Ինչո՞վ էր դա պայմանավորված, սանձարձակությա՞մբ, թե՞ շանտաժով
Վերջերս Թուրքիայում չեն դադարում սկանդալները: Դրանց պատճառը, թերեւս, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սանձարձակություններն են: Նա հոկտեմբերի 17-ին շրջագայությամբ ուղեւորվել էր Աֆրիկա, այցելելու Անգոլա, Տոգո եւ Նիգերիա: Հաջորդ օրը Թուրքիայում հավատամագրված ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Մինչ դրա բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ Էրդողանն Անգոլայի նախագահի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ինքնազգացողության վատթարացման պատճառով հանկարծ քնել է, ավելինՙ իր առջեւ դրված տեքստը կարդալիս դժվարացել, ապա, ինչպես հոկտեմբերի 21-ին գրել է «Kozmik Oda» կայքէջը, արել է անհավասարակշիռ այնպիսի շարժումներ, որ պիտի չաներ:
Գալով վերոհիշյալ 10 երկրների դեսպաններին, ապա նրանք հոկտեմբերի 18-ին, երբ դեռ Էրդողանը շրջագայության մեջ էր, հանդես են գալիս հայտարարությամբ եւ թուրք առաջադեմ գործարար Օսման Քավալային ազատ արձակելու կոչ են անում թուրքական կառավարությանը: Նրանք պահանջում են նաեւ ազատ արձակել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշին, որը կալանվել է 3 տարի առաջ:
Թեեւ հայտարարության հրապարակումից հետո նշված դեսպանները հրավիրվել էին Թուրքիայի արտգործնախարարություն բացատրություն տալու, սակայն դա Էրդողանին, ըստ ամենայնի, չէր բավարարել, որը ավելի քան բուռն հակազդեցությամբ արձագանքեց համատեղ հայտարարությանը:
Էրդողանն ասաց. «Քավալա, հա Քավալա, ուրիշ բան չգիտեն: Այս «Սորոսի» ավելցուկ Քավալա կոչվածի միջոցով փորձ են անում դատաստանի առջեւ կանգնեցնել Թուրքիային: Ջանք չեն խնայում, որ ազատ արձակվի այդ արարածը, ինչպես նաեւ ահաբեկիչ Դեմիրթաշը: Ես մեր արտգործնախարարին ասացի, որ մենք սրանց մեր երկրում հյուրընկալելու խնդիր չունենք: Ի՞նչ եք ձեզանից ներկայացնում: Դուք ձեր երկրում ազատ արձակո՞ւմ եք ավազակներին, մարդասպաններին, ահաբեկիչներին: Մեր արտգործնախարարին կարգադրել եմ եւ ասել, որ անհապաղ լուծի այս 10 հատ դեսպանին «անցանկալի անձ» հռչակելու հարցը»:
Էրդողանի խոսքերի առնչությամբ պատասխանելով գերմանական «Deutsche Welle»-ի հարցերին, դեսպանները տարակուսանք են հայտնել, ասելով. «Իրավիճակն ահավոր է: Լրջորեն պետք է մտածել այս խոսքերը իմաստավորելու համար: Որ երկրում էլ գտնվեն, դիվանագետներն ընդամենը կատարում են իրենց գործը: Մենք Թուրքիայի ներքին գործերին չենք խառնվում, պարզապես հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնց գերակայությունը երկրի Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ եւ կիրառման անհրաժեշտությունն ընդունված է թուրքական Սահմանադրությամբ»:
Դեսպանների «մենք Թուրքիայի ներքին գործերին չենք խառնվում» արտահայտությունը Թուրքիայում իշխանամետ մամուլի կողմից գնահատվեց իբրեւ հետքայլ, թե նրանք ընկրկել են Էրդողանի առջեւ, այսպիսով դիվանագիտական ճգնաժամն ավարտվել է Թուրքիայի նախագահի հաղթանակով: Մինչդեռ ԱՄՆ-ի դեսպանն ասել էր, որ ինքը չի հրաժարվում համատեղ հայտարարությունից եւ դա շարունակում է մնալ դեսպանատան կայքէջում: Վերջինին միացան մյուս դեսպանները:
Սակայն, անկախ դրանից, միջազգային մամուլն այդ ընկրկումը վերագրեց հենց Էրդողանին, պատճառաբանելով, թե վերջինը դեսպաններին երկրից արտաքսելու հարցում խուսափում է խոսքից գործի անցնել: Ի վերջո, Գերմանիան Թուրքիայից առավել ներմուծում կատարող երկիրն է, Հոլանդիանՙ առավել ներդրում կատարած, իսկ ԱՄՆ-ը նպաստում է թուրքական ռազմարդյունաբերության զարգացմանը:
Այնուամենայնիվ Էրդողանիՙ դեսպաններին երկրից արտաքսելու հայտարարությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում, մասնավորապես արտգործնախարարությունում: Իրականում խնդիրը սոսկ առեւտուրը կամ ռազմարդյունաբերությունը չէր, այլ Եվրոպայի խորհուրդի նոյեմբերի 30-ին նշանակված համաժողովը, որտեղ քննարկման է դրվելու Թուրքիայի «ստանձնած պարտավորություններից հրաժարվելու» հարցը, ինչի մասին պաշտոնապես իրազեկվել է Անկարան, միաժամանակ նախազգուշացվել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եթե որոշի, թե Թուրքիան խուսափում է դատարանի որոշումները կիրառելուց, այդ թվում Քավալայի մասին, խախտելով Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիան, ապա Նախարարների խորհուրդը իրավունք է ստանալու սառեցնել Թուրքիայի ադամակցությունը Եվրոպայի խորհուրդին, դիմելով նաեւ այլ պատժամիջոցների:
Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թ. դեկտեմբերի 10-ի որոշումով Քավալային ճանաչել էր անմեղ, նրա կալանքըՙ ապօրինի եւ նրան «անհապաղ ազատ արձակելու» որոշման անտեսումը Թուրքիայի կողմից բնութագրել էր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում:
Հարկ է նշել, որ թուրքական դատարանները բազմիցս անմեղ են ճանաչել Քավալային, սակայն երբ դատարանը նրան ազատ արձակելու որոշում էր ընդունում, նրա դեմ դեռ վճիռ չարձակված, իսկույն հարուցվում էր մեկ այլ գործ եւ նա մեղադրվում «Գեզիի համաժողովրդական շարժումը» ֆինանսավորելու, երկրում սահմանադրական կարգերը տապալելու, կառավարությանը կազմալուծելու եւ լրտեսության մեջ: Թեեւ նա 4 տարուց ի վեր կալանված է, սակայն նրա դեմ չկա դատարանի հարուցած որեւէ մեղադրանք: Նույնը վերաբերում է նաեւ Դեմիրթաշին:
Համենայնդեպս 4 տարվա կալանքը Քավալայի համար առաջինը չէ: Նա կալանվել էր նաեւ 2013-ին «Գեզիի» դեպքերի առնչությամբ եւ մի քանի տարի բանտարկվել: Դեսպանների համատեղ հայտարարությունից հետո Էրդողանը, որպես Քավալային մեղադրելու միջոց, շեշտը դրեց «Սորոս» հիմնադրամի վրա: Սակայն ապարդյուն, որովհետեւ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի ազգային մեծ ժողովի երբեմնի նախագահ Բյուլենթ Արընչն ասաց, որ 2003-ին Սորոսն աջակցել է իրենց, նպաստելով երկրում կուսակցության իշխանության գալուն, եւ Էրդողանը լուսանկարներ ունի այդ անձնավորության հետ:
Թվում է, թե այս ճգնաժամը եթե անգամ չի հաղթահարվել, գոնե չսրվեց: Մնում է սպասել Էրդողանի նոր սանձարձակություններին: