Այլին Խաչատուրյան-Թերզյան-Սյորմարքը մրցանակակիր երգչուհի-երգահան է, ծնված Բեյրութում, 1978 թվականին: Ուսանել է Բեյրութի Հռիփսիմյանց վարժարանում, ապա տեղափոխվել Կանադա եւ ուսումը շարունակել Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարանում: Վերադառնալով Լիբանանՙ ուսանել է Լիբանանի Հայ Ճեմարանում: Ավարտել է նաեւ Լիբանանի «Մոդեռն» ուսումնարանը, ապա երկու տարի ուսումը շարունակել է Սեն Ժոզեֆ համալսարանի կինոյի բաժնում: Այնուհետեւ մեկնել է Փարիզ, ուր հինգ տարի հաճախել է հայկական հին երգերի գործնական դասերին, զուգահեռՙ Սորբոնի համալսարանի կինեմատոգրաֆի բաժնում ստացել է «մշակութային միջոցառումների կազմակերպիչ» մասնագիտությունը: 1996 թ. արժանացել է «Սելին Դիոն» մրցանակին: Հինգ տարի համերգներով ելույթներ է ունեցել լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ: Նրա երաժշտական կարիերան ժողովրդական, ջազային, ռոք եւ էլեկտրոնիկայի անընդհատ զարգացող խճանկար է: 1997 թ. ձայնագրել է իր առաջին երգը («Լամմա») արաբական ջազ ոճով, ապա տեղափոխվելով Դուբայՙ աշխատել է իր առաջինՙ «Միտան» (Իմ տունը) ձայնասկավառակի վրա (2008): Այն 2009 թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակին: Այլինը ելույթներ է ունեցել Բեյրութում, Ստամբուլում, Բեռլինում, Մոսկվայում, Դուբայում, Երեւանում, Սան Գաբրիելում, Կալիֆոռնիայում եւ Լոնդոնում: 2015-ին Հայկական միջազգային շոու-բիզնեսի մրցանակաբաշխությանը նրա «Թիթեռնիկ» (վերնագիրը հենց հայերեն է) ալբոմն արժանացել է հայ Սփյուռքի լավագույն կին կատարողի համար նախատեսված մրցանակին:
Պոլսահայ «Ակօս» թերթը Այլին Խաչատուրյանին անվանել է «Սփյուռքի հզոր ձայն»ՙ հայ ժողովրդական երգերի յուրահատուկ եւ համարձակ մեկնաբանման եւ բեմում խարիզմատիկ ու զգացմունքային հագեցած ներկայության համար: 2018-ին Բեռլինի հանդիսատեսը նրան անվանել է «հայ Բյորք»ՙ իր համարձակ փորձարարական հորինվածքի եւ յուրահատուկ կենդանի կատարման համար: Այժմ երգչուհին աշխատում է իր երրորդ ալբոմի վրաՙ ձայնագրելով առաջին երեք երգերը Ռեյկյավիկի «Գրինհաուզ» ստուդիայում, ինչպես նաեւ համագործակցում Բեռլինում բնակվող արտադրիչ Օկիդոկիի հետՙ նոր նախագծով:
Մեր հարցազրույցը կայացավ էլեկտրոնային նամակագրությամբ, անգլերեն:
– Սիրելի՛ Այլին, շատ երգիչներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, կատարում են հայկական հոգեւոր եւ ժողովրդական երգեր: Ձեր մեկնաբանությունները բավականին նոր են եւ թարմ: Ո՞վ է դրանք մշակում եւ գործիքավորում:
– Իմ առաջին ալբոմը Բեյրութում թողարկել է հիանալի երաժշտական արտադրիչ եւ իմ ընկեր Մազեն Սիբլինին: Արդեն ինը տարի է, որ ես աշխատում եմ երկու այլ ֆանտաստիկ երաժշտական արտադրիչներիՙ Լոնդոնում բնակվող երգահան, թավջութակահար եւ էլեկտրոնային կատարող Սանդրո Մուսիդայի եւ Ռեյկյավիկում բնակվող երգահան, էլեկտրոնային երաժշտության հետազոտող Ֆրանչեսկո Ֆաբրիսի հետ: Նրանք հստակ հասկանում են, թե ինչ եմ ուզում եւ միշտ զարմացնում են ինձ: Իհարկե, երաժշտության բնօրինակ մեղեդին գրելը սկսվում է ինձնից, այնուհետեւ Սանդրոն գրի է առնում այն եւ գործիքավորում լարայինների համար, իսկ հետո երեքով հանդիպում ենք արտադրության համար, որը ներառում է Ֆրանչեսկոյի կատարած ձայնագրությունը, միքսինքն ու մասթերինգը, բայց, իհարկե, Սանդրոն ներկա է նույնպես եւ մենք երեքով քննարկում ենք մինչեւ երգն ավարտելը: Ստուդիայում շաբաթներ անցկացնելն այս երկու հրաշալի անձանց հետՙ իմ կյանքի լավագույն պահերից է: Մենք երկար ժամանակ չենք կարողանում հանդիպել համավարակի պատճառով: Ես նրանց շատ եմ կարոտում:
– Ենթադրում եմ, որ հայ երիտասարդ սերունդներն ավելի շատ են սիրում քո երգը, քան ավագները, որոնք կարող են քննադատել քո մեկնաբանությունները:
– Կարծում եմ, որ լայնախոհ մարդիկ կան բոլոր տարիքային խմբերում: Մարդիկ, որոնք սիրում են իմ երաժշտությունը, 10-ից 90 տարեկան են: Բայց ճիշտ է, որ իմ երաժշտությունը «մեյնսթրիմ» չէ: Ես փորձում եմ ստեղծել այնպիսի երաժշտություն, որն արտահայտում է իմ սեփական զգացմունքներն ու տրամադրությունները, քանի որ գուցե ես ինքս էլ այնքան «մեյնսթրիմ» չեմ:
– Դու միշտ քնքշությամբ ես խոսում ծնողներիդ մասին: Ինչպե՞ս են նրանք ազդել քոՙ որպես երաժիշտի, ձեւավորման վրա:
– Ընտանեկան կարեւոր հավաքույթների ժամանակ, բոլոր զարմիկների, մորաքույրների ու հորեղբայրների հետ, կամ նույնիսկ ընկերների հավաքույթներին, հայրս փակվում էր լոգարանում, ածուխ էր քսում քթի եւ աչքերի տակ, դնում էր հին սեւ գլխարկը եւ դուրս գալիսՙ ընդօրինակելով Չարլի Չապլինին, միշտ ձեռնափայտով եւ կարմիր վարդով, որը նա վերջում ընծայում էր մայրիկիս: Բոլորը շատ էին սիրում դա: Հայրս ի բնե զվարճալի էր եւ հումորի մեծ զգացում ուներ: Նա ինձ ծանոթացրեց դասական երաժշտության բոլոր դրսեւորումներինՙ բարոկկոյից մինչեւ Վերածնունդ եւ այլն: Նա դաշնամուր էր նվագում, շատ լավ նկարում, շատ զարգացած հումանիստ էր, շատ հետաքրքրված էր հայ լեզվաբանությամբ եւ, իհարկե, սիրահարված էր իտալական ամեն ինչին. իր վաղ կյանքի գրեթե 20 տարիները նա ապրել էր Իտալիայում, որտեղ ուսանել եւ ի վերջո դարձել էր անեսթեզիոլոգ եւ ռեանիմատոլոգ:
Եթե հայրս նկարիչ երազող էր, մայրս պրագմատիկ իրապաշտ էր ու շատ իմաստուն կին: Հայրս այնքան արտակենտրոն էր, որ թաղումներին կարող էր մասնակցել իր սեւ կոստյումի հետ թենիսի կարմիր կոշիկներով, մինչդեռ մայրս շատ նրբագեղ տիկին էր, որը երբեք տնից դուրս չէր գալիս առանց կարմիր շրթներկի: Իմ ընտանիքը լավ խարսխված էր Բեյրութի հայկական սփյուռքի համայնքում: Մանուկ հասակում, հիշում եմ, լիբանանցի արաբները մեզ դժվար էին ընկալում, մեր ավանդույթները տարբեր էին, խոսում էինք հայերեն ու այլ դպրոցներ էինք հաճախում: Մայրս կարողացավ պատերազմի ժամանակ ընտանիքը համախումբ պահել (նա աշխատում էր իտալական բանկում եւ երկրորդ երեխայից հետո դուրս եկավ աշխատանքից): Նա շատ չարչարվեցՙ թույլ չտալով մեզ տառապել, նա երեք երեխա մեծացրեց գրեթե մենակ, որովհետեւ հայրս հաճախ մնում էր արեւմտյան Բեյրութի հիվանդանոցում, եւ մենք օրեր շարունակ չէինք կարողանում կապվել նրա հետ… Մինչ այժմ ես չեմ կարող պատկերացնել այն, ինչ ապրել էր մայրս: Հայրս ինձ միշտ ասում էր. «Երաժշտությունը կփրկի աշխարհը»: Եվ երբ մայրիկս ծանր հիվանդացավ, նա ձայնասկավառակ էր դնում եւ մայրիկիս ձեռքը բռնածՙ լսում էին Պերգոլեզի կամ Վագներ…
Հայրսՙ Պողոս Խաչատուրյանը եւ մայրսՙ Անահիտ Թերզյանը, ամենահրաշալի ծնողներն էին: Երբ տասներեք տարեկանում որոշեցի բեմ բարձրանալ, նրանք դեմ չեղան եւ ինձ թույլ տվեցին հետեւել իմ երազանքին Լիբանանում, Փարիզում կամ Աբիջանում կամ աշխարհի որեւէ վայրում: Չնայած հիմա նրանք չկան, ես զգում եմ նրանց ներկայությունն ու աջակցությունը այն ամենի մեջ, ինչ որ անում եմ: Ամեն քայլափոխի լսում եմ նրանց ձայնը… Ու անչափ կարոտում եմ նրանց… Կարոտում եմ մորս բարձր եւ երգեցիկ ձայնը, կարոտում եմ հորս հանգիստ եւ հուսադրող ձայնը…
– Լիբանանահայ համայնքը միշտ ակտիվ է եղել երաժշտական ոլորտում: Ո՞ւմ եք համարում ձեր երաժշտության ուսուցիչները:
– Կոմիտասին ու Սայաթ-Նովային, ինչպես նաեւ շատ այլ հայ երաժիշտների, որոնք մեծապես ոգեշնչող են եղել: Նրանց մշտապես լսում էինք մեր տանը: Եվ, իհարկե, լինելով դասական երաժշտության սիրահար, Արամ Խաչատրյանը միշտ եղել է ուղեցույց: Եվ ես հավատում եմ, որ չկա մի լիբանանահայ, որին չհուզի Բարսեղ Կանաչյանի «Օրորը»: Բայց ամենամեծ ոգեշնչումը եղել է դաշնամուրի իմ ֆանտաստիկ ուսուցիչ Սեւան Կարճյան Բալաբանյանը, որն ինձ սիրել տվեց դաշնամուրը:
– 2015-ին դու ելույթ ես ունեցել Ստամբուլի Կոնգրեսի կենտրոնումՙ մաս կազմելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «In Memoriam» համերգին: Սա ինչ-որ ֆանտաստիկ բան էր թվումՙ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Թուրքիայում, մի թուրքական վայրում: Ի՞նչ հիշողություններ ունես այդ համերգից:
– Տե՜ր Աստված: Դա երբեւէ իմ ունեցած լավագույն փորձառություններից էր: Բայց, իհարկե, մի քիչ սարսափելի էր. կարծում եմ, որ ես միակ կատարողն էի այդ գիշեր, որը բեմում, Ստամբուլի հանդիսատեսի առաջ բացահայտորեն խոսեց Ցեղասպանության մասին: Չափազանց մեծ զգացողություն էր ելույթ ունենալ իմ տատիկ-պապիկների երկրում, որոնք փոքր ժամանակ ստիպված լքեցին երկիրը եւ հազիվ ազատվեցին ցեղասպանությունից: Բեմ բարձրանալն ու երգելն ահավոր էր նաեւ այն պատճառով, որ դա իմ ժողովրդի տառապանքների հսկայական ճանաչումն էր, թեեւ, իհարկե, ոչ պաշտոնական, բայց, այնուամենայնիվ, ճանաչումն էր իմ երաժիշտ գործընկերների եւ հանդիսատեսի կողմից. դա ստիպեց ինձ անսահման հիանալի զգալ: Մենք կատարեցինք «Տէր Ողորմեա» երգի էլեկտրո-ռոք տարբերակըՙ նայելով հայ առաքելական քահանայի աչքերին, եւ այս երգից հետո 3000 հոգու բուռն ծափահարություններին արժանանալը շատ հուզիչ էր: Ցավոք, Օսման Քավալան, որը կազմակերպել էր այդ միջոցառումըՙ նպաստելու համար Թուրքիայի տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ համերաշխությանը, այժմ Թուրքիայի բազմաթիվ քաղբանտարկյալներից մեկն է: Վստահ չեմ, որ այսօր Թուրքիայում այդ տեսակի միջոցառումները կհանդուրժվեն:
– Այդ համերգին դու ասացիր, որ ուրախ ես լինել մի երկրում, որտեղից քո նախնիներն են: Կոնկրետ որտեղի՞ց: Շա՞տ են ընտանեկան պատմությունները:
– Հայրական պապսՙ Ահարոն Խաչատուրյանը, Խարբերդից էր: Նա յոթ տարեկան է եղել, երբ հայ կաթոլիկ քահանան փրկել է նրան Դեր Զորի անապատում, որտեղ մայրը մահացել էր իր աչքերի առջեւ: Պապիս ի վերջո ուղարկել են Ֆրանսիայի Սեւր քաղաքի Մխիթարյան միաբանության գիշերօթիկ դպրոցը, իսկ մի քանի տարի անցՙ Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը: Նա ուսումը շարունակել է Հռոմում եւ դարձել մանկաբույժ: Հռոմում նա հանդիպել է Արուսյակ տատիկիս, որն այդ ժամանակ դաշնամուր է սովորել տեղի կոնսերվատորիայում: Հետո նրանք տեղափոխվել են Հալեպ, քանի որ պապս ցանկանում էր լինել հայության մեջ: Հայտնի էր, որ նա աղքատ մարդկանց անվճար էր բուժում: Նա եղել է նաեւ Հալեպի ՀԲԸՄ ակտիվ անդամ:
Մայրական պապսՙ Բաղդասար Թերզյանը, Ադանայից էր: Ցեղասպանությունից հետո նա իր կրտսեր եղբոր հետ հայտնվել է Երուսաղեմի Ռատիսբոնի որբանոցում եւ երկուսն էլ հետագայում տեղափոխվեցին Բեյրութ, որտեղ հանդիպել է տատիկիսՙ Փերուզին, նույնպես ծագումով Ադանայից: Բաղդասարը հոգ էր տանում փոքր եղբորը, եւ նրանք մինչեւ կյանքի վերջ մնացին միասին եւ մտերիմ: Թերզյան ընտանիքը շատ մտերիմ է միմյանց հետ, նրանք մեզ սովորեցրին սիրել եւ հարգել իրար: Մնացած վերապրած եղբայրները հայտնվել են Արգենտինայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում:
– Ի՞նչ կասես Հայաստանում ունեցած քո համերգի մասին:
– 2012 թվականին Երեւանում մինի ակուստիկ համերգ ունեցա Րաֆֆի Վարդանյանի հետ, որն ամերիկահայ հրաշալի երաժիշտ եւ ընկեր է: Դա հիանալի փորձառություն էր: Առայժմ ինձ բախտ չի վիճակվել Հայաստանում պատշաճ համերգ ունենալ:
– Հիմա դու ապրում ես Պնոմպենումՙ Կամբոջայի մայրաքաղաքում: Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:
– Իմ շվեդ ամուսինըՙ Ստաֆան Սյորմարքը, աշխատում է միջազգային կազմակերպությունում, եւ նրան աշխատանքի նշանակեցին Կամբոջայում: Այժմ, երբ ես կորցրի երկու ծնողներիս Կամբոջա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, նախընտրում եմ չխոսել այս դժվար ժամանակաշրջանի մասին: Բայց ընդհանուր առմամբ, Կամբոջան լավ է եղել ինձ համար: Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել սքանչելի մարդկանց եւ ձեռք բերել զարմանալի ընկերներ, որոնց ես շատ կկարոտեմ, երբ այս տարվա վերջին տեղափոխվեմ Կոլումբիա:
– Կամբոջայում շարունակե՞լ ես երգել: Հայկական երգերը պետք է որ շատ տարաշխարհիկ թվան կամբոջացիներին, ինչպես որ նրանց երգերըՙ մեզ:
– Կովիդի համաճարակը սկսվեց մերՙ Կամբոջա ժամանելուց շատ չանցած եւ տեղաշարժման բոլոր սահմանափակումներով, ցավոք, հեշտ չէր երաժշտական գործունեություն ծավալել: Գերազանց դաշնակահար Մետա Լեգիտայի հետ ձայնագրություն կատարեցի հօգուտ Լիբանանի դրամահավաքի արշավի համար: Դա երաժշտական փոխանակման գեղեցիկ պահ էր: Եվ այստեղ ես սկսեցի աշխատել իմ «Օրորոցային Քամիի համար» ձայնակավառակի վրա:
– Կամբոջան այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հայեր չկան: Այնուամենայնիվ, երբեւէ հանդիպե՞լ եք որեւէ հայի այնտեղ:
– Կամբոջայում ավելի քիչ հայեր կան, քան մի ձեռքի մատները. Բայց այո, ես այստեղ մի գեղեցիկ հայ ընկերուհի եմ ձեռք բերելՙ ռուսաստանաբնակ հայաստանցի Սվետլանա Սահակյանը, նաեւ վերջերս ընկերացա մեկ այլ հայ ընկերուհուՙ Անահիտ Փանոսյանին Ֆրանսիայից: Մենք այստեղ կարող էինք ստեղծել մի Նոր Հայաստան, բայց քանի որ ես շուտով հեռանում եմ, այդ գործն անելը կմնա այս երկու հայուհիների վրա…