողովում ասածը, թե 2021 թվականի մայիսից ի վեր ՌԴ-ից Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ երեք առաջարկ է հնչել (ահա թե ինչու տեղի ունեցավ մայիսի 12-ի ներխուժումը), երեքն էլ ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ:Նա նշեց, որ նախօրեին ՌԴ ՊՆ-ից այդ սահմանազատման եւ սահմանագծման նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ են ստացվել (ահա, թե ինչու է տեղի ունեցել նոյեմբերի 16-ի ներխուժումը, դե հիմա ոնց չկասկածես սարքված խաղի մասին) ու նորաթուխ ՊՆ Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ճշտել առաջարկների մանրամասները, որպեսզի փորձեն սկսել դրանց իրագործումը:Այդ ի՞նչ անհայտ բովանդակությամբ առաջարկներ են, ո՞վ է համաձայն դրանց հետ, արդյոք որ ԱԺ-ում Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների տարածքներ կան մեր վերահսկողության տակ, մեր տարածքներիցՙ ադրբեջանցիների, խոսքը դրանց մասին է, արդյոք նոր բազար կա Հայաստանին պատկանող տարածքների վերաբերյալ, ու ո՞վ է Հայաստանում իշխանությունՙ ՌԴ պաշտպանության նախարարությո՞ւնը, որը մեր երկրի սահմանազատման վերաբերյալ կարող է առաջարկներ ներկայացնել: Կամ ինչո՞ւ չեք բացում վերջապես այդ առաջարկների բովանդակությունը, ի՞նչ է, Հայաստանը, նրա սահմանները մի քանի անձի ե՞ն պատկանում (էդ ընտրություններում ստացված քվեի անդեմ արգումենտը չբերեք, խոսքը բոլորիս հայրենիքլ մասին է):Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ պետք է նոյեմբերի 16-ին կրակը դադարեցվեր ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցից հետո, ի՞նչ պայմանավորվածության արդյունքում, եթե մեր ՊՆ հաղորդագրությամբ նշված է, թե 10 միավոր զրահատեխնիկա, 7 տասնյակի չափ թշնամու զինվոր են ոչնչացվել, այսինքն համարժեքից մի բան էլ ավել պատասխան է տրվել, մինչդեռ չգիտես ինչու մեր երկու հենակետ մնացել է ադրբեջանցիների ձեռքում: Ինչո՞ւ մինչեւ հիմա մեր զոհերի վերաբերյալ վերջնականապես ճշտված տեղեկատվություն չկա, ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ասածը, թե չնայած Հայաստանը 41 քկմ կորուստ ունի իր տարածքից, բայց այդ կորուստները մայիսի 12-ի ներխուժման արդյունքում են. բա էն երկու դիրքը, որ այս անգամ մնացին թշնամունՙ կես մետրանո՞ց են: Կամ մինչեւ հիմա ինչո՞ւ եք գաղտնի պահել, որ Հայաստանի նոր տարածքային կորուստը 41 քկմ է, ամաչո՞ւմ էիք: Ինչո՞ւ եք դիմել ՌԴ-ինՙ ռազմական օգնություն խնդրելով (բանավոր, իսկ արարողակարգով դիմելու մասին ոչինչ դեռ հայտնի չէ), եթե միջպետական պայմանագրով այդպիսի աջակցություն տարածքային ամբողջականության խախտման պարագայում ՌԴ-ն ավտոմատ պետք է ցուցաբերի Հայաստանին: Կամ եթե իրականությունը գիտեք, որ տարածաշրջանում ամեն կատարվողի հեղինակներն այս պահին հայտնի են, ու անգամ ԵՄ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին հավասարեցնելով են կոչ անումՙ մնալ նոյեմբերի 9-ի համաձայնության դրույթների շրջանակում, ուրեմն դու պիտի ինքդ քեզ արժանապատիվ եւ անզիջում պաշտպանես, ոչ թե սահմանազատման առաջարկից խոսես, կամ էլի վիզ ծռես ու օգնություն չստանաս, սա էլ ես չեմ, Սոլովյովն է ասում, ռուս հրեան. «Հայաստանում գոռում են` «Ռուսաստա՛ն, փրկի՛ր մեզ», իսկ իշխանությունները տարածում են հիստերիա: Լավ, ես մի բան չեմ կարողանում հասկանալ… Թշնամին մտել է քո տարածք: Դու գերագույն գլխավոր հրամանատար ես, ունես բանակ, ունես զորք, թշնամին գրավել է բարձունքներ քո երկրում: Բանակը ծավալիր, գրոհիչները օդ հանիր, կռիվ տուր թշնամուն քո տարածքում: Միեւնույն ժամանակ դիմիր ՌԴ-ին այն կարգով, ինչպես նախատեսված է պայմանագրով, ոչ թե բանավոր կամ ֆեյսբուքով: Անկեղծ` շատ զարմացած եմ»:Ու անգամ Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության մասին խոսակցություններն են այս պահին վտանգավոր ու զորաշարժվող, քանի որ մեր վեկտորը պետք է լինի հավասարակշռված ու փոխլրացնող, ոչ թե մեր դաշնակցին կամ հակառակորդին հրահրող:Սյունիքի ներխուժման պատճառներին վերադառնալովՙ տարբեր կողմնորոշումների եւ տարբեր քաղաքական շահերի ներկայացուցիչների վարկածներում, այնուամենայնիվ, մեկ պահ նույնական է. Սյունիքով միջանցքը պետք է Ադրբեջանին ու Թուրքիային այն աստիճան, որ երբ մերոնք ասում էինՙ միջանցքային տրամաբանություն չի լինելու եւ այդպիսով, ինչպես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան է խոստովանումՙ կողմերի տեսակետները խաղաղության պայմանագրի եւ հաղորդուղիների բացման վերաբերյալ իրար հակադիր են, Ադրբեջանն իր մեծ եղբոր թույլտվությամբ ու դրդմամբ փորձեց ուժով միջանցք բացել ու անընդհատ փորձելու է ուժով միջանցք բացել հենց Սիսիանի ուղղությամբ, որտեղից Նախիջեւան ընդամենը 28-30 կմ է, ու ոչ թե մեր կողմից հնչեցված (ԱԽՔ Արմեն Գրիգորյան ) ավելի հարավից Բիչենեկ ուղղությամբ ուղուն է համաձայն: Ադրբեջանը ցույց է տալիս իր ախորժակը, նրան անընդհատ հրելու են դեպի նոր ներխուժումներ, իսկ Հայաստանը, սրան-նրան վիզ ծռելու փոխարենՙ լավ կանի ողջ ռազմական ներուժը բերի բարձր պատրաստության, ելնելով նրանից, որ Ադրբեջանի ուզած միջանցքը կտրելու է ողջ Սյունիքը Հայաստանից: Մանավանդՙ եթե դա մեր վերահսկողության տակ չլինի. դատարկ խոստումներին չենք կարող հավատալ, ու անգամ ռուսական վերահսկողությունը անվտանգության ու կյանքի ճանապարհի երաշխիք չէՙ ռուս խաղաղապահի ներկայությամբ տրակտորիստի կամ սանտեխնիկի սպանությունները վկա:Աստված մեր պատասխանատուներին խելք տաՙ նոր սխալներ չանելու, որը ոչ միայն իրենց վերջն է, այլ նաեւ Հայաստանի:Իսկ տարատեսակ առաջարկներըՙ ներկա կառավարության հրաժարականի, Հայաստանի նախագահի կողմից նոր ժամանակավոր կառավարություն կազմելու եւ համանման այլ մոտեցումներՙ նույնպես ապրելու իրավունք ունեն, ի վերջո Հայաստանի շահը պահանջում է ունենալ պահեստային պլաններ եւ գործիքներՙ ֆորսմաժորների համար: |