Թեքեյան մշակութային միության «Ուսուցիչների հովանավոր» ծրագիրը, որը վերջին 20 տարիների ընթացքում օգնում է Հայաստանի չորս եւ Արցախի մեկ դպրոցի ուսուցիչներին, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնած արյունալի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց վերականգնեց իր օգնությունը Ղարաբաղի ուսուցիչների համար:Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ աներեւակայելի էր: Արցախի Բերձորի Թեքեյան դպրոցը, որը գտնվում է Քաշաթաղի կամ Լաչինի շրջանի նեղ միջանցքում, ներկայումս ավերակ վիճակում է: Պատերազմի ընթացքում այն օգտագործվել է որպես հայ զինվորների զորանոց: Պատերազմի ավարտից հետո հայ բնակչությունը տարհանվեց, իսկ այդ տարածքը վերահսկում են ռուսական խաղաղապահ ուժերը: Բերձորում թույլատրվեց մնալ ընդամենը շուրջ 100 հայի, որպեսզի կարողանան ապահովել ռուսական զորքի կենցաղային կարիքները: Դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն այժմ կա՛մ Երեւանում են, կա՛մ տարբեր գյուղերումՙ հարազատների մոտ: ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը օգնում է նրանց գտնել այլընտրանքային եկամտով աշխատանքներՙ Մոնրեալից Արտո Մանուկյանի գլխավորությամբ, որը միաժամանակ նախաձեռնել եւ իրականացրել է Բերձորի փախստականների «Կայուն աջակցություն» ծրագիրը Հայաստանումՙ ներդրումներ կատարելով գյուղատնտեսության եւ մեղվաբուծության ոլորտներում Սյունիքի զարգացման ՀԿ-ի միջոցով:Ուսուցիչների հովանավորության ծրագիրը, որը ղեկավարում է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից ԹՄՄ Կենտր. վարչության գանձապահ Մարո Պետրոսյանը , ավելացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքումՙ օգնելու ոչ միայն ՀՀ-ում Վահան Թեքեյանի անվան բոլոր չորս դպրոցներին, այլ նաեւ Արցախի 5 նոր դպրոցներիՙ թվով 90 ուսուցիչներին, մասնավորապեսՙ Եղցահողի Մ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի, Գ.Աղավնոյի Գ.Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Մեծ Շենի Սասուն Դավթյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի շրջանի Լիսագորի անվան միջնակարգ դպրոցի եւ Շուշիի շրջանի Հին Շենի Ա.Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի:Հոկտեմբերի 2-18-ը դրամական միջոցները բաշխվել, փոխանցվել են ուսուցիչների հաշվեհամարներին Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի եւ վարչության անդամ Միհրան Մինասյանի հանձնարարությամբ, Հայաստանում ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից, որը մեկնել է Արցախի վերը նշված հինգ գյուղեր եւ անձամբ 90 ուսուցիչների եւ աշխատողների է փոխանցել միջոցներՙ այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին նրանց կարիքները հոգալու համար:Եղցահողի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը նշել է. «ԱՄՆ-ի մեր եղբայրների ու քույրերի այսչափ բարեգործությունը ոգեւորում է մեզ, որպեսզի չթողնենք մեր բնակավայրերը»:Մեծ Շեն գյուղի դպրոցի ուսուցչուհի Ադրինե Դավիդյանն էլ ասել է. «Շնորհակալ ենք Թեքեյան մշակութային միության անդամներին եւ աջակիցներին, որոնք մեզ աջակցել են նյութապես եւ, որ ամենակարեւորն է, բարոյապես: Մարդասիրական գործողությունները օրինակ են ծառայում մարդկանց եւ ցույց տալիս դեպի բարություն տանող ճանապարհը: Դա նաեւ ոգեշնչող գործոն է, որը ուսուցչին տալիս է աշխատելու, ստեղծագործելու ցանկություն»:ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության խորհրդի անդամ Միհրան Մինասյանը Գյումրու Վահան Թեքեյանի անվան դպրոց այցի, դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում շեշտադրեց, որ գումարի չափը չէ կարեւորը. «Ես հասկանում եմ, որ այսօրվա տնտեսական պայմաններում նվիրաբերված գումարն այնքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ, այս ամենը կարելի էր անել անուղղակի ձեւովՙ պարզապես գումարային կտրոններ ուղարկելով, սակայն կարեւորը շփումն է, անմիջականությունը գումարները ներկայացնելիս: Մենք հավատում ենք Հայաստանի ապագային»:Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Նարինե Հայրապետյանն ասաց, որ իրենք իրենց ավելի ապահով են զգում, քանի որ Թեքեյանը կա: Նա ասաց. «Մենք ամեն տարի սպասում ենք ձեզ, եւ, փառք Աստծո, բոլորս գիտենք, որ սա ոչ միայն դրամի համար է, այլ ձեզ հետ հանդիպելու եւ ձեզ մեր կողքին ունենալու համար: Չափազանց հաճելի է, երբ մարդու աշխատանքը գնահատվում է»: |