Քովիդի հայաստանյան ցուցանիշները սարսափեցնող են. ամեն օր մեկ-երկու հազարն անցնող նոր վարակակիրներ, մի քանի տասնյակ մահացության դեպքեր: Դրան զուգահեռՙ Առողջապահության նախարարությունից ամեն օր լսում էինք պատվաստվելու, դիմակ կրելու պարտադրանք ու հորդոր, բայց դրան զուգահեռՙ հանրային միջոցառումների, հավաքույթների, փառատոների պակաս չկա:
Նախարար Ավանեսյանն անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ ՊՇՌ թեսթերը պահանջվեն ոչ թե երկու շաբաթը մեկ, այլ ամեն շաբաթ: Իսկ պոլիկլինիկաներում պատվաստման կաբինետների առջեւ կուտակումները 1990-ականների հերթերն են հիշեցնում:
Հանրային տրանսպորտը, խանութներն ու առեւտրի մյուս օբյեկտներն աշխատում են գերծանրաբեռնված, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, մի խոսքովՙ հանրությունն ապրում է քովիդի հետ հաշտ, մահերինՙ համակերպված, իշխանությունների հակաքովիդային կեղծ պայքարի քաղաքականությունը լիովին մարսած:
Ակնհայտ էր, որ ուսումնական տարվա մեկնարկի ու ընթացքի հետ, ինչպես եւ սպասելի էր, քովիդի թվերը կայծակնային աճեցին: Ակնհայտ էր նաեւ, որ հնարավոր էր անցնել հեռավար ուսուցման համակարգին, բայց կառավարությունը միտումնավոր չարեց այդպես, որովհետեւ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ հեռավարն ու սահմանափակումներն անհամեմատ կրճատում են քովիդի թվերը: Իսկ դա հայրենի իշխանությունների պլանների մեջ չէր մտնում: Այդ դեպքում պատվաստումների, թեսթավորումների պարտադրանքը չէին կարող դամոկլյան սրի նման ճոճել ժողովրդի գլխին:
Միանշանակ չենք կարող ասել, թե պատվաստվողները պատվաստման ծրագրին լիարժեք վստահելո՞վ են այդ քայլին դիմում: Պատվաստումների համար հերթեր գոյացան այն ժամանակ միայն, երբ նախարարությունը դրամական տույժերի սպառնալիքի տակ սկսեց թեսթերի ու պատվաստման սերտիֆիկատներ պահանջել: Դա արդեն խփում է ուղիղ քաղաքացու գրպանին: Եվ դա է հիմնական պատճառը, որ մարդիկ գլխացավանքից ազատվելու համար դիմում են անվստահելի պատվաստումներինՙ քաջատեղյակ, որ եթե անգամ նախարարությունը պատվաստված-վարակվածների մասին տվյալներ չհրապարակի, միեւնույն էՙ իրենց շրջապատում այդպիսի դեպքերը լիուլի են: Շատերն իրենց անձնական հետազոտության եւ ուսումանսիրության վրա են հիմնվում: Պատվաստումը, այո՛, չի ձերբազատում վարակվելուց, պատվաստումը երբեմն ավելի ծանր ընթացք է ունենում, քան քովիդը, բայց պատվաստումը մեկընդմիշտ ազատում է թեսթավորվելուց եւ դրա համար գումար վճարելուց:
Կառավարությունը հենց սրա վրա էր դրել գլխավոր խաղաքարտը եւ մինչեւ վերջերս որեւէ սահմանափակում չէր կիրառել, հեռավար ուսուցման չէր անցել. արդյունքում ունեցանք վարակվածության ու մահերի ամենօրյա ահագնացող թվեր, քովիդի դեմ անլուրջ պայքար եւ ֆինանսական տույժի սպառնալիքով պատվաստումների հերթեր:
Երբ պատկերը դարձավ գոհացնող եւ իշխանություններիՙ հակաքովիդային պայքարի հետ ուղիղ համեմատական, Առողջապահության նախարարը հրահանգեց, որ աշնանային արձակուրդները կերկարաձգվեն եւս մեկ շաբաթովՙ մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ, իսկ բուհերը կանցնեն հեռավար ուսուցման:
Դրանից մոտ երկու ժամ առաջ ՀՀ նախագահի նստավայրում «Մտքերի հայկական գագաթաժողովի» շրջանակում հատուկ ընդունելություն էր կազմակերպվել. ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվումՙ իշխանութունների ներկայացուցիչներ, այդ թվումՙ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը : Բոլորնՙ առանց դիմակի, բացառությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի : Բոլորըՙ մեկ տեղում, կողք-կողքի:
Երբ իշխանությունների խոսքն ու գործն իրար չեն բռնում, պատվաստումների ու թեսթավորման ծրագիրն ուղղակի բղավում, ճչում է, որ ամեն ինչ բլեֆ է, մեծ մաֆիայի սարքած բլեֆը:
Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ նախարարը, թերեւս լսելով իրեն ու բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված բողոքըՙ ինչո՞ւ նախագահականում բազմամարդ ընդունելության ժամանակ ոչ ոք դիմակ չի կրել, հոկտեմբերի 26-ի երեկոյան հրաման է արձակել, թե բոլորը պետք է դիմակ կրեն, բացառությամբՙ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, ԱԺ նախագահի, Սահմանադրական դատարաի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողների եւ միջոցառման անմիջական մասնակիցների, բացառությամբՙ լրագրողների եւ սպասարկող անձնակազմի:
Ծաղրելն ու նվաստացնելն էլ ինչպե՞ս է լինում, այսինքնՙ բարձրաստճան պաշտոնյաների արյունը մյուս մահկանացուներից ավելի կարմիր է, իրենք արտոնյալ են, դիմակ չպիտի կրեն, մյուսները պիտի կրեն, դե իսկ քովիդն անվրեպ տարբերակում էՙ ով է պաշտոնյա, իսկ ովՙ հասարակ ժողովուրդ. քովիդը իշխանություններին շրջանցում է: