Հայաստանաբնակների մի հատված կա, որոնք ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ առօրյայում տեղի ունեցողի հանդեպ: Նրանք թե նախկինների ներկայացուցիչներ են, թե ներկաների շրջանում արդեն նախկիններ դարձածներ, ովքեր երկրին ծառայությունը չեն նույնացրել օրվա իշխանությանը ծառայելու հետ: Հայաստանցու այս տեսակը ապրած տարիներից զատ թարմ հիշողություններ ունի եւ երբեմն թե հաճախ ինքնաբերաբար հարցնում է, թե դեպի ուր է ընթանում հայոցս պետությունն ու պետականությունը, եթե իհարկե ինչ-որ տեղ ընթանում է:
Նման հարց ծագեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի հեռարձակումը դիտելու ընթացքում, ուր քննարկվեց նաեւ գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի ցանքսի նպատակով օգտագործվող սերմի սուբսիդավորման հարցը: ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունն իր միջոցներից գնված սերտիֆիկացված սերմի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 70 դրամ համաֆինանսավորում է տրամադրում, ակնկալելով որակյալ ցանքս ու բարձր բերքատվություն: Ողջունելի ձեռնարկում, որը րոպեներ անց հարցերի ու խնդիրների մի երկար շղթայի հանգեցրեց:
Նախ. ի՞նչ որակների սերմի մասին է խոսքը: Ծանոթանալով Հայաստանի գյուղատնտեսության վերաբերյալ մասնագիտական հրապարակումների տեղեկանում ենք, որ հայ սելեկցիոներների ջանքերով ստեղծվել են աշնանացան ցորենի «Ախթամար», «Վիկտորիա», «Արմսիմ» սորտեր: Նաեւ դրանց օգտագործմամբ որոշակի տարիներ, 2004-ին եւ 2007-ին ցորենի հեկտար ցանքսից ստացվել է 23 եւ 26 ցենտներ բերք, երբ ՀՀ գյուղոլորտի, նույնն է թե առաջարկվող ծրագրի պարագայում պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսեց ակնկալվող 30 ցենտներ բերքի մասին: Եվ հարցըՙ արդյո՞ք արդարացված է նման ժառանգության ստացման պարագայում ոչ հարուստ ՀՀ բյուջեից ամբողջ 329 մլն դրամ սուբսիդիայի տրամադրումը, հնչում է ինքնաբերաբար:
Վստահ եմ շատերի պատասխանը բացասական կլինի. քանզի թե ՀՀ-ում, թե տասնյակ երկրներում բազմաթիվ են ցորենի արտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունները, որոնք հեկտարից 50-60 ցենտներ բերք են ստանում: Տարօրինակն այն է, որ տիրապետելով նման թվերի, քանզի նիստի մասնակիցների թվում են տնտեսագետներ, գյուղատնտեսության մասնագետներ, այդ շարքում նաեւ ոչ վաղ անցյալում ՀՀ գյուղատնտեսության նախարար, որեւէ ակնարկ չարվեց ծրագրի արդյունավետությունից, սկսած սերմերի փորձաքննություն անցնելու օրենսդրական պահանջից մինչեւ փորձագիտական պահանջների ուսումնասիրումը: Հետաքրքրական է, որ պարզ չէ, թե ո՞վ է ՀՀ վարչապետի գլխավոր տնտեսական խորհրդականը, արդյո՞ք ծրագիրը քննարկվել է ոլորտի թիվ 1 բարձրագույն ուսումնական հաստատությունումՙ Հայաստանի ագրարային համալսարանում: Ի վերջո. ի՞նչ արդյունքներ են արձանագրվել նախորդ տարիներին համանման ծրագրերի իրականացման արդյունքում: Ավաղ, հարցերն այսքանով չեն ավարտվում, միայն թե լսող ու պատասխանող չկա:
Ահա այս պայմաններում ասպարեզ է նետվում ՀՀ սահմանափակ հողային կարողության մասին մոտեցումը, երկրի պարենային ինքնաբավության շուրջ յուրօրինակ գնահատականների շրջանառումը: Եթե այն դիտարկենք մասնագիտական մտքի որոշ ներկայացուցիչների 1 բնակչի հաշվով 1 տոննա տարեկան պահանջի առումով, հարկ է ՀՀ-ում 3 մլն տոննա ցորենի արտադրությունից խոսել: Տեսական ինչ-ինչ պատկերացումների կողքին ՀՀ-ում հացարտադրության, մակարոնեղենի ու հրուշակեղենի ստացման իրական պահանջարկը 600-650 հազար տոննա ցորենից 500 հազար տոննա ալյուրի քանակն է: Հարցրեք որեւէ հացթուխի եւ նա կհաստատի 1 կգ հացի ստացման ալյուրի քանակը 700 գրամն է: ՀՀ կառավարության իրականացրած ծրագրի արդյունքում, երբ կանխատեսվում է միջին հեկտարից 3 տոննա ցորենի բերք, հարկ է օգտագործել 200-220 հազար հեկտար վարելահող, երբ ծրագիր հռչակվածը ենթադրում ու պահանջում է 90-100 հազար հեկտարի ցանքս, այն, ինչ այսօր արդեն շատ հաճախ իրականություն է: Տարօրինակորեն թե ցավալիորեն կառավարության նիստի քննարկումն այօրինակ ընթացք չստացավ, այլ անցավ հաճախ նկատվող «ադաբրյամս» ոճով. միաձայն քվեարկությամբ:
Հերթական անգամ հարց տանք. ծրագրով նախատեսվում է ցանքսի իրականացում 15 հազար հեկտար վարելահողերի վրա, հաշվարկված 45 հազար տոննա ցորենի ստացում: Կա՞ արդյոք նախապայմանՙ այն առաջնահերթ օգտագործել հաց-հացամթերքների արտադրությունում, թե՞ ըստ հայեցողության դրանից կարելի է նաեւ, ասենք, օղի թորել, քանզի ՀՀ-ում այսօր լիտրը 7-8 հազար դրամով վաճառվող ալկոհոլային խմիչքներ կան: Արդյունքում բյուջեի հիմնական շահառու ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների փոխարեն եկամուտներն ու գերշահույթները կկուտակվեն մի այլ տեղ, անհասկանալի գնաճ կարձանագրվի առեւտրային ցանցում, որը կբացատրվի ու կարդարացվի համաշխարհային շուկայում ցորենի գնի աճով: Ոմանք այս գործընթացը կորակեն որպես խոշոր բիզնեսի սպասարկման քայլ, կարժանանան անհարկի գնահատականների, մոռացության տալով ծրագրերի արդյունավետությունը, հիշելով մասնագիտական կառույց ՀՀ գյուղատնտեսության նախարարության չգոյությունը: Արդյո՞ք այն վերաբացելով կարելի է կանոնակարգել համանման ծրագրերի արդյունավետությունը, այն, ինչ ակնկալում է ՀՀ քաղաքացին, յուրաքանչյուր ժամ ու օր ապրելով բարեփոխումների հույսով, երբ իրական առօրյայում ստացվում է ինչպես միշտՙ գնաճ ու պարենանվտանգային խնդիրներ, որոնք գնալով գերխնդիրների են վերածվում:
Այսպես էլ ապրում ենք:
19.10.2021թ.