Միանգամից բացենք վերնագիրը. այս բառը, որ վերջերս հաճախ են օգտագործում հատկապես արեւմտամետի համբավ ունեցող հայ գործիչները, հայերենի եւ հայկական մտածողության համար բացարձակապես խորթ, կեղծ (օտար) բառ է(*), հետեւաբար անտեղի եւ անիմաստ, իսկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից որպես հիմնավորում օգտագործումը մեկ օր առաջ, երբ մերժվեց պետության համար այս պահին շատ կարեւոր հայտարարության ընդունումըՙ հենց այդ կեղծ բառով հիմնավորելով, ցույց է տալիս այս պահին երկրի օրակարգային իրականության հեղհեղուկությունն ու վտանգավորությունը հայերիս համար, որից հենց իշխող մեծամասնությունը պետք է հետեւություններ աներ իրականում:
Մանրամասնենքՙ ընդհատակյա սողացող հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների ֆոնին, որոնց ո՛չ ճշգրիտ բովանդակությունն է հայտնի, ո՛չ էլ դրա արդյունքում սպասվելիք փաստաթղթերի շրջագիծը, խորհրդարանական ընդդիմությունը քննարկման դրեց մի շատ կարեւոր հայտարարության նախագիծ այն մասին, որով Հայաստանի սահմանների փոփոխությունն առանց Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերի անընդունելի է համարվում եւ դատապարտվում Արցախի բռնազավթումը, իսկ ահա իշխող մեծամասնությունը, Կոնջորյանի հակափաստարկով, հայտարարության մեջ ներքաղաքական բովանդակության ձեւակերպումներ եւ ընդդիմության քաղաքական «նարատիվի» մաս հանդիսացող մոտեցումներ տեսնելովՙ չքվեարկելով մերժեց այն:
Այ քեզ բան, ախր այս հայտարարությունը, որպես բանակցությունների մասնակից կառավարության ներկայացուցիչների գործողությունների զսպաշապիկ, հենց խորհրդարանական մեծամասնությունը պետք է նախաձեռներՙ երկրի համար վտանգավոր պարտադրանքների այս ժամանակահատվածում ի վերջո իրոք ստանձնելով զսպողի եւ հավասարակշռողի իր գործառույթը եւ հասկացնելով պարտադրողներին, որ գործադիրի ղեկավարը կամ կառավարությունը չեն կարող Հայաստանի իշխանական մյուս թեւերին անտեսել, միայնակ դրսի պարտադրանքներ կատարել, ու այդպես գոնե զսպել նաեւ պարտադրողներին: Ավելին, կառավարությունն ու վարչապետը պետք է այդպիսի հայտարարության առկայությունն իրենց օգնող համարեին:
Բայց ինչ եմ ասումՙ սա նորմալ խորհրդարանական երկրի դեպքում է, իսկ մերը ո՛չ նորմալ երկիր է, ո՛չ նորմալ խորհրդարանՙ մշտական դարձած հոլիվուդյան տեսարաններով, իրար արժանի իշխող եւ ընդդիմադիր պատգամավորներով, որտեղ մի քանիՙ անցած ճանապարհ եւ փորձառություն ունեցող պատգամավորների ողջամտությունը բոլորովին չի դառնում որակ եւ ձեռագիր, իսկ ԱԺ փոխխոսնակն էլ հրահրում է անվտանգության աշխատկիցների մասնակցությամբ կինոտեսարաններ:
Ալիեւն ու Էրդողանը երազում եւ հարթմնի միավորում են Թուրքիան եւ Ադրբեջանըՙ իրենց երազած Զանգեզուրի միջանցքը բաղձալով, Պուտինը Վալդայ ակումբում խոսում է խորհրդային քարտեզներով հայ-ադրբեջանական անխուսափելի սահմանազատման ու սահմանագծման մասին, արտահոսք է կազմակերպվում (իշխանությանը հարող լրատվամիջոցներումՙ նկատի ունեցեք), թե նոյեմբերի 9-ին Փաշինյանն ու Ալիեւը հանդիպելու եւ երկու թուղթ են ստորագրելու, ու գնում է քննարկումը, որ չարաբաստիկ հայտարարության մեկամյա տարելիցի օրը իբր ստորագրվելիք երկու համաձայնագրերը մեր դեպքում վերջնական կապիտուլյացիոն թղթեր են լինելու: Ու այս ֆոնին խորհրդարանը դեռ չի համարձակվում այս բոլորին դիմակայող հայտարարություն ընդունել, այլ այդ հայտարարության գլխավոր խաղափորձն է կազմակերպում միայն: Ի՞նչ են այս բոլորը, արդյոք մեր դիմադրական իմունիտետը ստուգելու փորձե՞ր, ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից, հասկանալու համար դեմ տա՞ն մեզ վերջնական կապիտուլյացիոն փաստաթղթեր հենց 44-օրյա պատերազմի տարելիցին կամ դրան մոտիկ, թե՞ դեռ մեր վերքը շատ է ցավում, ու դեռ ոտքի կանգնելու կարողություն ունենք…
Իսկ մենք մի հայտարարություն անգամ չենք կարողանում ընդունել խորհրդարանում, քանի որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ամբիցիաների ավելցուկ ունեն եւ հանուն պետության, հանուն մեր զավթված սահմանային կետերի, հանուն ռազմագերիների, որոնց մեջ, ի դեպ, կանայք կանՙ հիշեցնեմ տաքուկ նստած մեր ղեկավարներին, չեն կարողանում հայտարարության տեքստի ինչ- որ դրույթներ զիջել իրար, կամ միասին նստել-աշխատել հանուն այս բոլորի:
Անկախ նրանից, թե ո՛ր ուժն էր խորհրդարան բերել այդ հայտարարությունը (ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունն էր), այն շատ անհրաժեշտ կլիներ պետությանն այս պահին: Ճիշտ է, վարչապետն էլ, ԱԳ նախարարն էլ այս պահին ժխտեցին, թե նոյեմբերի 9-ին ինչ-որ հանդիպման, թե համաձայնագրերի ստորագրման պայմանավորվածության առկայությունը, բայց եւ չժխտեցին, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում կարող են ձեւավորել այն փաստաթղթերը, որոնք կդրվեն սեղանին, վարչապետն էլ հաստատեց, որ խորհրդային քարտեզներով սահմանագծումն ու սահմանազատումը տարածաշրջանի երկարատեւ խաղաղության երաշխիքն են, նրա ականջին հավանաբար չի հասնում, թե ինչ է ասում Էրդողանը Վարանդայում, երբ միջանցքով Հայաստանի վրայով ուզում է միավորել Թուրքիան եւ Ադրբեջանը: Փաշինյանն անվերջ մեջ է բերում 2010 թվականին Հայաստանի խորհրդարանիՙ վարչատարածքային բաժանման օրենքից, ու չի ասում, որ նախկինների ընդունած այդ օրենքն ընդունելի չէ, ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում են փոխել այդ վատ օրենքը. է, եթե այդ օրենքն է խանգարում ձեզ, փոխեք, էլի, թե այդ օրենքը հենց օգնո՞ւմ է ձեզ:
Մի փոքր մանրամասնելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններիՙ խորհրդարանի քննարկմանը չգիտենք ինքնուրույն, թե՞ նաեւ իշխանական շրջանակների դրդմամբ (քանի որ դերաբաժանում, այնուամենայնիվ, կա) դրած «Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագծից, առանձնացնենք մի քանի դրույթ, ցույց տալու համար, թե որքան կարեւոր էր այս պահին այդպիսի հայտարարության ընդունումըՙ անկախ «նարատիվից», անկախ նրանից, որ մեծամասնությանը չէին հրավիրել մասնակցելու այդ նախագծի պատրաստմանը, եւ նախագիծը կոնսենսուսային տարբերակ չէր մեծամասնության համար, ներքաղաքական բովանդակության դրույթները հանել իրենց չէր հաջողվել, իսկ դրա հիմնական դրույթների ուղղությամբ էլ ամեն օր աշխատում են:
Ընդդիմությունն էլ իր մեջ ուժ չգտավ մեկ-երկու բառ փոխելովՙ ներքաղաքական «նարատիվ» անվանվածը ուղղակի սահմանադրական ձեւակերպման մերկ տարբերակով մատուցել: Հասկանո՞ւմ եքՙ երկրի անվտանգության առումով կարեւոր նախագիծը, եթե մեծամասնությունը ձեւ չի անում եւ իրոք մտադրություն ունի երեբեւէ այդպիսի հայտարարություն ունենալ ձեռքի տակՙ որպես արտաքին ճնշումներին դիմակայող գործիքակազմի բաղադրիչ, չընդունվեց փոխադարձ անզիջումության պատճառով: Վերջապես խորհրդարանականների ընդդիմադիր հատվածը համարձակվել էր այսպիսի նախագիծ բերել, չէ՞ որ ընդդիմությունը երբեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասկածի տակ դնող նախագիծ չի բերել խորհրդարան, ինչպես , ի դեպ, վարչապետ Փաշինյանն էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դա ընդդիմության երեսով տվեց: Ի դեպՙ այս մեկ հայտարարության ընդունմանը հասնելն ավելի կարեւոր նախաձեռնություն կլիներ ընդդիմության համար, քան նորից վերսկսած փողոցային պայքարը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով, որը չենք կարծում, թե հաջողություն կունենաՙ դրա համար հանրային պատրաստակամության նախապայման առկա չէ:
Նախագծի մի քանի դրույթ առանձնացնենք, հուսալով, որ միգուցե հայտարարության ավելի կոնսենսուսային տարբերակ կրկին խորհրդարան բերվի, այս պահին հարկավոր հենց Հայաստանի պառլամենտի տեսակետը որպես զսպաշապիկ առկա դարձնելով:
Նախագծում ձեւակերպված է Ադրբեջանի եւ Թուրքիայիՙ Արցախի հանրապետության դեմ լայնամասշտաբ զինված ագրեսիայի դատապարտումը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո գերեւարման, պատանդառման եւ այլ հանցագործությունների արձանագրումը եւ բուն Արցախի տարածքի բռնազավթումը, ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածքՙ սպառանիքների ամենօրյա գործադրմամբ, Ադրբեջանիՙ պատերազմի հռետորաբանությունն եւ միջազգային հանրույթի մոլորեցումը, այս բոլորը շարունակվում է ՀՀ-ի եւ Արցախի տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնություններով: Երկու դրույթ ամբողջությամբ մեջբերենք, որպես ելակետային.
– Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջեւ միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցովՙ Միավորված ազգերի կազմակերպությանՙ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի, առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:.
– Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն էՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձեւաչափով:
Այս երկու դրույթից հետո հիշեցվում է ՀՀ Սահմանադրությունն, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ, որով.
ա) Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
բ) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Այս արձանագրումներին հետեւում է եզրակացություն, որ
ա) Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,
բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որեւէ միջազգային-իրավական պարտավորությունՙ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները,
գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվումՙ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալՙ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:
Եւ նախագծով կա պահանջ Հայաստանի կառավարությանըՙ զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքըՙ արտահայտված Անկախության հռչակագրով, որին հետեւում են հարակից մի շարք այլ պահանջներ:
Իշխանական մեծամասնությունը ընդդիմադիր « նարատիվ» համարում է սահմանադրական դրույթի այս կերպ ձեւակերպումը, թե ՀՀ-նպաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվումՙ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալՙ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Չնայած սա սահմանադրական նորմի ուղղակի վերախմբագրում է, չենք կարծում, որ հանուն հայտարարության ընդունման ընդդիմությունը հենց տեղում չէր կարող հրաժարվել այս ձեւակերպումից, որովհետեւ վերը նշվածները հենց սա էլ նշանակում են:
Սա շատ կարեւոր հայտարարություն կլիներ, որ վալդայներում մեկ մարդ չկարողանար անառարկելի տոնով խոսել այլ պետության սահմանազատումից, որպես պարտադիր իրողություն, եւ նույն տրամադրվածություն ունեցող վարչապետն էլ նույն անառարկելի տոնով չխոսեր խորհրդային քարտեզներով սահմանազատման ընդունելիությունից: Մնացյալն աղմուկ է, ինչպես խորհրդարանում ամեն բան: Ներառյալ այն, որ ընդդիմության հնաբնակներից Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի ՙ Հայաստանի եւ Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու խոսքին ի պատասխան վարչապետիՙ երկխոսության հրավերն ընդդիմությանը, եւ անմիջապես դրան հետեւած ընդդիմադիր երկու խմբակցությունների պաշտոնական հայտարարությունները, թե Փաշինյանի հետ մեկ հարց կա քննարկելուՙ նրա հրաժարականը: Ի դեպ, անկախ ընդդիմության ցանկությունից, այդ մեկ հնարավորությունը միշտ էլ կաՙ եթե Հայաստանին առաջարկվի եւ պարտադրվի այն աստիճան անընդունելի փաստաթղթեր, կառավարության ղեկավարի միակ անելիքը հրաժարականը պետք է լինի:
Իհարկե, խորհրդարանը շատ կարեւոր օրենքներ էլ քննարկեց, ընդդիմությունը ստեղծեց «Հայաստան» հիմնադրամի ծախսերը, հատկապես Հայաստանի բյուջե փոխանցումները քննող հանձնաժողով, կառավարության նախաձեռնությամբ փոխեց տոնացույցի տրամաբանությունըՙ ոչ աշխատանքային թողնելով միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու հունվարի 6-ը, իսկ հայերիս սիրածՙ նորտարյա փոխայցելությունների օրերը խլելով եւ հանրային հոգեբանությունը բիզնես հոգեբանությանը ենթարկեցնելով, եւ այլ խիստ կարեւոր օրենքներ:
*) Անգլերենՙ narrative, այստեղ` «պատմողական»: