Երկհարկանի քաղաք
Ահա՛ մի քաղաք, բնակավայր, որի անունը առօրյա կյանքում, գրականության մեջ ու կինոյում միշտ երանությամբ է հիշվել, հիշվում: Հին ու նոր կարոտով նրան նորից հանդիպելու ճանապարհին ստիպված ես մի կերպ դուրս գալ Սեւանի կապույտ հմայքից ու բռնել ալպյան կանաչ հագած լեռնանցքը կիսող ճանապարհը, որը քեզ կտանի դեպի Սովետի փորած, Քոչարյանի կառուցած թունել: Մինչ այդՙ մի՛ թեքվիր աջ դեպի Սեմյոնովկա, որի գրավչությունը հիմա նվազել է 200 տարի առաջ այստեղ բնակություն հաստատած մոլոկանների հեռացումով, նրանք գնացել են Ռուսաստան, Կրասնոդար, մեզ զրկելով, ինչպես նրանց մասին ժամանակին ասում էր Միկա Բաղդասարյանըՙ «Հայաստանին Աստծու տված առատաձեռն ընծայից»: Համ էլ, այդպիսով, այնտեղ վերեւում կթողնես յո՞թ, թե՞ ութ ոլորան:
Շարունակիր ճանապարհդ ու մտիր 2,6 կիլոմետրանոցՙ շատ վատ լուսավորված եւ ավելի վատ օդափոխվող թունելը, որը հաղթահարելու տհաճությունը կփոխհատուցվի ելքից դուրս պոռթկացող մուգ-կանաչ անտառաշխարհովՙ պայծառ արեւով ողողված: Առջեւում նորից ոլորաններ են, բայց ընդամենը 6 հատ, որոնցից մեկի վրա մի տարիքոտ մարդ ձեռքով քեզ կհասկացնի, որ սիգարետ է խնդրում: Ուշադրություն մի՛ դարձրու, զգույշ, այստեղ 180 աստիճան թեքությամբ ոլորան է, դեռ մի քանի ոլորան էլ կա, որոնցից վերջինին, ռեստորանահյուրանոցային «Հաղարծին» համալիրին չհասած, քարակերտ բազեն հսկում է ճանապարհը: Ավանդական 3 անգամ շչակով ողջույն տալով նրանՙ դանդաղ իջիր աջ ու գնա առաջ, մի՛ նայիր ձախ, որտեղից մի նեղ ճանապարհ քեզ կտանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն, իսկ մի փոքր աջՙ դեպի «Լեռնային Հայաստան» հյուրանոց, որը սովետների ժամանակ հռչակված էր երկրով մեկ: Շարունակիր ընթացքդ դեպի ցած. այստեղ օդը փոխված է արդեն, ավելի մեղմ, հովասուն ու թեթեւ: Դու գտնվում եմ Աղստեւի նեղ հովտում, որտեղ ժամանակին, մոտ 200 տարի առաջ, տեղաբնիկ հայերը անձնազոհ օգնել են Գրիբոյեդովի զորքին: Հիմա վարդաստան է այս հովիտը, եզերված կղմինդրե տանիքներով, փայտե ասեղնագործ պատշգամբներով, մետաղյա զարդարուն քիվեր ու ջրհորդաներ ունեցող առանձնատներով:
Արդեն հասնում ենք, արդեն մտել ենք քաղաք: Դիմացը պարզվող պատկերը մի քիչ հուսախաբեցնող է, նեոգավառական խառնիճաղանջՙ բուտկաներ, խանութներ, արագ սննդի կետեր ու տաքսիներՙ ուղեւոր որսացող վարորդներով: Սրան ոչ հրապարակի անուն կարելի է տալ, ոչ էլ կենտրոնի, այլՙ ճանապարհային հանգույցի, որտեղից դեպի աջ ու վերեւ գնացող ճանապարհը կտանի քեզ արդեն պաշտոնապես հրապարակ համարվող մի վայր, որն այդ պատվին արժանացել է քաղաքապետարանի շենքի, ոստիկանատան, թերեւս նաեւ սուպերմարկետի վերածված նախկին ունիվերմագի առկայության, մեկ էլՙ «Թումո» կենտրոն ունենալու պատճառով: Բազմառելիեֆ այս քաղաքը չունի հնարավորություն բոլորակաձեւ սովորական հրապարակ ունենալու: Թերեւս հենց լավն էլ դա՞ է:
Ճանապարհային հանգույցից հյուսիս ձգվում է միջազգային մայրուղինՙ դեպի Իջեւան, Նոյեմբերյան ու Վրաստան: Դեպի ձախՙ միանգամից երեք ճանապարհ է բացվում, որոնցից երկուսըՙ Աղստեւի ձախափնյակը եւ աջափնյակը, սկսվում են գրեթե միշտ անջուր արհեստական լճով, որտեղ քարակերտ երկու կարապ բետոնի վրա կարմիր տոտիկներով կանգնածՙ չգիտեն ի՞նչ անեն: Հաջորդը Գորկու փողոցն է, որը սկիզբ է առնում հայ, վրացի թե ռուս «սելֆիստների» սիրած «Միմինոյի» տղաների արձանախմբից: Այս ճանապարհը ուղիղ շարունակելու դեպքում 30 րոպեից քեզ կհասցնի Վանաձոր, իսկ դեպի աջ եւ վերեւՙ Շամախյան թաղամաս, արդեն 2-րդ հարկում:
Քաղաքի այսՙ ներքեւի մասերում է ապրում դիլիջանցիների մեծամասնությունը, շուրջ 10-12 հազար հոգի: Բացի նորակառույց մի քանի շենքերից, Սովետի ժամանակներից ի վեր շատ բան չի փոխվել այստեղ: 40-50 տեղանոց մի երկու հյուրանոց, մի քանի ռեստորան, մի 2-3 սուպերմարկետ, գիշերային ժամանցի մեկ «տուփ», որտեղ երբեմն կարելի է լավ ջազ լսել «Դիլիջազի» կատարմամբ, եւ մի քանի դեղատուն: Համենայնդեպս, ինչ էլ որ այստեղ նոր բան տեսնեք, քիչ բացառությամբ դրանք տեղաբնակների նախաձեռնությունը չեն: Դիլիջանցին նախաձեռնող չէ: Գիշերային եռուզեռ չկա այս քաղաքում, թատերական ու համերգային երեկոները հազվադեպ են, նմանապեսՙ գիշերային զվարճանքները: Մարդկանց մեծ մասը երեկոյան հանգիստ ասելով հասկանում է հեռատեսիլի դիմաց նստելը: Շուտ են քնում ու շուտ զարթնում, որոշ թաղամասերումՙ աքլորականչի հետ:
Իմ մոտավոր հաշվարկովՙ Հայաստանում, չհաշված Երեւանը եւ Աղետի գոտին, ոչ մի ուրիշ բնակավայրի համար չի եղել այդքան ներդրում, որքան Դիլիջանում. շուրջ 1 մլրդ դոլար եւ ավելի: Բայց ո՞ւր են գնացել այդ ներդրումները: Չհաշված Սեմ Սիմոնյանի «Թումո» կենտրոնը, որը գտնվում է, ինչպես ասացի, քաղաքի կենտրոնում, մյուս ներդրումները բարձրացել են վեր, քաղաքիՙ այսպես կոչված 2-րդ հարկ, շրջակա բլուրների վրա:
Առաջին ներդրողը եղել է Կենտրոնական բանկը, որը Շամախյան թաղամասի բարձունքներին կառուցել է, իտալական նախագծով, երկու ավանՙ հրաշալի առանձնատներով, խաղավայրերով ու ծառաստաններով, ինչպես նաեւ գերարդիական կոնֆերանսի կենտրոն, որի նմանը Երեւանում էլ չկա: Երկրորդ ներդրողը, հանդիպակաց բլրի վրա, եղել է Ռուբեն Վարդանյանն իր միջազգային համալսարանով, ուսանողական կեցավայրով, սպորտային համալիրով: Շամախյանում է նաեւ, դարձյալ բարձունքում, «Այբ» կրթահամալիրը, որը պատշաճ կրթություն է տալիս թաղամասի երեխաներին, փոխելով տարրական ու միջնակարգ կրթության ողջ մթնոլորտը քաղաքում:
Դժբախտաբար չի ստեղծվել քաղաքային համաձուլվածք. 2-րդ հարկի մարդիկ ապրում են ներքեւիններից անջատ, իրենց ուրույն նիստուկացով: Վերեւիններն ապրում են հովեկների պես, նույնիսկ խուսափելով իրենց մեծ գնումները տեղի սուպերմարկետներից կատարել: Այսպես կոչվածՙ «էլիտորիատ» է ստեղծվելՙ տարանջատ ապրուստով եւ ապրելակերպով: Ներքեւում բնիկ դիլիջանցինՙ իր առօրյա հոգսերով, իսկ վերեւում…
Ես դեմ եմ ոմանց կարծիքին, թե Դիլիջանում ներդրումներն ուղղված պետք է լինեին արդյունաբերությանը, հատկապեսՙ տեքստիլ, ինչպես եղել է սովետական ժամանակ, ինչպիսին եղել է «Իմպուլս» տրանզիստորներ գործարանը: Դիլիջանում բացի հանքային հրաշալի ջրից, որից կարող են օգտվել թոքերի եւ ոսկորների տուբերկուլոզով եւ ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապողները, որը սակայն չի արդյունահանվում հարկ եղած ձեւով, ուրիշ մեծ արդյունաբերություն պետք չէ: Այս քաղաքի գրավչությունը իր բնությունն է, անտառները, դիրքըՙ որպես դեպի ճարտարապետական-պատմական հուշարձաններ տանող ճանապարհների հանգույց, դեպի բնության հրաշալիքներ, որտեղ անտառը քո առաջ կբացի իր բոլոր գաղտնիքները: Այս քաղաքը զբոսաշրջության, հանգստի, զվարճությունների գլխավոր կենտրոնը պետք է լինի Հայաստանի, եւ ոչ միայն ամառային եղանակին: Առատ ձյունը, միաժամանակ արեւոտ օրերի առատությունը, ոսկեկարմիր աշունը, հուռթի գարունը, տարվա բոլոր եղանակներին այդ քաղաքն ու շրջապատը դարձնում են անկրկնելի վայելքի, հանգստի, բուժման, առողջության ամրապնդման իդեալական վայր:
Հյուրընկալման իմաստով կարեւոր է նաեւ տեղացիների խաղաղ, հանգիստ բնավորությունը, բարյացակամությունը: Տավուշցիներն ընդհանրապես, ի տարբերություն Արարատյան դաշտի մեր ժողովրդի, ունեն մեղմ դիմագծեր, քիչ կլորավուն, բաց դեմք, ավելի շեկին խփող մազեր, երբեմն կապույտ, հաճախ խաժ աչքեր: Խաղաղ կյանքին սովորՙ անշտապ մարդիկ են, եւ բոլոր քոլեցիների պեսՙ անվրդով, ներքին ապահովության դրոշմով: Նրանց պակասում է նախաձեռնողական ոգին: Ահա՛ թե ինչու Դիլիջանում ու նրա շուրջը ներդրողները ընդհանրապես «դրսեցիներ» են. նույնիսկ սիրիահայերն են հասել այնտեղՙ դեպի Իջեւան ճանապարհին «Հալեպ» ու «Քեսապ» ռեստորանները հիմնել «Գետափ» համալիրին մոտիկ:
Քաղաքում կան, բացի ամռանը հովեկներին վարձով տրվող բնակարաններից, 2 կամ 3 հյուրանոցՙ առավելագույնը 50 տեղանոց: Կան 2-3 կարգին ռեստորաններ, այդ թվումՙ «Դոլմաման», եւ արագ սննդի բավականաչափ կետեր: Դրանք բոլորը, կամ գրեթե բոլորըՙ ոչ տեղացիների ներդրմամբ: Դիլիջանցին սովորաբար ընդունում է այն, ինչը մատուցվում է իրեն: Չի համաձուլվում եւ չի էլ հակադրվում: Դանդաղախոս է, Տավուշ-Լոռի խառը խոսվածքով, ինքնաբավ հայացքով: Մեծ գործերի ձգտում չունեն դիլիջանցիք, բավարարված իրենց ունեցածով, չեն սիրում բողոքել, համակերպվող են: Ահա թե ինչու երկար տարիներ ընտրեցին ու վերընտրեցին իրենց նախկին քաղաքապետին, հակառակ վերջինի վատ, շատ վատ աշխատանքին: Իսկ «հեղափոխությունից» հետո չառարկեցին իրենց պարտադրված մի նիկոլականի, ավելի շուտՙ Նիկոլի եղբոր ընկերոջը, որը անձնական թերթիկում «սեռ» բառի դիմաց գրել էրՙ «արու»: Լավ է, որ «որձ» չի գրել, ասում են դիլիջանցիք ու խնդում, մինչ ուրիշներ որպես «մխիթարություն» ավելացնում ենՙ լավ է, որ մեր քաղաքապետը կին չի, թե չէ կգրերՙ էգ… Քաղաքապետին հենց էդպես էլ կոչում ենՙ «Արու»… Բայց երբ հարց ես տալիս, թե ինչու ընտրեցիք ու վերընտրեցիք ինչպես նախկինին, այնպես էլ ներկա քաղաքապետին, դիլիջանցիք անվրդով թափ են տալիս ուսները, այսինքնՙ ինչ կլինի որ, տղա է, էլի, բալքամ մի բան կանի:
Մինչդեռ Դիլիջանը, որը Սովետի ժամանակ առողջարանային կենտրոն էր համարվում իր մեղմ, հովասուն եւ զովասուն կլիմայի, նատրիումային հենքով սառը ջրի, տուբերկուլյոզով եւ աղեստամոքսային հիվանդություններով տառապողների բուժման համար, շատ հարմար է ներքին եւ արտաքին տուրիզմի մայրաքաղաք դառնալու համար: Բացի իր ունեցած բնական գրավչություններից, մանավանդ հրաշալի բնությունից, այն պետք է հաբ դառնա հյուսիս-արեւելյան Հայաստանի եւ, նույնիսկ, բովանդակ Անդրկովկասի համար: Հրաշալի կլիմա, բուժիչ ջուր, բարեսիրտ բնակչություն, ու մանավանդ անփոխարինելի դիրք տուրիստական երթուղիների համար: Այստեղից դեպի Մակարավանք ընդամենը 61 կմ է, դեպի Գոշավանք եւ Աղավնավանքՙ ընդամենը 30-35 կմ, իսկ Պարզ լիճն ու Հաղարծինը գրեթե կպած են քաղաքին: Դիլիջանը առողջարանային քաղաքից վստահորեն կարող է վերածվել զբոսաշրջության, սպորտի, հանգստի, զվարճությունների կենտրոնի: Եթե նոր ներդրումներ կատարվեն, եթե, մանավանդ, գրագետ, ձեռներեց, տեսլական ունեցող ղեկավարությամբ օժտվի:
Կհայտնվի՞ նման մի մարդ. առայժմ անհավանական է: Մանավանդ ՏԻՄ վերջին ընտրություններից հետո, երբ «Արուն» վերընտրվեց, պարզապես դիլիջանցիների անհոգության եւ Փաշինյան ընտանիքի մտերիմը լինելու իր «առավելության» պատճառով: Ուրիշ որակի մարդիկ են պետք երկհարկանի այս քաղաքը համաձուլելու, զարգացնելու, առավել երանելի դարձնելու համար: