Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ո՛չ սցենարն է փոխվում, ո՛չՙ բառապաշարը: Իշխանականներն ու ընդդիմադիրները միմյանց կծմծելուց հետո հանդարտվում ու հանգիստ նստում են իրենց տեղերում: Տպավորություն է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիրներն առավել ընդդիմադիր, իշխանականներնՙ առավել փաշինյանական երեւալու խնդիր ունեն: Խորհրդարանական ընդդիմությունը, որ խոստանում էր իշխանությանն օր ու արեւ չտալ, քննադատում էր նախկին ընդդիմությանըՙ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, որ վարչապետին «պարոն Փաշինյանով» են դիմում ու նրա հետ նույն օդը շնչում, այժմ ոչ միայն նույն դահլիճում են գտնվում, այլեւ համաձայնում նրա հետ խաշ ուտել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Արմեն Ռուստամյանը կուտակված բոլոր հարցերը տետատետ քննարկելու համար առաջարկում է փակ հանդիպում կազմակերպել ու, երեւի թե, «ջան ասել ու ջան լսել»: «Խաշ ա հասունանում»,- Փաշինյանիՙ հանգիստ նստել, խոսելու առաջարկը տնավարի զրույցով է համեմում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանականները, որ օերնսդիրում կարեւորագույն նախագծեր պետք է քննարկեն, երկրի համար ճակատագրական հարցեր որոշեն, իրավական ու քաղաքական տարբեր հարցրի շուրջ թունդ, հաճախ առճակատող վեճեր ու դեբատներ ունենան, պարզվում էՙ ուտել-խմելով հարցերը տեղը գցելու կողմնակիցն են: Մինչեւ պատգամավորները որոշում են փոխադարձ կսմթոցները խաշով համեմել, հակառակորդ երկրները «Զանգեզուրի միջանցքի» շինարարության մեկնարկն են ազդարարում: Ենթադրել կարելի է, որ թե՛ Ալիեւը, թե՛ Էրդողանն ավանդական ու համեղ խոհանոցի սիրահարներ են, ուղղակի ի տարբերություն մեզՙ նրանք իրենց դարավոր երազանքը գործուն քայլերով են կյանքի կոչում: Դրան զուգահեռ իրականությունում երկրիս ազգընտիրները, ցավից ու դավից անտեղյակ, միտք են անում ՙ երբ ու ինչպես խաշի սեղանի շուրջ մերձեցման ցերեկույթ կազմակերպել:
Հ.Գ. Լավաշը մանր-մանր, սխտորը բարակ-բարակ կկտրտեք: